Երևանյան տաք երեկո, խայտաբղետ լույսեր, մարդաշատ փողոցներ… Մոտակա սրճարանի ապակեպատ պատերի դեմ ընդվզում է մի  ռաբիս երգի մզկիթաշունչ կլկլոց: Կանացի կոկորդի խորախորհուրդ անտակությունից հայերենի ձայնավորները, մուղամի ծանրության տակ կոտրտվելով, մազապուրծ դուրս են փախչում: Սրճարանի դուռը երկարաժամկետ բացվում է. ներս են մտնում վեց-յոթ  հաստաբեստ փորերով ու նույնքան հաստաբեստ, ծալ-ծալ պարանոցներով տղամարդիկ: Հենց այդ ժամանակ ռաբիս երգի բառերից մեկի բախտը բերում է` բաց դռան արանքից փրփրած շամպայնի նման հորդում է ու ականջդ լցվում: Նորեկ հաճախորդներին տեսնելով` բեմահարթակին կանգնած կարճփեշ, ուլունքների մեջ շողշողացող երգչուհին երգի նոր տողի առաջին ձայնավորն այնպես է ձգում, որ մինչև Թուրքիա է հասցնում. օգնության է գալիս լայնբերան ժպիտը` ուղղված ծղոտե ճոճաթոռների մեջ մի կերպ տեղավորվող մարմնեղ հաճախորդներին, ու բոհեմական երեկոն  ապահովված է: Պարզ է` հաջորդը երգչուհու  երգացանկի ամենացնցող, այցեքարտային երգն է լինելու`  «Պատրոնդաշս կապել եմ»` ի պատիվ երեկոյի ամենաառատաձեռն ու պատվավոր հյուրերի:

Գարնանային երեկոն տրամադրում է մի քիչ էլ քայլել: Եվս 100-200 մետր` նորից սրճարան: Մեղմ լույսեր, սուրճի  բույր` խառնված ջազի հնչյուններին: Հարվածային գործիքների ռիթմիկ թակոցներ, կոնտրաբասի թավ ելևէջներ ու դաշնամուրի ստեղների  ճապուկ վազքից ծնվող  ջազ: Այս սրճարանում հաճախորդները ցածրաձայն զրուցում են, ծխում ու հպանցիկ նայում երաժիշտներին, իմպրովիզացիաների ժամանակ գլխի ռիթմիկ տարուբերումով ոգևորում են նրանց ու խմիչքով լի գավաթները թեթևակի վեր բարձրացնելով` ցույց տալիս, որ ջազմենների կենացն են խմում: Մի քանի րոպե ևս, և կուլմինացիային հասած ստեղծագործության վերջին հնչյուններն էլ են սպառվում` կտրուկ ու կրակոտ:  Կոնտրաբասն ու հարվածային գործիքների փայտիկները վար են դրվում. դաշնակահար Վահագն Հայրապետյանը վեր է կենում աթոռից ու միանում ընկերներին: Մի բաժակ սուրճ, հյութ. 10 րոպե հանգիստ` ելույթի հաջորդ մասից առաջ:  Համերգային հրավերներով քաղաքից պարբերաբար բացակայող, քաղաքում եղած ժամանակ էլ մշտազբաղ Վահագն Հայրապետյանը  հենց այդ ստեղծագործական դադարն էլ նվիրեց կինոյի մասին զրույցին:

-Կինոն ինչպե՞ս մուտք գործեց Ձեր ստեղծագործական աշխարհ, և որքանո՞վ է կինոերաժշտության ժանրը հետաքրքրում Ձեզ:

– Կինոերաժշտության առաջին առաջարկը շատ հետաքրքիր պատմություն ունի: Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն իր տանը քնած է լինում և արթնանում է ՙՕրոր՚ տեսահոլովակի ձայնից: Հետաքրքրված տեղից վեր է կենում ու մոտենում հեռուստացույցին: Տեսնում է` կինն արդեն էկրանի առջև է: Հովհաննեսը ասում է. «Այս երաժշտությունը պետք է իմ ֆիլմի մեջ հնչի»: Իսկ այդ ժամանակ նրա «Խճճված զուգահեռներ» խաղարկային ֆիլմը համարյա ավարտուն վիճակում էր: Հովհաննեսը, սակայն, տեղյակ չէր` ով է այդ երաժշտության հեղինակը, ովքեր են նվագում: Տեսահոլովակի վերջում կարդում  է` «Կատուներ», երաժշտությունը` Նորայր Քարտաշյանի, ռեժիսոր` Դավիթ Սահակյանց:

Այդպես տեղի ունեցավ մեր համագործակցությունը` առանց նախնական պայմանավորվածության: Մինչ այդ ես ու Հովհաննեսը ծանոթ չենք եղել: Այդ օրվանից կինոերաժշտությունը` որպես ժանր, ինձ հետաքրքրեց, սկսեցի լրջորեն մտածել այդ ուղղությամբ, նոր գաղափարներ սկսեցին ծագել. «Օրորը», փաստորեն, արդեն կար, բայց «Խճճված զուգահեռներ» ֆիլմի համար դա քիչ էր, էլի աշխատանք էր պետք: Եվ իմ «Օվկիանոս»,  «Հայրիկիս», Նորայր Քարտաշյանի «Հայրիկ» ստեղծագործությունները տեղ գտան ֆիլմում` պատկերներին, ֆիլմի գործողություններին շատ համապատասխան ու համահունչ: Ինձ շատ դուր եկավ Հովհաննեսի ֆիլմը: Կարծում եմ` այն աշխարհի համար է. հայի պատմություն է` նկարահանված աշխարհի համար, աշխարհի լեզվով:

Փաստորեն, շատ պատահական եղավ իմ մուտքը կինոաշխարհ:

– Շատ չանցած` Դուք համագործակցության նոր առաջարկ ստացաք: Սա արդեն առաջինի  նման պատահականություն չէր. պաշտոնական առաջարկ Միքայել Պողոսյանից: 

– Առաջին ֆիլմի երաժշտական ձևավորումը շատ սահուն ստացվեց, առանց դժվարությունների, ինչպես ասում են` ինքնիրեն եղավ: Մտածեցի` ինչ լավ է, շատ հեշտ ու հաջող ստացվեց ամեն ինչ, առանց հատուկ ջանքերի երաժշտությունը գտավ իր պատկերը, իր իսկական տեղում ճիշտ հնչեց:  Ինչո՞ւ, ինչպե՞ս. այս հարցերն ավելորդ են. դե հիմա ստացվեց, ի՞նչ անեմ: Պատրաստի, սիրուն բանը հո չե՞ս փորփրի, ինչ է թե պարզես` ինչպես եղավ, որ այդքան սիրուն ստացվեց:

Բայց  Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմում արդեն ուրիշ խնդիր էր դրված, ուրիշ ևʹ ասելիքի, ևʹ թեմայի իմաստով: Իհարկե,  էլի հայկական էր,  բայց ուրիշ: Այստեղ ծնվեց «Խաղաղություն» ստեղծագործությունը, վերածնվեց, վերափոխվեց «Հեռախոսազանգից հետո» մեղեդին և այդ ֆիլմում ուրիշ երանգներ ստացավ, որոնք  ուրիշ դեպքում իմ մտքով անգամ չէին անցնի: Ֆիլմում աղջիկը գալիս է Հայաստան, Վարդավառի տոնն  է. այդ ստեղծագործությունն է հնչում, մեկ այլ պատկեր` վալս են պարում. նորից նույն գործն է հնչում, թեման է նույնը, բայց երանգն է տարբեր: Թեման կարմիր գծի նման անցնում է ամբողջ ֆիլմով:

«Եթե բոլորը» ինձ շատ բան սովորեցրեց. նույն ստեղծագործությունը կարելի է այնպես մշակել ու զարգացնել, որ մի քանի տարբեր տրամադրություններ ունենա:

– Երաժշտության ու ֆիլմի ճիշտ հանդիպումը ե՞րբ է լինում:

– Կինոերաժշտություն ժանրի ամենագլխավոր գաղտնիքն այն է, որ պետք է լինես ոչ թե կոմպոզիտոր, որն ուղղակի երաժշտություն է գրում, այլ օգնես ֆիլմին քո երաժշտությամբ. եթե պետք է լռել, լռես, չխանգարես ֆիլմին, որովհետև հաճախ ֆիլմին հենց լռություն է պետք: Եթե ֆիլմն ու երաժշտությունը ներդաշնակ են, ուրեմն գտել են իրար. երաժշտությունը չպետք է գերակշռի: Եթե գերակշռի, ֆիլմը չես տեսնի: Պետք է լավ ուսումնասիրել ֆիլմը, լավ ու ճիշտ զգալ. իսկ  միգուցե դու խանգարո՞ւմ ես ֆիլմին. շատ կարևոր է կարողանալ չխանգարել ֆիլմին: Օգնել է պետք այն ժամանակ ու նրան, ով քո օգնության կարիքն ունի, իսկ եթե դու օգնում ես, բայց դրա կարիքը չկա, ուրեմն խանգարում ես: Այս սկզբունքով է պետք մոտենալ նաև կինոերաժշտությանը:

«Եթե բոլորը» ինձ համար լրիվ ուրիշ տեսանկյուն էր: Ֆիլմը դիտել  ու նոր միայն երաժշտություն գրել: Եվ ֆիլմը լրիվ ուրիշ է դառնում երաժշտության շնորհիվ: Մենք աշխատում էինք մոնիտորով. էկրանին ցուցադրվում էր ֆիլմը, իսկ մենք նվագում էինք: Սա ընդունված մեթոդ է: Եթե  անգամ պատրաստի երաժշտություն կա, միևնույն է, ֆիլմը պետք է աչքիդ առաջ լինի, որ հասկանաս ու զգաս, թե որ պահին ինչ երանգ է պետք: Եթե ֆիլմը չտեսնես, չես կարող ըմբռնել նրա բնավորությունը: Մեկ ուրիշ ֆիլմում միգուցե բոլորովին այլ մոտեցում ցուցաբերեմ, չգիտեմ:

– Նոր առաջարկ արդեն ստացե՞լ եք:

– Ստացել եմ, բայց քննարկման փուլում է:

– Ումի՞ց է առաջարկը, ի՞նչ ֆիլմ է, հայկակա՞ն է:

– Չեմ ասի, գաղտնիք է: Նոր առաջարկի մասին ամեն ինչ գաղտնիք է:

– Բայց գաղտնիք չէ Ձեր մեկ այլ համագործակցությունը «Ոսկե ծիրան» փառատոնի հետ: Կինոերաժշտության հետաքրքիր ու անսովոր փորձ արեցիք, ո՞ւմ  մտահղացումն էր:

– Այդ աշխատանքի փորձը ես նախկինում չեմ ունեցել: Այսպես ստացվեց. ինձ առաջարկեցին փառատոնի բացման ֆիլմի համար երաժշտություն գրել: Ես էլ գրեցի: Իսկ բացման ֆիլմը Համո Բեկնազարյանի «Շորն ու Շորշորն» էր: Հանդիսատեսը նստած էր, էկրանին ցուցադրվում էր այդ համր ֆիլմը, իսկ հենց բեմում 7-8 հոգանոց խումբը նվագում էր իմ գրած երաժշտությունը: Կենդանի նվագակցություն` ժողովրդական գործիքներ, ջութակ, թավջութակ, հարվածային գործիքներ, դաշնամուր: Հանդիսատեսը նայում ու լսում է միաժամանակ. հետաքրքիր էր ու անսովոր: Համր ֆիլմերի ժամանակներում հենց այդպես էլ եղել է. դաշնակահարը նվագել է, այդ ընթացքում էկրանին ցուցադրվել է համր կինոնկարը: Բայց մեր դեպքում  միայն դաշնակահար չէր, մի ամբողջ խումբ էր նվագում: Միտքը, գաղափարն իրականացվեց ժամանակակից մոտեցմամբ ու ոճով: Իմպրովիզացիաներ հաճախ արեցինք: Պարզ է, երբ նվագում ես, իմպրովիզացիաները հայտնվում են ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակ:

– Ո՞ր ֆիլմի կամ ֆիլմերի երաժշտությունն եք համարում կատարյալ, այսինքն` ներդաշնակ ֆիլմին:

– Դասական ֆիլմերն են այդպիսին. երբ երաժշտությունն այնքան համապատասխան է հերոսների հոգեվիճակին, կինոնկարի պատկերներին, մի խոսքով` անթերի է ամեն ինչ: Շատ հետաքրքիր են Կուստուրիցայի աշխատանքները, երբ նա ևʹ ֆիլմի, ևʹ երաժշտության հեղինակն է: Իսկ եթե երաժշտության հեղինակն ինքը չէ, ապա անպայման Բրեգովիչն է. ու ոչ մի տարբերություն, դարձյալ ամեն բան իր տեղում է ու ճիշտ:

Հայկական ֆիլմերից գիտե՞ք որի երաժշտությունն է ինձ դուր գալիս, «Ձորի Միրոյի». ուշադրություն դարձրե՞լ եք` Էդգար Բաղդասարյան հրաշք կոմպոզիտոր ունենք, նրա հրաշք ստեղծագործությունն է հնչում:

Մի մուլտֆիլմ ունենք` Ռոբերտ Սահակյանցի  «Աղվեսագիրքը», որտեղ Էլվինա Մակարյանն է երգում: Մեր ազգային համուհոտը կա էդ մուլտֆիլմում էլ, երաժշտության ու երգի մեջ էլ: Էդ համուհոտն ենք կորցրել, որովհետև շատ ենք ուզում ուրիշներին նմանվել, մերը չենք տեսնում, չենք գնահատում: Բայց հենց որ մեկ ուրիշը մեզնից վերցնում է մերն ու ցույց տալիս, որ իրենն է, իր սեփականը, գոռում ենք` վա¯յ, էս ի՞նչ են անում, դա մեʹրն է: Բայց մենք այդ ընթացքում ընկած ենք եղել ուրիշի` օտարի հետևից: Այդ պատճառով էլ ադրբեջանցիներն ասում են` դուդուկը մերն է, թառն էլ է մերը… Վրաստանում էի, որտեղ երաժշտական քննադատների, լրագրողների  միջազգային համաժողով էր: Մի ադրբեջանցի երիտասարդ պնդում էր, որ դուդուկն ադրբեջանական նվագարան է: Ասացի. «Լավ, եթե դուդուկն ադրբեջանական է, ասա ադրբեջանցի մի դուդուկահարի անուն. Կարո՞ղ ես: Չես կարող: Իսկ մենք Լևոն Մադոյան, Վաչե Հովսեփյան, Ջիվան Գասպարյան ունենք»:

– Մեր ճաշակը, ազգային արժեքների նկատմամբ մոտեցումն է փոխվել: Դուք ապրում եք Երևանում, բայց հաճախ եք շրջագայում: Մշակութային ի՞նչ մթնոլորտ է Հայաստանում և դրսում:

– Ասում են` ճաշակին ընկեր չկա: Համաձայն չեմ. լավ ճաշակին միշտ էլ ընկեր կա: Բայց մեզ մեր երկրում բռնի ուժով ճաշակ են պարտադրում: Մենք այդքան գռեհի՞կ ժողովուրդ ենք, ինչպես մեզ ներկայացնում ենք սերիալներում, զանգվածային լրատվամիջոցներով: Մեր կանայք դավաճաննե՞ր են, իսկ տղամարդիկ` հանցագործնե՞ր:

Մենք հիմք, ավանդույթներ, արմատ ունեցող ազգ ենք: Ժամանակի ընթացքում ավանդույթները ձևափոխվում են, զարգանում, ինչ-ինչ բաներ դուրս են մղվում, բայց արմատը, միևնույն է, մնում է: Մենք անհասկանալի ինչ-որ  մի ժողովուրդ չենք, որ սրան-նրան խառնվելով` ստեղծվել է, բայց ինչո՞ւ ենք ինքներս մեզ հետ այսպես վարվում: Ի՞նչ ենք ներկայացնում դրսում, ինչո՞վ ու ինչպե՞ս են մեզ ճանաչում օտարները: Մի հասարակ բան ասեմ. Ո՞վ է գրել Հայաստանի հիմնը: Ալեքսանդր Գլազունովը, նոտագրել է Բարսեղ Կանաչյանը: Իսկ ինչո՞ւ: Մենք կոմպոզիտոր չունեի՞նք: Ո՞վ է ամենամեծ հայը, որով աշխարհը մեզ ճանաչում է, Արամ Խաչատրյանը, իսկ ինչո՞ւ նաʹ չէ մեր հիմնի հեղինակը, որ մենք էլ հպարտ, գլուխներս բարձր` ասենք, որ մեր հիմնը գրել է համաշխարհային մեծության մեր հայրենակիցը:

Պետք է տեր կանգնենք մեր ունեցածին, ճիշտ գնահատենք արժանիներին. սա է կարևորը:

Սրճարանում ցածրաձայն զրույցները վերածվում են աղմկոտ խոսակցության: Վահագն Հայրապետյանը վեր է կենում, իր երաժիշտ ընկերներին նշան անում, ու երեքով մոտենում են նվագարաններին: Ջազի առաջին իսկ հնչյուններից աղմուկը դադարում է, լուսավոր սրահը միանգամից հայտնվում է երաժշտության տիրույթներում:

Գարնանային երեկոն մոտենում է կեսգիշերվա սահմանագծին: Երկու տարբեր, բայց միմյանց շատ մոտ  սրճարանների միջև էլ սահմանագիծ կա. այդտեղ ջազի ու ռաբիսի հնչյուններն իրար են խառնվում, բայց սահմանագծի աջ ու ձախ կողմերում ամեն ինչ շատ հստակ տարանջատված է:  Այս կողմում բացառապես ջազն է, այն կողմում` բացառապես ռաբիսը: Այս կողմն էլ, այն կողմն էլ մենք ենք, մեր ազգը, մեր քաղաքը, մեր երկիրը:

 Նաիրա ՓԱՅՏՅԱՆ