UNKNOWN_PARAMETER_VALUE (41)«Կինոաշխարն» անդրադարձել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախագծերից մեկին` «Hollywood non-stop»-ին (2013, թիվ 1): Նվագախումբն անցած տարի Երևանի ինը բուհերում ներկայացրել էր հոլիվուդյան հայտնի ֆիլմերի սաունդթրեկներ, և այդ նախագիծը շարունակում է առ այսօր: Սակայն Երիտասարդական նվագախումբն առաջինը չէ կինոերաժշտությունը հայ հանդիսատեսին ներկայացնելու գործում:

Հայաստանում մի քանի տարի է, ինչ նման գործունեություն է ծավալում «Art Cinema Ensamble» քառյակը, որի երաժիշտները կատարում են բացառապես տարբեր ֆիլմերի հայտնի և սիրված մեղեդիներ: Ավելին` նրանք միակն են ողջ ԱՊՀ տարածքում, որ ելույթ են ունենում նման ձևաչափով: Աշխարհում մատների վրա կարելի է հաշվել խմբերի, որոնք «մասնագիտացված» են կինոերաժշտություն կատարելու գործում:

Խմբի հիմնադիրներից է Աշոտ Խոյեցյանը, որը նաև քառյակի առաջին ջութակն է: Երկրորդ ջութակն է Հայկ Վարդանյանը, թավջութակահարը` Լևոն Առաքելյանը, որը փոխարինել է Հայկ Բաբայանին, իսկ դաշնակահարը Կարեն Սարաֆյանն է: Չորս երաժիշտներն էլ նվագում են Հայաստանի նվագախմբերում, հանրապետական և միջազգային տարբեր մրցույթների դափնեկիրներ են:

Գործունեության սկիզբը և առաջին պտուղները

«2010 թ. որոշեցինք ընկերներով անել մի նոր բան, որ Հայաստանում մինչ այդ չի եղել: Որոշեցինք ստեղծել մի խումբ, որը կհետաքրքրի մարդկանց, և մի քիչ էլ կոմերցիոն բնույթ կկրի: Անձամբ ես կինոերաժշտություն շատ եմ սիրում»,- «Կինոաշխարհին» պատմեց ջութակահար Աշոտ Խոյեցյանը:

Երաժիշտները շատ դեպքերում դժվարանում են կինոերաժշտության նոտաներ և պարտիտուրներ ձեռք բերել: Օրինակ` Դիսնեյի արտադրած մեկ ֆիլմի պարտիտուրների արտոնագրված փաթեթն արժե 5000 ԱՄՆ դոլար: Այստեղ օգնության է եկել Աշոտ Խոյեցյանի երկրորդ ` կոմպոզիտորի մասնագիտությունը (նա սովորել է հայ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի դասարանում): «Լսելով նվագախմբերի ձայնագրությունները` նոտաները փոխադրում էի, հարմարեցնում քառյակին: Եթե ֆիլմից մի քանի թեմա էր դուր գալիս, միացնում էի իրար: Այդպես մի քանի մշակում արեցի: Առաջինը Էնիո Մարիկոնեի «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմի երաժշտությունն էր, այնուհետև` «Կնքահայրը»: Դրանից հետո անընդհատ փնտրտուքների մեջ էինք»: Երաժիշտը նշեց, որ հաշվի են առնվում խմբի բոլոր անդամների կարծիքները: Եթե որևէ մեկին դուր է գալիս որոշակի սաունդթրեկ, ողջ խմբով այդ ստեղծագործության թեկնածությունը քննարկվում է:

Տքնաջան աշխատանքի այսօրվա արդյունքները

Հիմա Խոյեցյանի մշակումների և փոխադրումների քանակը հասնում է 110-ի: Այսօր քառյակը կարող է ներկայանալ բազմաթիվ թեմատիկ համերգներով և շարքերով: Նրանք արդեն ունեն Էնիո Մարիկոնեին նվիրված ծրագիր, օսկարակիր ֆիլմերի սաունդթրեկների շարք, կինոերաժշտության մեծագույն վարպետ Ջոն Ուիլիամսի ստեղծագործությունների ծրագիր («Աստղային պատերազմներ», «Շինդլերի ցուցակը», «Մյունխեն», «Փրկել շարքային Ռայանին», «Սուպերմեն», «Ինդիանա Ջոնս»  և այլ ֆիլմերի կինոերաժշտության հեղինակը), ռոմանտիկ ծրագիր:  Խումբն ունի նաև մանկական ծրագիր ամենափոքր ունկնդրի համար:  «Art Cinema»-ի բոլոր համերգներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում և միշտ գովեստի խոսքերի են արժանանում: Չկա այնպիսի համերգ, որտեղ չլինի պրեմիերա: «Թեհրան-43»  ֆիլմի հանրահայտ երաժշտության նրանց կատարումն անտարբեր չի թողել մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի դստերը` Սեդա Ազնավուրին: Կինոերաժշտությունը շատ է դուր գալիս մարդկանց, քանի որ նրանք լսում են իրենց ականջին սովոր, միաժամանակ որակյալ երաժշտություն:

Անցած տարի հունիսին Լիբանանի Համազգային միության հրավերով խումբը ելույթ ունեցավ նաև Բեյրութի հայ համայնքի համար:

Հայկական կինոերաժշտության կատարումը և խնդիրների հաղթահարումը

Այնուամենայնիվ, Խոյեցյանն ամենահետաքրիր նախագիծը հայկական ծրագիրն է համարում: Դրանով կարելի է ներկայանալ ոչ միայն հայրենիքում, այլև աշխատել Սփյուռքի կառույցների հետ: Թվում է, թե Հայաստանում պետք է որ չլինեն խնդիրներ նոտաները ձեռք բերելու հարցում: Սակայն պարզվում է, որ այդպես չէ: «Սիրում եմ հատկապես «Տղամարդիկ» ֆիլմի երաժշտությունը: Գնացինք ՀՀ կոմպոզիտորների միություն, դիմեցինք նրա նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին: Նա տվեց մի ռապսոդիայի նոտաներ, որն այնքան էլ կապ չուներ կինոյի հետ: Այն նոտաները, որոնք վերաբերում էին կինոերաժշտությանը, չկային: Տիգրան Մանսուրյանին զանգահարեցինք, սակայն նա ասաց, որ չունի իր կինոերաժշտությունների նոտաները: Նորից գնացինք Կոմպոզիտորների միություն: Միայն Արաքս Սարյանն ինձ տվեց «Առաջին սիրո երգի» երաժշտության պարտիտուրները, և վերջ: Ես այդ նոտաներն ուսումնասիրեցի և սարքեցի մեկ սյուիտ»:

Մնացած բոլոր ֆիլմերի («Տղամարդիկ», «Կտոր մը երկինք», «Մեր մանկության տանգոն», «Ինչու է աղմկում գետը» մեղեդիները նոտագրել է Խոյեցյանը: Ասում են` «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի երաշտության նոտաներն այրվել են Մոսկվայում:

«Գնել ենք այդ բոլոր ֆիլմերը, լսել երաժշտությունը, դադարի կոճակն անընդհատ սեղմելով` գրել նոտաները: Իրականում դա սարսափելի ծանր աշխատանք է: Մենք ամեն ինչ նորից ենք ստեղծել: Կինոյի սկզբից բոլոր կտորները միացրել ենք: Չէ՞ որ կինոնկարի սկզբում հնչում է մի բան, հետո նույնը կարող է կրկնվել այլ ձևով: Ինչը որ անհրաժեշտ եմ գտել, միացրել եմ, դարձրել եմ սյուիտներ»:

Խմբի հետագա անելիքներն ու խնդիրները

Խմբի երաժիշտները բազմաթիվ լավ նախագծեր ունեն, որոնք կարելի է ներկայացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Խոյեցյանի խոսքով` մնում է, որ լինեն շահագրգռված անձինք: Բացի դրանից, խմբին պետք է մենեջեր, որն ազնվորեն կկատարի իր պարտականությունները, իսկ իրենք, վազվզելու փոխարեն, կանեն ավելի օգտակար գործեր, ավելի շատ փորձեր կունենան:

Սակայն խմբի գլխավոր խնդիրներից մեկը հանրահռչակումն է, ելույթների քանակի ավելացումը: Քառյակի երաժիշտները դիմել են ՀՀ մշակույթի նախարարություն, սակայն որևէ արձագանք չեն ստացել: Խոյեցյանը կարծում է, որ շատ կարևոր է մասնակցել հավաքական համերգներին, սակայն ինչ-որ սկզբունքներից ելնելով` նրանց չեն ընդգրկում այդտեղ:

Սոնա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 


Կինոյի մեծ ընտանիքի հավատարիմ ապաստարանը

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, կինոարվեստի բաժին. որքանո՞վ ենք տեղյակ հայկական կինոյին առնչվող մեր հավաքածուներին և ֆոնդերին, դրանց...

, |14 Սեպտեմբեր 2019,00:15