73_mainՆշանավոր ռեժիսոր Ռոման Պոլանսկին, որ աշխարհի գլխավոր կինոմրցանակների մի ամբողջ հավաքածու ունի, երեկ` մայիսի 25-ին,  66-րդ Կաննի փառատոնում ներկայացրեց ամերիկացի դրամատուրգ Դեյվիդ Այվզի պիեսի էկրանավորումը, որ գրված է Լեոպոլդ Զախեր-Մազոխի «Մորթիներով Վեներան» վեպի հիման վրա: Մամլո ասուլիսում 79-ամյա ռեժիսորը շարունակ կատակում էր, ասաց, որ  Կաննի մրցանակն իր համար նորություն չէ, և խոստովանեց, որ իր առաջին ֆիլմի ժամանակներից ի վեր երազել է  մի ֆիլմ նկարել, որում միայն երկու դերասան խաղան:

Այս կատակերգությունը պատմում է Թոմա Նովաչեկ անունով ռեժիսորի մասին, որը փարիզյան թատրոնում Զախեր-Մազոխի ստեղծագործությունը բեմադրելու համար համապատասխան դերասանուհի գտնելու ապարդյուն փորձեր է անում: Հուսահատ Թոման զանգահարում է իր հարսնացուին և արդեն պատրաստվում է տուն գնալ, երբ թատրոնի շեմին հայտնվում է հանդուգն Վանդան (Էմանուել Սենյե, ռեժիսորի կինը) չափազանց կարճ կաշվե հագուստով: Վանդայի մեջ կա այն ամենը, ինչ ատում է Թոման. գռեհկություն, անճաշակություն և կոպիտ պարզություն: Բայց հենց որ Վանդան դերի մեջ է մտնում, անճանաչելիության չափ կերպափոխվում է: Թոման կարծես արդեն ընտրությունն արել է, բայց հարց է, թե ինչի կհանգեցնի դա…

bb_horizontal_bigger19379175Սցենարը և դերասանները

«Ես Այվզի սցենարը կարդացել եմ ընդամենը մի տարի առաջ` հենց այն ժամանակ, երբ ժամանել էի Կաննի փառատոն, և իմ գործակալը տվեց ինձ դրա տեքստը: Հոգնած վերադարձա համար, սկսեցի կարդալ ու մտածեցի` իսկապես սա իմն է: Տեքստն այնքան ծիծաղելի էր, որ չնայած հոգնածությանը` քահ-քահ ծիծաղում էի: Կտորներ կային, որոնց մեջ հեգնանքը վերածվում էր սարկազմի: Եվ ես անմիջապես որոշեցի պիեսը վերափոխել ֆիլմի համար,- պատմել է Պոլանսկին:- Նախ, որովհետև դա շքեղ դեր էր Էմանուելի համար, մենք մտածում էինք մինչ այդ, որ պետք է կրկին միասին աշխատել: Երկրորդ` տղամարդ դերասանի հիանալի դեր կար: Որոշեցի այս ամենը պատկերել թատրոնում հավանաբար այն պատճառով, որ ինքս թատրոնից եմ: Թատերական ստեղծագործությունն ուրիշ չափում է, կարևոր մթնոլորտ»:

Բացի այդ, ինչպես բացատրել է Պոլանսկին, ֆիլմն այն կանանց մասին է, որոնք սկսել են գերիշխել տղամարդկանց: «Ինձ այնքան էլ դուր չի գալիս, որ հիմա կանանց նույնիսկ դուր չի գալիս, որ իրենց ծաղիկներ են նվիրում: Նրանք ավելի առնական են դարձել և լրիվ կորցրել են ռոմանտիզմը»,- ասել է ռեժիսորը:

«Մորթիներով Վեներայի» սցենարը գրվել է հոկտեմբերին, իսկ դեկտեմբերին խումբն արդեն սկսել է նկարահանումները: Աշխատանքի արագ տեմպը, ինչպես խոստովանել է Սենյեն, բնավ չի կաշկանդել, միակ դժվարությունն այն էր, որ պետք էր շատ արագ սովորել սցենարի տեքստը:

Բայց եթե Վանդայի դերակատարը հենց սկզբից հայտնի էր, ապա տղամարդու դերի համար Պոլանսկին երկար է մտածել: Ամալրիկի հետ ծանոթացրել է Կաննի փառատոնի ներկայիս ժյուրիի նախագահ Սթիվեն Սփիլբերգը: «Ամալրիկը հիանալի դերասան է, բացի այդ, ինքն էլ ռեժիսոր է, այնպես որ ամեն ինչ հասկանում է: Նա  բարեկիրթ է, ինտեկելտուալ և  պետքական տարիքի: Նա բոլոր հնարավորություններն ուներ այդ դերը հաջող դարձնելու համար»,- պատմել է Պոլանսկին:

Ինքը` Ամալրիկը, խոստովանել է, որ վաղուցվանից է երազել աշխատել Պոլանսկու հետ և ուրախությամբ համաձայնեց մասնակցել այդ նախագծին: «Մորթիներով Վեներայի»  մեջ Ամալրիկը հիշեցնում է երիտասարդ Պոլանսկուն, և այդ նմանությունը նշել են շատ լրագրողներ:

«Մայրս գալու է պրեմիերային, գուցե ասի, թե ինչպես է եղել, որ ես նման եմ Պոլանսկուն»,- կատակել էԱմալրիկը, հետո բացատրել, որ իր տատիկը նույնպես լեհական հրեա է, Կրակովից, այնպես որ հնարավոր է` դրանով է բացատրվում նմանությունը Պոլանսկու հետ, որը ծնվել է Ֆրանսիայում Լեհաստանից գաղթած հրեայի ընտանիքում:

Բայց ամենից շատ մամլո ասուլիսի ժամանակ կատակել է Պոլանսկին:  «Կաննի մրցանակները նույնքան բարդ բան են, որքան քվանտային ֆիզիկան:  Ընդհանրապես ես եկել եմ այստեղ, որ մարդիկ լուսանկարեն ինձ, որ ձեզ տեսնեմ, խոսեմ, այստեղ նստեմ: Առաջին անգամ Կանն եկա դեռ ուսանող ժամանակ: Հետո արդեն մրցույթի բերեցի  «Կենվորը» (1976): Այն չափազանց բացասական ընդունվեց, քննադատվեց: Ես վշտացա, բայց հետո Կաննում ներկայացրի իմ «Դաշնակահարը» (2002), պրեմիերայից անմիջապես հետո մեկնեցի: Իսկ նրանք ինձ հետ կանչեցին: Ես հարցրի. «Դե ինչ կարող եք ինձ տալ: Մրցանակ ռեժիսուրայի համա՞ր: Բայց ես առանց այդ էլ գիտեմ, որ կարողանում եմ կինո անել»,- հիշել է Պոլանսկին, թեպետ «Դաշնակահարի» համար, միևնույն է, ստացել է «Ոսկե արմավենու ճյուղը»:

ՌԻԱ նովոստի