«Հայակ-2013»` նոր խոսքի ու նոր շնչառության բացահայտում
«Հայակ» ազգային կինոյի 2-րդ մրցանակաբաշխությունը կինոյի ոլորտի գործիչները` թեʹ ավագ և թեʹ միջին ու երիտասարդ սերնդի ստեղծագործողները բնութագրեցին իբրև բեկումնային: Այն, որ այս մրցանակաբաշխության մրցանակների մեծ մասը բաժին հասավ երիտասարդ ստեղծագործողներին, և նրանց մեջ մեծ թիվ էին կազմում կանայք, մեծ ոգևորություն է առաջացրել:
«Հայակ» ազգային կինոյի 2-րդ մրցանակաբաշխությունը, փաստորեն, վեր հանեց հայ կինոյում նոր խոսքի և նոր շնչառության առկայությունը: Այս ոգևորության մթնոլորտում էլ, հենց մրցանակաբաշխության ավարտին, կուլիսներում «Կինոաշխարհը» զրուցեց այս և նախորդ տարվա «Հայակի» ժյուրի անդամներից մի քանիսի հետ:
Սուրեն Հասմիկյան (ժյուրիի անդամ). «Ժյուրիի աշխատանքում ոչ մի կանխորոշված բան չկար»
– Նախ նշեմ, որ այս տարի հաջող էր հենց բուն ամփոփիչ երեկոն, գերագույն հաճույք ստացանք, ճաշակով հանդես էր կազմակերպել Էդուարդ Բաղդասարյանը: Եʹվ ձանձրալի չէր, ևʹ համարները շատ ճաշակով էին ընտրված, կարծես փորձ ենք անում վերականգնել արվեստի մթնոլորտը, որ մեր կյանքում շատ հաճախ բացակայում է: Շատ կարևոր էր, որ վերջապես ճաշակով հանդեսի միջոցով, այլ արվեստների օգնությամբ մեկտեղվեցին կինոգործիչները, կինոսիրողներն ու կինոյի նվիրյալները:
Ես ժյուրիի անդամ եմ եղել ևʹ անցյալ տարի, ևʹ այս տարի: Լուրջ տարբերություն կար առաջին և երկրորդ տարվա ծրագրերի միջև: Նախորդ տարի մենք գնահատման առանք Հայաստանում արտադրված ամբողջ 20 տարվա կինոարտադրանքը` ամփոփելով այդ ժամանակահատվածը, փորձում էինք մանրամասն նշել բոլոր այն ֆիլմերը, որոնք ստեղծվել էին այդ տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է երկրորդ «Հայակին», ապա այն ավելի հեշտ էր ու պարզ` գնահատել նախորդ մեկ տարվա արտադրանքը:
Չեմ կարող ասել, թե հիանալի տրամադրություն էր իշխում մեր աշխատանքի ընթացքում ֆիլմերը դիտելիս: Մենք շատ լավ գիտեինք` ինչ է կատարվում կինոյում, ինչն է ստացվել, ինչն է ավելի լավ կամ ինչն է ավելի վատ: Անակնկալ չկար: Գնահատման տեսանկյունից աշխատելը հեշտ էր, չկար առանձնահատուկ մի աշխատանք, որ ցնծության բերեր բոլորիս, բայց դրանց մեջ իրական վիճակը ճիշտ էր արտահայտված: Իսկ պատկերը հետևյալն էր. ավելացել էին տեսակները, ավելացել էին երիտասարդները, հատկապես ուզում եմ նշել կանանց առկայությունը:
Ժյուրիի աշխատանքում ոչ մի կանխորոշված բան չկար (սպեկուլյատիվ պահեր չեն եղել քվեարկության ժամանակ), ավելին` ես ինքս «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» անվանակարգի համար քվեարկելու էի Ժենյա Մկրտումյանի օգտին: Շատերը չգիտեն, թե ով է Ժենյան: Նա հանճարեղ Արուս Ոսկանյանի թոռնուհին է: Մեծ մասը չգիտեր, և ես դա ոչ ոքի նախապես չէի էլ ասել: Բայց նա հենց քվեարկության առաջին փուլում անցավ: Չեմ թաքցնի, մեկ-երկու անվանակարգի դեպքում լրացուցիչ քվեարկություն ենք արել: Նման բաներ միշտ լինում են: Այսինքն` ժյուրիի ընտրությունը, ընդհանուր առմամբ, ճիշտ արտահայտեց այսօրվա ռեալ վիճակը: Չստեղծվեց այնպիսի պատկեր, որ օրինակ` մի ֆիլմը 5-6 մրցանակ ստանար, ինչպես դա պատահում է «Օսկար» մրցանակաբաշխությունում: Այդպիսի վիճակ չունեցանք: Բայց կար մի թերություն, որ երևաց հենց աշխատանքի ընթացքում. այսօրվա կինոն չի արտահայտում այսօրվա ազգի կամ մարդու հոգեվիճակը: Լավագույն դեպքում արտահայտում է այսօրվա բավական շփոթված վիճակը. կողմնորոշված չենք ևʹ իդեալի, և° հերոսի առումով: Իսկ շփոթված կինոն հայտնի չէ, թե ում է ուղղված: Այդ տեսանկյունից սուտ կինո չէր, և դրա համար էլ արժևորվեց: Ինչպիսին կլինի վաղվա օրը` դժվար է ասել: Բայց ողջունելի էր մրցույթում երիտասարդների առատությունը: Երիտասարդ կինոռեժիսոր Մարիա Սահակյանը «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգի մրցանակը ստացավ ոչ միայն ֆիլմի համար, այլև այն իրողության, որ երիտասարդ կինը` բավական հեռանկարային ու հետաքրքիր մտածողությամբ, եկել է Մոսկվայից և ուզում է իր հայրենիքում աշխատել: Դա նաև մի տեսակ խրախուսական մրցանակ էր նրա համար: Այդ մրցանակը ինչ-որ ձևով կամրապնդի նրա մուտքը հայկական կինո` նոր ոճով, նոր խոսքով ու մտածողությամբ: Քիչ շուտ է խոսել կինոյում նոր մշակույթի մասին, բայց դրա բոլոր նախադրյալները կան արդեն: Մի տեսակ թարմ շունչ եմ զգում օդում: Բեկումնային շրջան է սկսվում մեր կինոյում:
Դավիթ Մուրադյան (ժյուրիի նախագահ). «Եկել է մի սահմանագիծ, երբ հայկական կինոն իր լեզուն պետք է վերափոխի` ըստ այդ ժամանակի»
– Ես շնորհակալ եմ ժյուրիի անդամներին, որ ունեցան այդ լրիվ տեսողությունը: Եվ դիտարկեցին կինոն իբրև մի լրիվ տեքստ, որտեղ տարբեր սերունդներ, ամեն մեկն իր ձեռագրով իր խոսքն է ասում: Կարող եմ ասել, որ ժյուրին միակարծիք չի եղել, բայց գերակշիռ ձայներ եղել են մի քանի անվանակարգերում: Ես կասեի` երեք դեպք է եղել նունիսկ, որ ինչպես պահանջում է կանոնակարգը, հարկադրված լրացուցիչ քվեարկություն ենք անցկացրել: Ասեմ, որ ես ամենևին էլ այն կարծիքին չեմ, որ այն, ինչ անում է երիտասարդությունն այսօր, միանշանակ լավ է ու անթերի: Սակայն նրանց առատությունն ինձ համար ողջունելի է և խորհրդանշական այսօրվա համար:
Ես գիտեմ, որ ոչ միայն կինոյում, այլև առհասարակ արվեստում, միշտ էլ նոր ժամանակների խոսքը նոր սերունդն է ասում: Այդպես եղել է միշտ, բոլոր ժամանակներում: Այսպես էր և 60-ականներին, երբ հայ կինոյի հսկաների կողքին մեկը մյուսի հետևից նոր դեմքեր ունեցանք: Նոր սերունդը` Փելեշյան, Դովլաթյան, Մալյան, Վահունի, Գևորգյանց, Սահակյանց, բերեց նոր խոսք կինոյում: Իհարկե, դա չի նշանակում, որ ես ավարտված եմ համարում ավագ կամ ավագացող սերնդի առաքելությունը մեր կինոյում: Նրանք դեռևս ստեղծագործական հետաքրքիր հեռանկարներ ունեցող անհատականություններ են: Բայց մենք ապրում ենք սահմանագծային ժամանակահատվածում, երբ այդ երկու սերունդներից մեկը գալիս է հայկական կինոյի երեկվա օրից` շարունակելով մնալ այսօրում, իսկ մյուսը գալիս է այսօրից և հավակնություն ունի ստեղծելու հայկական կինոյի վաղը: Այս սահմանգծային ժամանակահատվածը հետաքրքիր է, լի բազմաթիվ խնդիրներով:
Ընդհանրապես միաձայնությունը լինում է միայն աբսոլյուտի` բացարձակ արժեքի դեպքում: Այս առումով, ըստ իս, երևի ամենակարևոր քվեարկությունը «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում էր: Ներկայացված էր երեք ֆիլմ` Մարիա Սահակյան` «Այդ ես չեմ», Վիգեն Չալդրանյան` «Ձայն լռության» և Նատալյա Բելյաուսկենե` «Եթե բոլորը»: Երեքն էլ կարող էին հավակնել գլխավոր ՙՀայակին՚: Երեքում էլ կա ծիր` հետաքրքիր փաստարկների համակարգ, և երեքն էլ այսօրվա մեր կինոյի դեմքը բնորոշող ստեղծագործություն են: Պարզապես խնդիրը գեղարվեստական միտումն է:
Հետաքրքրական է, որ 60-ականներին նոր կինոյի գալուստը ազդարարվեց «Բարև, ես եմ» ֆիլմով, իսկ մեր ժամանակներում արդեն «Այդ ես չեմ» գործով: Առաջինը 60-ականները բնորոշող գործ է` այդ ժամանակի գտնված լեզուն է: «Այդ ես չեմ»-ը բնորոշում է այսօրը, դեռևս փնտրտուքի մեջ գտնվող լեզուն: Սա ամենևին էլ չի խոսում այդ երկու ֆիլմերի գեղարվեստական համարժեքության մասին, այլ` նշանային բովանդակության: Մենք այդ ֆիլմում տեսանք նոր սերնդի հայացքն այսօրվա կյանքին, իրականությանը, մարդուն: Ֆիլմն ունի բավական արտահայտիչ օպերատորական աշխատանք, որը նույնպես մրցանակ ստացավ: Այս ֆիլմում կինոկամերան շնչավոր էակի նման է և կարծես լրացուցիչ գործող անձ լինի. մտածում է, հուզվում է, անհանգստանում է, լռում է, համակվում է հոգեբանական ռիթմերով:
Մեր ժյուրին, որում առկա էին նաև երիտասարդներ, ենթադրում եմ` որոշեց, որ այնուամենայնիվ եկել է մի սահմանագիծ, երբ հայկական կինոն իր լեզուն պետք է վերափոխի` ըստ այդ ժամանակի: Հավանաբար մենք ցանկացանք այդ պրոցեսը խրախուսել: Եվ կարծում եմ, որ դժգոհ չենք այդ որոշումից:
Հետաքրքիր շարժ է կատարվում նաև վավերագրական կինոյում. պոետականությունից անցում է կատարվում դեպի իրականության անգունազարդ դեմքը: Պրոցեսները վավերագրական կինոյում դրական են: Ես ուրախ եմ, որ ժյուրիում հավաքված բացարձակապես տարբեր անհատականություններ աշխատում էին և մտածում ոչ թե անձերի մասին, այլ` կինոյի:
Մեր իրականությունում «Հայակի» գոյությունը կարևոր և սպասված էր: Տա Աստված, որ կինոարտադրությունը մեծանա և մրցակցություն ստեղծվի, տա Աստված, որ այս մրցանակաբաշխությունը նպաստի արտադրության ծավալների մեծացմանը և ինքնանպատակ չդառնա: Լավ է, որ հայկական կինոն ամբողջանում է, կա «Ոսկե ծիրանը» և կա «Հայակը», որը մեր ազգային կինոկյանքն է իմաստավորում ու խրախուսում դրա զարգացումը: Այս ամենը պիտի դառնա մի նվագախումբ` բոլորն իրենց դերակատարումով, այդ թվում նաև Հայկական կինոակադեմիան իր նպաստը պիտի բերի իր ձևաչափով:
Րաֆֆի Մովսիսյան (ժյուրիի անդամ). «Այն արդյունքները, որ ունեցանք, ինչ–որ չափով հեղափոխական են»
– Անկեղծ ասած, ինձ համար շատ կարևոր է «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության ժյուրիի անդամ լինելը: Իմ այս երիտասարդ տարիքում, երբ ստացա այդ առաջարկը, ինձ համար շատ կարևոր էր և միաժամանակ շատ պատասխանատու: Մեծ պատիվ էր աշխատել նույն հանձնախմբում, որտեղ կային կինոյում մեծ ավանդ ունեցող անձինք, ինչը նաև իր կնիքը թողեց ժյուրիի աշխատանքների վրա: Այսինքն` ես հասկացա, որ հայկական կինոյում սերնդափոխությունն արհեստական չպիտի լինի, այլ երկու սերունդների փոխհամաձայնությամբ, ինչը երևաց նաև ժյուրիի աշխատանքով, հետևաբար նաև` արդյունքներով: Մի քանի անվանակարգերում երիտասարդ ռեժիսորների հաղթանակն անկասկած խոսում է այն մասին, որ այդ սերնդափոխության գործընթացը, եթե ֆիլմերի առումով հիմնավորված չէ, այսինքն` եթե երիտասարդ սերունդը չի կարողանում իր ֆիլմերով հասկացնել կամ ասել, որ նկարելու իր ժամանակն է, ապա գոնե փառատոներում և մրցանակաբաշխություններում դա շատ ռեալ և առողջ ձևով առաջ է գնում:
Ազգային կինոփառատոն ունենալը ոʹչ լավ է, ոʹչ վատ, նորմալ է: Աննորմալը չունենալն է: Ցանկացած դրսևորմամբ սա այն օղակը պետք է լինի, որ բաժանումներ դնի, ինչ-որ կատեգորիաներ սահմանի և կարողանա ներքին բաժանման արդյունքում նաև որոշել, թե ովքեր են նկարելու վաղը: Ինձ համար չափազանց կարևոր է նաև, որ այդ մրցանակաբաշխությունից հետո այդ ռեժիսորները, երիտասարդները, դեբյուտանտները շարունակելու հնարավորություն ունենան: Իսկ ազգային մրցանակաբաշխությունը, սեփական երկրում ստացած լավագույն գնահատականն առավել քան կարևոր է, գուցե շատ ավելի, քան միջազգային փառատոներում ստացած մրցանակները:
Ինձ համար ավելի կարևոր էր, որ շատերը մրցանակ ստացան ճիշտ պահին ու ժամանակին. գնահատվեց նրանց վաստակը կինոյում: Այսինքն` կարևոր է ոչ միայն լավը նկատել, այլև լավը նկատել ճիշտ ժամանակին ու ճիշտ պահին, և հնարավորություն տալ, որ այդ մարդը շարունակի ստեղծագործել: Այն, որ այս տարի մրցանակաբաշխության ժամանակ մեծ թվով կանայք արժանացան մրցանակների, շատ ուրախալի է և խրախուսելի, քանի որ հայկական կինոն իր պատմությամբ «տղայական» կինո է: Այսօր արդեն ժամանակն է ոչ միայն հնարավորություն տալ, որ կանայք նկարեն, այլև նրանց մուտքը ողջունել: Իհարկե, նախապես մտածված չի եղել, որ կանայք մրցանակներ ստանան, պարզապես նրանք լավագույնն էին, և լավագույնները մրցանակ ստացան: Կարող եմ ասել` չեմ ամաչում, որ աշխատել եմ այդ ժյուրիում, կարող եմ բաց ճակատով ասել, որովհետև այն արդյունքները, որ ունեցանք, իրոք ապշեցնող էին, ինչ-որ չափով հեղափոխական: Եվ շատերի ՙսպասելիքները՚, որ ընտրությունը օբյեկտիվ չի լինի, չարդարացան:
Սիրանույշ Գալստյան (կինոգետ). «Նրանց մուտքը հայ կինո խոստումնալից է, և պետք է սպասել հետաքրքիր շարունակության»
«Հայակ- 2013»-ի լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվեց Մարիա Սահակյանի ՙԱյդ ես չեմ՚ կինոնկարը: Ժյուրին իր այս ընտրությամբ նախապատվություն տվեց երիտասարդի հայացքին: Այս աշխատանքը, լինելով հեղինակային ինքնատիպ ձեռագրի արգասիք, միաժամանակ կրում է ժամանակակից կինոյի որոշ միտումներ: Բացի այդ, նաև թեմայի առումով է արդիական, քանի որ վեր է հանում գավառական իրականության անելանելիությունը (տվյալ դեպքում` Ալավերդու կյանքի մասին է խոսքը): Եվ այդ գոյության ճգնաժամը պատկերված է ոչ թե պարզապես սյուժետային եղանակով, այլ գերազանցապես ֆիլմում տիրող մթնոլորտի շնորհիվ: Անելանելիությունն այստեղ հոգեվիճակ է: Դրանով իսկ ֆիլմն արտահայտում է մերօրյա իրականությունը, մեր ժամանակը:
«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում ներկայացված և հաղթած Հարություն Խաչատրյանի ՙԱնվերջ փախուստ, հավերժ վերադարձ՚ մեծ ընդգրկում ունեցող ֆիլմի, նաև Արմեն Խաչատրյանի «Մենք կանք» բավական տպավորիչ, ազդեցիկ վավերագրական ֆիլմի կողքին հավակնորդ էր նաև երիտասարդ սերնդի ռեժիսոր Արման Երիցյանի «Donkeymentary» վավերագրական կինոնկարը, որն աչքի էր ընկնում ոչ միայն պրոֆեսիոնալիզմով և ինքնատիպ հեղինակային հայացքով, այլև համամարդկային հնչեղությամբ: Այս ֆիլմն արժանացավ Ազգային կինոակադեմիայի մրցանակի:
Հետաքրքիր է, որ ինքնին հանդիսության մտահղացման մեջ, որի բեմադրությունը փայլուն լուծումներով իրականացրել էր կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, նույնպես շեշտված էր երիտասարդ սերունդը` հանձին ուսանողության, որոնք մասնակից էին մրցանակների հանձնման արարողությանը:
Ընդհանրապես այս տարվա մրցանակաբաշխությունն ակնհայտորեն ամրագրեց նոր սերնդի անուններ նաև հետևյալ անվանակարգերում. «Լավագույն կարճամետրաժ» (Թամարա Ստեփանյան, «Փետրվարի 19»), «Լավագույն դեբյուտ» (Մարինե Զաքարյան, «Փասիանի որսորդը»), «Լավագույն օպերատոր» (Մկրտիչ Մալխասյան), «Լավագույն դերասանուհի» (Մարիամ Դավթյան), «Լավագույն դերասան» (Շանթ Հովհաննիսան), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Խորեն Լևոնյան): «Դեբյուտ» և «Կարճամետրաժ» անվանակարգերում դարձյալ հետաքրքիր երիտասարդների աշխատանքներ կային` Արման Չիլինգարյան, Արկա Մանուկյան, Արեն Վաթյան և ուրիշներ: Նրանց մուտքը հայ կինո խոստումնալից է, և պետք է սպասել հետաքրքիր շարունակության:
Կարեն Շահնազարով (մրցանակակիր). «Այստեղ քաղաքական և այլ գործոնները պակաս ազդեցություն ունեն»
Շատ շնորհակալ եմ այսօր այստեղ գտնվելու համար: Շնորհակալ եմ կազմակերպիչներին և մրցանակի համար: Ես ուրախ եմ, որ իմ ֆիլմը ներկայացված էր «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությանը, և ավելի ուրախ եմ, որ արժանացավ մրցանակի: Մոտ 40 տարի առաջ, առաջին անգամ լուսահոգի հորս հետ եկա Հայաստան և այս շենքի մյուս` օպերային դահլիճում տեսա «Գայանե» բալետը: Շատ տպավորված էի: Հայրս շատ ուրախ կլիներ այս մրցանակի համար: Այսքան հետաքրքիր ու ճաշակով կազմակերպված երեկո ես վաղուց չէի տեսել: Մեծ բավականություն ստացա, տպավորված եմ:
Հայկական կինոն հարուստ ավանդույթներ ունի և կարծում եմ, որ այս մրցանակաբաշխությունը կնպաստի այդ ավանդույթների պահպանմանը և ժամանակակից հայկական կինոյի զարգացմանը: Ես կարծում եմ, որ եթե ճիշտ աշխատանքներ տարվեն, ապա այն հնարավորություն կունենա իր կայուն տեղն ունենալու ԱՊՀ տարածքում:
Աշխարհն այսօր ժամանակակից հայ կինոյին այնքան էլ ծանոթ չէ: Այսօր կինոն նոր մոտեցումներ և նոր վերաբերմունք է պահանջում ավելի ճանաչելի դառնալու համար: Բայց Հայաստանում միշտ ճիշտ են գնահատել կինեմատոգրաֆը: Այստեղ քաղաքական և այլ գործոնները պակաս ազդեցություն ունեն, և հուսով եմ` այդպես էլ կշարունակվի:
Պատրաստեց Ռուզան ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆԸ
