727468Նշանավոր եղբայրներն ու համահեղինակները` Իթըն և Ջոել Կոենները, Կանն են բերել նոր «Լյուին Դեվիսի ներսում» ֆիլմը: Այն մտել է 66-րդ Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագիր:

Չորս «Օսկարի» մրցանակակիրները ռեժիսուրայի և սցենարի համար այս անգամ երաժշտական դրամա են նկարել: Ֆիլմի օպերատորը Բրունո Դելբոննելն է: Նա է նկարել, ի դեպ, Սոկուրովի «Ֆաուստը»:

Կոեն եղբայրների նոր ֆիլմն աննախադեպ հերթ առաջացրեց տեղատարափ անձրևի տակ: Փառատոնի պալատի մուտքը հսկող պահակների խոսքով` նման հերթ չեն տեսել վերջին տասը տարվա ընթացքում: «Այստեղ, իհարկե, միշտ էլ հերթ է լինում, մանավանդ եթե հայտնի ռեժիսոր է, բայց այսպիսի հերթ ես չեմ տեսել, թեև փառատոնում աշխատում եմ արդեն 12 տարի: Այն էլ այսպիսի ուժեղ անձրևի ժամանակ, հետաքրքիր է` ի՞նչ հերթ կլիներ, եթե լավ եղանակ լիներ»,- ասել է պահակախմբի պետը:

Ժապավենը պատմում է 60-ական թթ. մի երաժշտի` Լյուին Դեվիսի մասին, որը Նյու Յորքում ֆոլկ երաժշտության կատարող էր: Նա ցանկանում է ամեն կերպ մտնել մեծ բեմ: Գլխավոր դերը կատարում է Օսկար Այզեկը, որ հայտնի է «Ագորա», «Ռոբին Հուդ», «Դրայվ» ֆիլմերից: Ֆիլմում խաղում է նաև Ջոն Գուդմանը, որ  Կոեն եղբայրների մշտական դերասանն է: Նա է խաղացել այն ֆիլմում, որի շնորհիվ Կաննում ընդմիշտ հիշելու են Կոեններին: Խոսքը «Բարտոն Ֆինկի» մասին է, որը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել:

Լյուին Դեվիսը մտացածին երաժիշտ է, բայց նա նախատիպ ունի` Դեյվ վան Ռոնկը: Եվ «Լյուին Դեվիսի ներսում» ալբոմի շապիկը, որ ցույց են տալիս ֆիլմում, արտանկարված է «Դեյվ վան Ռոնկի ներսում» ալբոմից:

Ջոել Կոենը հայտնել է, որ ֆիլմի գլխավոր հերոսը շեկ կատուն է: «Կատուն այստեղ գլխավորն է, և նկարահանումներին մասնակցել է վեց շեկ կատու: Եթե անկեղծ ասեմ, ֆիլմը շեկ կատվի մասին է, որին մեր հերոսը ամբողջ ժամանակ տանում է իր հետ»,- ասել է Կոենը: Նրա խոսքով` շատ կցանկանար թափանցել ֆոլկի աշխարհը,  քանի դեռ այն չի վերածվել մշակույթի ահռելի երևույթի. իր համար հետաքրքիր էր իմանալ, թե ինչ մարդիկ էին նրանք և ինչպես էին գոյատևում:

dni.ru