babe6c586ec786a8bc22b5434a84071c.0Ռեժիսոր Աբդելլաթիֆ  Քեշիշի «Ադելի կյանքը. 1-ին և 2-րդ գլուխներ» («La Vie D’Adele — Chapitre 1 & 2», միջազգային վարձույթ մտնելու է «Կապույտն ամենատաք գույնն է» անվամբ), երեկ` մայիսի 25-ին  66-րդ Կաննի փառատոնում ստացավ Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի (ՖԻՊՐԵՍՍԻ) մրցանակը:

Կինոնկարի գլխավոր հերոսուհիները` Ադելին (Ադել Էկզարկոպուլոս) և Էմմին (Լեա Սեդու) սիրահարված են իրար: Ֆիլմում շատ են բաց տեսարանները, սակայն բոլորը նշում են, որ ռեժիսորը կարողացել է շատ գեղեցիկ պատմել այդ ոչ ստանդարտ սիրո պատմությունը: «Սա վերջին շրջանում Կաննում ցուցադրված ամենագեղեցիկ ու վառ սիրո պատմությունն է»,- գրում է «The Hollywood Reporter»-ը: Ուշադրության է արժանացել նաև պատմության դրամատուրգիան: Լոնդոնի «Times»-ի մեկնաբանների կարծիքով` ֆիլմում գեթ մեկ ձախողված դրվագ չկա, իսկ ամբողջ պատումը մանրակրկիտ մտածված է: «Քեշիշի  սիրո պատմությունը երկու լեսբուհիների մասին գլուխգործոց է»,-  գրել է france24.com-ը: