9709_10150876669276888_966952577_nՎահրամ Մխիթարյան. մեկ ազգային պատկանելություն` հայ, երկու քաղաքացիություն` Հայաստանի և Լեհաստանի Հանրապետությունների, երեք մասնագիտություն` ռեժիսոր, օպերատոր, լուսանկարիչ,  երկու դեբյուտ` վավերագրական և կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի:

Իրեն դեբյուտանտ համարող Վահրամն, այնուամենայնիվ, իր մասնագիտություններում նորահայտ չէ ու նրա քայլերն էլ առաջինները չեն: Նրա մասնագիտական կենսագրության մեջ տասնյակից ավելի վավերագրական ֆիլմերն ու կրկնակի սոցիալական գովազդները տարիների ներկայություն ունեն: Թեʹ ֆիլմերը, թեʹ գովազդները նկատվել ու մրցանակների են արժանացել հենց սկզբից: Պակաս նկատված ու մասնագիտական շրջանակների կողմից գնահատված չեն  նաև նրա լուսանկարչական աշխատանքները, որ ներկայացվել են Երևանում ու Գյումրիում, Կիևում ու Գդանսկում` անհատական և խմբակային ցուցահանդեսներում: Ինքնատիպ էր 2008 թ. Երևանի Թումանյան և Տերյան փողոցների խաչմերուկում` Կարապի լճի հարևանությամբ բացված նրա անհատական լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցասրահը գովազդային վահանակներն էին, ներկայացվող նյութը` Լեհաստանը` իր հայտնի ու անհայտ գեղեցկություններով:

Այնուամենայնիվ, Վահրամ Մխիթարյանն իրեն դեբյուտանտ է համարում և ունի իր բացատրությունը. «Մինչև այսօր նկարահանածս վավերագրական ֆիլմերը եղել են պատվերով և ոչ սեփական ընտրությանս արդյունք, ու դա թերևս հիմք է տալիս պնդելու, որ «Հովվի երգը» կլինի իմ դեբյուտային ֆիլմը: Գեղարվեստական ֆիլմերի ռեժիսորի որակավորմամբ` Հայկական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը, որն արդեն գոյություն չունի (ռեժիսոր Դմիտրի Կեսայանցի արվեստանոց), ավարտելուց 12 տարի անց` այս 2013 թվականին, վերջապես կունենամ դեբյուտային կարճամետրաժ-խաղարկային ֆիլմ` «Կաթնեղբայրը»: Այսինքն` այն, ինչ պարտադիր է համարվում որպես ռեժիսոր կինո մուտքն ապահովելու համար: Հուսով եմ` շուտով կանցնեմ այդ սահմանագիծը»:

Իր պատկերացրած չափանիշներին համապատասխան դեբյուտով հանդես գալու այսչափ ձգձգվելը բացատրվում է Վահրամի ուսանելու և Հայաստանում կինոյի կաթվածահար տարիների համընկնելով: Այդ տարիներին էլ նրա համար այլընտրանքը եղել են օպերատորի և ռեժիսորի աշխատանքները ՙԱ1+՚ հեռուստատեսությունում և Հայկական Կարմիր խաչի ընկերությունում: Բացի այդ, ինչպես փաստեց Վահրամը, փորձ կուտակելու իր հնարավորությունն ամբողջացել է  «Ինտերնյուս» կազմակերպությունում. «Ուսանողական ընկերներով, Գարեգին Զաքոյանի առաջարկությամբ, Հայաստանի ազգային ֆիլմադարանին կից «2P» կինոակումբը հիմնեցինք: «Պիոներ» կինոթատրոնը դեռևս մնում էր այդպիսին, և այնտեղ իսկական կինոյի ցուցադրություններ, կինոյի դասականների հուշ-երեկոներ էինք կազմակերպում, բացի այդ, շատ նորահայտ ռոք խմբերի փորձերը կինոթատրոնի նկուղում էին անցկացվում, նույնիսկ Մայքլ Ջեքսոնի fun clubi դեռահաս անդամներն էլ իրենց տեղն ունեին: Ու թեև ակումբի գործունեությամբ «Պիոները» կարճ ժամանակով կենդանացավ, սակայն կինոթատրոնն ապրեցնելն անհնար եղավ` այն պետք է դառնար շահույթ բերող հաստատություն: Եվ մեր  «2P» կինոակումբի անձնակազմով (Արման Երիցյան, Սիրական Աբրոյան, Սարգիս Խարազյան և այլ մեր գործընկերներ) «պատսպարվեցինք» «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպությունում, որտեղ բոլորիս էլ ստեղծագործական աշխատանքով զբաղվելու հնարավորություն տրվեց: Շատ մասնագետներ կրթվեցին այդ կազմակերպության  շնորհիվ»:

Ու թեև Հայաստանում կինոյի կաթվածահար փուլից հետո կինոյի ոլորտում առկա փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունավետությունից, այնուամենայնիվ, կան հնարավորություն ընձեռող ուղիներ, որոնք և դարձել են Վահրամ Մխիթարյանի երկու դեբյուտային ֆիլմերի նկարահանման հիմքը:   «Հովվի երգը» և «Կաթնեղբայրը» հայ-լեհական համատեղ արտադրության ֆիլմեր են և երկու երկրների մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում են հայտնվել դեռևս նախագծային փուլում: Առաջինի` «Հովվի երգը» ֆիլմի նախագիծը 2008 թ. «Ոսկե ծիրան» փառատոնում արժանացել է «Ռեժիսորներ առանց սահմանի» ծրագրի շրջանակներում «Հանդուրժողականություն առանց սահմանների»  OSCI, UNDP, OSI և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի համատեղ մրցանակին: «Կաթնեղբայր» ֆիլմի նախագիծը  Լեհաստանի կինեմատոգրաֆիստների միության և «Munki» ստուդիայի 30 րոպե տևողությամբ դեբյուտային ֆիլմերի մրցույթում հաղթելուց հետո` 2012 թ. փետրվարին, Կրակովի կինոփառատոնի հիմնադրամի կողմից ընտրվել է այս տարի կարճամետրաժ ֆիլմերի ամենահեղինակավոր և ավանդույթներ ունեցող եվրոպական «Clermont Ferrand» փառատոնի «Euroconnection» համագործակցության ֆորումի ծրագրում ներկայացվելու համար: «Ավելի քան հաճելի է, հայ լինելով և հայկական բովանդակություն ներկայացնելով, եվրոպական փառատոնում հանդես գալը, թող որ Լեհաստանի անունից: Եվ առաջին անգամ «Մունկի» ստուդիան համաձայնեց Լեհաստանից դուրս ֆիլմ նկարահանելուն: Փաստորեն իմ` դեբյուտանտի հանդեպ մեծ վստահություն ցուցաբերվեց և տրվեցին ինձ համար շատ հաճելի գնահատականներ»,- մանրամասնեց Վահրամ Մխիթարյանը:

Ի դեպ, նրա դեբյուտային ֆիլմերն այդպիսին են նաև հայ-լեհական համատեղ կինոարտադրության ոլորտում և առաջինն են Հայաստանի անկախության շրջանում: Երկուսն էլ նկարահանվել են Հայաստանում ու ներկայացնում են հայկական իրականություն: Վավերագրական «Հովվի երգի» հիմքում լրագրող Վահան Իշխանյանի ռեպորտաժի հերոս, Եղեգիս գյուղի բնակիչ, հովիվ Խաչիկի ու նրա ընտանիքի պատմությունն է: Նրա ընտանիքում համարյա բոլորը զուրկ են տեսողությունից, ինչն անեծք են համարում և լուծումն ակնկալում բարձրյալից, որի հետ համերաշխությունը հենց հայրենի գյուղի լեռներում է գտել Խաչիկը: Խաղարկային  «Կաթնեղբայր» ֆիլմը գրական հենք ունի, այն Վանո Սիրադեղյանի «Գառ ախպերիկ» պատմվածքն է, որը ռեժիսորն ընտրել է դեռ ուսանողական տարիներին, քանի որ այդ փոքրածավալ գործում գյուղական ներամփոփ աշխարհ է հայտնաբերել ու դրանով իր անցյալի անհասկանալի դրվագը լուսավորված տեսել:

Թե ինչ կտեսնի հանդիսատեսը Վահրամ Մխիթարյանի երկու դեբյուտային ֆիլմերում, պարզ կդառնա այս տարի, քանի որ հինգ տարվա աշխատանքներից հետո գարնանն ավարտին կհասցվի «Հովվի երգը», իսկ աշնանը պատրաստ կլինի «Կաթնեղբայրը»: «Իհարկե, շատ կարևոր եմ համարում ֆիլմերը Հայաստանում ներկայացնելը և հույս ունեմ դա անել «Ոսկե ծիրան»  փառատոնի շրջանակում: Նաև մեծ հույս ունեմ, որ դրանք կհետաքրքրեն կինոդիտողին»:

Հայ-լեհական կինոհամագործակցության գործնական աշխատանքն իրականացնող ռեժիսոր Վահրամ Մխիթարյանը ինչպես չի դադարում լինել օպերատոր և լուսանկարիչ (կինոգործունեությանը զուգահեռ նաև լուսանկարչություն է դասավանդում Գդանսկի գեղարվեստի ակադեմիայում), այնպես էլ, լեհուհի տիկնոջ և սիրասուն դստեր հետ Լեհաստանում բնակվելով, չի դադարում կապված մնալ Հայաստանին և լինել, իր խոսքով, հայ կինոշնիկ. ՙՃիշտն ասած, ավելի ու ավելի եմ դժվարանում առանձնացնել ինձ համար գերակայողը ռեժիսուրայի, լուսանկարչության ու օպերատորական աշխատանքի միջև: Չեմ ուզում հրաժարվել և ոչ մեկից. էս դեպքում բազմակնության կողմնակից եմ»:

Նանա ՊԵՏՐՈՍՅԱՆ