դիալոգԵրիտասարդ կինոռեժիսոր  Դիանա Կարդումյանի «Դիալոգներ»    30 – րոպեանոց կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան կայացավ  մայիսի 29-ին  «Մոսկվա» կինոթատրոնում:  Երեւանյան կինոպրեմիերաների համար անսովոր  լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսին ներկայացվեց  գեղեցիկ ու ճաշակով ռոմանտիկ դրամա. սիրային զույգի մեկ գիշերվա երկխոսությունը: Կնոջ եւ տղամարդու շատ նուրբ ու գրավիչ հարաբերություններ, գեղեցիկ ու անսովոր ռոմանտիկ սեր:

Դերասանները նկարահանումից հետո  տեսախցիկի առջեւ  վերլուծել են իրենց կերպարները, ինչն էլ ֆիլմի հեղինակը վավերագրական տարրերով  ընգրկել է ֆիլմում: Ռեժիսորը հատուկ վերաբերմունքով է ընտրել երեւանյան նկարահանման  վայրերը` Պապլավոկը, Աբովյան, Տերյան, Մաշտոցի փողոցները, դեպի Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհը: «Դիալոգների» օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը ֆիլմում բացահայտել է նոր գիշերային Երեւան` շատերի համար անհայտ: Ռոմանտիկ դրամայի գլխավոր դերակատարներն էլ առաջին անգամ են միասին նկարահանվել ու միմյանց բացահայտել են որպես լավ խաղընկերներ:

Դիանա Կարդումյանը մի քանի կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է: Պատրաստ է նաեւ նրա  խաղարկային ֆիլմի  հետաքրքիր սցենարը: