«Դաշնամուրը» ֆիլմի ռեժիսորին հատուկ մրցանակ են տալու Կաննում
66-րդ Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում Ֆրանսիայի կինոռեժիսորների գիլդիայի կողմից կշնորհվի «Ոսկե կառք» մրցանակը: Այս անգամ մրցանակակիրը նորզելանդական գրող և կինոռեժիսոր Ջեյն Քեմփիոնն է:
Ջեյն Քեմփիոնն արդարև համարվում է աշխարհի առավել հայտնի կին ռեժիսորներից մեկը: Կինոյում իր գրեթե 30-ամյա գործունեության ընթացքում նա քանիցս արժանացել է հեղինակավոր կինոպարգևների և փառատոնային մրցանակների:
Հիշատակության են արժանի հատկապես Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծը» «Հրեշտակն իմ սեղանին» (1990) կինոնկարի ռեժիսուրայի համար, «Ոսկե արմավենու ճյուղը» Կաննում «Դաշնամուրը» (1993) կինոնկարի համար և «Օսկարը» նույն ֆիլմի սցենարի համար:
Այս տարի Ջեյն Քեմփիոնն արժանանու է ևս մի հեղինակավոր պարգևի: Ֆրանսիայի կինոռեժիսորների գիլդիան 66-րդ Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում նրան կշնորհի «Ոսկե կառք» հատուկ մրցանակը: «Ոսկե կառքի» մրցանակակիրներին ընտրում են մեծ համբավ ունեցող բեմադրողներից: Մրցանակը հիմնվել է 2002 թ.: Այս մրցանակի առավել ականավոր դափնեկիրներից արժե հիշատակել Քլինթ Իսթվուդին, Ջիմ Ջարմուշին, Դեվիդ Կրոնենբերգին և Նաննի Մորետտիին: