Հրանտ Մաթևոսյանը կինոաշխարհ մտավ 1970-ական թթ.: Կինոյի մարդկանց համար Հրանտ Մաթևոսյան արձակագրի կինոզգացողությունը, կերպարների տեսանելի, համոզիչ մատուցումը, այն աշխարհը, որ գրքերից տեղափոխվեց էկրան, իսկական հեղաշրջում էր: Հրանտ Մաթևոսյանը հայկական կինոյում բացեց այն էջը, որ շարունակությունն էր նրա արձակի` արդեն ժապավենի վրա:

Սուրեն Հասմիկյան (կինոգետ)

– Հրանտ Մաթևոսյանը` դեռ երիտասարդ, 1965 թ., «Հայֆիլմի» կողմից ուղարկվեց Մոսկվա` սցենարիստների բարձրագույն կուրսերին մասնակցելու: Մոսկվան նրա վրա չափազանց մեծ ազդեցություն թողեց: Դրա ապացույցը նրա  վիպակն էր` «Խումարը» («Похмелье»): Դա մի չտեսնված գործ էր, որ Հրանտին եվրոպական ճանաչում բերեց: Ընթերցողին այն ուղղակի շշմեցնում էր: Դա գյուղից Մոսկվայի նման մեծ քաղաք եկած երիտասարդի ներքին աշխարհի արտացոլումն էր, այն, ինչ նա տեսել էր, զգացել, չընդունելով ընդունել, մարսել ինքն իր մեջ: Կարծես հայ գրող չլիներ «Խումարի» հեղինակը: Հայ գրականությունը նման ստեղծագործություն դեռ չէր ունեցել: Նա Մոսկվայում հայտնաբերեց մի աշխարհ, որը շատ հեռու էր հայկականից:  «Խումարում» նկարագրում է, թե ինչպես է Մոսկվայում փակ դիտումներում տեսել Անտոնիոնիի «Գիշեր» ֆիլմը, ինչպես է ինքն ընկալել էկզիստենցիալիստական օտար հոսանքներն ու մնացել Հրանտ Մաթևոսյան:  Անսովոր գրվածք է, անսովոր ոճով, դա հենց կինոսցենար էր, ֆիլմ, հեղինակի  ներքին ձայնը: Այդ ժամանակների համար դա նորություն էր կինոյում էլ, գրականության մեջ էլ: Բայց ոչ ոք չհամարձակվեց որպես ռեժիսոր մոտենալ «Խումարին»: Դա ֆիլմ էր` արժանի Ֆելինիի ձեռագրին:

Իսկ արդեն 1969-ին «Մենք ենք, մեր սարերը» գրեց, ու Հենրիկ Մալյանն այն ֆիլմ դարձրեց: Ես չէի ասի, թե վիպակը, սցենարն ու ֆիլմը նույնն են: Ֆիլմի հետևում կանգնած էին երկու հզոր անհատականություններ` Մաթևոսյան ու Մալյան, նաև մեծ դերասանների մի ամբողջ խումբ, ավելացրած` Արտավազդ Փելեշյանին: Նրանք  ստեղծեցին մի ամբողջություն, որ շատ տեղին կոչվեց «Մենք ենք, մեր սարերը»: Դա պատահական վերնագիր չէր: Մոսկվայում մեծ հռչակ ձեռք բերելով` Հրանտը «Մենք ենք, մեր սարերով» ներկայացավ իր ուրիշ տեսակով` ամրացնելով ազգային դիրքերը, հարստացնելով այդ դիրքերն իր տեսածով, զգացածով, աշխարհի հետ իր վեճ-կռիվներով: Ընդհանրապես XX դարի երկրորդ կեսի գրականությունն ուղղված էր մարդու ներքին աշխարհին: Հոգեբանական այն շերտերը, որոնք վերաբերում են էկզիստենցիալիզմին, ապագայի գրականությանը, Հրանտ Մաթևոսյանի արձակում արդեն կային, բայց խմբագրված ու յուրացված ազգային հողի վրա: Չես կարող ասել, թե Հրանտ Մաթևոսյանը հայ չէ, բայց չես էլ կարող ասել, թե միայն հայ է. նա համընդհանուր երևույթ է:

Հրանտ Մաթևոսյանը  դժգոհ էր մնում իր սցենարներով նկարահանված ֆիլմերից: Այդպես է, հեղինակին միշտ թվում է` այն չի արվել ու այնպես չի արվել, ինչ պետք է: Դա հասկանալի է:

Հրանտը մի կողմից պարզ, ճանաչելի հեղինակ է, մյուս կողմից` չափազանց բարդ է ընկալվելու համար: Թեկուզ «Մենք ենք, մեր սարերը». պարզ վերնագիր չէ սա, այն իր մեջ ամեն ինչ է թաքցնում: Ահնիձորում ծնված-մեծացած, Երևան եկած ու Երևանը չընդունող, չընկալող Հրանտը «Մենք ենք, մեր սարերում» գյուղի ու քաղաքի հակադրությունն էր ցույց տալիս, որը ֆիլմում Մալյանը  դուրս թողեց: Նրան այդ շեշտադրումը չէր հետաքրքրում:

Մի օր Հրանտին հանդիպեցի: Ասաց. «Աշնան արևը» չեն նայում: Ասացի. «Իսկ կարծում ես` քո վեպերը բոլո՞րն են կարդում»: Ասաց` ճիշտ ես ասում: Ասացի. «Դու այն հեղինակն ես, որը միանգամից չի ընկալվում: Ի վերջո, Թումանյանի գործերն էլ չեն կարդում, միայն հեքիաթներն ու «Գիքորն» են կարդում, իսկ քառյակնե՞րը»:

«Աշնան արևում» Աղունը յուրատեսակ կնոջ կերպար է: Թատերական ներկայացումն ու ֆիլմը շատ տարբեր են: Անահիտ Ղուկասյանը բոլորովին ուրիշ կերպար է կերտել: Նշանակում է` Հրանտն այնպիսի գործ է գրել, որը հնարավորություն է տալիս դերասանուհուն այդ կերպարի մեջ սեփականը գտնել, տարբեր գույն տալ դերին: Սրանով է Հրանտը մեծ: «Աշնան արևը» մոնոֆիլմ է, ֆիլմ-հոգեվիճակ: Գլխավոր հերոսուհին է տանում  ամբողջ ֆիլմը: Մարդիկ միանշանակ չընդունեցին «Աշնան արևը», և դա հասկանալի էր:

Ես շատ մոտ եմ կանգնած եղել «Տերը» ֆիլմի ստեղծման ճակատագրին: Ճիշտ ֆիլմ էր, բայց նորություն չէր, հայտնություն չեղավ: «Տերը» ցնցում չառաջացրեց, ինչպես «Մենք ենք, մեր սարերը»:

Հակոբ Իսկուդարյան («Աշնան արև» ֆիլմի երկրորդ ռեժիսոր)

– Ճիշտ բնաշխարհ էինք փնտրում: Բագրատ Հովհաննիսյանը կանգ առավ Հրանտ Մաթևոսյանի հայրենի գյուղի` Ահնիձորի վրա: Գտանք նաև այն տունը` անջատ գյուղից, որն այն ժամանակվա չափանիշներով վատ տուն չէր, նույնիսկ գեղեցիկ էր: Հրանտը խնդրում էր, որ չմտնենք Ահնիձոր, նկարահանումներն ուրիշ գյուղում անենք, բայց Բագրատն անդրդվելի էր: Անհնար էր նրան հակառակը համոզել: Հրանտը պնդեց, հետո վիճեցին: Վերջը Բագրատը հայտարարեց, որ գնում է Ահնիձոր` նկարահանումների: Հրանտը լաց եղավ, հենց այդպես, լաց եղավ: Չէինք հասկանում` ինչու չի Հրանտն ուզում, որ իր գյուղում նկարենք «Աշնան արևը»:

Ահնիձորն աշխարհից կտրված, մաքուր, չապականված մի աշխարհ էր, որտեղ ապրում էին շիտակ, ազնիվ մարդիկ: Այդ տեսակ մարդիկ չկան, այն ժամանակ էլ չկային: Նրանք այս աշխարհից չէին: Մենք Ահնիձորն ապականեցինք: Մեր վարքով, բարքերով փչացրինք այդ անաղարտ գյուղը: Մենք կործանեցինք, փչացրինք մարդու այն տեսակը, որ կար մինչ մեր Ահնիձոր մտնելը: Մեր տարած քաղաքակրթությունից ահնիձորցիներն ավելի շատ վնաս կրեցին, քան օգուտ:

Մի դրվագ պատմեմ, ու ամեն ինչ ավելի պարզ կլինի: Գյուղում մարդիկ հավաքվում էին խանութի մոտ ու զրուցում: Գյուղացիներից մեկը մյուսներին պատմում էր, թե ինչպես 1936 թ. գնացել է Ալավերդի, թե ինչ հրաշալի բաներ է այնտեղ տեսել: Ալավերդին այդ մարդու համար նույնն էր, ինչ մեզ համար Սան Ֆրանցիսկոն կամ Նյու Յորքը, համագյուղացիներն անգամ Ալավերդին չէին տեսել:

Այ սրա համար չէր ուզում Հրանտը, որ մենք Ահնիձոր մտնենք, չէր ուզում, որ խաթարենք իր գյուղի կյանքը, դրա համար էր նա երեխայի պես լաց լինում:

 

Գրիգոր Թորոսյան («Աշնան արև» ֆիլմի նկարիչ)

images (3)– Հրանտը չէր ուզում, որ ֆիլմն իր գյուղում նկարենք: Շատ դեմ ընկավ, ինքն ու Բագրատ Հովհաննիսյանը կռվեցին, վիճեցին: Տեսավ, որ ոչինչ չի ստացվում, Բագրատն իր ասածն անելու է, չոր կող ունի, նահանջեց: Գնացինք Ահնիձոր, նկարահանման ամբողջ խմբով հյուրընկալվեցինք Հրանտենց տանը, նրա մոր պատրաստած հացը կերանք: Նա կասկածում էր` ֆիլմը կստացվի՞: Բագրատին վստահում էր, չնայած անընդմեջ տարակարծություններին, այնուամենայնիվ, վստահում էր: Ի վերջո, եթե չվստահեր, հո չէ՞ր համաձայնի, որ իր սցենարով ֆիլմ նկարեր: Վստահում էր ու հավատում: Բագրատը վարպետ էր, լուրջ կրթություն ստացած, բարձր ճաշակ ունեցող, Տարկովսկու ընկերն էր, ի վերջո:  Մի խոսքով, շատ չարչարվեցինք, ու հաջող ֆիլմ ստացվեց: Գիտե՞ք` ինձ ինչն էր զարմացնում, որ Ահնիձորում բոլորն իրար բարեկամ էին: Որ տուն մտնում էինք, ում հետ ծանոթանում էինք, Հրանտենց ու միմյանց հարազատ-արյունակից էին դուրս գալիս: Այդ գյուղը մի ընտանիքի պես էր ապրում:

Մայրանուշ Գրիգորյան («Աշնան արև» ֆիլմում Սոֆիի դերակատարուհի)

– 24-25 տարեկան էի, ամուսնացած, մեծ աղջիկս ծնվել էր: Բագրատ Հովհաննիսյանն ինձ մի օր ասաց, որ ուզում է հետս խոսել: Հանդիպեցինք, առաջարկեց «Աշնան արևում» նկարահանվել: Ես մինչ այդ կարդացել էի Մաթևոսյան: Ինձ այնքան հոգեհարազատ էր նա: Բագրատն ասաց, որ փոքր դեր է: Նկարահանող խումբը մնաց Կիրովականում, իսկ մենք գնացինք Ահնիձոր: Իջևանեցինք Հրանտենց տանը: Մայրը ջերմորեն ընդունեց մեզ, ասում էր` Հրանտիս գործն եք նկարելու:

Ես միայն նկարահանման հրապարակում իմացա, որ «Աշնան արևում» Մայայի դերն եմ խաղալու, որը ֆիլմում Սոֆի էր դարձել: Բագրատ Հովհաննիսյանն ասաց, որ անկողնային տեսարանում եմ նկարահանվելու: Ես հրաժարվեցի, ասացի` ինձ մեքենա նստեցրեք, ես քաղաք եմ գնում: Բագրատը սկսեց համոզել` Կարենը քեզ կգրկի, կմոտենաք անկողնուն: Ես չէի համաձայնում. լավ էի ճանաչում ամուսնուս: Ասացի. «Ընկեր Հովհաննիսյան, ախր ես լավ գիտեմ Կարեն Ջանիբեկյանին: Նա իր գործը շատ հանգիստ կանի` առանց հաշվի առնելու, որ շուրջը 5-10 հոգի մարդ կա»: Իսկապես, այդ ժամանակ Կարենը շատ համարձակ էր, անկանխատեսելի: Բագրատի հետ ընդհանուր հայտարարի եկանք նկարահանել անկողնային տեսարանի սկիզբը, մեկ էլ վերջը: Այդքանով սահմանափակվեցինք: Չգիտեմ, թե Հրանտն իմ դերի մասին ինչ կարծիք ուներ: Հիմա շատ եմ ափսոսում, որ խաղալով նրա ֆիլմում` նրա հետ շփվելու, մտերմանալու, ընկերանալու առիթներ չփնտրեցի:

Կարեն Ջանիբեկյան («Աշնան արև» ֆիլմում Սիմոնի դերակատար)

download– Բագրատ Հովհաննիսյանը Սոս Սարգսյանին էր առաջարկել Սիմոնի դերը: Նա հրաժարվել էր` պատճառաբանելով, որ զբաղված է այլ ֆիլմում: Ու ես շատ շնորհակալ եմ նրան դրա համար: Եթե Սոսը չհրաժարվեր, ինձ բախտ չէր վիճակվի խաղալ «Աշնան արևում»: Ես ծանոթացա Հրանտի ծնողների հետ, ինձ դա շատ էր պետք: Ու որոշեցի ֆիլմում հագնել Հրանտի հոր` Իգնատ դայու կարմիր վիլյուրից վերնաշապիկը. վառված, արևահարված, կենսագրություն ապրած վերնաշապիկ էր: Դա նաև օգնում էր ինձ ճիշտ մարմնավորելու վերնաշապիկի տիրոջը:

Հրանտը վերապահումով էր վերաբերվում ֆիլմին, կասկածում էր` լավ է ստացվել, թե ոչ: Բայց ժամանակի ընթացքում հետզհետե համոզվեց, որ ստացված ֆիլմ է: Շատ ենք զրուցել, հաց կիսել: Հետաքրքիր մարդ էր: Խոսքի շարադասության մեջ բառերի տեղը փոխում էր: Բոլորը չէ, որ հասկանում էին նրա ասածը: Մեծ արվեստագետ էր Հրանտը:

Անահիտ Ղուկասյան («Աշնան արև» ֆիլմում Աղունի դերակատարուհի)

tr-autumn_sun– Ես կարող եմ գլուխ գովել, որ Հրանտ Մաթևոսյանի նման մեծ գրողը հատուկ ինձ համար դեր է գրել: Նկատի ունեմ «Տերը» ֆիլմում կնոջ դերը:  «Տերը» Հրանտի վերջին ֆիլմն էր. սցենարը գրել էր, որ հենց Բագրատ Հովհաննիսյանը նկարահանի: Բայց նրանք մշտական վեճ ու կռվի մեջ էին: Երբեք լեզու չէին գտնում իրար հետ: Երկուսն էլ հզոր անհատականություններ էին, երկուսն էլ` տաղանդավոր, թերևս դա էր պատճառը, որ երբեք նրանց կարծիքները չէին համատեղվում: Հրանտը իրենից ու աշխարհից խռոված մարդ էր: Ներքին խռովք ուներ` իր մեջ: Կռիվ ուներ իշխող կարգերի դեմ, փականքների դեմ: Իսկ նրա ու Բագրատի կռիվը սկսվեց «Աշնան արևի» նկարահանումների ժամանակ: Հրանտը լսել անգամ չէր ուզում, որ ֆիլմը նկարվի իր գյուղում: Ի~նչ կռիվ արին, ի~նչ կռիվ. սարսափելի էր: Բանն այն է, որ Հրանտին իր գյուղում չէին ընդունում: «Աշնան արևից» առաջ նա էլի էր իր համագյուղացիներին գրքերի ու ֆիլմի հերոսներ դարձրել` «Մենք ենք, մեր սարերը»: Ահնիձորցիները վստահ էին, որ Հրանտն իրենց ուղղակի ձեռ է առել, վիրավորել` իրենց մասին վեպ ու պատմվածք գրելով. դա հերիք չէ, դեռ ֆիլմեր էլ է նկարահանում իրենց մասին: Տեսնել անգամ չէին ուզում Հրանտին: Այդքան պարզ ու միամիտ էին. էլ չգիտեին, որ Հրանտն իրենց աշխարհով մեկ հայտնի է դարձրել: Հրանտը ոչ մի անգամ նկարահանման հրապարակում չի եղել: Այդպիսին էր: Գիտեր, որ իր գրական գործն է էկրան բարձրանալու, բայց այդպես էլ ոչ մի անգամ չմտավ իր գյուղ` տեսնելու, թե ինչպես է նկարահանվում իր ֆիլմը:

Ահնիձորը հրաշալի վայր էր` եդեմը երկրի վրա` իր բնությամբ ու բնակիչներով: Մարդիկ այնքան հյուրասեր, մաքուր, անաղարտ էին:

Ամենաահավոր վիրավորանքը, որ մահու չափ կարող էր ահնիձորցուն խոցել, «տրոցկիստն» էր: Քաղաքակրթություն ասվածը ոտք չէր դրել այդ գյուղ, ռադիո չկար, ճանապարհ չկար: «Տերը» նկարահանելիս` 6 տարի հետո, արդեն գազ կար գյուղում:

Ես ընդհանրապես առաջին անգամ էի գյուղում լինում: Ու միանգամից` Ահնիձոր: Եղանք Հրանտենց տանը: Մայրը… Սուր լեզու ուներ, հնարավոր չէր` մեկին տեսներ ու մի բան չասեր, մի դիտողություն չաներ, գյուղացիները խուսափում էին նրան հանդիպելուց: Գործունյա, աշխատասեր. պանիր էր պատրաստում, կով էր կթում ու խոսում. ինչ ասում էր` հանգավորված: Ապշելու կին էր: Էդ տուն ու տեղն ինքն էր դրել: Ինչին նայում էիր, Արուսի ներվը կար, ինչին ձեռք էիր տալիս, Արուսի ներվն էր զրնգում: Ես դիտմամբ էի նրան շուտ-շուտ այցելում, որովհետև ֆիլմում հենց Արուսին էի մարմնավորելու: Պիտի իմանայի, ճանաչեի, զգայի Արուսին, որ կարողանայի Արուս խաղալ, որի անունը ֆիլմում Աղուն էր:

Հրանտն այդպես էլ ոչ մի անգամ չասաց` հավանո՞ւմ է իմ Աղունին, Բագրատի հետ կռված էր, ես էլ Բագրատի կինն էի. չասաց:

«Տերը» ֆիլմը ևս Բագրատն Ահնիձորում նկարեց: Հրանտը նրան չներեց: Այլևս չհաշտվեցին: Մենք եղանք «Տերը» ֆիլմի գլխավոր հերոսների` ամուսինների տանը, որոնք իրականում էլ երեխաներ չունեին: Շատ լավ մարդիկ էին: Ամուսնու անունը, հիշում եմ,  Թապտղ էր: Հրանտը մեր գրականության մեջ Ֆոլկների նշանակությունն ունեցավ: Մեր կինոյում էլ: Հրանտը մեր արձակում ու կինոյում ստեղծեց իր աշխարհը, իր Ծմակուտը: Իրականում Լոռիում այդ անունով գյուղ չկա: Դա Հրանտի հորինած անունն էր: Բառ-աշխարհ: Նա բառը հենց այնպես չէր գրում ու ասում: Ծմակուտ… տեսեք ինչքա~ն բան կա թաքնված այդ մի հատիկ բառի մեջ` հորինված, բայց իրական:

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ


Կինոյի մասին օրենքի նախագիծը՝ կինոհանրության դիտակետերից

Կինոյի մասին բաղձալի օրենք ունենալու հեռանկարը դեռևս անցյալ տարվանից իր շուրջը համախմբեց ոլորտի պատասխանատուներին, օրենսդրին, կինոգործիչներին ու իրավաբաններին: Ինչ խոսք,...

, |22 Սեպտեմբեր 2020,20:28