7f39274aed6fԴանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերն այլևս անցանկալի անձ չէ Կաննի փառատոնի համար և կարող է մասնակցել դրան: Այս մասին հաղորդում է ռուսական «Կոմերսանտը»` հղում անելով Կաննի փառատոնի տնօրինությանը:

Բանն այն է, որ 2011թ.  մայիսին Կաննում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ֆոն Թրիերը բոլոր ցանկացողներին առաջարկեց  իրեն նացիստ համարել և հայտարարեց , որ մարդկայնորեն հասկանում է Հիտլերին: Այս խոսքերի համար ռեժիսորը քանիցս ներողություն խնդրեց, սակայն փառատոնի ղեկավարությունը նրան պերսոնա նոն գրատա հայտարարեց: Ֆոն Թրիերը համաձայնեց այս որոշմանը:

Այժմ փառատոնի գեղարվեստական ղեկավար Տիերրի Ֆրեմոն հայտարարել է, որ ռեժիսորն անցանկալի անձ է հայտարարվել ոչ ընդմիշտ, այլ միայն 2011թ., երբ տեղի ունեցավ այդ միջադեպը:

Ֆրեմոյի խոսքով` ինքը դեռևս չի տեսել Թրիերի նոր ֆիլմը` «Հեշտամոլ կինը», քանի որ հեղինակը դեռ չի ավարտել այն: «Եթե նա իր նոր ֆիլմը բերի փառատոնում ցուցադրելու համար, մենք, իհարկե , կքննարկենք  այդ առաջարկը»,- ասել է Կաննի փառատոնի գեղարվեստական ղեկավարը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե հնարավոր է, որ «Հեշտամոլ կինը» կինոնկարի պեմիերան կայանա այս տարի Կաննում, բայց հետագայում պարզվեց, որ ֆոն Թրիերը չի հասցրել ավարտել այն: