Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` ստեղծվել է պետական հանձնաժողով, որը համակարգելու է այդ իրադարձությանն  առնչվող բոլոր միջոցառումները: Տարբեր կինոընկերությունների և անհատների կողմից 1915 թ. Հայոց ցեղասպանության  թեմայով Հայաստանի ազգային կինոկենտրոն են ներկայացվել մեծ թվով կինոնախագծեր: Անկախ փորձագետների խորհուրդը 2013 թ. համար արդեն ընտրել է 20 նախագիծ, որոնց ֆինանսավորումը առանձին է, ոչ կինոկենտրոնի կողմից ամեն տարի ֆիլմերին հատկացվող բյուջեից: Ներկայացված կինոնախագծերից կլինեն այնպիսիք, որոնք կֆինանսավորվեն և կյանքի կկոչվեն հենց Հայոց ցեղասպանության պետական հանձնաժողովի կողմից, իսկ հանձնաժողովի ընտրած ցանկից դուրս մնացած նախագծերի հեղինակները կփորձեն համատեղ արտադրությամբ նկարահանել դրանք: Կինոկենտրոնն իր ունեցած հնարավորությունների սահմաններում ֆինանսական աջակցություն ցույց կտա դրանց:

Կարծում ենք «Կինոաշխարհի» ընթերցողներին կհետաքրքրեն ներկայացվող սինոփսիսները, քանի որ նախնական ու մոտավոր պատկերացում են տալիս, թե ինչ կինոնկարներ են էկրան բարձրանալու 2015-ի նախօրեին:

1. «Երբ լռում է մարդկությունը», սց. հեղ.` Սոնա Մանուկյան, Անահիտ Արփեն, ռեժ.` Վիգեն Չալդրանյան:

1913-2013 թթ.: Գլխավոր կերպարներն են Սողոմոն Թեհլերյանը, գերմանացի մարդասերներ Ֆիրբյուխերն ու Վեգները, Բարձր դռան պարագլուխները և հայ մտավորականներ: Նրանց ճակատագրերի միջոցով ներկայացվում են հայոց բնօրրանը, Օսմանյան Թուրքիայի կառավարության նպատակային գործողությունները, հստակ ծրագրված ցեղասպանության նախադրյալները և գործընթացը, միջազգային քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունները:

Ներկայացված է կինոսցենար, սինոփսիս, նախահաշիվ,  դրվատական կարծիքներ նախագծի վերաբերյալ Սիլվա Կապուտիկյանից, Ստեփան Ստեփանյանից, Ցեղասպանության թանգարանից, տնօրեն Հայկ Դեմոյանից: Կինոնախագիծը ՀՀ նախագահի աշխատակազմ և վարչապետին ներկայացրել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը, Հայաստանի ազգային արխիվը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

2. «Ալեքսանդր Թամանյան», ըստ Աղասի Այվազյանի «Պոեմ վասն շենքի և շինության» ստեղծագործության, Աղասի Այվազյանի անվան հիմնադրամ, պրոդյուսերներ` Շուշանիկ Արևշատյան, Սարիկ Հովսեփյան, Նիկա Շեկ, սցենարի հեղինակներ` Գրետա Վերդիյան, Սարիկ Հովսեփյան, Նիկա Շեկ, ռեժ.` Նիկա Շեկ, Սարիկ Հովսեփյան, Աննա Արևշատյան:

1890-1936 թթ.: Զուգահեռ ընթանում են XX դարասկզբի իրադարձություններ, պատմական անցքեր հայ քարտաշների ընտանիքից Արևմտյան Հայաստանում և Թամանյանի կյանքից` Պետերբուրգում: Թամանյանը հայրենիք գալուց հետո ստիպված ընտանիքով փախչում է Պարսկաստան, կորցնում դստերը, վերադառնում հայրենիք, կորցնում երկրորդ դստերը: Եղեռնից մազապուրծ քարտաշը և Թամանյանը հանդիպում են Երևանում, որտեղ մեկը շենքեր է նախագծում, մյուսը պատեր շարում: Օպերայի շենքի նախագիծը մերժվում է, Թամանյանը հալածանքների է ենթարկվում և վախճանվում:

Ներկայացված է կինոսցենար և սինոփսիս:

3. «Կորած թռչուններ», «Կարա Կեդի ֆիլմ», Թուրքիա, «Պարալլելս ֆիլմ», Հայաստան, սց. հեղ.` Արեն Պերդեցի, Էլա Ալյամաչ, ռեժ.` Արեն Պերդեցի:

1915 թ., Թուրքիա, Անատոլիայի հայկական գյուղերից մեկում բարեկեցիկ ընտանիքի երեխաներ Բեդոն և Մարիամը սիրում են աղավնիներ պահել: Նրանց ընտանիքի երջանիկ կյանքը խաթարվում է, երբ զինվորները տանում են տան տղամարդկանց: Մայրն արգելում է երեխաներին դուրս գալ տնից, սակայն նրանք ծածուկ փախչում են, որ տեսնեն, թե ինչպես են իրենց թռչունները: Վերադարձին տունը դատարկ են գտնում, և սկսվում է երկար ու դժվարին ճամփորդություն` գտնելու կորսված ընտանիքը:

Ներկայացվել է արտադրության փաթեթ` սցենար, սինոփսիս, նախահաշիվ:

4. «Հարդենբերգի վկաները», սց. հեղ.` Հարություն Հարությունյան,  ռեժ.` Արամ Շահբազյան:

1941 թ. գերմանացի Վիլհելմը հանդիպում է իր ծանոթ հրեուհի Հավային ու վերհիշում 1921 թ. իրադարձությունները, երբ Հավան պետք է իր սիրեցյալին ներկայացներ ծնողներին, բայց չի կարողանում, քանի որ պետք է գնար դեպքի վայր, ուր Թեհլերյանը սպանել էր Թալեաթին: Սկսվում է դատավարություն, որտեղ Հավան քարտուղար է: Դատավարության ընթացքում գերմանացիները իմանում են ցեղասպանության մասին: Թեհլերյանն արդարացվում է: Հավան և Հերբերթը տարաձայնություններ ունեն և ի վերջո բաժանվում են: Հավան հրաժեշտ է տալիս Վիլհելմին ու հեռանում: Տարիներ անց` 1941-ին, նույն նստարանին Վիլհելմը նստած է իր ընկերուհու հետ և արտասվում է:

Ներկայացվել է թրիթմենթ, սինոփսիս, նախահաշիվ:

5. «Մենավոր բազեն», ըստ Սամվել Մհերյանի համանուն վեպի, սց. հեղ.` Սամվել Մհերյան, Արմեն Սիմոնյան, ռեժ.` Արմեն Սիմոնյան:

Հերոսի կազմակերպած ինքնապաշտպանության շնորհիվ Խնուս գավառի 26000 հայերից 3000 մարդ փրկվում է կոտորածներից:

Ներկայացվել է սցենար, սինոփսիս, նախահաշիվ:

6. «Վարդապետ», «ԱԶԴ Փրոդաքշըն», Հայաստան, սց. հեղ.` Դավիթ Հարությունյան, Վահե Խաչատրյան, ռեժ.` Վահե Խաչատրյան:

Կոմիտասի կյանքը սկսվում է Քյոթահիայում, ավարտվում Փարիզի հոգեբուժարանում, որտեղ նրա զրուցակիցն է Փանոս Թերլեմեզյանը: Կոմիտասը քսան տարի մաքառեց հայկական հնագույն խազերի վերծանման համար, փայլեց արևմտյան բեմերում որպես երգիչ ու խմբավար, կրթեց շատերին: Եղեռնը ավերեց նրա հոգին, բայց նրա գործն անմահ է:

Ներկայացված է սցենար, նախահաշիվ:

7. «Վերջին ճամփաբաժանը», ըստ Հայկ Տեր-Վարդանյանի պատմվածքի, սց. հեղ. և ռեժ.` Խաչատուր Մարգարյան:

1915 թ., աքսորվողների քարավանից մի պատանի, անասելի տառապանքներ կրելով, հասնում է դեպի մահ կամ փրկություն տանող ճանապարհների խաչմերուկ և տեղահանվողների հետ չի հեռանում, մնում է ու հետո եկողներին իր կյանքի գնով ցույց տալիս փրկության ճանապարհը:

Ներկայացված է սցենար, նախահաշիվ:

8. «Եղեռն. ֆաշիզմի ծնունդը», պրոդյուսեր և սց.հեղ.` Արմեն Պետրոսյան, սց. համահեղինակ` Ալինա Ծատրյան:

1968 թվական, Էջմիածին, գերմանացի հյուրերը դիտում են  եկեղեցու գանձերը: Էքսկուրսավարը պատմում է նմուշների մասին: Արմին Վեգները պատմում է, որ ինքը 1928 թվականին եղել է Հայաստանում, իսկ մինչ այդ` 1918-ին, Բեռլինում ծանոթացել է Իսահակյանի ու Մելիք-Օհանջանյանի հետ: Գնում են Ծիծեռնակաբերդ: Անցում 1921 թ., Բեռլին: Վեգներին այցելում են Թեհլերյանի պաշտպանները, և Վեգները պատմում է Թուրքիայում կատարված դեպքերի մասին, ցույց տալիս լուսանկարներ: Անցում 1915 թ., պատմվում են Թուրքիայում և Մոսկվայում, Էջմիածնում կատարվող իրադարձությունների մասին:  Ցույց է տրվում Թեհլերյանի դատավարությունը, Վանի ինքնապաշտպանությունը, թուրքերի փախուստը, Անդրանիկի մուտքը: Վերադարձ 1968 թ., պետհամալսարան, ուր Վեգները ելույթ է ունենում,  այցելում են Սարդարապատի, ապա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրներ, լուսանկարվում, լուսանկարը դառնում է սև-սպիտակ: Մեր օրեր, Սերժ Սարգսյանը ծաղիկ է դնում զոհերի հուշարձանին, մարդիկ անընդհատ գալիս են ու գալիս, գրվում են այն երկրների անունները, որոնք ճանաչել են ցեղասպանությունը:

Ներկայացված է միայն սցենար:

9. «Քարեր ժողովելու ժամանակը», սց. հեղ.` Էդուարդ Խաչիկյան:

Շապին-Գարահիսարի հերոսական պաշտպանությունը և հայերի արտաքսումը Դեր-Զորի անապատ: Հայ ընտանիքը գաղթի ճանապարհներին: Աքսորի քարավաններում մարդիկ տանջամահ են լինում: Ավարտին Լաթիֆե խանումը փրկում է հայուհի Նվարդին:

Ներկայացված է միայն սցենար:

10. «Հիշողություններ», սցենարի հեղինակ` Լևոն Ղազարյան:

1993 թ. հայաստանյան կենցաղի դժվարություններին զուգահեռ տրվում են 1914, 1896, հիմնականում 1915 թթ. դեպքերը Վանում, որտեղ է նաև Հովհաննես Թումանյանը: Եղեռնից փրկվածները ապաստանում են Էջմիածնում, որտեղ օգնություն են ցույց տալիս Թումանյանը և նրա դուստր Նվարդը: Գաղթականները տեղավորվում են Ղամարլուում, Դիլիջանում, ապա վանեցու դուստրը վերջնականապես հաստատվում է Երևանում և օգնում կարիքավորներին, այլազգի անօթևաներին և այլոց, մինչև որ, երբ հայրենիքն այլևս վտանգի մեջ չէ, հանգիստ մահանում է ժպիտը դեմքին:

Ներկայացված է միայն սցենար:

11. «Ջրհեղեղ», սց. հեղինակ` Արա Երնջակյան:

Հայ գյուղացու սիրով շաղկապված ընտանիքը դատապարտված է ողբերգական ճակատագրի: Մեղսագործություն և ապաշխարանք, աշխարհափրկիչ նոր տապանի կառուցում` որպես ահազանգ ողջ մարդկությանը, համաշխարհային հանրությանը, որ ինքնամաքրման միջոցով հասնեն կատարելության:

Ներկայացված են սցենար և Լևոն Անանյանի, Հայկ Դեմոյանի, Պերճ Զեյթունցյանի, Աստղիկ Գևորգյանի, Կարինե Խոդիկյանի, Հակոբ Ղազանչյանի, Արթուր Գրիգորյանի, Արմեն Վաթյանի, Ռուբեն Գևորգյանցի, Ռոբերտ Էլիբեկյանի, Մարտին Վարդազարյանի կարծիքները:

12. «Долгий путь в могилу», սց. հեղ.` Արտյոմ Խաչատրյան, Արմեն Գասպարյան:

Սվազցի մի ընտանիք կարողանում է խուսափել կոտորածներից` ապաստանելով ծանոթ թուրքի տանը, որը սկսում է նրանցից գումարներ կորզել: Ի վերջո, հայ ընտանիքը Տրապիզոնում և Ֆրանսիայում ունեցած իրենց բարեկամների օգնությամբ կարողանում է թաքուն հեռանալ:

Ներկայացված է միայն սցենար:

13. «Ջենեքս», «Էդջ Արթ Էնթըթեյնմընթ», ԱՄՆ, սց. հեղինակ` Ալան Քեթս, Արտակ Սևադա, ռեժ.` Արտակ Սևադա:

25-ամյա Սալի Սոլոմոնյանը տարիներ շարունակ իր ընտանիքի պատմությունից հոգնած` իրեն հեռու էր պահում ցեղասպանության թեմայից, բայց երբ նրա հայրը սպանվում է, նա հայտնվում է մի մեծ դավադրության կենտրոնում: RINLAND կորպորացիան թաքցնում է իր մասնակցությունը հայոց ցեղասպանությանը, սակայն Սալին ու փաստաբան Փիթրը պայքարում են, որ նրանց չհաջողվի կեղծել պատմությունը:

Ներկայացվել է միայն սինոփսիս:

14. «13-й снимок»սց. հեղ և ռեժ.` Երվանդ Քոչար, Լոս Անջելես, պրոդյուսեր` Ֆլամինիո Զադրա, Իտալիա, Արտադրությունը համագործակցությամբ` «RebelԼightMedia», ԱՄՆ, «ZadraFilms LTD», Գերմանիա:

Մի գերմանական ընտանիքի պատմությամբ հայերի ցեղասպանությունը ներկայացվում է որպես համաշխարհային հանցագործություն: Իր կենցաղով ապրող ընտանիքը իմանում է իր հայկական ծագման մասին և տեղեկանում, որ XX դարասկզբին հայերը եղեռն են ապրել, մայրը մասնավոր հետաքննություն է սկսում, իսկ երեխաները տատիկի ալբոմից գտնում են լուսանկար, որում նա պատկերված է իր եղբոր հետ փախստականների ճամբարում:

Ներկայացված են ֆինանսական պլան, ընդարձակ սինոփսիս, արտադրական պլան, վարձույթի մասին տեղեկություն:

15. «Ռուբեն», սց. հեղ.` Արսեն Հակոբյան:

Եղեռնի ողբերգական իրադարձությունների ֆոնի վրա ներկայացվում են Ռուբեն Սևակի կյանքն ու ընտանիքի ճակատագիրը` լոզանյան տարիներ, ամուսնություն, վերադարձ հայրենիք և նահատակություն:

Ներկայացված է միայն թրիթմենթ:

16. «Երկու գագաթների ստորոտում», ըստ Մ. Արենի «Այնտեղ, ուր ծաղկում են վայրի վարդեր» վեպի, սինոփսիսը` Արթուր Գաբայանի:

1921 թ. Ադանայի ջարդերից փախչող հայուհին նորածնին պահ է տալիս իր թուրք բարեկամներին… Մեր օրեր: Որբ մեծացած մի տարեց թուրք, որն ամբողջ կյանքում մեղադրել է հայերին ու «Գորշ գայլեր» թուրքական ընդհատակյա ահաբեկչական կազմակերպության խոշոր գործիչ իր որդուն ինքն է դաստիարակել ընդդեմ հայերի, օր ծերության իմանում է, որ ինքը հայ է: Գնում է Մարսել, ադրբեջանցի փախստականի և ֆրանսիացի փաստաբանի օգնությամբ իմանում իր ծնողների զոհվելու մասին, հայտնում որդուն, որ նա ծագումով հայ է: Որդին շփոթվում է և սպանվում քրդի ձեռքով: Թուրքի մահից հետո պարզվում է, որ իրականում նա հայ չէր, այլ թուրք, իսկ հայ երեխան զոհվել է նրա ծնողների հետ հրանոթի արկի պայթյունից:

Ներկայացված է միայն սինոփսիս:

17. «Երկնքից ընկած երեք խնձոր», ըստ Միշլեն Մարկորմի վեպի, պրոդյուսեր Սոնա Թաթոյան, «Door/Key Productions»:

Խարբերդում ցեղասպանության օրերին հայկական ընտանիքների վիճակի մասին:

Ներկայացված են միայն գրություններ կինոնախագծի վերաբերյալ Սոնա Թաթոյանից և նրա օգնական Ջեսիկա Բուչերից:

18. «Երկխոսություն», փաստագրական տեսաֆիլմի ծրագիր, հեղ.` Հրանտ Հակոբյան:

Ներկայացված է նման ֆիլմ ստեղծելու հիմնավորում` առաջարկելով, որ հայ ու թուրք երկու մտավորականներ Հայաստանի և Թուրքիայի սահմանից ճանապարհ ընկնեն դեպի Արևմտյան Հայաստանի քաղաքները և երկխոսության միջոցով ու հաղորդավարական տեքստի օգնությամբ հավաստեն պատմության իսկությունը: Նրանք միասին զվարճանում են, նույն մեղեդու տակ յուրաքանչյուրն իր երգը երգում:

19. «Հիշատակի պատը», «MAN pictures studio», փաստավավերագրական ֆիլմի նախագիծ:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հերթական այցելուներից է համաշխարհային կինոաշխարհի հայտնի գործիչներից մեկը, որն էլ հետագայում դառնում է ֆիլմի հերոսը` հեղինակը: Նրան հետաքրքրում են Հիշատակի պատին ամրագրված տեղեկությունները մեծ մարդասերների մասին: Ուսումնասիրելով թանգարանի նյութերը` նա որոշում է ֆիլմ նկարահանել, հրապարակվում են պատմական փաստաթղթեր, ներգրավվում են ուրիշ կինոգործիչներ, նկարահանվում է ֆիլմ:

Ներկայացված են սինոփսիս, գրություններ Հայկ Դեմոյանից, Շավարշ Քոչարյանից, սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանից:

 20. «Բանտարկված հոգիներ», վավերագրական- անիմացիոն, սց. հեղ. և ռեժ.` Վարդան Հովհաննիսյան:

Ցեղասպանությունը վերապրած տասը մարդկանց իրական պատմություններ, որոնք արձանագրվել և պահվում են Զորյան ինստիտուտում:

Ներկայացված են հայտ, սեղմագիր, նախահաշվարկ: