174054Վարդուհի Վարդերեսյանի տառապանքը փորձ ուներ, լսափողից երիտասարդ ձայն է հնչում, ուրեմն հավանականությունը մեծ է, որ այդ ձայնի տերն անտեղյակ ու խակ է: Չսխալվեցի: Արտիստուհու բնակարան մտնելու առաջին իսկ պահից համոզվեցի, որ նախնական մերժումի պատճառը թերահավատությունն էր: Ու դրանում ոʹչ տիկին Վարդուհին, ոʹչ որևէ այլ լուրջ արվեստագետ մեղք չունի: Ինձ երջանիկ եմ զգում, երբ երկու րոպե հետո  իմ նախնական 15 րոպեանոց հարցազրույցը վերածվում է երկարատև ու անկեղծ զրույցի:

– 85… Տիկին Վարդուհի, զգո՞ւմ եք Ձեր տարիքը:

– Ամենևին. Ոʹչ տարիքս եմ զգում, ոʹչ էլ հավատում, որ 65 տարի  բեմի վրա եմ: Կարծես ես չեմ եղել, իմ մասին չէ: Ճիշտ է, վերջերս ողնաշարիս հետ կապված լուրջ խնդիր ունեցա, փառք Աստծո, բուժվեցի: Թեև հիմա շուտ եմ հոգնում, բայց միշտ կենսախինդ եմ: Անկեղծ ասած` կուզեի, որ ծերությունս այլ կերպ անցներ, ավելի քաղաքակիրթ, հանդարտ, մշակութային մթնոլորտ ունեցող երկրում, չտեսնեի այն, ինչ ստիպված եմ հիմա տեսնել: Բայց ես, բնավորությանս համաձայն, չեմ հուսահատվում. այսօր ամեն տեղ է գորշություն ու  միջակություն տիրում, անկումն ամենուր է: Այդպես է. հողը եթե շատ ես չարչարում, շատ ես ցանում, էլ բերք չի տալիս, հանգստանալ է ուզում: Հիմա այդ ժամանակաշրջանն է:

– Բայց ոչ ոք ժամանակ չունի սպասելու, ոʹչ ես, ոʹչ նա…

– Եթե դու չունես, հապա ես ունե՞մ, կտեսնե՞մ արդյոք լավ ժամանակները, բարձր չափանիշների ժամանակները մեր կյանքում, արվեստում, թատրոնում:

– Ձեզ գոնե բախտ վիճակվել է ապրել ու ստեղծագործել բարձր չափանիշների ժամանակներում:

– Անշուշտ, դժգոհելու պատճառ չունեմ, Սովետն իր վատ կողմերն ուներ, իհարկե, բայց համընդհանուր մթնոլորտ ու ձգտում կար կրթվելու, բարձրանալու, զարգանալու: Կյանքը միշտ բարեհաճ է եղել իմ նկատմամբ: Բեմում կանգնել եմ  մեծերի կողքին: Հապա տեսեք ինչ անուններ են` Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Վարդան Աճեմյան: Ես դեռ տակավին աղջնակ` գիտեի, որ դերասանուհի եմ դառնալու: Մի քիչ սնոտիապաշտ եմ: Երազ տեսա.  մի մարդ էր կանգնած մեծ բեմի վրա, նա ինձ բեմ հրավիրեց, լույսերը վառվեցին, մարդիկ ինձ ծափահարեցին: Ինչ-որ մեկը շշնջաց, որ այդ մարդը Ռուբեն Մամուլյանն է: Ես գիտեի, որ դա սովորական երազ չէ, այն կանխատեսում էր իմ բեմական ճանապարհը:

– Ձեր շնորհիվ ես սիրեցի Շիրվանզադեի «Պատվի համարը» և ժամանակից շուտ կարդացի այն: Ձեր աչքերը, Մարգարիտի աչքերը, երբ ասում է․ «Հայրն այրեց իր աղջկա պատիվը»:

– Աչքերիս, այդ հայացքի պատճառով ինձ տվեցին Մարգարիտի դերը: Գիտե՞ք ինչքան սիրուն աղջիկների էին փորձել, զարմացա, որ Արտաշես Հայ-Արտյանն ինձ հավանեց: Շատ էլ երիտասարդ չէի, երբ կինոյում այդ դերը խաղացի` 28 տարեկան: Դրանից անմիջապես հետո խաղացի «Մոր սիրտը» ֆիլմում: Հեշտ չէր, 28 տարեկան էի ու պետք է 3 տարիք խաղայի: «Մոր սիրտն» այսօր այլևս հին ֆիլմ են համարում: Այն գեղարվեստական  բարձր արժեք չունի, բայց իմ դերակատարումն ընդունվեց, ու ես համոզեցի, որ կարող եմ մայր խաղալ` երիտասարդ տարիքից մինչև ծերություն: Ժողովուրդը շատ սիրեց այդ ֆիլմում ներկայացվող պատմությունը, այն այնքան հուզեց, որ մարդիկ ավելի շատ այդ պատմությամբ էին տարված, քան իմ խաղով: Գրավիչ պատմություն է, կյանքին մոտ:

– Որ այդպես է, թող հիմաʹ էլ նույն պատմությունն էկրանավորվի, կունենա՞ նույն հաջողությունը:

– Գիտե՞ք ինչ, կինոյում շատ միջակ դերասաններ են մեծ երևում, կինոյով հեշտ են հայտնի դառնում: Ամեն ինչ ռեժիսորի ձեռքերում է: Ռեժիսորը կարող է դերասանին ճիշտ հոգեվիճակում դնել ու մեծացնել նրան:

– «Հայրիկ» ֆիլմում  Ձեր երկրորդական դերին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Այդ դերն իմ սրտով չէ, ոչ թե որովհետև երկրորդական է, ես չեմ խուսափում ոչ գլխավոր դերերից: Ֆիլմի անունը «Հայրիկ» է, ու գլխավոր դերում Մհեր Մկրտչյանն է, ռեժիսորը կենտրոնացել է միայն նրա վրա: Իմ դերը ոչինչ չասող դեր է: Իմ կարծիքով` ռեժիսորը պետք է մեկ-երկու տեսարաններում էլ նկարեր ինձ, թե չէ միայն լվացքի տեսարանը շատ քիչ է: Պետք է ինձ վրա էլ հենվեր ռեժիսորը, չէ՞ որ Ֆրունզն էր իմ խաղընկերը, պետք է նրան համարժեք լինեի ես, նրան համապատասխան:

– «Կարինեն» լրիվ ուրիշ ոճ է:

– «Կարինեում» դերս լավն է: Խաղում եմ, միաժամանակ ևʹ մորը, ևʹ աղջկան կրկնօրինակում: «Կարինե» ռադիոբեմադրություն էլ կա. ևʹ այդտեղ, ևʹ ֆիլմում Գոհար Գասպարյանն է երգում: Ներկայացման մեջ Գոհարը նաև պետք է խոսեր, բայց երգն ու խոսքն իրար չէին բռնում, կարծես բոլորովին ուրիշ մարդիկ լինեին: Թաթիկ Սարյանը որոշեց, որ Գոհարը պետք է երգի, ես` խոսեմ, բայց արանքներում ես էլ եմ երգում, որպեսզի երգից խոսք անցումը սահուն լինի: Ի վերջո, ես լավ ձայն ունեմ, կարող էի և երգչուհի դառնալ:

– Կինոյում ռեժիսորները Ձեզ բավականաչափ չեն «օգտագործել», ինչո՞ւ: Ասում եք, որ հաջողակ մարդ եք, բայց կինոն բարեհաճ չի եղել Ձեր նկատմամբ:

– Կինոյում տղամարդու սեզոն եկավ. կանայք հետին պլան մղվեցին: Հիշենք, թե իրար հետևից ինչ ֆիլմեր նկարահանվեցին` «Հայրիկ»,  «Տղամարդիկ», «Ձորի Միրո», «Նահապետ» և այլն: Բայց կա մի ֆիլմ, որտեղ ես ախր կարող էի խաղալ. «Կտոր մը երկինք»: Ինչ-որ ափսոսանք կա, որ մինչև հիմա զգում եմ: Ես էլ կարող էի կինոյում մնայուն դեր թողնել այդ ֆիլմով: Սոֆիկո Ճիաուրելին Թուրվանդա քորո է խաղում, բայց նա հայ կնոջ չի խաղում, վրացուհի է` հպարտ, հայուհու տրագեդիան չկա, կարող է և չլինել, դա պարտադիր չէ, բայց քո աչքերից, կեցվածքից պետք է երևա, որ տառապած, անցյալ ունեցող, կենսագրություն ունեցող կին ես: Իսկ ես ախր արևմտահայ եմ, դա իʹմ դերն էր: Ես հեռուստաթատրոնում խաղացել եմ  «Պճեղ մը անուշ սիրտ»: Այն իմ ամենասիրելի դերերից է, ես այդ ներկայացման մեջ լիարժեք եմ դրսևորվել, բայց միևնույն է, դա Թուրվանդա, Թուրիկ մոքուր չէ: Սոֆիկոն էլ լավ է խաղում, բայց կայի եʹս: Ինչո՞ւ Մալյանն իʹնձ չտվեց այդ դերը: Ինձ թվում է` նա  փոշմանել էր, բայց արդեն ուշ էր:  Պատճառը հետո իմացա: Վրացիներն իրենց դերասաններին ու դերասանուհիներին ներկայացնել գիտեին Մոսկվային: Սոֆիկոն շատ ֆիլմերում էր խաղացել, Մոսկվայում լավ էին ճանաչում նրան, մեծ համարում ուներ: Վրացիներն իրենց մատուցել գիտեն, մա-տու-ցել: «Կտոր մը երկինք»-ում Հենրիկ Մալյանը Սոֆիկոյին նկարեց, որպեսզի ֆիլմն անարգել ընդունվի Մոսկվայի կողմից: Սրա մասին ինձ ինչ-որ մեկն ասաց, բայց չեմ կարծում, թե դա էր իսկական պատճառը: Կինոյում ինձ համար պետք է սցենար գրվեր, հատուկ ինձ համար, բայց չարեցին: Տեսեք` Գալյա Նովենցն ինչպես է փայլում կինոյում: Այդպիսի մնայուն դերեր եʹս էլ պետք է ունենայի, կինոյի պատմությանը եʹս էլ կարող էի նշանակալի էջեր թողնել: Ինչ հրաշալի է Գալյան «Մեր մանկության տանգոյում». խոսքը, կեցվածքը, ամեն, ամեն ինչ կատարյալ է: Գալյան էլ է էպիզոդիկ դերեր խաղացել տարբեր ֆիլմերում, բայց «Մեր մանկության տանգոյում» նա փայլում է, աʹյդ ֆիլմում նա երևաց. կինոն Գալյային շատ բացեց:

– Այն, ինչ կինոյում կիսատ է մնացել, թատրոնում լիուլի արված է: Թատրո՞նն է Ձերն, այնուամենայնիվ:

– Անշուշտ, թատրոնն է ինձ հարազատ, կինոյում ինչ եղել, եղել է, անհնար է փոխել, իսկ թատրոնում անընդհատ ստեղծագործում ես, աշխատում քեզ վրա: Թատրոնում կա ներշնչանք, որ կինոյում չկա, կա դահլիճ, հանդիսատես, որից դու արձագանք ես ստանում: Քո խաղը կախված է այն բանից, թե ինչպիսին է այդ օրվա հանդիսատեսը. Խաղո՞ւմ է քեզ հետ, թե՞ անարձագանք է: Ափսոսում եմ, որ իմ կերտած թատերական դերերը մնացին պատմության գրկում: Ո՞վ գիտի դրանց մասին, ո՞վ է հիշում: Մեկ-մեկ «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումից պատառիկներ են ցուցադրվում: Երբ տեսնում եմ իմ խեղճ Ջոնիին` խամրած, անորակ, մեղքս գալիս է: Իսկ ի¯նչ փառահեղ ներկայացում էր, ի¯նչ դերասաններ էին խաղում: Վարդան Աճեմյանը վճռել էր, որ հենց ես եմ խաղալու Ջոնի. ամուսնացած, երեխա ունեցող կինը` 15 տարեկան տղայի դերում:  17 տարի խաղացի, ես սկսեցի, ես էլ ավարտեցի: Մի օր զանգեցի մայր թատրոն ու ասացի, որ էլ չեմ խաղալու Ջոնի, հերիք է: Ես ուզում էի, որ հանդիսատեսի հիշողության մեջ մնա նախասկիզբ Ջոնին, որ հանկարծ որևէ մեկը չմտածի` Վարդուհին էլ չի կարողանում առաջվա պես գլուխկոնծի տալ, առաջվա պես ճկուն չէ: Երկրորդ անգամ էլ մի ուրիշ դերից եմ հրաժարվել. «Բալի այգի»  պիեսում Ռանևսկայա էի խաղում: Կերպարը 50 տարեկան էր, ես արդեն 70-ն անց էի: Կարող էի խաղալ, բայց չխաղացի, չի կարելի խաբել հանդիսատեսին:

Վարդուհի Վարդերեսյանի կյանքում դիպվածներ շատ են եղել, բարեբախտաբար` երջանիկ: Դրանց շնորհիվ նրա անունը հայտնվել է Ռումինիայից հայրենադարձողների ցուցակում: Նորից պատահականություն. Վարդուհի Վարդերեսյան անունը ջնջվում է աքսորյալների սև ցուցակից, ու մենք ունենում ենք ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյան:

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ