vardan-hovhannisyan-Ծնվել եմ Երևանում` 1968 թվականին: 88-ին, երբ վերադարձա բանակից, Երևանում արդեն սկսվել էր համազգային շարժումը: Այն փոփոխությունները, որոնք տեղի էին ունենում հասարակության մեջ, ինձ համար չափազանց հետաքրքիր էին, ու ես որոշեցի այդ ամենն անպայման հանձնել ժապավենին: Ինքս տեսախցիկ չունեի, որովհետև 88-ին տեսախցիկ ունենալը ֆանտաստիկ բան էր,  այն գրեթե բնակարանի գին ուներ: Ընկերս տվեց իր տեսախցիկը, ու ես սկսեցի նկարել այն, ինչ կատարվում էր այստեղ` Երևանում: Քանի որ հանրահավաքների լուսաբանման առումով պետական հեռուստաընկերությունն առանձնապես ազատ չէր, իմ նկարահանած տեսանյութերը սկսեցին մեծ պահանջարկ վայելել: Ավելի ուշ սկսեցի համագործակցել միջազգային լրատվամիջոցների հետ, նյութեր էի պատրաստում  BBC-ի,  ABC-ի, այլ գործակալությունների համար: 1989-ին մեկնեցի Արցախ և նյութեր էի տրամադրում նաև այնտեղից:

1991-ին շարժումն աստիճանաբար վերածվում էր պատերազմի, ու ես հայտնվեցի Գետաշենում ու Մարտունաշենում, ուր արդեն իրական պատերազմ էր  խորհրդային  հզոր զինտեխնիկայի դեմ: Այնտեղ էր Թաթուլ Կրպեյանն իր ջոկատով, Սիմոն Աչիկգյոզյանը` Դեդ մականունով, ՙԱրաբո՚ ջոկատի տղաները: Բոլորին նկարել եմ, բայց հիմականում` թիկունքից: Այն ժամանակ դեռ գոյություն ուներ խորհրդային ՊԱԿ-ը: Եվ չմոռանանք, որ այն, ինչ այսօր անվանում ենք «Ազատագրական բանակ», այն ժամանակ  համարվում էր զինված անօրինական կազմավորում: Խորհրդային ղեկավարության համար մեր տղաները պարզապես  զինված ծայրահեղականներ էին ու գրոհայիններ: Ահա թե ինչու ևʹ Թաթուլին, ևʹ Սիմոնին, ևʹ Արթուրին, որը Թաթուլի օգնականն էր, հիմնականում նկարել եմ թիկունքից: Դա նրանց անվտանգության համար էր:

Իմ տեսախցիկն այն ժամանակ հասցրեց վավերացնել նաև տխրահռչակ «Օղակ» գործողության մի շարք դրվագներ: Խորհրդային զորքն ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ, փաստաթղթերի ստուգման պատրվակով, մտավ Գետաշեն: Իսկ մենք անտեղյակ էինք, որ նրանք  ունեն Գետաշենի հայաթափման հրաման: Մենք զինված չէինք, քանի որ զենքը թաքցրել էինք: Նրանց իրական մտադրությունը կռահելով` Թաթուլը հանկարծ մի զարմանալի քայլ կատարեց. նռնակը ձեռքում պահած` ցատկեց ԲՏՌ-ի վրա ու ռուս սպային ամուր  թափահարելով` բղավեց. «Եթե զորքը հետ չքաշեք, կպայթեցնեմ նռնակը»: Ես այդ պահին հասկացա, որ Թաթուլի համար ամեն ինչ ավարտված է, բայց  շարունակում էի նկարել: Այդ իրադարձությունից հետո շատ կարևոր մի դաս քաղեցի` եթե ունես կամքի ուժ ու պատրաստ ես գնալ մինչև վերջ, ուրեմն կարող ես հաղթել: Իր հերոսական քայլով Թաթուլն այդ օրը զոհվեց, բայց փրկեց շատերի կյանքը: Ադրբեջանական ՕՄՕՆ-ն իսկապես ետ քաշվեց: Գետաշենը հայաթափվեց, բայց զոհեր համեմատաբար քիչ ունեցանք:

UNKNOWN_PARAMETER_VALUE (22)Թաթուլի մահն ինձ համար ամենածանր կորուստն էր, որ մինչ այդ երբևէ ունեցել էի: Երկու օր անց իմացանք, որ Մարտունաշենում զոհվել է նաև Սիմոն Աչիկգյոզյանը, որն «Արաբո» ջոկատի հետ մարտնչել ու թույլ չէր տվել, որ թշնամին գյուղ մտնի: Սիմոնը գիտնական էր, ֆանտաստիկ մի անձնավորություն, չափազանց զուսպ, պարկեշտ, հոգևոր երգեր էր  երգել  «Նարեկ» երգչախմբում: Նա բռունցքի մեջ էր պահում իր ջոկատը, բայց ոչ թե ուժով, այլ իր հեղինակությամբ, պարկեշտությամբ: Այսօր ես հաճախ եմ մտածում` ինչպիսի՞ն  կլիներ մեր ներկան, եթե չզոհվեին Թաթուլը, Սիմոնը… Միթե նրանք էլ կփոխվեին, ուրիշ մարդ կդառնային: Չեմ կարծում, որ նրանք կփոխվեին:

«Օղակ» գործողության ժամանակ կատարած իմ բոլոր տեսագրությունները, ցավոք, կորցրեցի, երբ գերի ընկա: Գործողությունից հետո  մասնակցում էի գերիների փոխանակման գործընթացին, գնում էի ադրբեջանցիների հետ բանակցությունների, պայմանավորվածություններ ձեռք բերում: Բանակցությունների վերջին օրն ինձ ասացին, որ դրանք այլևս ավարտված են, ինձ ձերբակալեցին ու տեղափոխեցին Գանձակի բերդ: Երկու ամիս այնտեղ մնալուց հետո ինձ ևս փոխանակեցին:

Գիտե՞ք, պատերազմը սկսվում է, ու որևէ մեկը չգիտի, թե այն ինչպես կավարտվի: Պատերազմն այն չէ, ինչից կարող ես հաճույք ստանալ: Ավելի հաճախ քեզ այցելում է փախչելու ցանկությունը: Բայց մեր պատերազմում դա անհնար էր, քանի որ ինքդ քեզնից փախչել չես կարող: Մենք բոլորս էլ գիտակցում էինք, որ այդ պատերազմը մեզ պարտադրված, բայց անհրաժեշտ պատերազմ է, և միակ տեղը, ուր մենք կարող էինք փախչել, առաջին գիծն էր: Մեր պայքարը միակ հնարավոր և ճիշտ ճանապարհն էր` պահպանելու այն, ինչ գտնվում էր այդ գծից այս կողմ ու կոչվում էր հայրենիք: Մեր պատերազմն իսկապես արդար էր, ու ես չափազանց ուրախ եմ, որ այն ավարտվեց հենց այդ արդարության հաղթանակով:

– 1993 թվականին Դուք հիմնեցիք «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիան, որտեղ էլ նկարահանեցիք  «Մարդկային պատմություն  պատերազմի և խաղաղության օրերից»  ֆիլմը, որը Ձեզ բազմաթիվ մրցանակներ բերեց: Ինչպե՞ս  ծնվեց ֆիլմի գաղափարը:

– Գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ պատերազմն արդեն անցյալում էր, և ցանկություն կար անգամ ոչ թե մոռանալ այդ պատերազմի մասին, այլ մի տեսակ հետ մղել հիշողություններըª կյանքի մեկ այլ փուլ մտնելու համար: Ես ամուսնացել էի, ունեի երեխաներ: Ստեղծվել էր «Բարս Մեդիան», որն այն ժամանակ վավերագրական ֆիլմերի միակ անկախ ստուդիան էր: Պատերազմից բերած ողջ նյութն արխիվացրել էի: Հիմնականում բնապահպանական ֆիլմեր էինք նկարահանում:

2002 թվականն էր, տղաս, որ ծնվել էր պատերազմից հետո և արդեն վեց տարեկան էր, մի անգամ պատահաբար տեսավ  իմ զինվորական համազգեստը: Դա նրա համար նորություն էր, քանի որ պատերազմի թեման մեր տանը գրեթե երբեք չէր շոշափվում: Սկսեց հարցեր տալ` հայրիկ, դու զինվո՞ր ես եղել: Ու ես հասկացա, որ ստիպված եմ ու պարտավոր եմ վերադառնալ պատերազմի թեմային, որպեսզի իմ, իմ ընկերների, մեր բոլորի  զավակները հասկանան, որ պատերազմն այն չէ, ինչ տեսնում են Շվարցենեգերի ֆիլմերում,  հասկանան, որ պատերազմը ծանր աշխատանք է, հասկանան` ինչ է հայրենիքը: Պատերազմում շատ բան ես կորցնում, բայց ես, օրինակ, ձեռք բերեցի մի բան, որը գին չունի, հայրենիքը, ավելի ճիշտ` հայրենիքի զգացողությունը: Երբ  սառնամանիքին ժամերով գամվում ես խրամատում և գնդակները սլանում են դեպի քեզ, գիտակցում ես, որ այդ խրամատը կարող է դառնալ քո գերեզմանը, բայց միաժամանակ ամուր սեղմվելով այդ խրամատում, կառչելով հողին, որի վրա կանգնած ես, հասկանում ես, որ դա քո հայրենիքն է, որի համն այդ պահին իսկապես զգում ես: Պատերազմը տվեց ինձ այդ զգացողությունը` իմ պատկանելությունը Հայաստան կոչվող հայրենիքին: Պատերազմն ինձ նաև արժեքներ տվեց. կան բաներ, որոնք ես երբեք ինձ թույլ չեմ տա, որովհետև նույնը կանեին նաև  Թաթուլը, Դեդը, իմ մյուս զոհված ընկերները: Ցավալին այն է, որ մենք գիտեինք` ինչպես ապրել պատերազմում, բայց խաղաղության պայմաններում դա ավելի դժվարացավ: Մեր արժեհամակարգում ինչ-որ փոփոխություններ  կատարվեցին, որոնց հետ ես համաձայն չէի: Ծնվել էին բազմաթիվ հարցեր: Ու ես հասկացա, որ  անկարող եմ միայնակ գտնել այդ հարցերի պատասխանները, դա պետք է փորձեմ անել նրանց օգնությամբ, ում հետ պատերազմ եմ անցել: Ու փորձեցի գտնել ընկերներիս, որոնք դարձան իմ ֆիլմի հերոսները: Ի՞նչ էր փոխվել նրանց կյանքում պատերազմից մոտ տասը տարի անց:  Պատերազմի ախիվային  նկարահանումները, համակցվելով մարդկային հուզիչ պատմությունների հետ, վերածվեցին ֆիլմի` «Իրական պատմություն պատերազմի ևխաղաղության օրերից»:

Ֆիլմն օգնե՞ց գտնել Ձեր հարցերի պատասխանները:

– Ֆիլմն օգնեց հասկանալ շատ կարևոր մի բան. ապրած բոլոր հիասթափություններով հանդերձ, մարդը կարող է ապրել հույսով ու հավատով: Եթե դրանք կան, շատ բան կարող ես փոխել քո շուրջը` անընդհատ դժգոհելու և նվնվալու փոխարեն: Այս փոքրիկ, իմ կարծիքով` նույնիսկ անձնական ֆիլմն իսկապես մեծ հետաքրքրությամբ ընդունվեց, և ոչ միայն Հայաստանում: Այն թարգմանվել է 15 լեզուներով, միջազգային մոտ 20 մրցանակների է արժանացել, ցուցադրվել է մոտ 30 երկրներում: Այս ֆիլմը, իհարկե, գլուխգործոց չէ,  հաջողությունը ֆիլմի և նրա հերոսների ճշմարտացիությունից է:

Այս ֆիլմից հետո կրկին վերադարձաք «խաղաղ» թեմաներին:

– Այո, «Բարս Մեդիան» անդրադառնում է տարբեր թեմաների, օրինակ` նկարահանեցինք «Հայաստանի վերջին լարախաղացը», որը նույնպես լավ ընդունվեց: Առաջիկայում կմեկնեմ Աֆրիկա, որտեղ ֆիլմ ենք նկարահանում փղերի մասին: Բնապահպանական ֆիլմերի ցանկը շարունակվում է: Մեր ֆիլմերը ցուցադրվում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում, եվրոպական բազմաթիվ երկրներում: Այժմ պատրաստում ենք  ֆրանս-գերմանական համատեղ նախագիծ Հայոց ցեղասպանության թեմայով: Դա կլինի փաստագրական-անիմացիոն ծավալուն ֆիլմ, որը պետք է ավարտենք մինչև 2015 թվականը:  Ունենք նախագծեր, որոնք պետք է իրականացնենք Աֆրիկայի տարբեր երկրներում, Աֆղանստանում, Պակիստանում:

UNKNOWN_PARAMETER_VALUE (23)Անկախ ստուդիաները, որոնց թիվը Հայաստանում  այս պահին գերազանցում է մոտ երկու տասնյակը, որքանո՞վ լրացրին այն  բացը, որ առաջացել էր հետանկախության շրջանի կինոարտադրությունում: Ի՞նչ խնդիրներ ունեն այսօր անկախ ստուդիաները:

– Տեղական ստուդիաների արտադրանքը հիմնականում սպառվում է Հայաստանում: Դրսում այդ ֆիլմերը  որևէ մեկը չի տեսնում: Ամենամեծ խնդիրն այն է, որ այս ոլորտում Հայաստանը դեռ չի ներգրավվել միջազգային կառույցներում, այստեղ չեն աշխատում միջազգային չափորոշիչներով: Խորհրդային շրջանում հայ կինոն շատ լավ գոյատևում էր որպես հզոր խորհրդային կինոարտադրության մի մասնիկ, բայց այսօր փոխվել են խաղի կանոնները, և մեր կինոգործիչները պետք է փորձեն գտնել իրենց տեղը միջազգային կինոյի ասպարեզում: Առանց պետական օժանդակության դա, իհարկե, չափազանց դժվար է: Ի դեմս մշակութային քաղաքականությունն իրականացնող պետական չինովնիկների` մենք պետք է տեսնենք մարդկանց, ովքեր ի զորու են հայ կինոյի համար ճանապարհ հարթել դեպի միջազգային կինո:

Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆ 


Նրանք նկարում էին պատերազմը

Կինովավերագրողները Արցախյան պատերազմում. 1991–1994

«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը։


Ներբեռնել գիրքը