515d69a1-5f1b-b573-5f1b-b57cfb9d0d41.photo.0Նշանավոր գրող և սցենարիստ, ավելի քան 40 վեպերի, պատմվածքների ու կինոսցենարների հեղինակ Ռութ Ջաբվալան վախճանվեց Նյու Յորքում 86 տարեկան հասակում: Երևելի կինոդրամատուրգի մահվան մասին հայտնել է նրա դուստրը` Փիրոզա Ջաբվալան` միաժամանակ տեղեկացնելով, որ մայրը վերջին տարիներին ծանր հիվանդ էր:

Ռութ Ջաբվալան ծնվել է 1927 թ. Գերմանիայում` հրեա Պրավերների ընտանիքում: Նրա հայրը լեհ իրավաբան էր, մայրը` Քյոլնի ամենախոշոր սինագոգի  կանտորի դուստր: 1969 թ. Պրավերները, փախչելով նացիստներից, տեղափոխվում են Լոնդոն: Այստեղ էլ Ռութը կատարյալ անգլերեն է սովորում:

Պրավերների շատ ազգականներ զոհվել են գերմանական համակենտրոնացման ճամբարներում: 1948 թ. Ռութի հայրը ինքնասպանություն է գործում, նույն տարին աղջիկը բրիտանական քաղաքացիություն է ստանում: Լոնդոնի համալսարանն ավարտելուց հետո նա ամուսնանում է հնդիկ ճարտարապետ Սայրես Ջաբվալայի հետ և 1951 թ. տեղափոխվում Հնդկաստան: 1975-ից Ռութն ապրում էր Նյու Յորքում, իսկ 1986 թ. ամերիկյան քաղաքացիություն է ստանում:

Գրողի ստեղծագործության վրա մեծ ազդեցություն է թողել Հնդկաստանը, նրա վեպերի մեծ մասը նվիրված է Արևմուտքի և Արևելքի փոխհարաբերություններին: Շատ հնդիկ քննադատներ նրա գրքերը համարում են Հնդկաստանի վերաբերյալ հնացած արևմտյան պատկերացումների մարմնավորում, սակայն Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում Ջաբվալայի ստեղծագործություններն արժանացել են մի շարք հեղինակավոր գրական մրցանակների:

1963 թ. սկսվում է գրողի համագործակցությունը ռեժիսոր Ջեյմս Այվորիի և պրոդյուսեր Իսմաիլ Մերչանտի հետ: Ջաբվալան  կինոդրամատուրգի համբավ է ձեռք բերել` գրելով ավելի քան 20 կինոսցենար: Նրա սցենարներով ֆիլմերը ընդհանուր հաշվով վեց «Օսկար» են  ստացել: Ռութը Ամերիկյան կինոակադեմիայի երկու պարգև է ստացել 1985 և 1993 թթ. որպես «Տեսարանով սենյակ» և «Գովարդս-Էնդի կալվածքը» ֆիլմերի սցենարիստ:

Ջաբվալայի պարգևների թվում են 1975 թ. Բուքերյան մրցանակը «Տապ և փոշի» վեպի համար, 1983 թ.` BAFTA-ի մրցանակը նույն վեպի մոտիվներով լավագույն սցենարի համար, ինչպես նաև 2003 թ. ՕʹՀենրի մրցանակը: