«Պատմության-36-պահապանները»-ֆիլմի-ցուցադրություն-Թբիլիսիում1Հայ գրատպության 500 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպանությունը ապրիլի 10-ին Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կազմակերպեց «Պատմության 36 պահապանները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Թբիլիսիի հայ համայնքի հասարակական, մշակութային և արվեստի բնագավառի գործիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական կրթօջախների սաներ:

«Պատմության 36 պահապանները» գիտահանրամատչելի, ճանաչողական, վավերագրական ֆիլմ է և տեղեկություններ  է տալիս Մեսրոպ Մաշտոցի կյանքի, աշխատանքների, հայոց պատմության ամենակարևոր էջերից մեկի` հայոց գրերի ստեղծման մասին՝ բացահայտելով մինչ օրս անհայտ հետաքրքիր փաստեր հայկական տառերի վերաբերյալ:
Ֆիլմի ռեժիսորը Հրաչյա Վարդանյանն է, որ ուսում է ստացել Հոլիվուդում` սովորելով այնպիսի հանրաճանաչ կինոռեժիսորների մոտ, ինչպիսիք են Քուենտին Տարանտինոն և Մարտին Սկորսեզեն: «Պատմության 36 պահապանները» ֆիլմը հեռարձակվել է նաև BBC հեռուստաընկերության կողմից: Այն 2010 թ. Կաննի կինոփառատոնի ընթացքում 10 ամենադիտված ֆիլմերից մեկն է եղել և կինոփառատոնի 9000 ֆիլմերից հայտնվել է վավերագրական ֆիլմերի լավագույն հնգյակում: