933290365Երրորդ «Ուրիշ կինո» փառատոնը, որի ծրագրում ընդգրկվել են Յոս Սթելլինգի, Օլիվյե Ասայասի, Պաբլո Բերգերի և այլ ռեժիսորների գործեր, կանցկացվի ապրիլի 18-30-ը Ռուսաստանի 24 քաղաքներում:

«Ուրիշ կինոյի» առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել անցած տարվա հունիսին Մոսկվայում: Այն ժամանակ ցուցադրվել են Միխայել Հանեկեի «Սերը», Տավիանի եղբայրների «Կեսարը պետք է մեռնի»-ն և ուրիշ նշանավոր ժապավեններ, որոնք արդեն տարբեր փառատոների մրցանակակիր էին կամ անվանակարգվեցին ավելի ուշ: Հաջորդ փառատոնը, որ անցկացվեց անցած տարվա աշնանը, չնայած ավելի մեծ տարածաշրջանային ընդգրկմանը, անցավ ավելի հանգիստ ու անաղմուկ, բայց ամրապնդեց աշխարհի հեղինակային կինոյի առավել վառ աշխատանքները ցուցադրելու միտումը:

910558077Երրորդ փառատոնի առանցքային իրադարձությունը, ամենայն հավանականությամբ, հոլանդացի ռեժիսոր Յոս Սթելլինգի «Աղջիկը և մահ»-ն է, որը կներկայացվի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Վորոնեժում: Կինոնկարի գլխավոր հերոսը վերադառնում է բարձիթողի հյուրանոցը, ուր 50 տարի առաջ հանդիպել է իր միակ սիրուն: Ֆիլմում նկարվել են Սերգեյ Մակավեցկին և Ռենատա Լիտվինովան:

933292278Փառատոնի շրջանակներում կցուցադրվի նաև երկու կինոալմանախ: Դրանցից մեկը` «Անտեսանելի աշխարհն» է (Mundo Invisivel), որում Վիմ Վենդերսը, Թեո Անգելոպուլոսը և Մանուել դե Օլիվեյրան խորհում են ուրիշ` անտեսանելի իրականության մասին:

933294128Երկրորդ ալմանախը անիմացիոն «Ստախոսի ինքնակենսագրությունն» է: Սա սքետչների եռաչափ ժողովածու է Գրեմ Չեփմանի` բրիտանական կատակերգուների «Մոնթի Պայթոն» խմբի անդամներից մեկի գրքի հիման վրա:

933295252Սթենդափ կատակերգուների թեման շարունակում է Ջոել Պոտրիկուսի «Կապիկը»: Սա պատմություն է կատակերգու փիրոմանի մասին, որին ժամանակ առ ժամանակ մի մեծ կապիկ է այցելում: Այս ֆիլմը լավագույն ռեժիսորական դեբյուտ է ճանաչվել Լոկարնոյի փառատոնում:

933296515Բողոքի ու հրդեհումների մասին խորհրդածությունները շարունակում է Օլիվյե Ասայասն իր «Ինչ-որ օդում» ֆիլմով: Կինոնկարի գործողությունները տեղի են ունենում Փարիզում 70-ական թթ. սկզբին, որտեղ գլխավոր հերոսը ջանում է համատեղել իր կյանքում սերը, հեղափոխությունը և արվեստը:

933297633Կցուցադրեն նաև Լեոնե Մարկուչիի «Համոզմունքների իշխանությունը», որում խաղում են Քրիստոֆեր Ուոկենը և Քրիստիան Սթեյլերը: Փառատոնի համար նաև մի քանի անակնկալներ են պատրաստել, օրինակ` տարածաշրջաններում կցուցադրեն Պաբլո Բերգերի «Ձյունասպիտակը», որը բազմաթիվ փառատոների մրցանակակիր է դարձել, իսկ Պեդրո Ալմոդովարն այն  անվանել է «տարվա գլխավոր կինոնկար»: Մոսկվայում կցուցադրեն պորտուգալական «Կնոջ վրեժը» ֆիլմը, որ ֆրանսիացի դասական Ժյուլ Ամեդե Բարբե դʹՕրևիլյիի ստեղծագործության էկրանավորումն է:

 

Մոսկվայում փառատոնը կբացվի ավելի ուշ, քան մյուս քաղաքներում, ապրիլի 24-ին: Մոսկվա կգան Յոս Սթելլինգը, Ջոել Պոտրիկուսը և Ռիտա Ազեվեդու Գոմեշը: Նրանք կշփվեն հանդիսատեսի հետ, կանցկացնեն վարպետության դասեր և մայրաքաղաքի «35 մմ» կինոթատրոնում կմասնակցեն «Արտհաուսային կինոթատրոններ» կլոր սեղանին: Այդ ռեժիսորները կայցելեն նաև փառատոնի մասնակից այլ քաղաքներ:

ՌԻԱ Նովոստի