859625_4510649931048_1215187684_o2015 թ. ապրիլի 24-ին` միջազգային կինոշուկայի ու կինոդիտման բացման օրը, էկրան կբարձրանա Հայոց ցեղասպանության մասին պատմող «The Genex» ֆիլմը, որի  ռեժիսորն ու սցենարի հեղինակը Արտակ Սևադան է: «Կինոաշխարհի» հետ զրույցում ամերիկաբնակ արվեստագետը հայտնեց, որ ինչպես «The Genex»-ի, այնպես էլ իր «Playing God» ֆիլմի առիթով բանակցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ: Նա  հույս ունի, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը հետաքրքիր կհամարի «The Genex»-ի թեման ու փաթեթը և որոշակի ներդրում կունենա:

Արտակ Սևադայի ներկայացմամբ`  «Playing God»-ը (ՙԱստվածախաղ՚) թրիլլեր ժանրի է: Այս նախագծում ներգրավված են Հայաստանի լավագույն դերասանները, որոնց անուններն առայժմ չցանկացավ  հրապարակել: Ինչ վերաբերում է  «The Genex»-ին, այն հայ-ամերիկյան նախագիծ է և ֆինանսավորվում է որոշ  ամերիկյան ընկերությունների կողմից:

– «The Genex»-ի հիմքում իրական դեպքեր են, սակայն ֆիլմն ունի նաև մի մաս, որը հնարված է: Իմ կարծիքով` դա ֆիլմի ամենագեղեցիկ հատվածն է, որով ներկայացվում է ամենակարևոր խոսքը: Փորձել ենք ֆիլմում ներկայացնել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, ոչ թե կատարողներին: Դա կարևոր նրբերանգ  է, չնայած շատերին թվում է, թե կոմպրոմիսի հետևանք է, որ չենք խոսում թուրքերի մասին: Մենք գնացել ենք այն  ճանապարհով, որ մեղվի փեթակը պետք է քանդել, ներխուժել կինոշուկա և ասելիքդ ասել  ճիշտ լեզվով, որպեսզի նաև մատչելի լինի,- ասաց կինոռեժիսորը:

Նա ցավով փաստեց հոլիվուդյան կողմի հետ հայաստանյան մամուլի պատճառով ունեցած խնդիրները.

– Խնդրել էի, որ դադարեցվի այդ  թեման շոշափելը, որովհետև երբ ես խոսում եմ ցեղասպանության մասին, նրանք խոսում են Նաթալի Փորթմանի մասին… Ախր պետք է նախ նկարել, հետո նոր պրոպագանդել: Մամուլում խոսվեց մի բանի մասին, որը դեռ գոյություն չուներ, ու դա  ընկալվեց  PR, որը նկարահանող խումբն է կազմակերպել: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտնել, որ մենք կապ չունեինք  դրա հետ: Բանն այն է, որ սարքվել է Teaser-Trailer, որը Հայաստանում չի կիրառվում, ու մարդիկ չգիտեն դրա իրական նպատակը: Իսկ ԱՄՆ-ում, եթե ուզում ես հետաքրքրել ներդրողին, պետք  է մինչև  ֆիլմ նկարելը նրան  «ցույց տաս» ֆիլմը` ինչի մասին ես խոսում, ինչ ոճի է, ովքեր կարող են լինել պոտենցիալ դերասանները, ում ես նկատի ունեցել  սցենարը գրելիս, ինչ է վերնագիրը և այլն: Հավաքել  էինք նախագիծը ներկայացնող հզոր մի բան, որը 20 մլն©  դոլարով պետք է նկարվի: Եվ դա սխալ ներկայացվեց հայաստանյան մամուլում, ինչի մասին տեղեկացա  Լոս Անջելես գնալու ճանապարհին: Youtube-ի փակ էջից վերցրել էին Teaser-Trailer-ը, անունը դրել Official trailer, ինչն իրականությանը չի համապատասխանում:   Եվ բանը հասավ «դիվանբաշուն»,  Թուրքիայի կողմից նամակ գնաց Հոլիվուդ, որտեղից ինձ դիմեցին գերաստղերի փաստաբանները: Բարեբախտաբար,  այդ պատմությունից  հետո էլ դերասանների մեծ մասը դեմ չէր նախագծի հետ  գործ ունենալ ու շարունակել աշխատել:

Մեր դիտարկմանը, թե Ցեղասպանության թեման այնպիսին  է, որ ինչպիսի ֆիլմ էլ նկարվի, ենթադրաբար լինելու են  դժգոհություններ, Արտակ Սևադան պատասխանեց.

– Ես, իհարկե, պատրաստ եմ ամեն ինչի: Ամեն դեպքում, ունկնդիրը պետք է հասկանա, որ «The Genex»-ը միայն հայի համար չի արվում: Եթե մենք  ֆիլմ ենք նկարում ինչ-որ բան ապացուցելու համար, ապա դա անիմաստ աշխատանք է. ոչ մեկին պետք չէ  ոչինչ ապացուցել: Ուրիշների համար Հայոց ցեղասպանությունը, մեծ հաշվով, վաղուց կատարված բան է, մեʹզ համար է ցավալի: Եթե ցանկանում ենք ստեղծել ֆիլմ, որը կնպաստի ցեղասպանության հարցի միջազգայնացմանը, մասսայականություն ստանալուն Հայաստանից դուրս, հիմնականում ԱՄՆ-ում, որտեղ հային ալբանացուց չեն տարբերում, պետք է այլ լուծում մտածես:  Որպեսզի այդ մարդկանց  կրթես հայկական թեմայով, մանավանդ ծանր  ցեղասպանության թեմայով., ուրեմն պետք է տաս այն, ինչ իրենք են ուզում: Դա նշանակում է` նկարել ամերիկյան բլոկբաստեր ֆիլմ, որտեղ բոլոր էլեմենտները տիպիկ բլոկբաստերի են` ընդհուպ սպանություններն ու պայթյունները: Իսկ բացատրել,  թե ով է հայը, ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, կարելի է անել ոչ թե բացահայտորեն, այլ ենթատեքստով: Ի վերջո,  մեր օրերում սպանությունը, բռնաբարությունը, սպանդը կինոյում այնքան էլ հեռանկարային բան չէ:

Արտակ Սևադայի ձևակերպմամբ`  «The Genex»-ում հայ ժողովրդի 100 տարվա մենությունն է, որը սկսվում է ցեղասպանությունից ու հասնում մեր օրերը: Այնտեղ Կոմիտասի ու խազերի թեման է արծարծվում, Սարոյանի, Ֆրեզնոյի հայության, նաև Սփյուռքի, հրեական գործոնի, Նյու Յորքի Մանհեթընի իրավաբանական հայտնի գրասենյակի, հայերի չորրորդ-հինգերորդ սերունդների մասին, որոնք կայացած են, սակայն անուններն արդեն հայկական չեն:  Մեր զրուցակիցը կարծում է, որ շատերը չգիտեն «ցեղասպանություն» եզրույթի  հեղինակ Ռաֆայել Լեմկինի մասին, ուստի ֆիլմը նվիրված է նաև  Լեմկինի հիշատակին: Ռեժիսորը համոզված է, որ ֆիլմը ճիշտ է «փաթեթավորված»` լայն լսարան ունենալու համար: 1 ժամ 52 րոպեանոց  «The Genex»-ի նկարահանումները կատարվել են Պրահայում, Նյու Յորքում, Ֆրեզնոյում, Հայաստանում, Լոս-Անջելեսում:

– Շատ ուրախ եմ, որ նախագիծ են մտել հզորագույն ամերիկյան պրոդյուսերներ, որոնց թվում է Ռիչարդ Սափերստինը, հայկական  կողմից մասնակցում է Կարպիս Թիթիզյանը, որը հայտնի գործարար է և արվեստի ֆինանսավորող, սա նրա առաջին մեծ ֆիլմն է: Ինչ վերաբերում է «Աստվածախաղին», այն ամբողջովին հայաստանյան բազայի վրա է նկարվում և մի ֆիլմ է, որը նախապես վաճառվել է ԱՄՆ-ում: Լավ է, որ Կարպիս Թիթիզյանի ու Վարուժան Կունդակչյանի նման մարդիկ են կանգնած մեր կողքին,- ասում է Սևադան:

Ի դեպ, «Աստվածախաղը» հակաահաբեկչական ֆիլմ է, որ բովանդակում է ամերիկյան դպրոցներից մեկում կատարված ահաբեչական գործողությունների անդրադարձը:

Հետաքրքրվեցինք, թե որոնք են սիրած երեք ֆիլմերը կամ ռեժիսորները: Պարզվում է` Արտակ Սևադայի համար  Տարկովսկին Ֆելինիից բարձր է, ու նրան համարում է աստված կինոյում: Հայազգի կինոռեժիսորը տպավորված է նաև Բրայան Սինգըրի «The Usual Suspects»-ով  ու Ֆելինիի ֆիլմերով:

Հարցրինք, թե երեխա ժամանակ հատկապես որ ֆիլմից է ազդվել:

– Առաջին ֆիլմը, որ կյանքումս  տեսել եմ կինոթատրոնում, եղել է «Զորոն»: Հիշում եմ` հայրս  ինձ ուսերին նստեցրած` տարավ երեկոյան ժամը 21-ի սեանսին, ուր ֆանտաստիկ զգացողություն ունեցա: Նախ շատ էի ոգևորվել Ալեն Դելոնի դիմակով հերոսով, գումարած այն փաստը, որ երեկոյան սեանսին մեծերն էին գնում, սակայն հայրս ինձ մեծի պես տարավ այդ ֆիլմը դիտելու,- հիշեց Արտակ Սևադան:

Ի՞նչ կուզենար նկարել, որ ենթաշերտերում լիներ հայկական, բայց ամբողջության մեջ համամարդկային:

– Մեծ ցանկություն ունեմ «Սասունցի Դավիթ» նկարել, նույնիսկ աչքի առաջ ունեմ գլխավոր դերակատարին` Դեյվիդ Ալփեյին: Նա Ատոմ Էգոյանի «Արարատում» խաղում է երիտասարդ տղայի դերը, նա դիմագծերով նման է Քոչարի Դավթին: Ընդհանրապես ինձ համար  մեծ պատիվ է ներկայացնել հայ մշակույթը համաշխարհային շուկայում, դա միակ բանն է, որ այսօր ինձ պահում է կինոշուկայում,- նշեց արվեստագետը:

Քանի որ նա ճանաչված նկարիչ  Սամվել Սևադայի որդին է, հետաքրքրվեցինք, թե հե՞շտ է  արժանանում հոր դրվատանքին:

– Հայրս ինձ համար աստվածային երևույթ է` իմ Զևսը… Ներելու ունակությունը, զիջելու ունակությունը և շատ բաներ ես սովորում եմ նրանից: Հայրս հավանում է այն ամենը, ինչ ես անում եմ, և ոչ թե նրա համար, որ իր զավակն եմ, այլ զուտ  այն պատճառով, որ տեսնում է, թե ինչքան պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ: Ես կարող եմ տարիներով աշխատել մի բանի վրա, որը կարող է անգամ չիրականանալ ու չավարտվել: Հայրս իմ մեջ տեսնում է բոլոր այն արժեքները, որոնցով ժամանակին սնուցել է ինձ: Ես նվիրված եմ հայ ազգային երաժշտությանը, ֆոլկլորին, Կոմիտասին, խազերին, անգամ հեթանոսական շրջանի հայ մշակույթին, ու պատճառն այն  է, որ մանուկ ժամանակ ինձ օրորելիս հայրս շատ է երգել… Չէ՞ որ  ոչ ոք հենց այնպես չի դառնում տաղանդավոր կամ փչանում, ի վերջո գենետիկա գոյություն ունի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ