ԿարյուկՄոսկվայում երեկ` ապրիլի 1-ին, հանձնեցին օպերատորական աշխատանքի «Սպիտակ քառակուսի» ռուսական կինոմրցանակը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստին»: 2012 թ. կինովարձույթ մտած լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի համար մրցանակակիր դարձավ Գենադի Կարյուկը, որ աշխատել է Ալեքսանդր Պրոշկինի «Քավություն» ֆիլմի վրա:

Բացի այս ֆիլմից, Գենդաի Կարյուկը եղել է նաև Ալեքսանդր Պրոշկինի «Հրաշք», «Ապրիր և հիշիր» ֆիլմերի, ինչպես նաև «Դոկտոր Ժիվագո» սերիալի օպերատորը: Կարյուկն աշխատել է նաև Կիրա Մուրատովայի, Մառլեն Խուցիևի, Կարեն Շահնազարյանի և այլ ռեժիսորների հետ:

2013 թ. գլխավոր մրցանակի համար ներկայացված են եղել Սերգեյ Տրոֆիմովը (Ջահանգիր Ֆայզիևի «Օգոստոս: Ութի»), Սերգեյ Մաչիլսկին (Գեորգի Փարաջանովի «Բոլորը հեռացան»), Յուրի Ռայսկին (Անդրեյ Պրոշկինի «Հորդա»), Դենիս Ալարկոն-Ռամիրեսը (Ալեքսեյ Անդրիանովի «Լրտեսը»):

Մրցանակի շնորհման արարողությունը տեղի է ունեցել Նատալյա Սացի անվան մանկական երաժշտական թատորնի դահլիճում: Մրցանակաբաշխության ժյուրիի կազմում էին ռեժիսոր և օպերատոր Դմիտրի Դոլինինը (նախագահ), օպերատորներ Ալեքսանդր Իլյուխովսկին և Դմիտրի Յաշոնկովը, գրող և կինոքննադատ Դմիտրի Բիկովը, կինոքննադատ Անդրեյ Պլախովը, ռեժիսոր Նիկոլայ Դոստալը և նկարիչ Գրիգորի Պուշկինը:

Բացի գլ;խավոր մրցանակից, շնորհվեց նաև Սեգեյ Ուրուսևսկու անվան «Կինոօպերատորական արվեստում ունեցած ավանդի համար» պատվավոր մրցանակը: Այն շնորհվեց կինոօպերատոր Նիկոլայ Նեմոլյաևվին, որն աշխատել է «Ծերուկ ավազակները», «Սովորական հրաշք», «Պոկրովյան դարպասներ» և այլ ֆիլմերի վրա:

Իսկ «Օպերատորական ճանաչում» հատուկ մրցանակը բաժին հասավ ՎԳԻԿ-ի կինոօպերատորական վարպետության ամբիոնին:

«Սպիտակ քառակուսի» մրցանակը հիմնադրվել է 2004 թ. Ռուսաստանի մշակույթի նախարարության, Կինեմատոգրաֆիստների միության, Կինօպերատորների գիլդիայի, «ВВП Альянс» մշակույթի և կինոընկերությունների հիմնադրամի նախաձեռնությամբ: 2012 թ. մրցանակակիր է դարձել Անդրեյ Զվյագինցևի «Ելենա» ֆիլմի օպերատոր Միխայիլ Կրիչմանը: