917615259

Արդեն վաղուց ընդունված է համարել, որ «Ոսկե գլոբուսը» «Օսկարի» գլխավոր փորձն է: «Օսկարի» 85-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը մեկ անգամ ևս հավաստեց այն իրողությունը, որ Հոլիվուդում հավատարմագրված արտասահմանցի կինոլրագրողների և ամերիկյան կինոակադեմիայի նախասիրությունները գրեթե համընկնում են: Քանի որ նախորդ համարում արդեն հանգամանորեն անդրադարձել ենք հաղթող ֆիլմերի մեծ մասին, այս անգամ սահմանափակվենք օսկարակիրներին համառոտակի ներկայացնելով:

3 (3)Լավագույն ֆիլմ. «Արգո»

Ինչպես հայտնի է, «Ոսկե գլոբուսը» լավագույն ֆիլմին տրվող մրցանակը շնորհում է դրամա և մյուզիքլ կամ կատակերգություն ժանրային բաժանմամբ, մինչդեռ «Օսկարը» նման դասակարգում չունի, ուստի «Թշվառները» մյուզիքլը, տանուլ տալով մրցությունը, մնաց լուսանցքում, իսկ օսկարյան  դափնիներին արժանացավ Բեն Աֆլեքի «Արգոն», ինչը և կանխատեսելի էր:

«Արգոն» թեև իրական, բայց և տիպիկ հոլիվուդյան պատմություն է` ամեն կերպ հաղթանակի հասնելու պատրաստ փորձառու հերոսով, որն իր երկրի պատիվը ոչ մի պարագայում գետնով չի տա, եթե նույնիսկ խոսքը իսլամական հեղափոխությունից հետո ամերիկացիների հանդեպ ատելությամբ լցված անկանխատեսելի Իրանի մասին է: Նման ֆիլմը, որ նկարահանված է made in Hollywood քաղաքական թրիլլերի լավագույն ավանդույթներով և ժամանակակից տեխնոլոգիաների համադրությամբ, բնականաբար, չէր կարող չհայտնվել կինոակադեմիայի տեսահորիզոնում: Բայց «Արգոն» առաջին հերթին Բեն Աֆլեքի անհատական մեծ հաջողությունն է, որը նրան դասեց Մել Գիբսոնի, Քլինթ Իստվուդի, Ռոբերտ Ռեթֆորդի, Քևին Քոսթների և այլ  օսկարակիր գերաստղերի շարքը, որոնք հաջողությամբ անցել են կինոխցիկի մյուս կողմը` դերասանից վերածվելով ռեժիսորի: Ասում են` վատն է այն զինվորը, որ չի երազում գեներալի ուսադիրների մասին. փաստորեն Բեն Աֆլեքի երազանքը ոչ միայն իրականացավ, այլև բերեց երկրորդ «Օսկարը»: Որքան էլ զարմանալի է, առաջին «Օսկարը» նա ստացել է ոչ թե որպես դերասան, այլ որպես սցենարիստ («Խելացի Ուիլ Հանթինգը»), իսկ երկրորդին արժանացավ ոչ թե որպես ռեժիսոր, այլ` պրոդյուսեր: Եթե Աֆլեքը ներկայացված լիներ նաև  «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, բացառված չէ, որ այդ «Օսկարին» էլ տիրանար, սակայն հոլիվուդյան «մաֆիան» հոգացել էր, որ դա տեղի չունենա:

(Lincoln)Լավագույն դերասան. Դանիել ԴեյԼյուիս

85-րդ «Օսկարն» ամենից առաջ մեր ժամանակի լավագույն դերասաններից մեկի` Դանիել Դեյ-Լյուիսի հաղթահանդեսն էր. ԱՄՆ-ի նախագահ Լինքոլնի տպավորիչ դերակատարումը նրան անհասանելի բարձունքի հասցրեց` արժանացնելով երրորդ «Օսկարին»: Առաջինը Դեյ-Լյուիսին բերել է «Իմ ձախ ոտքը» դրաման 1989-ին, որում երիտասարդ դերասանը բացառիկ վարպետությամբ կերտել էր անդամալույծ հերոսի կերպար, երկրորդ «Օսկարին» նա արժանացավ 2007-ին «Նավթ» ֆիլմի գլխավոր դերակատարման համար: «Օսկարի» պատմության մեջ կա ևս երկու դերասան, որոնք եռակի դափնեկիրներ են` Ուոլթեր Բրենանը, որը 1936-1940 թթ. երեք «Օսկարի» է արժանացել երկրորդական դերակատարումների համար, և Ջեք Նիքլսոնը, որ  երկու «Օսկար» ունի գլխավոր, իսկ մեկը` երկրորդական դերակատարման համար: Բայց Դանիել Դեյ-Լյուիսը դարձավ առաջին դերասանը, որ երիցս նվաճել է կինոակադեմիայի ոսկեզօծ արձանիկը և երեք անգամ էլ գլխավոր դերակատարումների համար: Ինչ վերաբերում է բացարձակ դերասանական ռեկորդին, ապա այդ ռեկորդը սահմանել է մինչև օրս չգերազանցված Քեթրին Հեփբըրնը, որը քառակի օսկարակիր է:

kinopoisk.ruԼավագույն դերասանուհի. Ջենիֆեր Լորենս

Այս անգամ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում տարիքային առումով երկու ռեկորդ կար. ամենակրտսեր դերասանուհին «Օսկարի» պատմության մեջ դարձավ իննամյա Քուվենժանե Ուոլիսը, իսկ ամենատարեցը` ֆրանսիական կինոյի վետերան Էմանուել Ռիվան, որն օսկարյան մրցանակաբաշխության օրը բոլորեց իր ծննդյան 86-ամյակը: Բայց  «Օսկարն» էլ սիրո նման տարիք չի ճանաչում և շրջանցեց նրանց: Նույն բախտին արժանացավ նաև ամենահավանական համարվող թեկնածուն` Ջեսիքա Չասթեյնը, թեև շատերն ակնկալում էին, որ «Ոսկե գլոբուսը» ի դեմս նրա արդեն մատնանշել է նաև ապագա օսկարակրին` որպես լավագույն դերասանուհու, մանավանդ որ նա մարմնավորել է քաղաքական ու գաղափարական առումներով շատ կարևոր դեր, մի կնոջ, որն աղջկական տարիքից «նպատակաուղղվում» է վերացնելու աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Բեն Լադենին: «Օսկարը» նախընտրեց լավագույն դերասանուհի ճանաչել երիտասարդ Ջենիֆեր Լորենսին, որի համար հաղթանակն այնքան անակնկալ էր, որ դահլիճից մինչև բեմ ընկած ճանապարհին կորցրեց հավասարակշռությունը և սայթաքեց: Ջենիֆերին տենչալի ոսկեզօծ արձանիկը բերեց «Հույսի շողերի ժողովածու» ֆիլմը, որն ավելի ծանոթ է ռուսաստանյան վարձույթում ստացած «Իմ սիրած տղան գիժ է» վերնագրով: Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե Ջենիֆեր Լորենսին ճակատագրի անակնկալ պարգևի պես բաժին ընկած «Օսկարն» ինչպես կօգնի հետագա կարիերայում:

1361766998_0221.900x1350Լավագույն ռեժիսոր. Ան Լի

Ընդհանուր առմամբ 11 «Օսկարի» առաջադրված «Պիի կյանքն» արդեն երկրորդ անգամ լավագույն ռեժիսորի համարում բերեց հոնկոնգցի Ան Լիին (առաջինը 2006-ին «Սապատավոր լեռը» գեյ-դրամայի համար էր): «Պիի կյանքն» օսկարյան հավակնորդների մեջ ամենայուրօրինակ և նկարագեղ գործերից մեկն էր, որը Կլաուդիո Միրանդային էլ լավագույն օպերատորի մրցանակը բերեց և «Օսկարի» արժանացավ նաև հատուկ էֆեկտների համար: Եվս մեկ «Օսկար» շնորհվեց ֆիլմի երաժշտության համար, որը հեղինակել է Ատոմ Էգոյանի հետ մշտապես աշխատող կանադացի կոմպոզիտոր Մայքլ Դանան:

 

ValcԵրկրորդական դերի լավագույն դերասանՔրիստոֆ Վալց

Երկրորդական դերի համար մրցակցող դերասաններն այս տարի բոլորն էլ նախկին օսկարակիրներ էին, այդ թվում այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Ռոբերտ դե Նիրոն, Թոմի Լի Ջոնսը, Ֆիլիպ Սիմոր Հոֆմանը: Բայց այս անվանակարգում ՙՕսկարը՚ բաժին ընկավ ավստրիացի դերասան Քրիստոֆ Վալցին` Քվենթին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմում իր կերտած իսկապես հիշարժան կերպարի համար: Տարանտինոն ակնհայտորեն թեթև ձեռք ունի Վալցի համար. հետաքրքիր զուգադիպությամբ Վալցն իր առաջին «Օսկարը» ստացել է դարձյալ Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» ֆիլմում խաղալով և դարձյալ երկրորդական դերի համար:

 

HatueyԵրկրորդական դերի լավագույն դերասանուհի. Անն Հաթըուեյ

Այս անվանակարգում ևս սուր մրցակցություն էր, մանավանդ որ հավակնորդուհիների թվում էին կրկնակի օսկարակիր Սալի Ֆիլդը, մեկ անգամ արդեն այդ պատվին արժանացած Հելեն Հանթը և այլք, բայց ինչպես ՙՈսկե գլոբուսը՚, այնպես էլ «Օսկարը» նախապատվությունը տվեց 30-ամյա Ան Հաթըուեյին «Թշվառները» շքեղաշուք էպիկական մյուզիքլում Ֆանտինի դերակատարման համար: Սա Հաթըուեյի առաջին «Օսկարն» էր:  Իմիջիայլոց, «Թշվառները» արձանիկների արժանացավ նաև լավագույն հնչյունավորման և դիմահարդարման համար:

 

TarantinoԼավագույն սցենար. «Արգո», «Ազատագրված Ջանգոն»

Ինչպես հայտնի է, «Օսկարը» սցենարները ստորաբաժանում է երկու կարգի` լավագույն բնօրինակ սցենար և լավագույն էկրանավորման սցենար: Եթե վերջին անվանակարգում մրցանակակիր դարձավ վերստին «Արգոն», որի սցենարն ստեղծվել է ֆիլմի իրական հերոսի` Քրիս Մենդեսի գրքի հիման վրա, ապա լավագույն բնօրինակ սցենարի համար սահմանված «Օսկարն» իրավամբ շնորհվեց Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոյին»: Ի հեճուկս ոմանց այն համոզման, թե Տարանտինոն արդեն իրեն սպառել է կինոյում, «Ազատագրված Ջանգոն» «Օսկարի» հավակնորդների ցանկում ամենաինքնատիպ գործերից մեկն էր. մոլի կինոերկրպագու Տարանտինոն, որի կրթությանը փոխարինել են նրա դիտած անհամար ժապավենները, այս ֆիլմով փորձել է վերակենդանացնել հոլիվուդյան դասական ժանրերից մեկը` վեսթերնը, որի մահախոսականը վաղուց են կարդացել, բայց Տարանտինոն ոչ միայն ստեղծագործաբար յուրացրել է այս տիպիկ ամերիկյան ժանրի լավագույն ավանդույթները, այլև նորամուծություններ բերել վեսթերնի կարծրատիպերի աշխարհ: Առաջին անգամ գլխավոր հերոսները ոչ թե սպիտակամորթներ են, այլ սևամորթներ, մի հանգամանք, որ իր հետ բերել է իմաստային նոր շեշտադրումներ, սրանք էլ, իրենց հերթին, համեմվել են Տարանտինոյի կինեմատոգրաֆին բնորոշ պոստմոդեռնիստական հեգնանքով և հիփ-հոփի երաժշտական ելևէջներով:

Լավագույն երգ. «Skyfall»

Լավագույն երգ ճանաչվեց վերջին շրջանում գլխապտույտ հաջողությունների հասած բրիտանացի երգչուհի Ադելի կատարումը` բոնդապատումի նոր ֆիլմում հնչող «Skyfall»-ը: Առաջին անգամ է, որ 007 գործակալի մասին պատմող ֆիլմում կատարվող երգը արժանանում է «Օսկարի»:

 

Anna KareninaԼավագույն զգեստներ. «Աննա Կարենինա»

Օսկարյան այս տարվա մրցապայքարին մասնակից էր նաև Տոլստոյի «Աննա Կարենինայի» հերթական էկրանավորումը` Քիրա Նայթլիի գլխավոր դերակատարմամբ, բայց ֆիլմն ուշադրության արժանացավ ավելի շատ զգեստներով:

 

HanekeԼավագույն արտասահմանյան ֆիլմ. «Սեր»

Ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեքեի «Սերը», որը նախքան «Օսկարը», արդեն արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի, եվրոպական, ֆրանսիական և բրիտանական կինոակադեմիաների մրցանակներին, դարձավ այն հազվագյուտ եվրոպական ֆիլմերից, որոնք «Օսկարի» էին ներկայացվել ոչ միայն «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, այլև մյուս գլխավոր անվանակարգերում: Ընդհանուր առմամբ «Սերը» հավակնում էր հինգ «Օսկարի», բայց միակ արձանիկն ստացավ հենց այս ավանդական անվանակարգում:

 Արմեն  ՕՀԱՆՅԱՆ