img_5485976924_Loshka_meda«Թեր և դեմ» էջի տրամաբանությամբ` ֆիլմերը սովորաբար ներկայանում են դրական և բացասական նշանով, մինչդեռ կինոռեժիսոր Նիկա Շեկին հաջողվել է ստեղծել մի լիամետրաժ կինոնկար, որի նկատմամբ հնարավոր չեղավ պահպանել կամ լավ, կամ ոչինչ սկզբունքը: Ուրեմն դրականի փոխարեն գերադրական աստիճանով կարելի է ասել, որ գործ ունենք հայ կինոյի պատմության մեջ առնվազն երեք կետով «ամենա-ամենա» ֆեյք ֆիլմի հետ:

1. Ամենապայմանական ֆիլմը հայ կինոյի պատմության մեջ

«Երկու աշխարհներին ի հիշատակ»-ը բառիս բոլոր իմաստներով պայմանական ֆիլմ է` նման իր իսկ կադրերում հայտնվող, ակնհայտորեն կտորից կարված օձի մուլյաժին, որին պարզապես չես հավատում, որովհետև ակնառու է, որ իրական չէ` պայմանական է: Նույնքան պայմանական է և ադրբեջանական ներկայացող գավառական քաղաքը, որ ֆեյք Սումգայիթն է, բայց բոլորս գիտենք` Դիլիջանի Թուֆենկյան փողոցը, Երևանի Տպագրիչների փողոցն ու մնացած բոլոր-բոլոր վայրերը, անգամ բնապատկերները, որ հայկական են ուղնուծուծով, բայց ներկայացվում են իբրև Ադրբեջան: Ֆիլմը` իր վերնագրին համահունչ, լռվել մնացել է երկու աշխարհների արանքում` որպես հիշատակ նահատակաց, որոնք, սակայն, նույնպես պայմանական են: Ֆիլմը զուրկ է որևէ պատմական, փաստական հենքից, ավելին` ներկայացված են ոչ թե վերապրածների իրական պատմությունները, այլ ամեն բան հասցված է վերացականության մի մակարդակի, որի դեպքում կարելի է թղթի վրա լացող թիթեռ և արնահոսող նուռ պատկերել ու վերնագիրը դնել «Ջարդ» կամ  «Կոտորած», ապա նվիրել բոլոր էթնիկ զտումների ենթարկվածների հիշատակին: Ըստ ֆիլմի` գուցե նաև ըստ գրքի, որ, ցավոք, չեմ կարդացել, բուն ջարդը սկսվում է կեղծ շեքսպիրյան մի տեսարանով, որտեղ դեմ առ դեմ են դուրս գալիս անմեղ զոհ դարձած երկու ջահելների` հայ Արամի և իր ադրբեջանցի քիրվայի թաղման թափորները` լացող կանանց` ադրբեջանցի մոր ու հայուհի քրոջ ողբի ուղեկցությամբ, որն ընդհատվում է, երբ դագաղները դնում են գետնին ու տուր թե կտաս, սկսվում է մորթոցի-խփոցին: Ջարդի տեսարանները, որ ենթադրաբար ֆիլմի կուլմինացիան պիտի նշանավորեին, must see են. հավատացնում եմ` նման բան դուք երբեք չեք տեսել ու երևի թե էլ երբեք էլ չտեսնեք: Ի վերջո, զոհերի հիշատակը հարգելու համար պետք է նախ պատմությունն իմանալ, ոչ թե ջահել աղջկան գցել շինաղբի մեջ և ենթադրել, որ դա շատ զիլ է:

2. Ամենամայրաշատ ֆիլմը հայ կինոյի պատմության մեջ

Ֆիլմը նկարված է Գրետա Վերդիյանի  «Չորս մայր» վիպակի հիման վրա: Գլխավոր հերոսուհին փոքրիկ Աշենն է, որ կյանքի բերումով մի քանի մայր է փոխում, որոնցից երեքը հայտնվում են ֆիլմում, իսկ չորրորդը պայմանական է, ենթադրաբար ևʹ մայր է, ևʹ հայր, ուրեմն հենց ինքը մայր հայրենիքն է: Կենսաբանական կամ առաջին մոր պատվավոր դերը ստանձնել է Արմինե Անդան, որից Շեկը համառորեն փորձել է ստանալ Ջուլիետա Մազինայի և Լիա Ախեջակովայի միքսած տարբերակը, բայց ստացել է հերթական ֆեյք: Անդա-մայրը անորոշ մասնագիտության տեր` մերթ քանոնահարուհի, մերթ պարուհի մուսա է, որ բոկոտն դաշտերում պարում է, լացում-տառապում, հետո նորից պարում և անընդհատ մեռնում ու հարություն առնում ողջ ֆիլմի ընթացքում: Անդա-մայրիկի մահվան տեսիլները հետապնդում են աղջկան, որն իրականում էդպես էլ չի պարզում, թե ինչպես է մահացել իր կենսաբանական մայրը: Մի տեսարանում ծաղիկներով զարդարված դագաղ-մակույկով երանության մեջ նավարկող Անդային ի տես` ափին կանգնած սևազգեստ տղամարդիկ, ի նշան հրաժեշտի, մի-մի բուռ հող են լցնում ջուրը: Ֆիլմի վերջում Անդան երկրորդ անգամ է խորհրդանշականորեն մեռնում. ու կրկին բոցավառ պար է պարում հեզաճկուն նաիրուհին վայրենի մուսուլման տղամարդկանց ծաղրուծանակի ներքո, իր մահվան պարը: Երկրորդ մայրը խորթն է, բաժանված հոր նոր կինը, որը ռուս է և կարծես միակ ադեկվատ կերպարը ողջ ֆիլմում. ի դեպ, ռուսների մասին արժի առանձին հիշատակում անել: Երրորդը ադրբեջանցի հարևանուհին է, որն ամուսնացած է հայի հետ և որն էլ փրկում է Աշենին ջարդից ու իր կորցրած աղջկա տեղ պահում: Չորրորդը մայր հայրենիքն է, որ ֆիլմում չի կերպարանավորվել, բայց հավանաբար բաց գրկով ընդունելու է իր փախստական զավակներին:

3. Ամենաբազմազգ ֆիլմը հայ կինոյի պատմության մեջ

Բազմազգ Խորհրդային Ադրբեջանում փոքր ազգերը մեկ քիրվայություն են անում, մեկ էլ յոլա չեն գնում: Առաջին հայացքից, Շեկը ֆիլմ է նկարել փոքր ազգերի չարքաշ բախտի մասին ու հատկապես` հայոց դարդի մասին, բայց արի ու տես` էդ բոլոր ազգերի մեջ ամենադրականը ներկայացված են մեր մեծ եղբայր ռուսները: Ֆիլմում կա մի քանի ռուս կերպար, որոնք բոլորն էլ բացահայտ առավելություն ունեն բոլոր մնացած «փոքր ու անխելք» ազգերի նկատմամբ: Ռուս հերոսներից մեկը զինվորական է, որի աղջկա հարսանիքին ֆիլմի սկզբում համախմբվում են փոքր ազգերը մի սեղանի շուրջ, նույն հերոսը ֆիլմում ևս մեկ անգամ երևում է, Աշենի քեռու` Արամի թաղման ողջ ծախսերը սիրահոժար հոգում ու խորհուրդ տալիս Անդա-մայրիկին լքել քաղաքը: Երկրորդ ռուսը Աշենի երկրորդ մայրն է, մի կին, որն ուղղակի անթերի է, անող-դնող, խելացի, սիրուն, հավատարիմ, ոտնլվայի տաշտը շպրտում է, որ երեխան հոր ոտքերը չլվա, ստրուկ չմեծանա, մի խոսքով` իսկական մայր, ոչ թե ֆեյք, բայց` չբեր: Մի կողմ դնելով ռեժիսորի անձնական պատկերացումները հայ մայրերի մասին, որ կամ սրբացվում են շիրազաբար, կամ նենգափոխվում շեկաբար, պետք է հստակ ֆիքսենք, որ շեկաբարո մայրերը մեկը մեկից գրոտեսկային են, բացի մեկից, որը ռուս է: Ընդհանրապես, սովետական կարոտաբաղձը, երբ խառնվում է հետսովետական ազգայնականության հետ, ստացվում է սրտխառնոց առաջացնող մի հիբրիդ, որը դեռ հստակ անուն չունի, բայց զգացողությամբ` օղին գինու հետ խառնելու նման է, և ֆիլմի սկզբում արդեն հիշատակված հարսանիքի տեսարանում էլ հերոսները իզուր գինին ու «Ստոլիչնայա» օղին խառնեցին իրար: Քրիստոնեական մատուռի մոտակայքի բազմազգ խրախճանք-հարսանիքի տեսարանում, որ հանգիստ կարող է հայ արդի կինոյի խորհրդային կարոտաբաղձի գրոտեսակային պատկերման գլուխգործոց համարվել, սեղանի զարդը «Ստոլիչնայա» օղին է` էքսպորտի համար նախատեսված պիտակով: Ուրեմն ճոխ հարսանիքի ենք ականատես` Մոսկովի բարձր հովանու ներքո. ռուս զինվորականի աղջկան մարդի են տալիս, հայտնի չէ, թե ում, ու էս ամբողջ ֆեյքի համար ծախսվել է ոչ միայն Միկա Բաղդասարովի, այլև իմ և ձեր` ազնիվ հարկատուներիս փողերը:

Արմեն ՕՀԱՆՅԱՆ