515463a0-3699-cee9-3699-cee63b1ff20d.photo.0Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցային կարող են արգելել մուտքը Կոսովոյի տարածք: Համենայն դեպս դրան փորձում է հասնել Կոսովոյի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Լիրակ Չելյայը, որը վրդովված է իր գործընկերոջ` Կոսովոյի «սև փոխպատվաստման» մասին ֆիլմ նկարելու որոշումից:

«Տվյալ կինոնկարը հակաալբանական քարոզչության շարունակությունն է, ուստի Պրիշտինան պետք է Կուստուրիցային հայտարարի պերսոնա նոն գրատա»,- Չելյայի մեկնաբանությունից մեջբերում է անում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նրա կարծիքով` Կուստուրիցայի ստեղծագործական մտահղացումը պետք է հարուցի Կոսովոյի իշխանությունների և միջազգային հանրության համապատասխան արձագանքը: «Կուստուրիցային չի կարելի արվեստի գործիչ համարել, քանի որ նա պաշտպանել է Սլոբոդան Միլոշևիչի վարչակարգը»,- ասել է կինեմատոգրաֆիստների միության նախագահը:

Ավելի վաղ Էմիր Կուստուրիցան լրագրողներին պատմել է, որ մըադիր է երեք տարի նվիրել Կոսովոյում մարդկային դոնորական օրգանների անօրինական առևտրի մասին ֆիլմ նկարահանելու համար: «Դա մեծ ֆիլմ է լինելու, որի համար կպահանջվեն երկարատև նախապատրաստական աշխատանքներ և նշանակալի ներդրումներ: Սցենարի գաղափարը իմ դստերն է: Հնարավոր է, որ դա մեր դարի գլխավոր թեմանրից մեկն է»,- ասել է կինոռեժիսորը:

Նա մտադիր է նկարահանումները կատարել Ռուսաստանում, քանի որ, ըստ սյուժեի, հենց այնտեղ  է տեղի ունենում իրադարձությունների մի մասը, և քանի որ ինքը հնարավորություն չունի աշխատելու Կոսովոյում բարդ քաղաքական իրադրության պատճառով:

Կուստուրիցայի մտահղացմամբ` կինոնկարը մասամբ առնչվելու է Ֆյոդոր Դոստոևսկու ստեղծագործություններին: Կինոնկարի գլխավոր հերոսը սերբ է լինելու, որը երկար տարիներ ապրում է Փարիզում և հարմարեցնում է իրեն «Ոճիր և պատիժի» Ռոդիոն Ռասկոլնիկովի կերպարը: Այդ ճանապարհին նա նախ հայտնվում է Սանկտ Պետերբուրգում, ապա Կոսովոյում: Ֆիլմի աշխատանքային անվանումն է «Իմ սիրելի Ֆյոդոր»: