IMG_0025Այս վերնագրով ես հոդված տպել եմ հինգ տարի առաջ «Ազգ» թերթում, բայց ոչ ոք չի նկատել: Գիտեք, կարող ես շատ համեստ մարդ լինել, չտառապել ինքնահաստատման մոլուցքով, բայց լինես գիտնական, տեսաբան, հետազոտող: Պարզ է, որ ոնց էլ լինի, գոհ կլինես, հաճույք կստանաս, եթե մի նոր հասկացության դիպչես և հասկանաս, որ դա գիտական տերմին կարող է դառնալ, շրջանառության մեջ մտնել: Այդ առումով կարող էի նման հավակնություն ունենալ,  քանի որ այդ հասկացողությունն արդեն տասը տարի ինձ հանգիստ չի տալիս: Ոմանք ասում էին, որ այդ «երրորդ իրականություն» ասվածը չափազանցություն է: Այսօր ես համոզվում եմ, որ չափազանցություն չէ, շատ կարևոր է և իրոք գիտական տերմինի հավակնություն կարող է ունենալ: Շատ կուզենայի, որ դա լիներ չակերտների մեջ, բայց ամբողջ խնդիրն այն է, սարսափելին այն է, որ դա չակերտների մեջ չէ, այլ իրականություն է:

Ինչու եմ այն անվանում հենց երրորդ իրականություն, որովհետև կողքին կա «երկրորդ իրականությունը»` արվեստը և առաջինը:  Բայց ես խոսում եմ երրորդ իրականության մասին, որը դուրս է այդ չակերտներից, այ սա է խնդիրը:  Եվ չեմ օգտագործում «վիրտուալ իրականությունը», որովհետև դա շփոթ է առաջացնում, ճիշտ հասկացություն չէ:

Խոստովանեմ, որ այդ տերմինի  հայտնաբերման լրիվ հեղինակային իրավունք չունեմ, որովհետև այդ տերմինը ինձ հուշել է XX դարի հայտնի փիլիսոփա Բերդյաևը: Նրա վերջին գրքերից մեկում` 1940 թ. Հրատարակված «Самопознание»-ում եմ հանդիպել այս հասկացությանը: Իհարկե, Բերդյաևը չէր կարող  դրա տակ տեսնել այն իմաստը, ինչ որ ես եմ հիմա դնում: Նա խոսում էր մարդկության երրորդ փոփոխության մասին, երբ խոսքը արվեստի և ստեղծագործության մասին էր` երկրորդ իրականության:  Ու իր երազած փոփոխությունը, չգիտես ինչու, երրորդ անվանեց:  Ահա «երրորդը» նա ինձ հուշեց:

Ամենայն հավանականությամբ գաղափարն արդեն ձևավորված է եղել, ուզեցել եք անուն տալ, և հանկարծ Բերդյաևի այս արտահայտությունից ասես կարճ միացում է տեղի ունեցել…

– Այո, դժբախտաբար տխուր տերմին է: Եվ ճիշտ չէ, երբ ասում են, թե չափազանցնում եմ:  Մի անգամ Շվիդկոյի նման մշակույթի նախարարը մի 7-8 տարի առաջ հեռուստատեսությամբ ասաց, թե էդ ինտերնետի ազդեցությունը մարդու վրա շատ են չափազանցնում: Դա տեխնիկական նորույթ է, որը կարելի է համեմատել (տեսեք ինչ է ասում) սղագրության ու Մորզեի այբուբենի հետ: Ասացի` սիրելի Շվիդկոյ, դու չհասկացար, որ Մորզեի այբուբենը մինչև օրս մի հազար մարդ գիտի, սղագրությունը նույնպես, իսկ սա բոլորովին ուրիշ բան է, սա ներխուժել է կենցաղ և անմիջապես մարդու վրա է ազդում, ֆիզիկայի վրա էլ է ազդում, ոչ միայն հոգեբանության վրա: Ավելին, այս ինտերնետ կոչվածը, որի մեջ մտնում է, հասկանում եք, և բջջային հեռախոսը, և համակարգիչը և այլն, քիչ է համեմատել էլեկտրականության կամ ավտոմեքենայի հետ:  Իհարկե, սրանք նույնպես հայտնագործություն են, իհարկե,  էլեկտրականությունը շատ մեծ դեր խաղաց, փոխեց մարդու տեսակը և գուցե նույնպես ունեցավ վտանգավոր հետևանքներ: Բայց ինչո՞ւ ինքնաթիռը չի կարողանում մրցել ինտերնետի հետ, որովհետև նրա արագությունը զգում ես միայն հողի վրա` թռչելու և վայրէջքի ժամանակ, մնացած ժամանակ անշոշափելի է, մարդը չի զգում: Գուցե օդում ինչ-որ ազդեցություն լինում է, բայց սովորական մարդը տարին մի 2-3 անգամ է թռչում, իսկ ինտերնետն ամեն օր է, ամբողջ օրը:

Մի ժամանակ, երբ կինոյի ապագայի մասին անընդհատ հարց էին տալիս, իմ գործընկերներից մեկը շատ դիպուկ պատասխանեց` հեռուստատեսությունը: Ճիշտ պատասխանեց: Այսօր պարզվեց` կինոն դարձավ հեռուստատեսություն, իսկ հեռուստատեսությունը ինտերնետի գիրկն է ընկնում: Ավելին, հեռուստատեսությունը մեր աչքի առաջ փչանում է: Հեռուստատեսության  համուհոտն ի՞նչ էր, ուղիղ եթերը, որ վերանում է:

Հիմա ես ոչ մի հաղորդում չեմ կարողանում նայել գովազդային աղմուկի պատճառով:  Եվ այսօրվա գովազդը  հազիվ թե նպաստի գովազդատուի բիզնեսին, նույնիսկ գուցե հակառակ ազդեցությունն ունենա: Դրանք ինֆորմացիա չեն տալիս, միայն` աղմուկ:  Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է: Եվ այդ հեղեղի մեջ կուլ է գնում մարդու բանականությունը: Ընդհանրապես ինտերնետի գաղտնիքն այն է, որ հեշտ ես ստանում,  բայց բանն այն է, որ հեշտ ձեռք բերված ինֆորմացիան արժեք չունի:  Եվ դրա ապացույցը մարդու օրգանիզմն է: Քեզ տրված է 24 ժամ, 6 ժամ պիտի քնես, 6 ժամ աշխատանքի գնաս, որտեղ դարձյալ ինտերնետի մեջ ես, 6 ժամ հանգստանաս, ուտես, բայց պարզվում է, որ այդ ժամանակ էլ ինտերնետից չես բաժանվում,  ո՞ւր մնաց մարդկանց հետ շփումը…

Մի անգամ «Արմնյուսով» մի հիանալի գիտահանրամատչելի ֆիլմ տեսա, բայց գիտե՞ք երբ, առավոտյան ժամը 6-ին, երբ ոչ ոք հեռուստացույց չի նայում: Այդ ֆիլմում գիտականորեն ապացուցվում էր, որ 10-15 տարի հետո արհեստակամ մարդ է լինելու, իսկ 40 թվին արհեստականն արդեն կհաղթի իսկական մարդուն:

Մեր դարասկզբին մի հայտնի ռեժիսոր «ավետեց», թե գալիս է մի դար, երբ մարդիկ այլևս սիրո համար չեն տառապի, այլևս Ռոմեո և Ջուլիետ չի լինի: Սարսափեցի: Բայց տեսեք, Եվրոպայի խորհրդարաններն արդեն վերացնում են մայր և հայր հասկացությունները… Համար մեկ ծնող, համար երկու ծնող… Մանկուրտը, որ հայտնաբերել է Այթմաթովը, արդեն դառնում է մարդու տեսակ… Տեսեք ինչ աբսուրդի ենք հասնում:

Իհարկե, սա կարող է համեմատվել Գուտենբերգի հայտնագործության հետ, որ նույնպես հեղափոխություն էր: Բոսխն իր նկարներում հավերժացնում էր մարդկանց, որոնք ապրում էին միայն իմպուլսներով, կարծես ցույց  էր տալիս գալիք վտանգները… Գիրքը օգնեց վերականգնելու անհատականությունը… Հիմա կասեք` էլեկտրոնային գիրք են ստեղծել, բայց դա գցում է այլ արագության մեջ, դա արդեն այն գիրք կարդալը չէ:

Ամեն ինչ անիրական է դարձել, այդ  բարբի տիկնիկները… Կինոյում Միկի Մաուս կար, մարդ չէր, բայց ընդունում ես մարդանման, մարդկայնացված է, իսկ հիմա մարդուն են տիկնիկ դարձնում, որն անմարդկային է, այ  սա է վտանգը, երեխան համակարգչային խաղում թափված արյուն է տեսնում, արյունը նրա համար խաղալիք է: Ահա այսպես կամաց-կամաց վերանում է տառապանքը սիրո համար, վերանում է ընտանիքը, ծնողը… Սա է երրորդ իրականությունը:

Հիմա ամենուրեք և ամեն պահի բջջայինով խոսում են և կողքի կենդանի մարդուն չեն նկատում: Չեն նկատում շրջապատի իրականությունը: Սերունդ է դաստիարակվում, որ կարող է չիմանալ` ինչ է գիրքը,  ուսանողը կարող է ինտերնետից քաշել պատրաստի պատասխանները  և հրամցնել քեզ… Այո, ես պահպանողական եմ և կարծում եմ, որ չպետք է շտապել և դպրոց համակարգիչներ մտցնել:

Բայց ես հասկանում եմ, որ սա անշրջելի է, որ բոլորս արագության զոհ ենք դառնում…    Արագության մեջ խեղդվում է ամեն ինչ…

Իսկ կինո՞ն ինչ անի այդ երրորդ իրականության մեջ:

– Ամեն ինչ սկսեց կինոն, կինոն  ճանապարհ բացեց այս ամենի համար 100 տարի առաջ, Լյումերը մեղավոր էր, բայց Լյումերն է մնացել հավատարիմ կինոյի էությանը: Կինոյի էությունն էր գործ ունենալ իրական իրականության հետ, ֆիզիկական իրականության հետ: Դա Կրակաուերն է ասել: Լյումերը նկարում էր իրական գնացքը և հավերժացնում: Իսկական կինոն դա է: Բայց 60-70-ականներից սկսած ի հայտ եկան տեխնոլոգիական հնարքները: Հենց որ կինոն սկսեց սուտը ներկայացնել որպես իրականություն, ավերվեց: Այսօր մարդը բացակայում է կինոյում:  Իսկական կինոյի վերջին նմուշը «Սերը» ֆիլմն էր: Բայց սա ուրիշ և երկար խոսակցություն է, ուստի կմնա հաջորդ հանդիպմանը:

Զրուցեց Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ