Artak Movsisyan-nkarՎերջին շրջանում երկու իրադարձություն իրարանցում առաջացրեց ռուսական կինոաշխարհում:

Պետդումայի քննարկմանը ներկայացվեց «Կինեմատոգրաֆի մասին» օրենքի նախագիծը, որը քվոտա է սահմանում արտասահմանյան ֆիլմերի համար և ամրագրում հայրենական կինոյի մասնաբաժինը ռուսական կինովարձույթում:

Անբարեխիղճ վարձակալողներին սպառնում է 100-400 հազար ռուբլի տուգանք:

Մյուս ալիքը  ծայր առավ դեռ 2012 թ. ամռանը, երբ ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովն առաջարկեց միջնակարգ դպրոցի

6-7-րդ դասարաններում ֆակուլտատիվ առարկա մտցնել` «100 լավագույն ֆիլմ»: Մշակույթի նախարարությունն անմիջապես արձագանքեց այդ նախաձեռնությանը,

և ահա արդեն այդ նախարարության կայքում զետեղվել է դպրոցական դասընթացի նախագիծը:

100 ռուսական լավագույն ֆիլմերի ցանկը կազմել են ոչ միայն մասնագետները` կինեմատոգրաֆիստներն ու կինոգետները: Մշակույթի նախարարության կայքի յուրաքանչյուր այցելու  կարող է իր ընտրությամբ երեք ֆիլմ առաջարկել: Անշուշտ, այս նախաձեռնությունը ոգևորության հետ նաև բազմաթիվ խնդիրներ է բերում` սկսած ցուցակում այս կամ այն ֆիլմի առկայության նպատակահարմարությունից մինչև համապատասխան դասավանդողների որակավորումը: Եվ միանգամայն հասկանալի է Կարեն Շահնազարովի անհանգստությունը, երբ ասում է, թե դա լավ գաղափար է, բայց չի պատկերացնում` ինչպես պետք է իրականացվի, հնարավո՞ր է արդյոք բոլոր դպրոցներում մասնագետներ գտնել, և ի՞նչ մասնագետներ: Սակայն նախաձեռնության կողմնակիցների փաստարկներն էլ բավական ծանրակշիռ են. «Կինոն կսովորեցնի դպրոցականներին հասկանալ ծնողներին»: Այսինքն` կկանխի սերունդների խզումը` ցույց տալով պատմությունը: 

Մինչ ռուսաստանյան կինոգործիչները վիճում, թեր ու դեմ փաստարկներ են բերում, իսկ մշակույթի և կրթության նախարարությունները համատեղ քննարկումներ են անում` մեթոդներ մշակելով այս  ծրագրի իրականացման համար, մեր մյուս հարևանը` Թուրքիան, 2011 թ. ի վեր իր հարցերը լուծում է սերիալի միջոցով`  «Հրաշալի դար» պատմական դրամայով, որը  պատմում է Օսմանյան կայսրության Սուլեյման Հրաշալիի ժամանակաշրջանի իրադարձությունների մասին: Եվ ոչ միայն սեփական հանրությանը: Այն, որ սերիալն այսօր ցուցադրվում է աշխարհի 42 երկրներում, անշուշտ, խոսում է ֆիլմի գեղարվեստական մակարդակի մասին, ինչի շնորհիվ պետությունը ոչ միայն իր գաղափարախոսությունը  սերմանում է սեփական ժողովրդի մեջ, ոչ միայն բարձրացնում նրա ոգին, այլև իր մշակույթն ու պատմությունը տարածում է աշխարհում այն լույսի տակ, ինչն իրեն է ձեռնտու: Այսուհանդերձ այստեղ էլ ամեն ինչ հաշտ ու խաղաղ չէ: Պարզվում է` Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության խորհուրդն ավելի քան 70 հազար բողոքներ է ստացել առ այն, որ «Հրաշալի դար» սերիալում պատմական փաստերը խեղաթյուրվում են: Սրանից ելնելով` վարչապետ Էրդողանը բացասական է գնահատել սերիալը` հայտարարելով, որ դրա ստեղծողները «ջանում են Թուրքիայի պատմությունը ներկայացնել բացասական լույսի տակ»: Եվ սա էլ, անշուշտ,  խոսում է ֆիլմը ստեղծողների պրոֆեսիոնալ բարձր մակարդակի մասին:

Մեզանում այսպիսի մտահոգություններ չկան, երանելի անդորր է, ոʹչ նախաձեռնություն կա, ոʹչ իրարանցում: Իսկ հեռուստատեսությամբ երեխաները տարիներ շարունակ կասկածելի բովանդակության, կասկածելի գեղարվեստական մակարդակի, գաղափարազուրկ հիվանդագին սիրո պատմություններ ու բռնություններ են դիտում: Ավելին, երկու տարի առաջ, Հայաստանի  ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ. Գևորգյանը դպրոցականների համար «Նաիրի» կինոթատրոնում  անվճար պարբերական կինոդիտումների ծրագիր առաջարկեց գիտության և կրթության նախարարությանը: Այն հավանության արժանացավ նաև քաղաքապետարանի կողմից,  սակայն այդ հաջող ձեռնարկումը մեծ ընդհատումներով է իրականացվում:

Այս մտորումները մեզ տարան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտ, ԵՊՀ դոցենտ, պատմաբան Արտակ Մովսիսյանի մոտ, մի մարդու, որն արդեն երկար ժամանակ հանրամատչելի մատենաշարի և փաստագրական ֆիլմերի միջոցով մեր պատմության լավագույն էջերը մատաղ սերնդի և առհասարակ հանրության լայն շրջանների սեփականությունը դարձնելու խնդիրն է լուծում: Արդեն լույս են տեսել «10 ականավոր հայ արքաներ» (եռալեզու` հայերեն, անգլերեն և ռուսերեն), «Արևմտյան Հայաստանի 10 սրբավայրեր» գրքերը, առաջիկա մեկ-երկու ամսում լույս կտեսնի «10 ականավոր հայ թագուհիներ»  աշխատությունը, և հիմա պատրաստվում է «Հայկական 10 արքայատոհմեր» գիրքը: Նա հեղինակն է նաև երեք հայագիտական, փաստագրական ֆիլմերի` «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը», «Նեմրութ. Արև-արքայի մեծ սրբավայրը» և «Ժայռապատկերներից մինչև այբուբեն»:

Մեր զրույցը, բնականաբար, սկսվեց «Նժդեհ» ֆիլմից և ապա ծավալվեց կինոյի և պատմության առնչությունների շուրջ. Ինչո՞ւ է պատմական Հայաստանը բացակայում համաշխարհային կինոյի քարտեզում, ինչո՞ւ այդ զորավոր գործիքը` կինոն, չեն բանեցնում մեր պատմության դասերը քաղելու համար, և ո՞րն է որին պարտք մնում` կինո՞ն պատմությանը, թե՞ պատմությունը կինոյին: Պատմության ո՞ր դրվագներն են, որ արժի կինոյի միջոցով մատուցել հանրությանը:

 – Խորապես համոզված եմ, որ մենք ունենք բազմաթիվ թեմաներ, որոնցով նկարահանված ֆիլմերը պատիվ կբերեին ոչ միայն տեղական` Հայաստանի, այլև համաշխարհային մասշտաբով: Մենք ֆանտաստիկ թեմաներ ունենք, որոնցով հանգիստ կարելի է գնալ «Օսկարի», ուղղակի դրանց համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ, համապատասխան մակարդակի ռեժիսորներ, համապատասխան սցենարիստներ, ճիշտ գիտական կոնսուլտացիա, և այդ դեպքում իրենց մակարդակով չեն զիջի, ասենք, «Գլադիատոր» կամ «Երկնային արքայություն»  կարգի ֆիլմերին: Թեմայի առումով մենք, փառք Աստծո, պակաս չունենք: Ընդ որում, ֆենոմենալ հետաքրքիր թեմաներ ցանկացած ժամանակաշրջանում:

Դուք հիշեցիք «10 ականավոր արքաներ» գրքի մասին: Երբ այդ  գիրքը պատրաստում էի, շատ դժվար խնդիր էր 10 լավագույններին առանձնացնելը, ուստի գրքի նախաբանում էլ, վերջաբանում էլ հատուկ նշել եմ, որ այս տասին առանձնացնելով` բնավ նպատակ չունեմ նսեմացնելու կամ թերագնահատելու մյուսների նպաստը մեր պատմության մեջ: Պարզապես ուզեցի առանձնահատուկ և լուրջ  հետք թողած արքաներին ներկայացնել: Եվ դրանց  շարքում կան կերպարներ, որոնք մեզանում քիչ են գնահատված:

Ardini-Musasiri tajari verakazmutiunyՕրինակ`  Արգիշտի Առաջինը: Նա մեզանում ավելի շատ  գնահատվում է որպես Երևանի հիմնադիր, բայց մարդը Բաբելոնյան պետությունն է նվաճել և պետության հարավային սահմանները հասցրել մինչև Պարսից ծոց, ինչը շատ հաճախ մեր պատմության դասագրքերում չի էլ նշվում: Ռուսա Երկրորդ ունենք, որն ավելի շատ հայտնի է որպես Կարմիր բլուրը` Թեյշաբաինի ամրոցը կառուցող, բայց նա ֆենոմենալ դիվանագետ էր: Տեսեք. հյուսիսից սկսվում է կիմերական ցեղերի արշավանքը: Հարավում էլ Ասորեստանն էր` հին թշնամին: Այս մարդը, ֆենոմեն է իսկապես, դիվանագիտական հանճար,  կիմերներին դաշնակից է դարձնում, տեղափոխում Հայաստանի արևմուտք` Կապադովկիա, որը հետո նրանց անունով Գամիրք կոչվեց, և Հայաստանի արևմուտքից նրանց ուղղորդում է Ասորեստանի դեմ: Պոտենցիալ թշնամուն դարձնում է դաշնակից և ուղղորդում վաղեմի թշնամու դեմ: Պատկերացրեք, որ Ադրբեջանին կարողանանք ուղղորդել Թուրքիայի դեմ, կամ հակառակը: Անհնարին է, չէ՞: Այս մարդը կարողացել է անել: Եվ սա մի իրողություն է, որ պետք է տեղ գտնի դիվանագիտության պատմության դասագրքերում:

Էլի մի դիվանագիտական ֆենոմեն` Աշոտ Առաջին: Գրքում այդ տասի մեջ հատուկ եմ  ընդգրկել Աշոտ Առաջինին: Բագրատունիներից վերցրել եմ միայն նրան, չնայած կարելի էր վերցնել շատ շատերին: Մեր ժողովուրդը Բագրատունիներից ավելի շատ գիտի Աշոտ Երկրորդ Երկաթին, որը նրա թոռն էր: 450 տարի առաջ հայոց թագավորությունն անկում էր ապրել, Աշոտ Առաջինը վերականգնեց առանց պատերազմի, երբ մի կողմում Բյուզանդական կայսրությունն էր, մյուս կողմում` Արաբական խալիֆաթը: Այնպես չէր, որ ասեինք, թե ոչ մի թշնամի չկար, ոչ մի խնդիր չկար, ուղղակի բախտը բերեց, հանգամանքները բարենպաստ դասավորվեցին: 450 տարի թագավորություն չկար, և երկու գերհզոր կայսրությունների հարևանությամբ, ընդ որում, երկուսի հետ էլ սահմանակից լինելով, այս մարդը կարողացավ առանց պատերազմի վերականգնել անկախ պետությունը, սոսկ դիվանագիտական հնարքներով:

Tigran Mec - dramԿամ հիշենք Տիգրան Մեծի ժամանակաշրջանը: Երբ ժամանակին «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը» վավերագրական ֆիլմն էինք նկարում, իմ լրագրող ընկերներին խնդրեցի, որ մի հարցում անցկացնեն, թե ինչ գիտեն մարդիկ Տիգրան Մեծի մասին: Բնականաբար բոլորն ասում էին` «ծովից ծով Հայաստան»,  ուստի երկրորդ հարցն  այն էր, թե որոնք են այդ ծովերը: 90 տոկոսից ավելին անհեթեթ պատասխաններ էր տվել կամ առհասարակ չէր պատասխանել: Էնպես որ Տիգրան Մեծին էլ կարգին չգիտենք:

Տիգրան Մեծն իր թագավորությունից մոտ տասն անգամ ավելի մեծ տարածք էր գրավել: Եվ այդ հսկայական տարածքները նվաճելուց հետո հետ կանգնեց իր նվաճումներից: Ինչո՞ւ: Համեմատենք նրան Նապոլեոն Բոնապարտի հետ, որովհետև շատ նման կերպարներ են. երկուսն էլ իրենց կենդանության օրոք ստեղծեցին աշխարհակալություն,  և երկուսի էլ ստեղծած աշխարհակալությունը քանդվեց իրենց աչքի առաջ, իրենց կենդանության օրոք: Երկուսն էլ հայտնվեցին նույն իրադրության մեջ, ստեղծեցին մեծ տերություն, բայց մնացին մենակ ընդդեմ ամբողջ աշխարհի: Տիգրան Մեծը մնաց մենակ ընդդեմ Հռոմի և Պարթևստանի, որոնք այն ժամանակվա ընկալմամբ ամբողջ աշխարհն էին: Երկուսն էլ երկընտրանքի առջև էին. կաʹմ հանուն տիրակալի փառքի շարունակել պատերազմը և գնալ մեծ արյունահեղությունների, մեծ ավերածությունների,  կաʹմ մի կողմ դնել սեփական էգոն և հանուն հայրենիքի ապագայի կատարել ընտրությունը: Նապոլեոնը գնաց իր էգոյի հետևից, հարյուր հազարավոր ֆրանսիացիների զոհողության պատճառ դարձավ, մի 100 օրով նորից գահը վերականգնեց, մի արկածախնդրություն էլ արեց, բայց այսօր ֆրանսիացիները պաշտում են նրան, ամբողջ աշխարհը գիտի նրան. հատորներ են գրում,  ֆիլմեր են նկարում, և դեռ էլի կանեն: Տիգրան Մեծն ընտրություն արեց հանուն հայրենիքի և հարատևություն ապահովեց մեր երկրի համար: Բայց մենք այսօր Տիգրան Մեծին չենք գնահատում այնպես, ինչպես ֆրանսիացիները Նապոլեոն Բոնապարտին, թեպետ հենց միայն սրանով նա շատ ավելի բարձր է, քան Նապոլեոն Բոնապարտը: Տիգրան Մեծն իդեալական ֆիլմի թեմա է: Ընդ որում, նրա գործունեության բազմաթիվ շրջաններ կան, որոնցից ամեն մեկը կարելի է առանձին ֆիլմի սյուժե դարձնել:

Haiery PersepolsumԻմիջիայլոց, Ստրաբոնը Տիգրան Մեծի մասին գրում է, որ նա բավական փոփոխական բախտ է ունեցել: Սկզբում պատանդ էր պարթևների մոտ, հետո վերադառնալով զիջեց 70 հովիտները, հայրական գահին բազմեց, ապա հզորանալով ևʹ 70 հովիտները հետ նվաճեց, ևʹ գրավեց նրանց երկիրը` Պարթևստանը: Եթե Ք. ա. 70 թ. քարտեզը նայեք, կտեսնեք, որ աշխարհը երեք գերտերությունների մեջ էր բաժանված, արևելքում Չինական կայսրությունն է, արևմուտքում Հռոմն է, կենտրոնում` հայկական աշխարհակալությունը:

Պապ թագավորը. ծայրից ծայր ֆիլմ նկարելու թեմա է: 16 տարեկանում մարդը գահ բարձրացավ, ընդամենը 4 տարի իշխեց և այդ չորս տարվա ընթացքում հսկայական բանակ ստեղծեց, եկեղեցին անկախացրեց, և այն աստիճանի հզորացավ, որ արդեն Բյուզանդիայի  կայսեր հետ մատ թափ տալով էր խոսում, թե վերադարձրեք մեր բոլոր քաղաքները, որոնք մենք ենք կառուցել, թե չէ պատերազմ կսկսեմ…

Ո՞ր մեկն ասեմ. Լևոն Մեծագործ: Կիլիկիան` իր ամբողջ պալատական ինտրիգներով. խաչակիրներ, արևելքի մահմեդական աշխարհ, հակասություններ և ֆենոմենալ թագավոր, որը նույնիսկ մարդասիրական ոգով փոխեց ամբողջ Միջերկրական ծովի ավազանի իրավական սկզբունքները:

Անշուշտ, գեղարվեստական ֆիլմերի համար միշտ էլ նախընտրելի են ինտրիգային դրվագները: Եվ այդպիսի դրվագներով էլ մեր պատմությունը շատ հարուստ է: Պետական համալսարանում դասավանդելիս ամեն տարի նշանավոր գործիչների մասին խոսելիս գոնե մի 7-8 անգամ առիթ եմ ունենում ասելու, որ` այ, եթե այս անհատականությունը լիներ մի  ուրիշ կայացած պետության պատմության մեջ, ամբողջ աշխարհի առաջ նրան դրոշ կդարձնեին, կհպարտանային, կնկարեին գեղարվեստական ֆիլմեր, վավերագրական ֆիլմեր, հսկայական գրականություն կստեղծեին:

Այսօր մեր ֆիլմարտադրությունը, ցավով եմ ասում, շատ տխուր վիճակում է: Մենք ունենք նաև շատ լուրջ թեմաներ թագավորության անկումից հետո, ունենք Դավիթ-Բեկ, ֆիդայական առասպելական պայքար, 1915 թվականի հերոսամարտեր, վերջապես Արցախյան ազատամարտ: Հենց այս վերջին ազատամարտի հետ կապված ֆանտաստիկ նյութեր ունենք, որոնցից ամեն մեկը մի հրաշք ֆիլմի նյութ կարող էր դառնալ:

Բացի այդ, այսօր սերիալային ախտով ենք տառապում, լավ, հերն անիծած, սերիալ էլ կարելի է նկարել, բայց գոնե կարո՞ղ ենք կորեացիներից օրինակ վերցնել («Ջու Մոնգ» և այլն): Ի՞նչ են արել, վերցրել են իրենց պատմությունը և նկարել են: Հիմա ամեն մի կորեացի երեխա, նայելով այդ ֆիլմերը, իր պատմությունն անգիր գիտի: Իրենց արժեհամակարգը, իրենց գաղափարախոսությունը նրանք լիուլի տալիս են սերիալներով: Եվ մենք այսօր ունենք այդ բացը:

Ումի՞ց կամ որտեղի՞ց պետք է սկսվի նախաձեռնությունը:

– Ցավոք սրտի, ծրագիր չկա: Այդ ամենի հետևում պետությունը պետք է կանգնած լինի: Եվ ծրագիր պետք է լինի: Մենք քանիցս համապատասխան պաշտոնյաների մոտ այդ հարցը բարձրացրել ենք. նույնիսկ հիմա ֆիլմադարաններ չունենք դպրոցներում: Եթե հիշում եք, խորհրդային տարիներին դրանք կային: Մի ֆիլմ նայելով` երեխան շատ ավելի է տպավորվում, քան բազմաթիվ դասեր սերտելով: Այսօր դա չկա, չնայած, փառք Աստծո, տեխնիկական միջոցներն այսօր անհամեմատ ավելի լավն են:

Nemruti srbavairi verakazmutiunՄի ցավալի հարց էլ կա: Օրինակ` մերոնք կարող են հպարտությամբ նշել, որ ասենք` Սիլվեստր Ստալլոնեն ցանկանում է Եղեռնի մասին ֆիլմ նկարել, բայց հետո ցավով ավելացնել, որ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի հիման վրա ֆիլմ նկարելու հեղինակային իրավունքն ինչ-որ մեկը գնել է: Զարմանում ես, եթե ուզում եք ֆիլմ նկարել, Մուսա լեռան հերոսամարտին մասնակցել են մի շարք մարդիկ, որոնք հետո հուշեր են գրել: Այդ հուշերը շատ ավելի լուրջ աղբյուր են, քան վեպը: Ես, իհարկե, մեծ հարգանքով եմ վերաբերվում Ֆրանց Վերֆելի վեպին: Բայց դա ամեն դեպքում գեղարվեստական գործ է, իսկ նշածս հուշերը շատ ավելի լուրջ ու արժանահավատ նյութեր են: Դրանք կան: Տասնամյակներ շարունակ Հոլիվուդի կեսից ավելին Քըրք Քըրքորյանինն էր, գեթ մի ֆիլմ չնկարվեց: Ռուսական կինոարտադրության  առանցքային  դեմքերի զգալի մասը հայեր են, բայց հայկական թեմաներով նորմալ ֆիլմ չի նկարվում:

Կարծիք կա, որ ավելի նախընտրելի է հանրությանը ներկայացնել պատմության այն դրվագները, որոնք հաղթանակների մասին են, որոնք կբարձրացնեն  նրա ոգին, ոչ թե այն դրվագները, որոնք մեր անկումների ու կորուստների մասին են:

– Երկուսն էլ նախընտրելի են. առաջինի դեպքում մեր ոգին է բարձրանում, բայց երկրորդի դեպքում էլ մեր սխալներն ենք տեսնում և դրանք չկրկնելու դաս ենք քաղում: Դա էլ բարդույթներից ձերբազատվելու գրավական է: Բայց հիմա, օրինակ, ասում են` ֆիլմ են նկարում Ավարայրի մասին`  «Բյուզանդիայի արևելքը»: Արդեն վերնագիրը տարակուսանք է առաջացնում, ես ծանոթ չեմ սցենարին, բայց վերնագիրն արդեն թերարժեքության բարդույթ է պարունակում. Ինչո՞ւ Բյուզանդիայի…

Ուրեմն մինչև հիմա պատմական թեմայով գոնե մի տասը հաջողված ֆիլմ կարող էինք ունենալ:

– Ինչո՞ւ տասը, տասն անգամ տասը: Ինչքան ասես նյութ կա: Ուղղակի ամեն մեկն իր գործը պիտի անի: Պատվեր պիտի լինի, պետք է կազմակերպվի: Պատմաբանները պետք է նյութը տրամադրեն, դա պետք է տրվի լավագույն սցենարիստներին, այնուհետև` լավագույն ռեժիսորներին, ճիշտ գիտական խորհրդատվություն պետք է ապահովվի` դարաշրջանի ճիշտ պատկերը վերականգնելու համար` սկսած հագուստներից, զենքերից մինչև պալատների, տաճարների ու այլ շինությունների հարդարանքն ու այլ հարցեր… Որպեսզի հոնքը սարքելու տեղը աչքը չհանենք, ինչպես հաճախ պատահում է:

Հարցազրույցը` Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ