«Եթե բոլորը…» ֆիլմը «Նիկա» չստացավ
Մոսկվայում` ապրիլի 2-ին կայացավ «Նիկա» մրցանակաբաշխությունը: «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել ռեժիսոր Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» (Ուկրաինա) ֆիլմը: Հիշեցնենք, որ այս անվանակարգում մրցանակի էին հավակնում ընդհանուր առմամբ 5 ֆիլմ, այդ թվում` Նատալյա Բելյաուսկենեի արցախյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը…» ֆիլմը, ինչպես նաև՝ ռեժիսոր Գեորգի Փարաջանովի «Բոլորը հեռացան» (Վրաստան, Չեխիա, Ռուսաստան), Այուբա Շսխոբիդդինովայի «Երկիրն իմ օթևանն է» (Ուզբեկստան), Պեետեր Սիմայի «Միայնակ կղզին» (Էստոնիա, Բելոռուս, Լատվիա) ֆիլմերը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Նիկա» մրցանակին է արժանացել Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստ» կինոնկարը: Ա. Սոկուրովը ճանաչվել է նաև «Լավագույն ռեժիսոր», իսկ ֆիլմի սցենատրիս Յուրի Արաբովն էլ ճանաչվել է «Լավագույն սցենարիստ»: Ընդհանուր առմամբ, «Ֆաուստ» կինոնկարն արժանացել է 4 մրցանակի: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Նիկա» մրցանակի հավակնող Անդրեյ Պռոշկինի «Օրդա» ֆիլմն արժանացել է յոթ մրցանակի: Երկու ֆիլմերի գլխավոր դերակատարները՝ Մաքսիմ Սուխանովը («Օրդա») և Անտոն Ադասինսկին («Ֆաուստ») ճանաչվել են հաղթող «Լավագույն դերասան» անվանակարգում: «Օրդա»-ի գլխավոր դերասանուհի Ռոզա Խայրուլլինան ճանաչվել է ««Լավագույն դերասանուհի»: