Դոփապար (Նիկա Շեկի «Երկու աշխարհներից ի հիշատակ» ֆիլմը)
Շատ հետաքրքիր յուրահատկություն ունի հայկական ժամանակակից կինոն: Չափազանց միֆական է: Միֆական` ոչ հերոսների կամ պատմությունների առանձնահատկությունների հաշվին: Այդ միֆականությունը դուրս է կինոյի իրական սահմաններից և պարբերաբար հանդիպում է Երևանի փողոցներում, հատուկ հավաքներում, փառատոներում, մրցանակաբաշխություններում:
Սույն միֆերը մեր երիտասարդ հայ կինոռեժիսորներն են: Նրանք շատ են: Ցանկացած պահի պատրաստ են շատ խորիմաստ երկխոսության բռնվել, որ գրեթե միշտ միևնույն պահանջ-եզրակացությանն է հանգում. սերնդափոխության ժամանակն է: Կարելի է ենթադրել, թե սերնդափոխությունն արհեստական մի կանոնակարգ է, որ պետք է հաստատվի և օրենքի ուժ ստանա, բայց անհայտ պատճառներով ուշանում է: Սերնդափոխությունը բնականոն զարգացում է: Կարող է տեղի ունենալ, եթե նոր սերունդն իր ասելիքով և դրա իրագործման թարմությամբ նախորդին հասկացնի, որ այլևս արտահայտվելու իր ժամանակն է: Ցանկացած մեկին ծանոթ է այն խոսակցությունը, որ պետությունը կամ իրավասու կառույցները համապատասխան ուշադրություն չեն դարձնում երիտասարդներին: Ինքս էլ ցանկացած հնարավոր առիթով դրա մասին խոսել եմ` հավատալով իմ սերնդակիցներին:
Հենց դա է պատճառը, որ ինձ իրավունք չեմ վերապահել հրապարակային կարծիք հայտնել մեր երիտասարդ կինեմատոգրաֆիստների ի սկզբանե կասկածելի մի շարք նախաձեռնությունների, այդ թվում` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի աջակցությամբ Երիտասարդ կինոգործիչների ասոցիացիա ստեղծելու հավակնոտ գաղափարի մասին:
Վերջին երկու տարիները «ձեռքբերումների» ժամանակաշրջան կարելի է համարել: Ֆիլմ նկարահանելու հնարավորություն ստացան շատ երիտասարդներ: Արդյունքում` կարելի է ասել, որ մեր ժամանակակից կինոյի մյուս յուրահատկությունը գոյություն ունեցող միֆերի հերքումն է` արդեն կինոյի սահմաններում: Ուստի գոնե մոտ ապագայում սերնդափոխության հույս չկա:
Խնդիրը միայն սերնդափոխության հույսի հարցը չէ, այլև դրա անհրաժեշտության խնդիրը: Ցավոք, այսօր փաստացի այլընտրանքի բացակայության պայմաններում դրա անհրաժեշտությունն էլ է կասկածելի դառնում: Նոր սերնդի ֆիլմերը, բացի տեխնիկական որոշակի և վիճելի փոփոխություններից, էականորեն չեն տարբերվում ոʹչ նախորդ և ոʹչ էլ նախորդին նախորդող սերնդի ֆիլմերից: Դոփում ենք:
«Երկու աշխարհներից ի հիշատակ» ֆիլմի ռեժիսոր Նիկա Շեկի և նրա գերմանացի համապրոդյուսերի հանրային ընդհարումներն Ազգային կինոկենտրոնի հետ դեռ բոլորն են հիշում: Ինչ խոսք, այդ ընդհարումները, անդրկուլիսային բամբասանքներից զատ, նպաստեցին ֆիլմի հանդեպ հետաքրքրության ալիքի գոյացմանը: Ուստի, չեմ թաքցնի, հենց դա էր պատճառներից մեկը, որ մեծ սպասումով գնացի ֆիլմի պրեմիերային:
«Երկու աշխարհներից ի հիշատակ»-ը ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմն է: Նիկան բավական հետաքրքիր մի շարք վավերագրական ֆիլմերի, ինչպես նաև կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի հեղինակ է: Այսինքն` լիամետրաժ ֆիլմ նկարահանելու համար նա ուներ անհրաժեշտ մասնագիտական պաշար:
«Երկու աշխարհներից ի հիշատակ» ֆիլմի հիմքում Գրետա Վերդիյանի «Չորս մայրերը» վիպակն է: Վերջինս կարդալու առիթ չեմ ունեցել և պատրաստ եմ հավատալ առաջին իսկ պատահած գրականագետին, որը կպնդի, թե հրաշալի գրական ստեղծագործություն է: Թեև Նիկայի ֆիլմից դժվար է այդ համոզմունքին հանգել:
Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ փետրվարի 27-ին: Օրվա ընտրությունը պատահական չէր: 1988-ից ի վեր այդ օրը խորհրդանիշն է սումգայիթյան ջարդերի, որ տեղի ունեցան Սովետական Ադրբեջանում` էթնիկ փոքրամասնություն կազմող հայերի նկատմամբ: «Երկու աշխարհներից ի հիշատակ» ֆիլմի առանցքում այդ ողբերգական իրադարձություններն են:
Նույնիսկ քննարկման կարիք չկա, որ այս թեմային անդրադառնալն առավել քան կարևոր է և ողջունելի: Այդ առումով գովեստի ոգեշնչող խոսքեր Նիկան հաստատ լսել է և դեռ շատ կլսի: Թեմայից էլ, սյուժեից էլ անկախ` այս դեպքում ինձ հետաքրքիր է հասկանալ, թե ինչ կինո է նկարել Նիկան:
Գործողությունները տեղի են ուենում ծովափնյա Սումգայիթ քաղաքում: Այս դեպքում հերոսուհին ութամյա Աշենն է, որի ծնողներն ամուսնալուծված են և ապրում են քաղաքի տարբեր ծայրերում: Նրանք չեն որոշել, թե երեխան ում մոտ պետք է ապրի, ուստի ամեն հարմար առիթով նրան գողանում են միմյանցից:
Ֆիլմի առաջին մոտ քառասուն րոպեի ընթացքում ռեժիսորը փորձում է ներկայացնել միևնույն քաղաքում ապրող ազգային փոքրամասնությունների բարիդրացիական հարաբերությունները: Տարբեր ազգությունների պատկանող երիտասարդ զույգի հարսանիքի, Աշենի մորեղբոր և նրա մտերիմ ադրբեջանցի ընկերոջ հարաբերության, նրա մոր` Գեղեցիկի հայկական ազգային պարի հանդեպ ունեցած գիտակցված պատկառանքի և այդ պարի անգիտակից վերարտադրման տեսարաններն առավել քան տաղտկալի են: Տաղտկալի են մի քանի հիմնական պատճառներով: Առանձին դրվագները միմյանց մոնտաժված են առանց որևէ տրամաբանության: Խիստ արհեստական հնչյունային ձևավորումը, որ հագեցած է ձայնային էֆեկտների անհարկի չարաշահումով, տեղ-տեղ պարզապես անտանելի է: Ձգձգված տեսարանները, որոնք չունեն սյուժետային զարգացում, պարզապես կործանում են դերասաններին` ի ցույց դնելով, որ նրանք խաղալու ոչինչ չունեն: Ուստի էկրանին մնում են միայն դիտարժան բնությունն ու բնապատկերից էլ առավել հարդարված, չափազանցության հասցված անկենդան դերասանական կազմը:
Ծամծմված նախաբանի պատճառով ֆիլմը փլուզվում է, արհեստականորեն բաժանվում երկու մասի:
Գլխավոր թերություններից մեկը կինեմատոգրաֆիկ տարածության բացակայությունն է: Նիկայի մատուցած կինոտարածությունը բազմերանգ է, թատերային և բուտաֆորիկ: Այստեղ ստեղծված աշխարհի պատկերային վերընթերցումը, որ արտահայտված է վերջին շրջանում մեծ տարածում գտած կինոխցիկի անկանոն շարժով և ունի վավերագրական կինոյից եկած հստակ ազդեցություն, ուղիղ հակասության մեջ է վերջինիս հետ: Դա էլ, իր հերթին, ֆիլմը դարձնում է ոճազուրկ:
Երկրորդ մասն ամբողջությամբ կառուցված է մելոդրամի հայտնի կլիշեների կեղծ հուզականությամբ: Սյուժեն ամբողջությամբ կենտրոնանում է իր դերը շատ համոզիչ կատարող Աշենի, նրա ընտանիքի ծանր սոցիալական վիճակի, մոր և հոր առաջացրած երկատվածության, ազգային պատկանելության պատճառով ընկերների կողմից ընդունված չլինելու մանրամասների վրա: Կինոյի պատմությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած մեկը կփաստի, որ երեխայի միջոցով հուզական մթնոլորտ ստեղծելը բավական դյուրին է և գրեթե միշտ հաջողության երաշխիք:
Մելոդրամատիկ ակնհայտ ուղղվածություն ունեցող սյուժեն մերթընդմերթ ընդհատվում է երևակայությանը զոռ տված տեսարաններով և մտացածին կերպարներով: Ինչպես Աշենի երազի տեսարանը կամ աշխարհաստեղծ իմաստնությանը հաղորդակից թափառականի կերպարը: Այդ տեսարաններն ու կերպարները հստակ նպատակ են ունեցել հանդիսատեսին հասկացնել, որ գործ ունենք art-house-ի հետ: Այնինչ դրանք այնքան արհեստական են և ֆիլմի հետ կապ չունեցող, որ այդ տեսարանների բացակայությունը հաստատ շահեկան կլիներ: Եթե դրանք չլինեին, ապա ֆիլմն անվիճելիորեն կարող էր այսօր հեռարձակվող ցանկացած սերիալի լուրջ մրցակից դառնալ: Իսկ դա բնավ վատ չէ: Ի վերջո, մնում է այն, որ այս դեպքում ևս կինոն երկրորդ պլան է մղված, իսկ առաջնային նպատակը պատմությունը որևէ կերպ ավարտին հասցնելն է: Դոփում ենք:
Ցավալի փաստ է, որ երիտասարդ ռեժիսոր Նիկա Շեկի «Երկու աշխարհներից ի հիշատակ» ֆիլմին ևս բնութագրելի են հակակինեմատոգրաֆիկ այն բոլոր ախտերը, որոնցից տառապում է մեր կինոն:
Րաֆֆի ՄՈՎՍԻՍՅԱՆ