3004Չինացի ռեժիսոր Վոնգ Կար-Վայի «Մեծ վարպետը» կինոնկարով ազդարարվեց կինոաշխարհի ամենահեղինակավոր փառատոներից մեկը` 63-րդ Բեռլինալեն:  Բեռլինի միջազգային կինոփառատոնն  այս տարի անցկացվեց փետրվարի 7-ից 17-ը:  Այս տարի  փառատոնն ու դրա մաս կազմող եվրոպական ֆիլմերի շուկան առավել ընդլայնված և  ընդարձակ էին նախորդ տարիների համեմատ: Փառատոնն ուներ մոտ 20 000 հավատարմագրված այցելու 124 երկրից:

Բեռլինալեն առանձնակի վերաբերմունք ունի կինոքննադատների և լրագրողների նկատմամբ. 63-րդ Բեռլինալեն լուսաբանելու համար հավատարմագրվել էր շուրջ  3 500 լրագրող:  Փառատոնի շրջանակներում ցուցադրված ֆիլմերի համար վաճառվել է  մոտ 300 000 տոմս: Բյուջեն նույնն էր ինչ նախորդ տարում` 19,5 մլն եվրո:

Ինչպես հատուկ  է «A» դասին պատկանող կինոփառատոներին,  Բեռլինալեն ևս չի սահմանափակվում միայն կինոցուցադրություններով և  շատ հարուստ   ենթածրագրեր ունի: Այդ իմաստով առանձնակի կարևորություն ունի «Berlinale Talent Campus»-ը: Ծրագրի շրջանակներում  Բեռլինում են հավաքվում  աշխարհի բազմաթիվ երկրների  երիտասարդ կինեմատոգրաֆիստներ` ռեժիսորներ, պրոդյուսերներ, օպերատորներ, սցենարիստներ, կինոքննադատներ: Այս տարի շուրջ   4000 հայտերից ընդունվել էին 300-ը` աշխարհի մոտ 100 երկրից: Մեծ ուրախությամբ պետք է արձանագրենք, որ  «Berlinale Talent Campus»-ին այս տարի մասնակցում էր նաև «ՏԱՈ փրոդաքշնի» հիմնադիր Տաթևիկ Մանուկյանը` որպես կինոպրոդյուսեր: Վստահ ենք, որ նմանօրինակ կարևորություն ունեցող ծրագրերում երիտասարդ կինոգործիչների մասնակցությունը խթան կդառնա  մեր կինեմատոգրաֆի զարգացման համար: Այս դեպքում ուրախությունը կրկնակի է, քանի որ մեր ներկայացուցիչը պրոդյուսեր է, իսկ պրոդյուսերական դպրոցի զարգացումը մեր կինոյի համար առանձնակի և հրատապ նշանակություն ունի:

Բեռլինի միջազգային կինոփառատոնի  ժյուրին գլխավորում էր  Վոնգ Կար-Վայը, որը 6 տարի լռությունից հետո ներկայացրեց հանրահայտ Վինգ-Չուն մարտարվեստի վարպետ Իպ Մանի մասին պատմող «Մեծ վարպետը» մարտաֆիլմ-դրաման: «Ոսկե արջ» գլխավոր մրցանակին արժանացավ ռումինական «Սաղմի դիրքը» դրաման, որի ռեժիսորն ու սցենարի համահեղինակն է ռումինական «նոր ալիքի» ներկայացուցիչ Քելին Պիտեր Նեցերը: Ֆիլմը բուռն արձագանքների տեղիք է տվել:  «Սաղմի դիրքը»  ֆիլմի  մասին կարծիքներն իրարամերժ են և նույնիսկ պատվավոր «Ոսկե արջն» այն չկարողացավ մեղմել: Բազմաթիվ կինոքննադատներ կարծում են, որ ֆիլմը որևէ նորություն չի բերում ռումինական հայտնի նոր կինոալիքում: Հուսով ենք, որ այն շուտով հասանելի կլինի նաև Հայաստանում, և հնարավորություն կունենանք հանդես գալու սեփական դատողություններով:

Ժյուրիի «Արծաթե արջն» իր հետ Բոսնիա տարավ Դենիս Տանովիչը` «Դրվագ մետաղ հավաքողի կյանքում» սոցիալական դրամայի ռեժիսորը: Ընդհանրապես փառատոնը բավականին առատաձեռն գտնվեց այս ֆիլմի  հարցում, մրցանակների արժանացավ նաև  գլխավոր դերում հանդես եկող Նազիֆ Մուժիչը` իբրև լավագույն դերասան:

Փառատոնի ամենասպասված պրեմիերան թերևս կարելի է համարել Բեռլինալեի սիրելի Ջաֆար Փանահու  «Փակված վարագույրները»: Իրանցի աշխարհահռչակ կինոռեժիսոր Ջաֆար Փանահին, որն  այժմ Իրանի կառավարության որոշմամբ տնային կալանքի է ենթարկված և 20 տարի ժամանակով զրկվել է ֆիլմ նկարահանելու իրավունքից, այս ֆիլմը գաղտնի է նկարահանել, Կասպից ծովի ափին գտնվող իր ամառանոցում: Ֆիլմն արժանացավ «Լավագույն սցենար» անվանակարգի պատվավոր մրցանակին:

Բեռլինալեի շրջանակներում անցկացվող կինոշուկայում ցուցադրվեցին հայազգի կինոռեժիսոր Մարիա Սահակյանի «Էնտրոպիա» և «Ես փոխելու եմ իմ անունը» ֆիլմերը: Դեռևս որևէ պաշտոնական  տեղեկություն չկա կինոշուկայում ունեցած արձագանքների վերաբերյալ, բայց հույս ունենք, որ այն չի ուշանա և դրական կլինի:

Հայտնի է, որ Բեռլինալե էր մեկնել նաև Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվիրակությունը` ի դեմս  փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի և փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանի:  Անշուշտ, այս փաստը ենթադրում է, որ Բեռլինալեի շրջանակներում ցուցադրված լավագույն ֆիլմերը հնարավորություն կունենանք դիտելու «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնում:

Գոռ ԻՍԱՋԱՆՅԱՆ