40th Anniversary Chaplin Award Gala - ArrivalsԱպրիլի 22-ին Նյու Յորքում 40-րդ անգամ տեղի ունեցավ Չարլի Չապլինի անվան ամենամյա մրցանակաբաշխությունը: Լինքոլն կենտրոնում  անցկացվող միջոցառմանը ներկա էին կինոաշխարհի նշանավոր ու կարկառուն ներկայացուցիչներ` Քեթրին Զետա_Ջոնսը  և Մայքլ Դուգլասը, Կատրին Դընյովը, Լայզա Մինելլին, Պիրս Բրոսնանը, Ջերեմի Այրոնսը, Դոննա Կարանը, Թոնի Բեննետը, Քրիս Քրիստոֆֆենսոնը և այլք:

Եվ եթե անցյալ տարի այս արարողության հյուրերը պատվում էին Կատրին Դընյովին, որը մրցանակ ստացավ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար, ապա այս տարի իր 71-ամյակի նախօրեին այդ պատվին արժանացավ Բարբարա Սթրեյզանդը:

Այս նշանավոր երգող դերասանուհին իր ստեղծագործական կյանքի ընթացքում բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ է ստացել, ներառյալ` երկու «Օսկար», ութ «Գրեմմի» և հինգ «Էմմի», իսկ այս վերջին մրցանակը նրան հանձնեց նրա լավ բարեկամը` ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինտոնը: Նա շատ ջերմ խոսքեր լսեց այդ օրը նաև երեկոյի մյուս հյուրերից: Բայց չնայած մրցանակների այս մեծ թվին և  համաշխարհային ճանաչմանը` դերասանուհին այնուամենայնիվ իր ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ իր օրինակով օգնել է շատ ոչ գեղեցիկ աղջիկների հավատալու իրենց:

Նշենք, որ Չարլի Չապլինի անվան մրցանակը շնորհվում է սկսած 1972-ից:  Առաջին մրցանակակիրը հենց Չարլի Չապլինն էր: Այնուհետև այս մրցանակին են արժանացել այնպիսի ականավոր կինոգործիչներ, ինչպիսիք են Լոուրենս Օլիվյեն, Ալֆրեդ Հիչկոկը, Օդրի Հեպբյորնը, Մարտին Սկորսեզեն, Քլինթ Իսթվուդը Թոմ Հենքսը Մերիլ Սթրիփը և ուրիշներ:

Երկու օր անց` ապրիլի 24-ին, մեծ երգչուհին և դերասանուհին տոնեց իր ծննդյան օրը:

Լինելով տաղանդավոր երգչուհի, Բարբարան իր դերասանական կարիերան սկսել է Բրոդվեյի մյուզիքլներից: Այնտեղ էլ նրան նկատեցին Հոլիվուդի պրոդյուսերները և սկսեցին հրավիրել խաղալու ֆիլմերում: Սթրեյզանդը, չընդհատելով իր երաժշտական կարիերան, սիրով նկարահանվում էր ֆիլմերում: Հետագայում նա սկսեց իրեն փորձել նաև պրոդյուսերի ու ռեժիսորի դերում: