Երիտասարդ կինոռեժիսոր Արեգ Ազատյանը ծնվել է 1986 թ. Երևանում: 2008 թ.  ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: 2000-ից սկսած` նրա պատմվածքները տպագրվել են Հայաստանի պարբերականներում և ալմանախներում, նաև ռուսական «Юность» հանդեսում: Իր գրական ստեղծագործությունների համար  արժանացել է մի շարք մրցանակների: Երեք պատմվածքների ժողովածուների հեղինակ է` «Կյանք արևից վերև», «Մարդու դատավարությունը» և «Զատիկի ոտքից բռնած»: 2007-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2003-09 թթ. իր հեղինակած պատմվածքների հիման վրա նկարահանել է «Էշը», «Ճանճը», «Զատիկի ոտքից բռնած» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերը, որոնք մասնակցել են մի շարք միջազգային կինոփառատոների  (Ռոտերդամի,  Բարսելոնի, Տրիեստի, Ռիո դե Ժանեյրոյի, Սան Պաոլոյի, Փարիզի, Բուխարեստի, Մադրիդի, Անապայի, Տոկիոյի, Դուշանբեի և այլն): 2006 թ. արժանացել է «Մեկ կադր, մեկ րոպե» կինոփառատոնի գլխավոր` «Լավագույն կադր» մրցանակին «Կաթ» աշխատանքի համար:

Directors2Արեգ Ազատյանը և  իր կինը` Շողիկ Թադևոսյանը, նկարահանում են «Ռոմանտիկները» խաղարկային ֆիլմը, ինչի առիթով հանդիպեցինք ռեժիսորի հետ և զրուցեցինք ֆիլմի բովանդակության ու ստեղծման գործընթացի մասին` մտահղացումից, սցենարից, դերասանների ընտրությունից  մինչև ներկայիս փուլը: Խոսեցինք նաև նրա հետագա անելիքների և հայ կինոարտադրության ներկայիս խնդիրների ու զարգացման միտումների մասին:

Գաղափարը

Ֆիլմի գաղափարը ծագել է 2009-2010 թթ.: Սցենարը գրվել է իմ վիպակի հիման վրա: Այդ փուլը, կարելի է ասել, տևեց երեք տարի:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դեռ գաղափարի փուլում մենք հրավեր ստացանք Բեռլինի միջազգային կինոփառատոնից` Berlinale-ից: Փառատոնի Panorama բաժնի ղեկավար Վ. Շպեկը հետաքրքրվեց ֆիլմի նախագծով և հրավիրեց մեզ մասնակցելու փառատոնին, դա խթան դարձավ: Այնուհետև Շողիկն ընտրվեց EAVE-ին (պրոդյուսերների համար նախատեսված դասընթացների ծրագիր) մասնակցելու համար. Հոլանդիայում, Լյուքսեմբուրգում և Խորվաթիայում մասնակցեց շատ կարևոր թրեյնինգ-սեմինարների, որոնց ընթացքում զարգացրեց նախագիծը: Այն արժանացավ նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի  հավանությանն ու ֆինանսական աջակցություն ստացավ, որը դեռ այս տարի շարունակվելու է, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք, քանի որ կարծում ենք` երիտասարդներին աջակցելը շատ  գնահատելի քայլ է: Այնուհետև նախագիծն աջակցություն ստացավ շվեդական հեղինակավոր Goteborg IFF Fund-ի  կողմից: Այս պահի դրությամբ նախագծով հետաքրքրված են մի շարք միջազգային կազմակերպություններ, մենք ունենք նաև գերմանացի համապրոդյուսեր:

TeamՀերոսները

Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա, այն պատմում է մի հայ երիտասարդ դերասանի մասին, որը գրին քարտ է շահել և պատրաստվում է մեկնել Ամերիկա, ինչպես շատ շատերը, մտածում է, որ այնտեղ կհասնի իր բոլոր երազանքներին: Եվ այդ առիթով նրա ընկերները որոշում են  հրաժեշտի երեկո կազմակերպել, սակայն այն ողբերգական ավարտ է ունենում: Ֆիլմում արտացոլված են այսօր ապրող հայ երիտասարդության խնդիրները: Ըստ իս` այսօրվա հայ երիտասարդն ունի իր ասելիքը, իր խոսքը, որն այնքան էլ հաճախ էկրանին չենք տեսնում: Մեր երիտասարդներն ապրում են ակտիվ կյանքով, ունեն երազանքներ, հավատում են դրանց, և նրանք են մեր երկրի ոչ թե ապագա, այլ այսօրվա տերերը: Մենք ունենք բազմաթիվ բարդույթներ, մեր խնդիրները մեր մեջ ենք պահում, չենք բարձրաձայնում, նույնիսկ մեր ընկերներին չենք պատմում: Մեզ հուզող այս հարցերն ենք փորձել արծարծել ֆիլմում: Այժմ ֆիլմը մոնտաժի  նախնական փուլում է, պատրաստվում ենք շուտով անցնել վերջնական մոնտաժին, ապա նաև հնչյունավորմանը, հետագայում արդեն կկատարվի թվայնացումը:

Սցենարը

Այս ֆիլմի սցենարը պատրաստելու գործընթացը մեզ համար  ուսուցողական էր: Երբ գրված էր առաջին սևագիրը, մասնակցեցինք East European Film Alliance-ին` Տալլին, Սոֆիա և Կիև քաղաքներում տեղի ունեցող պարապմունքներին: Ծրագրի շրջանակներում մեր սցենարի խորհրդատուն էր արգենտինացի հայտնի մասնագետ Միգել Մոչալսկին, որ աշխատել է Ինգմար Բերգմանի «Սարաբանդա» ֆիլմում, Սիդնեյ Պոլլակի ֆիլմերում, Ալեխանդրո Ամենաբարի «Ծովը ներսում» ֆիլմում և այլն: Ի դեպ, մինչ այսօր համագործակցում ենք նրա հետ: Goteborg IFF Fund-ից մենք ստացանք սցենարի զարգացման աջակցություն: Նախագծի զարգացման ողջ ընթացքում մեզ աջակցում էր «Այսօր պլյուս» ֆիլմարտադրությունը, որը Հայաստանում առաջին անկախ կինոստուդիան է, հիմնադրվել է 1990 թ., հիմնադիրները  ծնողներս են` Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը` մասնագետներ, որոնց պարտական ենք մեր մասնագիտական բոլոր ձեռքբերումների համար: Սովորաբար իմ ֆիլմերը գրական հիմք ունեն, օգտվում եմ իմ ստեղծագործություններից: Գրական սցենարը մշակվում է հատկապես դիալոգների և գործողությունների տեսքով, որից հետո արդեն գրվում է  ռեժիսորական սցենար:

Balcony-SceneԴերասանների ընտրությունը

25 հոգի, 23-24-ը` մինչև 30 տարեկան, բայց բոլորն էլ պրոֆեսիոնալներ. կային սկսնակներ, բայց ոչ սիրողներ: Դերասաններն ընտրվեցին շատ դժվարությամբ, մոտ  երեք ամիս նրանց հետ փորձ էինք անում, հիմնական չափանիշը կինոյում աշխատանքի որոշակի փորձն էր: Նախ և առաջ պետք է նշեմ Նարեկ Ներսիսյանի անունը, որն, ըստ իս, մեր ամենահեռանկարային երիտասարդ դերասանն է: Նարեկ Քթոյանը, որ գերազանց, փայլուն կատարեց գլխավոր հերոսի` Օսկարի դերը, Կարեն Խոսրովյանը, Ռոբերտ Դանիելյանը և Հակոբ Մանուկյանը: Մեր ֆիլմում ընդգրկված են նաև օտարազգի դերասաններ` Դևիդ Ֆրանցրեբը, որ ազգությամբ գերմանացի է, և Րաֆֆի Էլիոթը, որ իռլանդացի է, բայց ծագումով հայ: Սա հրաշալի դերասանական կազմ էր, մենք շատ գոհ ենք, նրանք օր ու գիշեր, օրական 16 ժամ աշխատել են: Առհասարակ վատ դերասան չկա, կա վատ ռեժիսոր: Դերասանի հետ աշխատանքն ամենակարևոր պրոցեսներից մեկն է: Նկարահանման հրապարակում շատ էինք ոգևորում նրանց: Չեմ սիրում նկարահանման հրապարակում ռեժիսոր-դիկտատորի դերը խաղալ: Չեմ կարող չնշել նաև մեր օպերատոր Թամմամ Համզային, որը նույնպես պրոֆեսիոնալ է, ու նաև ֆիլմի կոմպոզիտոր Արթուր Միտինյանին, որ «Այաս» ռոք խմբի հիմնադիրն է: Ես համարում եմ, որ նա տաղանդավոր կոմպոզիտոր է:

Գործընթացները

Dirctor-works-with-actorՄենք չունենք կինոինդուստրիա, բայց ունենք կինոարտադրության ընթացք, մեր տեսակի երկրներում, նկատի ունեմ տարածքային և բնակչության թվի նմանությունները, օրինակ` Բելգիայում, կինոարտադրությունն անհամեմատ զարգացած է: Եվ մյուս ոչ մեծ եվրոպական երկրներում նույնպես շատ լուրջ կինոինդուստրիա կա: Կարծում եմ, որ դա պետական մոտեցման շնորհիվ է ու նաև կապված է ոլորտի պրոֆեսիոնալների դիրքորոշման հետ: Մեզ մոտ ավագ սերնդի շատ ներկայացուցիչներ իրար պարզապես տանել չեն կարողանում և վերջերս էլ սկսել են դա չթաքցնել: Եվ սա հանգեցնում է կղզիացման, ոչ առողջ, պղտոր վիճակի: Իսկ ինչ վերաբերում է կոմերցիոն կինոյի ոլորտին, ապա դրական եմ համարում: Մարդիկ սկսել են կինոթատրոն հաճախել, ի դեպ` հայկական ֆիլմերի: Ես չեմ անդրադառնում տվյալ ֆիլմերի գեղարվեստական որակին: Մարդկանց մեջ հետաքրքրություն է առաջացել: Սա ձևավորում է ներքին շուկա` box-office ասածը, այսինքն`  դու ունենում ես դիստրիբուցիայի հնարավորություն: Ես լսել եմ, որ մեզ մոտ մտադիր են անգամ նոր կինոթատրոններ բացել:  Այսինքն`  ոլորտը զարգանում է, զարգացման համար գումար է պետք,  և գումարը միայն արվեստից չի գալիս: Աշխարհում շատ հզոր կինոկազմակերպություններ նկարահանում են կոմերցիոն կինոնկարներ, որպեսզի կարողանան փակել իրենց մշակութային ծախսերը:

Մեր ռեժիսորների միջին` 90-ականների սերունդն այսօր կաʹմ չի աշխատում, կաʹմ փոխել է մասնագիտությունը, կաʹմ արտագաղթել է: Ավագ սերունդը շատ կոնֆլիկտային և իրարամերժ է, և փաստորեն մնում է երիտասարդ սերունդը, որն այսօր ակտիվորեն մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող կինոպրոցեսներին, ինչը շատ ողջունելի և գովելի  է:  Թեպետ դեռ շարունակում ենք աշխատել նախկին սովետական համակարգով: Ողջունում եմ «Ոսկե ծիրան», «Կին», ՆՓԱԿ-ի «Մեկ կադր, մեկ րոպե», «Ռեանիմանիա» փառատոները: Եվ իհարկե շատ եմ կարևորում կրթությունը, այն, որ կինոոլորտի մասնագետները պետք է լինեն պրոֆեսիոնալ, հարուստ գիտելիքներ ունենան, տիրապետեն օտար լեզուների: Իսկ ինչ վերաբերում է երիտասարդ ռեժիսորներին, ապա ինձ համար հետաքրքիր են նրանք, ովքեր զբաղվում են լուրջ կինոյով: Այսօր մեր պրոդյուսերական դաշտում շատացել են կանայք, ինչը նույնպես ոգևորող և ողջունելի փաստ է: Մենք իսկապես հավատում ենք հայկական կինոյի զարգացմանն ու հետագա զարթոնքին, հայկական կինոյի նոր ալիքին:

Նոր նախագծեր

Պատրաստվում եմ հրատարակել իմ չորրորդ գիրքը` «Թռչող աֆրիկացին» վեպը: Շողիկի հետ աշխատում ենք երկու նոր ֆիլմերի նախագծերի վրա, որոնցից առաջինը կոչվելու է «Համլետ»: Նախագիծը մի 40-ն անց քանդակագործի մասին է, որը 90-ականների «կորած» սերնդի ներկայացուցիչն է: Նա շատ պրոֆեսիոնալ է իր ասպարեզում, բայց չի կարողանում իր տեղը գտնել մեր երկրի այսօրվա իրականության մեջ և որոշում է մեկնել այստեղից: Սա սուր  սոցիալական դրամա է, որն արծարծում է մեզանում շատ արդիական ու շատ  ցավոտ հարցեր, որոնք, փաստորեն, բացահայտվում են մարդու ներքին դրամայի, նրա անձնական ողբերգության միջոցով:

Զրուցեց Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆԸ