ԱՄՆ-ում վախճանվեց նշանավոր կինոքննադատ Ռոջեր Էբերտը
Նշանավոր ամերիկացի կինոքննադատ և Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ռոջեր Էբերտը մահացավ 71 տարեկան հասակում: Այս մասին տեղեկացնում է «Chicago Sun-Times» թերթը:
Էբերտին ավելի քան տասը տարի առաջ ախտորոշել էին վահանաձև գեղձի քաղցկեղ: Մի քանի վիրահատություններից հետո 2003 թ. նա կորցրեց խոսելու և սնունդը կուլ տալու կարողությունը: Սակայն 2008 թ. Էբերտը կարողացավ ուժ գտնել, որպեսզի վերադառնա գրախոսություններ գրելու զբաղմունքին:
Էբերտը վարել է մի շարք հեռուստահաղորդումներ, ինչի շնորհիվ նրա կարծիքը կինոնկարների մասին կարևոր նշանակություն ուներ միջին ամերիկացիների համար: Մամուլում նրան անվանում էին կինոքննադատական մտքի տիրակալ: 2005 թ. Էբերտը աստղ ստացավ Հոլիվուդի ծառուղում: