5153512a-6780-2bdb-6780-2bd48264adc2.photo.0ՌԴ մշակույթի նախարարությունը պատվիրել է 10 վավերագրական ֆիլմ Ռուսաստանի ժամանակակից հասարակության հիմնախնդիրների մասին: Գերատեսչությունը նշել է կինոնկարների թեմաները` «Պետությանը ծառայելու` որպես կենսական դիրքորոշման մասին», «Կամավորական շարժման մասին», «Ծայրահեղականությանը, ահաբեկչությանը և հանցավորությանը դիմակայելու մասին», «Ալկոհոլամոլության և թմրամոլության դեմ պայքարի մասին», «Ռուսաց լեզվի մասին» և այլն: «Իզվեստիա» թերթին նախարարությունում տեղեկացրել են, որ  ռուսաստանցիների հայրենասիրական դաստիարակության աշխատանքները տարվում են կրթության նախարարության և Կրեմլի հետ համատեղ:

– Մենք ցանկանում ենք աջակցել ռուսաստանցի վավերագրողներին և միաժամանակ ստիպել մեր հայրենակիցներին խորհել համառուսաստանյան արժեքների մասին,- բացատրել է մշակույթի նախարարության պաշտոնյան` հիշեցնելով, որ այդ մասին Դաշնային համաժողովի ժամանակ իր ուղերձում ասել է Վլադիմիր Պուտինը:

Յուրաքանչյուր ֆիլմի կհատկացվի 1,2-2,4 մլն ռուբլի` ըստ ֆիլմի տևողության: Ընդհանուր հաշվով այս նախագծի վրա կծախսվի 17 մլն ռուբլի:

Սակայն Պետդումայի մշակույթի կոմիտեի փոխնախագահ, ռեժիսոր Վլադիմիր Բորտկոն հոռետեսական է արտահայտվել մշակույթի նախարարության այս նախաձեռնության մասին: Նա կարծում է, որ գերատեսչության պատվիրած ֆիլմերից օգուտ չեն ունենա թեʹ ռուսաստանցիները, թեʹ վավերագրական ֆիլմերն ստեղծողները:

– Ինձ թվում է, որ նման ֆիլմերը ոչ ոք չի նայում: Արժեր այդ փողերն ուղղել հենց վավերագրողներին, որոնք իրենք կորոշեին, թե ինչ արժե նկարել,- ասել է Բորտկոն:

Մինչդեռ ռեժիսոր-վավերագրող Սերգեյ Միրոշնիչենկոն պետության առաջարկած ֆինանսական աջակցությունն «ավելի քան պատշաճ» է համարում:

– Անգամ 1,5 մլն-ը վավերագրողի համար վատ չէ: Որոշ եվրոպական երկրներում ռեժիսորները  գլուխ են կոտրում 20 հազար դոլարանոց դրամաշնորհների համար (մոտ 600 հազար ռուբլի): Բայց լավ պրոդյուրսերը միշտ էլ պետք է լրացուցիչ ֆինանսավորում փնտրի, լավագույն դեպքում, անշուշտ, հեռուստաընկերություններից: Ընդ որում, բնավ նշանակություն չունի, որ կարող է հիմար կամ դատարկ  ֆիլմ ստացվել,- վստահեցնում է ռեժիսորը` միաժամանակ խորհուրդ տալիս պետական մրցույթի հաղթողներին իրենց ֆիլմերը նկարելիս չձգտել «շոկային թերապիայի»:- Հաջողված են համարվում այն ֆիլմերը, որոնք մարդկանց ավելի լավ կյանքի հույս են թողնում,- ասել է նա:

Տասը ֆիլմերի նկարահանումները պետք է ավարտվեն մի տարի անց: Առայժմ հայտնի չէ, թե որտեղ են ցուցադրվելու դրանք: Ոչ խաղարկային կինոյի հիմնադրամի տնօրեն Ռոման Կարմենը կասկածում է, որ մշակույթի նախարարության պատվիրած ֆիլմերը կհայտնվեն հեռուստատեսությունների էկրաններին:

– Հեռուստատեսությունն իր արտադրողներն ունի: Ասենք, առանձնապես նման ֆիլմերի պահանջարկ էլ չկա հանդիսատեսի կողմից, այդ ֆիլմերը կարելի է փառատոնային ժանրին վերագրել,- ասում է նա:- Մենք փորձում են ռուսաստանցիների մեջ հետաքրքրություն առաջացնել ոչ խաղարկային կինոյի նկատմամբ, սակայն դա առայժմ մեզ չի հաջողվում:

ՌԴ մշակույթի նախարարությունը կանոնավոր կերպով մրցույթներ է հայտարարում սկսնակ կինեմատոգրաֆիստների համար: Բայց սովորաբար այս գերատեսչությունն առաջարկում է գեղարվեստական ֆիլմեր նկարել: Անցած տարի մշակույթի նախարարությունը մոտ 200 մլն ռուբլի է հատկացրել 7 ֆիլմի համար, այդ թվում` «լիրիկական կատակերգություն մանկական երազանքներին հրաժեշտ տալու մասին», «սոցիալական դրամա ազգամիջյան հարաբերությունների մասին ժամանակակից ռուսաստանյան մեգապոլիսում», «XXդարի երկրորդ կեսի հայրենական գրական ստեղծագործությունների էկրանավորում»: Մրցույցթի արդյունքներն առայժմ լայն հասարակայնությանը չեն ներկայացվում: