դուշմանՕրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Սամվել Թադևոսյանի «Միացում» ֆիլմի պրեմիերան: Ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանն ասում է, որ սա Լաչինի` ներկայիս Բերձորի ազատագրման ու արցախյան հաղթանակների տարեգրություն է՝ ներկայացված բացառիկ ճշգրտությամբ: Ֆիլմում առաջին անգամ էկրան կբարձրանան բացառիկ կադրեր արցախյան տարեգրությունից: 7 ամսվա աշխատանք, 50 րոպե տևողություն, բացառիկ, երբևէ չցուցադրված կադրերով «Միացում» ֆիլմն արդեն ներկայացվել է հանդիսատեսին:

1992-ի մայիսի 18-ին Հայաստանն ու Արցախը կապվեցին իրար Լաչինի միջանցքով: 3 տարվա շրջափակումից հետո Արցախի ինքնապաշտպանության ուժերը ստիպված էին նոր ճանապարհ հարթել Լաչին մտնելու համար, որովհետև միակ կամուրջն ադրբեջանցիները պայթեցրել ու հեռացել էին: Սամվել Թադևոսյանը Դուշման Վարդանի վաշտի հետ անձամբ է տեսել ու նկարահանել նոր ազատագրված Լաչինը: Ֆիլմը փաստերով հակադարձում է ադրբեջանական սուտ տեղեկատվությանը, թե հայերը Լաչինում կոտորած են արել: Առաջին անգամ օգտագործվել է Ադրբեջանի ազգային հերոս, ռազմական լրագրող Չինգիզ Մուսթաֆաևի 16 րոպեանոց տեսանյութը, որում նշվում են ադրբեջանցի գնդապետների անունները, որոնք հրաման են տվել լքել Լաչինը: Չինգիզ Մուսթաֆաևի տեսանյութում ներկայացվում է նաև Թուրքիայի տրամադրած օգնությունն Ադրբեջանին՝ թուրքական դեղեր, սնունդ, ծխախոտ, «Գորշ գայլեր» գրությամբ թուրքական զրահատեխնիկա: Ֆիլմի առաջին մասի գաղափարը պրոդյուսեր Տիգրան Մանասյանինն է` Արցախի պատմությունը սկսել նախքան Քրիստոսի ծնունդը ժամանակաշրջանից, որպեսզի ապացուցվի հայկական Արցախի ճշմարտությունը: Ֆիլմի ստեղծումն առանց դժվարությունների չի եղել, սակայն արդյունքից հեղինակները գոհ են. հայերեն ու ռուսերեն տարբերակներից բացի, շուտով կլինի անգլերենն ու թուրքերենը: Միջազգային մի քանի փառատոների մասնակցության հայտ արդեն ուղարկված է: