14419«Varieti Russia» հանդեսը կազմել է Արևմուտքում առավել հայտնի ռուս ռեժիսորների վարկանիշը: Ցուցակն ընդգրկում է հեղինակային կինոյի ներկայացուցիչներին:

Վարկանիշը կազմվել է կինոփառատոներում և կինոմրցանակներում ունեցած հաջողությունների հիման վրա. հաշվի են առնվել ոչ միայն Կաննի կինոփառատոնի և «Օսկարի» կարգի ամենախոշոր և ամենահայտնի կինոիրադարձությունները, այլև, օրինակ` Լոկարնոյի, Կարլովի Վարիի, «Սանդենս» կինոփառատոները և Եվրոպայի կինոակադեմիայի մրցանակները, ինչպես նաև «Ոսկե գլոբուսը»:

Ցուցակի առաջին տողում է հայտնվել Ալեքսանդր Սոկուրովը. ներկա պահին նա ռուսաստանցի վերջին ռեժիսորն է, որին հաջողվել է գլխավոր մրցանակ ստանալ «մեծ եռյակի» կինոփառատոնում (2011 թ. Վենետիկում «Ոսկե առյուծ» «Ֆաուստի» համար):

Անդրեյ Զվյագինցևը, որ երկրորդ տեղն է գրավում վարկանիշում, նույնպես նման մրցանակ է ստացել, իսկ նրա վերջին երկու ֆիլմերը ցուցադրվել են Կաննում: Զվյագինցևին հետևում են Նիկիտա Միխալկովը և Սերգեյ Լոզնիցան, այնուհետև` Բորիս Խլեբնիկովը և Ալեքսեյ Պոպոգրեբսկին, որոնք միասին են սկսել ռեժիսորական կարիերան:

Միջազգային հեղինակություն ունեցող ռեժիսորների թոփ-15-ում են հայտնվել նաև Աննա Մելիքյանը` «Ջրահարսի» հեղինակը, Ալեքսեյ Գերման կրտսերը, Ալեքսեյ Ֆեդորչենկոն, Կիրիլ Սերեբրեննիկովը, Նիկոլայ Խոմերիկին և այլք:

Աննա Գագիկի Մելիքյանը ծնվել է 1976 թ. փետրվարի 8-ին Բաքվում, մեծացել Երևանում և 17 տարեկան հասակում տեղափոխվել է Մոսկվա:

Ավարտել է ՎԳԻԿ-ը, աշակերտել է Սերգեյ Սոլովյովին, ճանաչում է ձեռք բերել «Ցպահանջ», «Կոնտրաբաս», «Andante» և «Թռան» ֆիլմերի համար: Վերջինս նկարահանվել է 1999 թ. որպես կուրսային աշխատանք, իսկ 2000 թ. նկարահանված «Ցպահանջը» գնել են Հռոմի և Մելբուռնի կինոթանգարանները:

Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը «Մարսն» է, որի պրեմիերան կայացել է 2004 թ. Բեռլինի կինոփառատոնում: Երկրորդ լիամետրաժ ֆիլմը «Ջրահարսն» է, որ 2008-ին Ռուսաստանի կողմից ներկայացվել է «Օսկարի» և  մտել անվանակարգ:

Ամերիկյան «Varieti» հանդեսը Մելիքյանին ընդգրկել է աշխարհի ամենահեռանկարային  ռեժիսորների տասնյակում:

Աննան հիմնադրել է «Մագնում» կինոընկերությունը, որը զբաղվում է ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրությամբ, ինչպես նաև նոր տաղանդների որոնմամբ ու պրոդյուսերությամբ: