140098Փետրվարի 13-ից Երևանում մեկնարկեց “Հակամարտությունը և հաշտեցումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կինոմշակույթում” միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպել են ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակը, Եվրոպական միության ներկայացուցչությունները Հայաստանում և Չեխիայի,  Լեհաստանի,  Բուլղարիայի,  Ռումինիայի,  ՈՒկրաինայի,  Մակեդոնիայի,    Գերմանիայի դեսպանությունները։  Այս նախաձեռնության նպատակների,   ուղերձների և  խնդիրների մասին “Կինոաշխարհին” պարզաբանումներ է տալիս փառատոնի տնօրեն,  ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն։

– Ամեն ինչ սկսվեց “Գալիցիայի երեք պատմությունները” ֆիլմի հայաստանյան պրեմիերայից, որը կայացավ Ս․Փարաջանովի տուն-թանգարանում:  Դիտել ցանկացողները շատ-շատ էին, թանգարանի դահլիճը  չէր կարող տեղավորել բոլոր ցանկացողներին: Հասկացանք, որ մարդկանց հուզում է այս թեման և որոշեցինք կազմակերպել այս կինոփառատոնը,  որի անվանումն արդեն իսկ խոսում է նպատակների մասին։

Կարծում եմ, որ կինեմատոգրաֆը,  առհասարակ արվեստը հզոր զենք է: Մեր կինոփառատոնի նպատակն է կինոարվեստի միջոցով հայաստանյան հասարակությանը և մասնավորապես երիտասարդներին ցույց տալ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած հակամարտությունների և հաշտեցման դասերը: Այս ֆիլմերը ներկայացնում են մարդկային սրտառուչ պատմություններ: Դրանց հերոսների օրինակները ոգեշնչող են,  քանի որ նրանք ուրիշների մասին հոգ տանելու քաջություն ունեն, սովորական մարդիկ են, բայց արտասովոր քայլեր են անում`՝ պաշտպանելու համար մարդկային արժանապատվությունը: Նրանք կարողացել են ծանր փորձությունների,  կոնֆլիկտների,  պատերազմի ժամանակ,  վտանգելով սեփական և հարազատների կյանքը,  անել ոչ թե այն,  ինչ հեշտ է կամ հարմար է տվյալ պահին,  այլ այն,  ինչ ճիշտ է ու մարդկային: Ընդհուպ մինչև թշնամու կյանքը փրկելը:  Սրանք ուսանելի օրինակներ են։ Եվ ամենակարևորը`  այս ժողովուրդներն իրենց մեջ ուժ են գտել հարդուրժողականության համար,  հասկացել են,  որ կոնֆլիկտները պետք է թողնել անցյալում,  որպեսզի իրենց երեխաները հանգիստ ու խաղաղ ապրեն իրենց երկրում։

Մեզ թվում է,  որ սա շատ արդիական թեմա է Հայաստանում, և հույս ունենք,  որ ֆիլմերը կդառնան քննարկման,   բանավեճերի առարկա,  հատկապես՝ երիտասարդության շրջանում, քանի որ  ստիպում են զգալ,  վերապրել,  մտածել,  խորհել, քանի որ հանդուրժողականությունը,  սերը,   բարեկամությունը, ներումը,  բանակցությունների սեղանի շուրջն ընդանուր լեզու գտնելու կամքն ու կարողությունը համամարդկային արժեքներ են:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել “Մոսկվա” կինոթատրոնի տնօրինությանը,  որը մեզ տրամադրեց իրենց դահլիճներն ու տեխնիկական բոլոր միջոցները,  որպեսզի մեր կինոփառատոնը իրականություն դառնա։ Սա շատ ուսանելի օրինակ է մյուս ընկերությունների համար։ Քանի որ միասին մենք անհամեմատ ավելին կարող ենք անել,  քան եթե գործելու լինենք առանձին-առանձին։ ՈՒզում եմ նաև շնորհակալություն հայտնել լրագրողնրին ու հեռուստաընկերություններին այն ուշադրության և հետաքրքրության համար,  որ ցուցաբերում են փառատոնի լուսաբանման հարցում։  Ասեմ նաև,  որ մեր կինոփառատոնը նվիրված է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան:

Հարկ եմ համարում նշել նաև, որ բացի այն հանգամանքից,  որ ներկայացվող ֆիլմերը մարդասիրական գաղափարների տարածման գործառույթ են իրականացնում, իսկապես բարձրարվեստ ֆիլմեր են:

Սա առաջին կինոփառատոնն է,  որ կազմակերպվում է այսքան մեծ  թվով դեսպանատների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։ Եվ եթե այն հաջողի,  ապա անպայման շարունակություն կունենա։ Մենք արդեն բազմաթիվ խնդրանքներ ենք ստացել ֆիլմերը ցուցադրելու նաև մարզերում և ուսումնական հաստատություններում։

Три истории из Галичины “Գալիցիայի երեք պատմությունները”,  ԱՄՆ,  2010 թ․                                                          Ռեժիսորներ՝  Օլգա Օնիշկո,  Սառա Ֆարատ

Այս ֆիլմի ցուցադրման ժամանակ Կաննի կինոփառատոնում բոլորը արտասվում էին: Սա երեք պատմություն է մարդկային հերոսության,  խիզախության,  վեհության մասին  առանց ավելորդ պաթոսի։ Այս ֆիլմի հերոսներն այսօր էլ իրենք իրենց հերոս չեն համարում,  կարծում են,  որ յուրաքանչյուր ոք կարող է խիզախ քայլ կատարել և ընտրել մարդկայինը,  փրկել նույնիսկ թշնամու կյանքը։ Փաստորեն,  այս ֆիլմն ապացուցում է,  որ հերոսներն ապրում են մեր մեջ և մեր կողքին,  հասարակ մարդկանց մեջ։ Ֆիլմի ռեժիսորներն ուկրաինուհի և լիբանանցի են: Նրանց խոսքով`  առաջինի դեպքում սա իր  հայրենիքի անցյալն է, երկրորդի դեպքում՝ իր հայրենիքի ներկան։

kinopoisk.ruԼիդիչե”,  Չեխիա,  2011 թ

Ռեժիսոր՝ Պյոտր Նիկոլայև

Ֆիլմի հիմքում Զդենեկ Մալերի “Նոկտյուրն” ստեղծագործությունն է,  որը, որպես լավագույն սցենար,  2007 թ․ արժանացել է “Չեխական առյուծ” մրցանակին։ Ֆիլմը  ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1942 թ., նացիստների կողմից չեխական փոքրիկ Լիդիչե գյուղի ավերման պատմությունը։ Նացիստները գազանաբար սպանում էին գյուղի բոլոր տղամարդկանց,  իսկ կանանց ու երեխաներին ուղարկում համակենտրոնացման ճամբար։ Սա պատմություն է Լիդիչե գյուղում բնակվող հասարակ մարդկանց ճակատագրերի մասին,  նրանց մարդկայնության և ամենասոսկալի իրավիճակներում մարդկային դեմքը չկորցնելու մասին։

Roza 3Ռոզա”,  Լեհաստան,  2011 թ

Ռեժիսոր՝ Վոյցեխ Սմաժովսկի

Արժանացել է Լեհաստանի կինոակադեմիայի “Արծիվ” մրցանակին յոթ անվանակարգերում։

1945 թ.,  ամառ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտ։ Ազգությամբ լեհ Տադեուշը,  որից պատերազմը խլել է ամեն ինչ,  հայտնվում է Մազուրի քաղաքում, որը պատերազմից առաջ պատկանում էր Գերմանիային, իսկ պատերազմից հետո այն հայտարարվել էր լեհական տարածք։ Այստեղ նա ծանոթանում է այն գերմանացի զինվորի այրու հետ, որի սպանության վկան է եղել։ Նա ականազերծում է Ռոզայի բանջարանոցը, ապա ծանոթանում տեղի մյուս բնակիչների հետ, օգնում նրանց ոտքի կանգնեցնել տնտեսությունը, ցանկանում է վերջ տալ պատերազմին և ապրել հասարակ մարդու կյանքով։ Սակայն պատերազմի արհավիրքներից հետո ոչ բոլոր մարդիկ են պահպանել իրենց մարդկային դեմքը։ Պաշտպանելով Ռոզային`  Տադեուշն ինքն է դառնում ավազակների ու ամենազոր ՊԱԿ-ի զոհը։

После конца света“Աշխարհի վերջից հետո», Բուլղարիա, 1998թ

Ռեժիսոր`  Իվան Նիչև

Սա 90-ական թվականների բուլղարական ամենահաջողված ֆիլմերից է, որը պատմում է Պլովդիվի աղքատ թաղամասում էթնիկական ներդաշնակության կորստյան մասին, որտեղ մի ժամանակ հարգանքի և փոխըմբռնման մթնոլորտում ապրում էին բուլղարները,  հույները,  թուրքերը, հրեաներն ու գնչուները։ Մեր օրերում Բաչկովոյի մենաստանում հանդիպում են ազգությամբ հրեա բյուզանդագետ Կոինը և հայուհի երաժիշտ Արաքսին։ Ժամանակին, երբ նրանք երեխաներ էին, մանկական մաքուր ու անմեղ սիրով սիրել են միմյանց, բայց ժամանակը բաժանել է նրանց։ Նրանք որոշում են միանալ և վերականգնել մանկության բյուրեղյա հայելին, որը փշրվել էր ժամանակի անդառնալի հոսանքից։ Ֆիլմում մեկտեղվում են մանկական երազանքներն ու իրական կյանքի փաստերը։

Путешествие Грубера“Գրուբերի ճամփորդությունը”, Ռումինիա, 2008 թ

Ռեժիսոր` Ռադու Գաբրյա

Ֆիլմի հիմքում իտալացի լրագրող և գրող Կուրցիո Մալապարտեի “Կապուտ” գիրքն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմ: Ֆիլմի հերոսը հենց ինքը գրողն է,  որը, գտնվելով ռումինական Յասսի քաղաքում, ալերգիայի սուր նոպա է ունենում։ Իմանալով, որ քաղաքի լավագույն բժիշկը դոկտոր Գրուբերն է,  նա շտապում է նրա մոտ։ Ճանապարհին նա ճակատագրի բերումով նացիստների կողմից հրեաների զանգվածային սպանության ականատես է դառնում։ Այս իրադարձությունը ստիպում է նրան վերանայել իր հայացքները կյանքի և պատերազմի,  մարդկայնության և մարդկային կյանքի արժեքի մասին։ Եվ հանկարծ իմանում է, որ դոկտոր Գրուբերը նույնպես ազգությամբ հրեա է, որի հետքերը կորչում են 14000 սպանված մարդկանց մեջ։

Тот, кто прошел сквозь огонь“Կրակի միջով անցած մարդը”, Ուկրաինա, 2011 թ

Ռեժիսոր` Միխայիլ Իլյենկո

Արժանացել է Կիևի միջազգային երրորդ կինոփառատոնի  գլխավոր մրցանակին։

Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, գլխավոր հերոսը խորհրդային օդաչու Իվան Դոդոկան է,  որի նախատիպը Իգոր Դոցենկոն է։  Իվան Դոդոկան փախչում է գերմանական գերությունից, ապա մեղադրվում պետության դավաճանության մեջ և ուղարկվում ստալինյան ճամբարներ։ Իվանը այստեղից էլ է փախչում։ Նրա դեմ “մարդաորս” է սկսվում, և նա կորցնում է իր սիրելի կնոջն ու որդուն հանդիպելու և միանալու, իր հայրենիքը տեսնելու վերջին հույսը։  Ի վերջո, հերոսը հայտնվում Ալյասկայում, ապա Կանադայում ապրող հնդկացի ցեղի մոտ։ Երբ Իվանին խփում է կայծակը, և  նա ողջ է մնում, հնդկացի իրոկեզները նրան դարձնում են իրենց առաջնորդը և տալիս նրան Խիյոկա մականունը, որը բառացիորեն նշանակում է “նա, ով անցել է կրակի միջով”։

 

Перед дождём 2Անձրևից առաջ”, Մակեդոնիա, 1994 թ

Ռեժիսոր՝ Միլչո Մանչևսկի

Արժանացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի “Ոսկե առյուծ” մրցանակին:

Այն Բալկաններում առկա քաղաքական և կրոնական կոնֆլիկտների, մասնավորապես` ուղղափառ և մահմեդական սերբերի հակամարտության  մասին է, որի առանցքում, սակայն, սիրո ողբերգական պատմություն է։ Մարդիկ կորցրել են իրենց մարդկային դեմքը, իսկ մարդու կյանքը ոչ մի արժեք չունի։ Սակայն  այս Աստծո կողմից մոռացված  վայր են վերադառնում իրական հերոսներ։ Սա շատ խոր ստեղծագործություն է՝ համամարդկային դրամա, որ հաստատում է տիեզերական ճշմարտություններ։

 

Счастливого Рождества 5“Շնորհավոր Սուրբ Ծնունդ”, Գերմանիա, 2005 թ․

Ռեժիսոր` Կրիստիան Կարիոն

Նվիրված է 1914 թ․ Սուրբ ծնունդի ընթացքում եվրոպական բոլոր ռազմաճակատներում կռված զինվորների հիշատակին։ 1914 թ. Սուրբ ծնունդի նախաշեմին ֆիլմի չորս գլխավոր հերոսները`  շոտլանդացի վանականը, ֆրանսիացի լեյտենանտը,  գերմանացի տենորն ու իր սիրեցյալը հայտնվում են մարդկային միաբանության և եղբայրության կիզակետում: Գերմանացի, անգլիացի և ֆրանսիացի զինվորներն իրենց բոլոր զենքերը վայր են դնում, որպեսզի կարողանան դուրս գալ միմյանց ընդառաջ, ծխախոտ փոխանակել, տոնական շոկոլադ հյուրասիրել ու միմյանց “Շնորհավոր Սուրբ ծնունդ” մաղթել։

 

The RescuersՓրկիչները”, ԱՄՆ, 2010 թ

Ռեժիսոր`  ՄՔինգ

Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա։ Այն պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 13 միջազգային դիվանագետների սխրանքի մասին, որոնք փրկել են 10 հրեայի կյանք` վտանգելով սեփական կյանքը, ընտանիքների ապահովությունն ու  կարիերան։ Պատմությունը պատմում են երկու հերոսները` Ստեֆանի Նյոմբաիրը, որ կորցրել է իր ընտանիքը 90-ականների Ռուանդայի ցեղասպանության ժամանակ և դարձել քաղաքական ակտիվիստ, և սըր Մարտին Գիլբերտը, որ XX դարի և մասնավորապես  Հոլոքոստի պատմաբան է: Նրանք ճամփորդում են աշխարհում, զրուցում դիվանագետների ջանքերով փրկված մարդկանց և նրանց ժառանգների հետ` փորձելով հասկանալ, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել՝ խուսափելու համար մարդկության դեմ կատարվող այս ոճրագործությունից։

Պատրաստեց Մարիա Թոքմաջյանը