britanaciԱյս տարվա մարտի 2-ից 11-ը Երևանում անցկացվեց Բրիտանական ֆիլմերի փառատոն, որը նվիրված էր Ջրային համագործակցության միջազգային տարվան: Բրիտանական խորհդի հայաստանյան գրասենյակի հրավերով Հայաստան էր այցելել բրիտանացի ճանաչված  կինոքննադատ, International Film Guide-ի խմբագիր Յան-Հեյդն Սմիթը: Փառատոնի շրջանակներում նա դասընթացներ անցկացրեց կինոլրագրողների և կինոսիրողների համար` ներկայացնելով իր ինքնատիպ և անչափ հետաքրքիր, երբեմն էլ հումորով համեմված դիտարկումները կինոլրագրության և կինեմատոգրաֆի մասին:

Յան Սմիթի  հետ առաջին իսկ հանդիպումը  տպավորիչ էր. կատակեց, թե բրիտանական ֆիլմերը շատերի համար տաղտկալի են, ինչպես անգլիական հումորը. «Մի մարդ գնում է  բար, կաթված է ստանում ու մեռնում»: Ապա նույն պահին էլ շեշտեց, որ իրականում բրիտանական ֆիլմերը խորն են ու խոսուն: Ինչ վերաբերում է կինոքննադատներին, դարձյալ կեսկատակ-կեսլուրջ մեջբերեց Բրյուս Ուիլլիսի խոսքը, թե կինոքննադատները  դինոզավրերի նման են, և եթե մի օր վերանան, ոչ մի էական բան չի փոխվի:

Յան-Հեյդն Սմիթը կինոյի հետ առաջին անգամ «հանդիպել» է հոր միջոցով. 8 տարեկան էր, երբ նրա  հետ գնաց դիտելու Սերջիո Լիոնի «The Good, the Bad and the Ugly» ֆիլմը: Ու դրանից հետո սիրահարվեց կինոյին: Նրա ասելով, ինչպես արվեստի ցանկացած տեսակի, այնպես էլ կինոքննադատության պարագայում  կարևոր է ոգևորությունը, որն ակնհայտորեն  «ցայտում» է ֆիլմի մասին տողերից: Եվ ընթերցողը հասկանում է, թե այդ պահին ինչ տրամադրություն է ունեցել հոդվածագիրը:

Յան-Հեյդն Սմիթը, այսպես ասած, չստացված դիվանագետ է, համենայն դեպս քոլեջում քաղաքականություն, քաղաքագիտություն և նման այլ առարկաներ է ուսումնասիրել, բայց ոչ թե դիվանագետ, այլ լրագրող է դարձել: Պատմում է, որ այնքան ֆիլմեր է դիտել և օնլայն լրատվամիջոցի համար գրախոսականներ բերել, որ հանձնարարել են միայն  այդ թեմաներով հոդվածներ գրել:

Մեզ հետ զրույցում Յան Սմիթը ժպտալով ասում է. «Լավ կինոքննադատ դառնալու համար բավական է քննադատել ու  դա անել ոգևորված»: Իսկ եթե ավելի լուրջ, մեր զրուցակցի համոզմամբ. «Կինոքննադատության և արվեստի այս կամ այն ոլորտի քննադատության միջև տարբերություն չկա, բոլորի սկզբնակետը լրագրությունն է և ոլորտի վերաբերյալ համապատասխան գիտելիքները: Պարզապես լինում են վատ և լավ քննադատներ»: Ինչ վերաբերում է իր երկրին, այնտեղ ավելի հարգի են կինոյի քննադատներն ու արվեստաբանները:

Սմիթը նաև այն կարծիքին է, որ կինոքննադատները հաճախ կարող են մարգարեանալ այն իմաստով, որ ի վիճակի են ֆիլմն արժևորել տվյալ պահին, ինչը հետագայում կանի նաև ինքը` պատմությունը: Նրա ասելով, օրինակ` ժամանակին ըստ արժանվույն չեն գնահատվել Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը», որն իր կարծիքով կինոյի ողջ պատմության մեջ նկարված լավագույն ֆիլմերից է, Սկորսեզեի «The King of Comedy»ին: Կինոքննադատըքիչ թե շատ կինոյով հետաքրքրվածներին խորհուրդ է տալիս անպայման նայել Ալֆրեդ Հիչկոկի բոլոր ֆիլմերը:

Խոստովանում է, որ իր համարձակ գնահատակնների համար մի կինոընկերություն անգամ արգելել է դիտել իր ֆիլմերը:  «Բայց եթե այդ ֆիլմերն իրոք լավը լինեին, նրանք անհանգստանալու խնդիր չէին ունենա»,-կարծում է Յան-Հեյդն Սմիթը:

Ինչ վերաբերում է այսօրվա կինոյին ու կինոհանդիսատեսին, մեր զրուցակիցը փաստում է, որ երիտասարդ սերունդը այլևս սովոր է youtube-ի վիդեոներին, ամերիկյան բլոկբաստերներին, որտեղ գործողությունները չափից արագ են կատարվում. «Մի կողմում ունենք, օրինակ, Մայքլ Բեյի «Տրանսֆորմերը», որն ահավոր վատ է ռեժիսուրայի և մոնտաժի տեսանկյունից, մյուս կողմում՝ երիտասարդ կինոգործիչների մի մեծ խումբ, որ աշխարհն ուրիշ աչքերով է տեսնում և թարմ շունչ բերում կինոյին»:

Նա բնավ այն կարծիքին չէ, թե բլոկբաստերների պատճառով  ինտելեկտուալ կինոն նահանջում է. «Իրականում ողջ աշխարհում չկա նման բան, որ մարդիկ գնան կինոթատրոն հենց լուրջ ֆիլմեր դիտելու համար: Միշտ էլ, դիցուք, Թեո Անգելոպուլոսի, Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունների ժամանակ մեծաթիվ հանդիսատես չի եղել: Կինոն արվեստի միակ տեսակն է, որը արդյունաբերություն է համարվում: Ու դու երբեք չես կարող ստիպել մի մարդու, որ ահռելի գումար է ծախսել ֆիլմի վրա, այդ գումարը վերադարձնելու ակնկալիքներ չունենա: Պարզապես հարկավոր է պահպանել ինտելեկտուալ և ժամանցային կինոյի առողջ հավասարակշռությունը: Այդ խնդրի լուծմանը կօգնեին կինոթատրոնները, որոնց թիվը նվազում է ողջ աշխարհում: Ի դեպ, Ֆրանսիան փորձել է խնդիրն օրենսդրորեն կարգավորել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ