Սերգեյ Փարաջանովի թանգարանում ցուցադրվող կոլաժները և ընդհանրապես հավաքածուն միայն կեսն է այն ժառանգության, որ երբևէ պատկանել է կինոռեժիսորին: Փարաջանովն ամբողջ կյանքում բաժանել է իր ունեցածը, նվիրել` առանց պահ անգամ մտածելու իր նվիրածի արժեքի մասին կամ ում ձեռքն է այն անցնելու: Շատերը հետո մեծ գումարով վաճառել են նվերները, ու այդպես փարաջանովյան մասունքների հետքերը կորել են: Ոմանք էլ վարպետից մնացած հիշատակներն անգին գանձի նման պահում-փայփայում են ու չեն համաձայնի ոչ մի գնով որևէ մեկին վաճառել:
Պատահական առիթով իմացա, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի երկարամյա հնչյունային ռեժիսոր Իրեն Օրդուխանյանը փարաջանովյան մասունքներ ունի` նամակներ, կոլաժներ, լուսանկարներ: Դրանք մեծ մասամբ կապված են ամուսնու` անվանի կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի հետ, որի հետ մտերիմ է եղել Սերգեյ Փարաջանովը: Մեր զրույցից պարզվեց նաև, որ հետաքրքիր հուշեր ունի Փարաջանովից նաև Ֆրունզե Դովլաթյանի որդին` Դավիթը:
– Հիշում եմ նրա սցենարները, որոնց տակ իր անուն-ազգանունից բացի, միշտ մի ուրիշ անուն-ազգանուն էլ էր գրում,- պատմում է Դավիթը:- Օրինակ` «Աշուղ Ղարիբի» տակ գրել էր` Սերգեյ Փարաջանով, Դավիթ Աբաշիձե: Բայց նրա երեսն էլ չէր տեսել: Հետո հասկացա, թե ինչու էր այդպես անում. որպեսզի ուրիշներն էլ հոնորար ստանան:
Ես ծանոթացա Փարաջանովի հետ, երբ 9-րդ դասարանում էի: Դիլիջանում էինք` կինեմատոգրաֆիստների տանը: Նա ինձ առաջարկեց նկարահանվել «Աշուղ Ղարիբում»: Ես պետք է մի փոքր դեր կատարեի` աշուղ Ղարիբի գլխավերևի երկու հրեշտակներից մեկը լինեի: Նկարահանումները տեղի էին ունենում Ադրբեջանում: Ի դեպ, մյուս հրեշտակը վրացի էր: Փարաջանովը պատմեց, որ մետրոյում է նրան տեսել, հետևել ու առաջարկել նկարահանվել իր ֆիլմում: Պոլիտեխնիկ ինստիտուտի ուսանողը չի ճանաչել Փարաջանովին, մերժել է: Նա էլ մինչև տղայի տուն հետևից գնացել է ու վերջապես համոզել:
– Ինչո՞ւ հենց քեզ առաջարկեց Փարաջանովը հրեշտակի դերը:
– Կարծում եմ` խուճուճ մազերս էին պատճառը: Երբ տեսա մյուս` վրացի հրեշտակին, անկեղծորեն զարմացա: Ես նրա կրկնօրինակն էի, միայն թե տարիքով մի քիչ փոքր: Ես մինչ այդ նկարահանվել էի մի քանի կարճամետրաժ ու մանկական ֆիլմերում, պատկերացնում էի` ինչ է ուզում ինձնից Փարաջանովը:
– Դա, կարծեմ, այն ժամանակ էր, երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, իսկ դուք, փաստորեն, Ադրբեջանում էիք նկարահանում, վտանգավոր չէ՞ր:
– Դեռ լիովին չէինք գիտակցում` ինչ է կատարվում: Ֆիլմը «Վրացֆիլմինն» էր. խմբի մեծ մասը վրացիներ էին: Փաստորեն լուրջ էր Փարաջանովի, օպերատոր Ալբերտ Յավուրյանի, իմ ու հայկական -յան-ով ավարտվող ազգանունով աշուղ Ղարիբի եզդի դերակատարի հարցը: Ընդ որում, Հայաստանում ոչ ոք չգիտեր, որ մենք Ադրբեջանում նկարահանումներ ենք անում: Հայրս զանգեց ինձ ու ասաց, որ ինքնաթիռի տոմս գնեմ ու առավոտյան վերադառնամ Երևան, իբր մայրս հիվանդացել էր: Հոնորարովս տոմս գնեցի ու թռա Երևան: Տաքսիով գնացի օդանավակայան: Վարորդն ադրբեջանցի էր, բայց դեռ անտեղյակ էր կատարվող դեպքերին: Երբ իմացավ, որ հայ եմ, ցույց տվեց Բաքվում պտտվող տրամվայ-սրճարաններն ու ասաց. «Մենք ձեզնից սովորեցինք այս կուլտուրան: Այսպիսի լավ բաներ շատ արեք, որ մենք էլ ընդօրինակենք»: Այդ պահին ես շատ հպարտ զգացի ինձ: Մի խոսքով, իմ կյանքը փրկված էր: Ադրբեջանական կառավարությունը հոգաց նաև Փարաջանովի, Յավուրյանի ու եզդի դերասանի փրկության հարցը. թիկնապահների ուղեկցությամբ նրանց փախցրին երկրից: Ադրբեջանական իշխանությունները, իհարկե, գիտակցում էին, որ եթե Փարաջանովին մի բան լիներ, ծանր կհատուցեին, դրա համար էլ արագ կազմակերպեցին նրա հեռացումը: Փարաջանովը շատ ծանր տարավ, երբ իմացավ, որ Բաքվում մի տրոլեյբուսի վարորդի են սպանել միայն նրա համար, որ հայ էր: Այդ մարդուն նա ճանաչում էր, մտերմացել էր: Նա հանճար էր, բայց ինձ մի բան դուր չէր գալիս. չհասկացա, թե ինչու «Աշուղ Ղարիբը» նկարահանեց ադրբեջաներեն: Լերմոնտովի հեքիաթը թուրքական էր, միգուցե այդ պատճառով:
– Ընդհանրապես Փարաջանովն ինչպե՞ս էր վերաբերվում ազգամիջյան նոր սկսվող հակամարտությանը. ինչպե՞ս արձագանքեց:
Զրույցին միջամտում է Դավթի մայրը` Իրեն Օրդուխանյանը, որ դստեր հետ մինչ այդ Փարաջանովի նամակներն էր թերթում:
– Դուք չեք պատկերացնի, թե Փարաջանովը որքան հեռու էր այդ ամենից: Նա արվեստագետ էր, գեղագետ, այլմոլորակային, ու այդ ամենին տիեզերքից էր նայում: Հիշում եմ` բանտից երկու-երեք ամիս առաջ էր դուրս եկել: Թբիլիսիից եկավ Երևան: Մեր ընդհանուր ընկերներից մեկն իր տանը ճոխ հյուրասիրություն կազմակերպեց Փարաջանովի պատվին: Սեղանը լիքն էր, բոլորն ուտում էին: Իսկ Փարաջանովը պատառաքաղով խաղում էր իր ափսեի ուտելիքի հետ ու խոսում: Պատմում էր. երեք ժամ այդպես խաղաց ու պատմեց բանտից: Կարծես իմիջիայլոց էր խոսում, անգամ հումորով էր հիշում կալանավայրի կյանքը: Շունչս կտրվում էր. հորս հիշեցի: Նա 18 տարվա աքսորից հետո վերադարձել էր Սիբիրից: Այդ չխոսկան մարդը մի երեկոյի ընթացքում խոսեց ու խոսեց իր աքսորից: Այդ օրը, տեսնելով Փարաջանովին նույն վիճակում, հասկացա նաև հորս: Փարաջանովը շատ վիրավորված էր Հայաստանից, որ բանտից դուրս գալուց հետո իրեն չընդունեց, տեղ չտվեց: Շատ ազդված էի: Մեկ էլ այդպես ազդվել եմ, երբ գիտեինք, որ Փարաջանովն անբուժելի հիվանդ է, քաղցկեղ ունի: Գնացինք նրան տեսնելու: Հիվանդասենյակում նստած էր սայլակին: Դեսուդեն էին քշում. այդ հսկա մարդը փոքրացել, խեղճ վիճակում էր հայտնվել:
– Սերգեյ Փարաջանովն ու Ֆրունզե Դովլաթյանը հաճա՞խ էին հանդիպում:
– Մեր ամուսնությունից առաջ էր սկսվել նրանց ընկերությունը: Դա մի տեսակ զգացմունքային մտերմություն էր, հասկանո՞ւմ եք: Չգիտեմ` ինչպես բացատրեմ: Նրանք հաճախ էին հանդիպում, ժամերով զրուցում: Թեև ժանրային առումով խիստ տարբեր կինոռեժիսորներ էին, բայց միմյանց մի փութ խորհուրդ էին տալիս: Օրինակ` Ֆրունզեի «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմում Խորեն Աբրահամյանի մահը Փրաջանովն է հուշել: Ասաց` թող երեխան կրակի, ու Խորիկը մահանա: Ֆրունզեին դուր եկավ այդ միտքը, այդպես էլ նկարեց: Փարաջանովն անընդհատ խոսում էր, նրա բառերն ուղղակի հորդում էին բերանից, իսկ ամեն մեկը մի ադամանդ էր: Նա մարդ-տոն էր: Ամեն վայրկյանը յուրաքանչյուրի համար տոն էր դարձնում, իր կյանքն էլ էր տոն դարձնում: Թբիլիսիի իր տանը կազմակերպեց Ֆրունզեի ծննդյան 60-ամյակը: Ի՜նչ արարողություն էր, ի՜նչ արարողություն: Ֆելինիի համար Փարաջանովը մի խալաթ էր կարել, որ նրան ուղարկի: Ֆրունզեին այդ խալաթը հագցրեց: Այդպես լուսանկարվեցինք: Բայց չհասցրեց նվերն ուղարկել Ֆելինիին: Այդ խալաթով էլ նրան թաղեցին:
– Ֆրունզե Դովլաթյանն այդ տարիներին «Հայֆիլմի» գեղարվեստական ղեկավարն էր. համատեղ ֆիլմարտադրության մտահղացումներ չե՞ն եղել:
Պատմում է Դավիթ Դովլաթյանը.
–«Վրացֆիլմը» գերհզոր կինոստուդիա էր, անգամ իր գազանանոցն ուներ: Ամեն տաղավարը մեր «Հայֆիլմի» չափ էր: Երբ Ադրբեջանից վերադարձանք, «Աշուղ Ղարիբը»գրեթե լիովին նկարահանված էր: Մի փոքր մաս ստիպված պետք է նկարահանվեր «Վրացֆիլմում»: 5-6 օր Փարաջանովը սպասում էր, որ ժապավեն ու կինոխցիկ տրամադրեն իրեն: Այդքան մեծ հնարավորություններ ունենալով հանդերձ` վրացիները սարսափելի անկազմակերպ ու անպատասխանատու էին: Գործն առաջ չէր գնում. ժամանակ էլ չկար: Փարաջանովը զանգեց հորս ու իրավիճակը ներկայացրեց: Մեկ օրվա ընթացքում հայրս ժապավենն ու կինոխցիկը հասցրեց: Իհարկե, «Վրացֆիլմը» հետո փոխհատուցեց:
Ֆրունզե Դովլաթյանը պայքարում էր, որ Փարաջանովն անպայման նկարահանի իր «Խոստովանություն» ֆիլմը, ու որ այն նկարահանվի ոչ թե «Վրացֆիլմի» հետ համատեղ, այլ միայն ու միայն «Հայֆիլմի» արտադրանքը լինի: Այդպես էլ չհաջողվեց ու չստացվեց: Հայրս շատ լավ գիտեր, որ այդ ֆիլմը Փարաջանովի հերթական գլուխգործոցն էր լինելու, ինչո՞ւ այն կիսել «Վրացֆիլմի» հետ: Ի դեպ, «Խոստովանությունում» պատանի Փարաջանովին ես պետք է մարմնավորեի, մեծ տարիքում այդ դերը պետք է խաղար Ռոդիոն Նահապետովը: Փարաջանովի մայրը լինելու էր Սոֆիկո Ճիաուրելին, հայրը` Արմեն Ջիգարխանյանը: Փարաջանովը ծանր հիվանդացավ, ու ամեն ինչ հօդս ցնդեց:
Նա նաև մտադիր էր «Հայֆիլմի» ու Արաբական Էմիրությունների կինոստուդիաների համատեղ արտադրության «Սասունցի Դավիթ» նկարահանել: Սցենարն արդեն գրել էր:
Մի խոսքով, ես բախտ ու երջանկություն եմ ունեցել շփվելու Փարաջանովի հետ, նրա ուրախ ու տխուր տրամադրությունների վկան լինել: Հիշում եմ նաև, թե սոցիալական ինչ ծանր վիճակում էր նա հայտնվել բանտից հետո ու ստիպված էր իր հնաոճ իրերի հավաքածուից մի բան վաճառել` ապրելու համար: Ու դա եղավ Ստրադիվարիուսի աթոռը:
Չափազանց առատաձեռն ու բարի էր, պարզ, անմիջական: Եթե սիրում էր, ուրեմն` անմնացորդ, մինչև վերջ: Ոչ մեկին առանց նվերի բաց չէր թողնի: Իր տան պատերից էլ էր իրեր հանում-նվիրում: Իհարկե, հաջորդ օրն իսկ նույն տեղում այլ կոլաժ կամ արժեքավոր իր էր կախվում: Հատկապես սիրում էր ծանոթանալ ու շփվել հասարակ մարդկանց հետ, ուրախանալ և ուրախացնել նրանց, նվերներ մատուցել, տոն, կերուխում, թատերական ներկայացումներ կազմակերպել:
– Ի՞նչ է ձեզ նվիրել Փարաջանովը, ո՞րն է այն նյութական աննյութականը, որ ամենաթանկն է ձեզ համար:
-Նամակներ ու երկու կոլաժ:
Իրեն Օրդուխանյանը փարաջանովյան հիշատակներից առանձնացրեց մի նամակ` ամենավերջինը, որ Փարաջանովն ուղարկել էր Ֆրունզե Դովլաթյանին: Բոլոր մյուս նամակները վարպետը գրել է ընթեռնելի, համաչափ ձեռագրով. այս մեկը հազիվ ես վերծանում: Ձեռագիրը մեկ հստակ է, մեկ երևում է, որ մտքերն առաջ են ընկել գրչից: Վիրավորանք, ափսոսանք, ցավ, հպարտություն. միանգամից հորդում են` իրար հերթ չտալով: Նամակը ռուսերեն է: Ամիս-ամսաթիվ չկա, բայց ներկայացվող իրավիճակից գլխի ես ընկնում, որ գրված է 1989-90 թթ.:
Ահա մի հատված այդ նամակից:
«Գիտեմ, որ նամակս կտխրեցնի քեզ, Ֆրունզիկ, թանկագին ընկեր ու եղբայր: Ես քեզ հետ կլինեմ մինչև վերջ անկեղծ և ուղիղ: Ցեղասպանության ժամանակ Սարյանը ծաղիկներ էր նկարում ու սարեր. հենց դա էր Սարյանի մեծությունը: Կեղծ խաղերի ու բարիկադների ժամանակ ես էկրանավորեցի Լերմոնտովին ու ինքս ինձ դափնեպսակ շնորհեցի: Ես հաղթեցի պարզունակ որոշումներին: Ժամանակն ամեն ինչ հետո ցույց կտա: Ֆիլմից հեռացավ Տիգրան Մանսուրյանը, կհեռանա նաև Ալիկը: Ֆրունզ, թանկագինս, ես չեմ կարող ու չեմ ուզում «Խոստովանությունը» նկարել Երևանում: Հայաստանում ես բոլորին ազատեցի իմ ներկայությունից, կթեթևացնեմ ու կուրախացնեմ նրանց: «Խոստովանությունը» Թբիլիսիում կնկարեմ: Վրացիներն ինձ բնակարան տվեցին ու կոչում շնորհեցին: Այսօր Հայաստանին պետք չես դու, պետք չեմ ես, պետք չեն Փելեշյանը, Բալայանը: Նրանց պետք է գորշ ամեոբա: Ֆրունզ, ես քեզ շատ եմ սիրում ու ես քեզ սպանում եմ: Ժամանակներն են այդպիսին, ներիր»:
Իրեն Օրդուխանյանը, որ 1990-ականների սկզբների քաղաքական-հասարակական հեղաշրջումների վկան է, որոնք չշրջանցեցին նաև կինոն, ականատես է եղել նաև Ֆրունզե Դովլաթյանի հոգեկան տառապանքներին: Ժամանակները ստեղծագործելու համար նպաստավոր չէին, իսկ նա, Փարաջանովը, Հենրիկ Մալյանը ստեղծագործել էին ուզում: Ու եղավ այնպես, որ հարազատ ժողովուրդն անգամ, էլ ուր մնաց աթոռ զբաղեցնողները, չհասկացավ նրանց: Հիշում է.
– Փարաջանովին քննադատում էին, որ թուրքական գործ է նկարահանում` «Աշուղ Ղարիբը»: Ֆրունզն ուզում էր նկարել «Պատը» ֆիլմը 1937 թվականի մասին, չկարողացավ: Կինեմատոգրաֆիստների ժողովն եմ հիշում. ի՜նչ արեցին Մալյանին, ինչ օրը գցեցին: Նա ուզում էր Կոմիտասի մասին ֆիլմ նկարել, սցենարը պատրաստ էր: Ուղղակի տրորեցին այդ սցենարը, թե ամոթ է, էս ինչ Կոմիտաս ես նկարում: Բայց մի՞թե Մալյանը վատ կնկարեր, ախր նա Մալյանն էր: Բայց նա շատ փխրուն էր, նրա նմաններին երկու վայրկյանն էլ, մի խոսքն էլ բավական էին սպանելու համար: Ու Մալյանը չդիմացավ, կաթվածից մահացավ:
Չկար Մալյանը, չկար Փարաջանովը. Ֆրունզե Դովլաթյանը, դատարկ թիկունքով ու կոտրված, տեղի է տալիս: Հոգեկան ծանր ապրումներն առողջությունը քայքայում են: Աչքի առաջ հարազատ ժողովուրդը կրում է երկրաշարժի, շրջափակման, մութուցուրտի տառապանքները: Դրան ավելացրած` արժեհամակարգի անկումը: Հիվանդանոցում, մահից առաջ` վերջին հարցազրույցի ժամանակ, նա ասում է. «Ինձ տառապանք է պատճառում այն, որ դեռ ստեղծագործական ուժերով լի` արդեն ապրում եմ հիշողություններով, ու ես դեռ կենդանի` իմ անունն արդեն հիշատակում են»:
Նաիրա ՓԱՅՏՅԱՆ