գօլդենՄինչ մենք հին Նոր տարուն սրբում էինք տոնական սեղանի փշրանքները, օվկիանոսից այն կողմ` Լոս Անջելեսում, առատ կինոավար էին բաժանում: Հետո, «ավարառուների» ոչ թե ոսկեգեղմով, այլ, ավելին, «Ոսկե գլոբուսով» ամրապնդված փառքը, թևեր առած, սլացավ օվկիանոսների վրայով և գրավեց ամբողջ մոլորակը: Մերօրյա արգոնավորդների փառքն եկավ անցավ Կոլխիդան, և ահա, ի թիվս այլ վայրերի, սպիտակի վրա սևով արձանագրվում է նաև հարևան Հայաստանում` ինքնին որպես սև ու սպիտակ պատմություններ հենց սևերի ու սպիտակների մենամարտի մասին: Եվ այսպես, 70-րդ «Ոսկե գլոբուսն» ամփոփում ենք իբրև սևերի ու սպիտակների մենամարտ` օվկիանոսի այս ու այն ափերում:

Aflek«Արգո» գործողությունը»

լավագույն դրամա, լավագույն ռեժիսոր` Բեն Աֆլեք

Յասոնին փոխարինելու եկած Բեն Աֆլեքին իրավամբ հաջողվել է հաղթահարել մեզ բաժանող օվկիանոսը` հային դարձնել երկու ժամով ամերիկացի:

79-ին, երբ Բենը 7 տարեկան էր, Թեհրանում գրավեցին ԱՄՆ-ի դեսպանատունը, ու միայն 6 դիվանագետի հաջողվեց ճողոպրել ու ապաստանել Կանադայի դեսպանի տանը. նրանց փրկության գաղտնի ծրագիրն անվանվեց ՙԱրգո՚, որի հիմնական իրագործողը Թոնի Մենդես անունով էվակուատորն էր. հենց այդպես են անվանում փորձանքից մարդկանց դուրս բերող մասնագիտացված գործակալներին: Այդ օրերից ԱՄՆ-Իրան հարաբերությունները շատ չեն փոխվել, իսկ երբ արաբական արյունոտ գարունը Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանի սպանությամբ պսակվեց, շուրջ երեք տասնամյակի վաղեմության իրադարձություններն առավել քան հրատապ դարձան:

Ռեժիսոր Բեն Աֆլեքն իր երրորդ ֆիլմում այս անցած – գնացած պատմությունն այնքան համոզիչ վերապատմեց ամբողջ աշխարհին, որ բոլորին ստիպեց անգամ օվկիանոսից այս կողմ տագնապել օտարազգի դիվանագետների ճակատագրի համար, ուրախանալ ԱՄՆ-ի հատուկ ծառայության հաջողությամբ, կարծես կադրում հպարտ ծածանվող աստղազարդ դրոշը ամենքինն է, իսկ պարտվողը ոչ թե մեր «եղբայրական» հարևան Իրանն է, այլ մի չարիքի կայսրություն:

Կինոյում հաճախ են պատահում ռեժիսոր դարձած դերասաններ և, որպես կանոն, անցումն աննկատ է մնում, բայց Բենը հաճելի բացառություն է, իսկ նրա «Արգոն» բացառիկ ֆիլմ` կադր առ կադր հավաքած կինոյի ոսկե կանոններով: Ֆիլմում քաղաքական կամ գործակալական թրիլլերի ժանրային օրենքներից դուրս ոչինչ չկա: Առաջին հինգ րոպեներից հետո պարզ է դառնում, որ նեղության մեջ հայտնվածներին փրկելու են, որ դիտում ես մաքուր ամերիկյան հերոսապատում, որ թրաշով զիլ տղան` նույն ինքը Բեն Աֆլեքը Թոնի Մանդեսի դերում, քաջածանոթ ամուր կորիզն է, ու հաստատ նրա բռնած գործը հաջողությամբ է պսակվելու, բայց իրադարձությունների զարգացման տեմպն ու անթերի հաշվարկված սյուժետային անցումները, դրամատուրգիան, որում անգամ երկրորդական կերպարներն են մինչև վերջ բացվում, այնպես են կլանում, որ հիասթափվելու փոխարեն հրճվանք ես ապրում: Երկու ժամ շունչդ պահած, լարված հետևում ես, թե ինչ է լինելու, անգամ չհասցնելով գիտակցել, որ դա քեզ վաղուց հայտնի է: Այս ամենին գումարվում են իրական ժամանակագրության տպավորիչ համադրումը գեղարվեստական պատումի հետ, նախաբանում օգտագործված ֆոտոանիմացիոն անցումները և վերջում կերպարների ու նրանց իրական նախատիպերի զուգակցված ցուցադրումը:

Իր բոլոր առավելություններով հանդերձ` կլանող «Արգոն» ներքուստ անհուսալիորեն սև ու սպիտակ է. արևմուտքցիները սպիտակ են, իսկ արևելքցիները` սև, որոնցից միակ դրական կերպարը Կանադայի դեսպանի պարսիկ սպասուհին է, որ ստիպված է արտագաղթել: Սպիտակները հաղթում են` սևերին թողնելով սևերես:

Ի դեպ, եթե երեսից խոսք բացվեց, արժե հիշատակել նաև, որ Ջոն Գուդմանի մարմնավորած կերպարը` Ջոն Չեմբերսը, իրականում եղել է Հոլիվուդի առաջին օսկարակիր դիմահարդարը («Կապիկների մոլորակը»), լեգենդար մի մարդ, որն իր շնորհքը ծառայեցրել է ոչ միայն կինոյին, այլև պատերազմից ու քաղցկեղից այլանդակված հարյուրավոր մարդկանց օգնել է չկորցնել իրենց դեմքն այն ժամանակներում, երբ պլաստիկ վիրաբուժությունը դեռ հրաշքներ չէր գործում:

Del-Lyuis«Լինքոլն»
դրամայի լավագույն դերասան` Դանիել Դեյ-Լյուիս

Եթե Հրաչ Քեշիշյանը մի տարում հասցնում է նախապատրաստվել ու նկարել Նժդեհի մասին ֆիլմ, ապա Սթիվեն Սփիլբերգը 12 տարի է նախապատրաստվել ԱՄՆ-ի նախագահ Լինքոլնի կյանքի միայն մի հատվածը պատկերող կինոնկարի համար, պարզապես, որ չկեղծի իր երկրի պատմությունը, և անգամ ֆիլմում հնչող ժամացույցի թկթկոցը Լինքոլնի իրական գրպանի ժամացույցինն է, որ մահանալիս նրա գրպանում էր: Սփիլբերգը նույնքան վիճարկելի է, որքան Հոլիվուդն ընդհանրապես, բայց իմանալով, որ ռեժիսորը նկարահանումների երեքուկես ամիսների ողջ ընթացքում Լինքոլնի դերակատարին դիմել է բացառապես «պարոն նախագահ» ասելով, հասկանում ես, որ խոսքը «ցնդած արվեստագետի» մասին չէ, այլ իր գործի իսկական մոլեռանդի: Այս մանտրան անխափան աշխատել է, քանի որ Դանիել Դեյ-Լյուիսն ասես 55-ամյա Լինքոլնի կենդանացած արձանը կամ լուսանկարը լինի: Հարցազրույցներից մեկում Դեյ-Լյուիսը նույնիսկ խոստովանել է. «Կյանքում երբեք այսքան խոր զգացմունք չեմ ունեցել մի մարդու նկատմամբ, որին չեմ հանդիպել… Ցանկանում եմ, որ Լինքոլնի կերպարն ինձ հետ մնա ընդմիշտ»: Դեյ-Լյուիսը դարձավ «Գլոբուսի» կրկնակի դափնեկիր (նախորդը «Նավթ» ֆիլմի գլխավոր դերակատարման համար էր):

Հասուն վարպետ Սփիլբերգը, ի տարբերություն դեռ երիտասարդ Աֆլեքի, կարիք չունի օվկիանոսը հատելու, այլ ներսից է խոսում ու հիմնականում ներքին լսարանի համար, իր երկրի ակունքից ու պատմությունից, իր համերկրացիների հետ: Լինքոլնը նախ և առաջ Հյուսիսի ու Հարավի քաղաքացիական պատերազմն ավարտի հասցնող նախագահն է, մեկը, որ երկիրը վերջնականապես և անդառնալիորեն ազատեց ստրկատիրության արատից, որի շնորհիվ այսօր Օբաման կարող է լինել նախագահ, որովհետև օվկիանոսից անդին կա մի ազատ երկիր, որտեղ կարող են հաղթել թեʹ սևերը և թեʹ սպիտակները, ու հենց նա` ԱՄՆ-ի 16-րդ նախագահը, Սահմանադրության 13-րդ հավելվածով այնպես արեց, որ իր ազգը պարզերես մնաց սեփական պատմության ամենասև էջը փակելիս:

Jesika«Zero Dark Thirty»
դրամայի լավագույն դերասանուհի` Ջեսիկա Չեսթեյն

Եվս մեկ ամերիկյան հերոսապատում թվագրվում է 2001, սեպտեմբերի 11- 2011, մայիսի 2` նյույորքյան աղետից մինչև Բեն Լադենի ոչնչացում ժամանակահատվածով: Այս պայքարն է փորձել ամբողջացնել օսկարակիր կին ռեժիսոր Քեթրին Բիգլոուն իր «Zero Dark Thirty»-ով (ռազմական տերմին է, որ նշանակում է ուղիղ 0:30. ճիշտ այս ժամին է սկսվել Բեն Լադենի վերացման գործողությունը): Բայց «Գլոբուսին» տեր դարձավ ոչ թե ռեժիսորը, այլ վերջին երկու տարիների ամերիկյան կինոյի ամենավառ աստղերից մեկը` Ջեսիկա Չեսթեյնը: Ու կրկին սպիտակները հաղթում են սևերին, ժողովրդավարությունը` ահաբեկչությանը, հետախույզ զուսպ կինը` ծայրահեղական իսլամիստ տղամարդուն:

Կինոքննադատները համարում են, որ «Ոսկե գլոբուսը» «Օսկարի» գլխավոր փորձն է, ըստ ամենայնի` այս երեք ֆիլմերի մեջ էլ առաջիկայում կծավալվի ոսկե «քեռիների» համար մղվող հիմնական պայքարը:

Jekman«Թշվառները»

լավագույն մյուզիքլ, մյուզիքլի լավագույն դերասան` Հյու Ջեքման, երկրորդական դերի լավագույն դերասանուհի` Անն Հաթըուեյ

Հյուգոյի «Թշվառները» բոլորովին էլ թշվառականի էկրանային ու բեմական ճակատագրի չի արժանացել: Տարբեր ժամանակներում անվանի ռեժիսորներ են հմայվել ֆրանսիական էպոպեայով` Ժան-Պոլ Լը Շանուան (1958-ին), Ռոբեր Հոսեյնը (1982-ին), Կլոդ Լելուշը (1995-ին), Բիլե Աուգուստը (1998-ին): Իսկ Կլոդ-Միշել Շամբերգի և Ալեն Բուբլիլի հեղինակած մյուզիքլը 1980-ի փարիզյան բեմելից հետո 21 տարի շարունակ մնացել է խաղացանկում, ավելին` բեմադրվել է աշխարհի 38 երկրների 221 քաղաքում` դառնալով պատմության մեջ ամենահայտնի ու շատ բեմադրված մյուզիքլը:
Ann_42010-ին կակազող թագավորի պատմությամբ կինոաշխարհի սիրտը նվաճած ռեժիսոր Թոմ Հուփերը երկու երանի մի տեղ է արել` էկրանավորելով չարչրկված վեպի մյուզիքլը: «Թշվառներն» անթերի հաշվարկ է, գունագեղ, գեղազգեստ երաժշտական դրամա, որտեղ ժամանակի ոգին, երգ ու պատկեր դարձած, անկաշկանդ, 160 րոպե շարունակ հոսում է էկրանից ուղիղ հանդիսականի վրա ու իրենով անում աչք ու ականջ: Եթե ենթագրերում գրվեին երգերի բառերը, հնարավոր կլիներ նաև կարաոկեն համատեղել տեսալսողական խրախճանքի հետ: Հուփերը բեմից էկրան տեղափոխած պարահրապարակ-բարիկադների երկվությունը կոտրելու համար հազար տեսակ հնարքներ է գործածել, բայց ապարդյուն. գրական նախատիպից էլ փոքր տարիքի Գավրոշի մահն անգամ անկարող է լացացնել երգ ու պարով համակված հանդիսականին: Երբ գրքի 70 էջը էկրանին խաղարկվում է 3-4 րոպե, իսկ ֆիլմի երկրորդ կեսում ընդհանրապես մի երգը հաջորդում է մյուսին, հասկանում ես, որ սյուժեն այլևս կարևոր չէ, որովհետև բոլորը, եթե չեն էլ կարդացել, հազար անգամ տեսել են «Թշվառները». ժամանակն է պարզապես վայելել նրանց հեղափոխական պարահանդեսը:

Ժամանակին Բրոդվեյում փայլատակած Հյու Ջեքմանի Ժան Վալժանը Ժան Գաբենի, Լինո Վենտուրայի, Ժան-Պոլ Բելմոնդոյի և Լիամ Նիսոնի համեմատությանը չէր դիմանա, եթե նրան օգնության չգար հրաշալի ձայնը: Ապշում ես, երբ պարզում ես, որ բոլոր դերակատարները հենց նկարահանման հրապարակում կենդանի կատարմամբ են ձայնագրվել, ինչն աննախադեպ է նման ֆիլմերի համար: Ըստ արժանվույն է գնահատվել նաև գեղեցկուհի Անն Հաթըուեյը Ֆանտինի դերակատարման համար: Ֆիլմում հավաքվել է երաժշտական ու դերասանական մեծ տաղանդով օժտված իսկական աստղաբույլ, թերևս միայն Ռասել Քրոուն է, որ ձայնային տվյալներով ակնհայտորեն չի փայլում, ավելին, ողջ կյանքում աքսորից փախած Վալժանին հետապնդող ոստիկան Ժավերին նախկինում ոչ մեկն այդքան շվար ու մոլոր չի տեսել:

1913-ին Ալբեր Կապելանի հինգ ժամանոց քառամաս «Թշվառները» սև-սպիտակ ու համր էր, այսօրվա հայացքով` իր վերնագրին համահունչ: Ուղիղ մեկ դար անց Թոմ Հուփերի «Թշվառները» գունագեղ ու աղաղակող է, 61 մլն դոլարանոց: Ուրեմն ոսկին հաղթեց թեʹ սևին և թեʹ սպիտակին:

Valtz«Ազատագրված Ջանգոն»

լավագույն սցենար, երկրորդական դերի լավագույն դերասան` Քրիստոֆ Վալց

Ամերիկյան կինոյի դասական պոստմոդեռնիստ Քուենթին Տարանտինոն կրկին գլխիվայր շուռ է տվել ամեն ինչ, խառնել բոլոր խաղաքարտերն ու ժանրերը, միավորել վեսթերնն ու հիփ-հոփը և նկարել տարանտինոյական հերթական գլուխգործոցը` «Ազատագրված Ջանգոն»: Այստեղ հաղթում են սևերը, իսկ սպիտակները, եթե նույնիսկ լավն են, մեկ է, պիտի մեռնեն: Այստեղ ստրուկներն ազատագրվում են, թշվառները` ոչ թե երգում ու պարում, այլ շանսատակ են անում իրենց կեղեքողներին, բայց, գրողը տանի, սա իսկական կինոհրավառություն է: Ու կրկին, արդեն երկրորդ անգամ, Տարանտինոյի ֆիլմով ավստրիացի դերասան Քրիստոֆ Վալցը «Գլոբուսի» արժանացավ (2009-ին նույն անվանակարգում «Ոսկե գլոբուսի», ապա «Օսկարի» է արժանացել «Անփառունակ վիժվածքներ» ֆիլմում Էսէսի շտանդարտենֆյուրեր Հանս Լանդայի դերակատարման համար):

Maykl Danna_pi«Պիի կյանքը»

լավագույն կոմպոզիտոր` Մայքլ Դանա

Օվկիանոսի իրական տիրակալն արժանացավ միայն մեկ «Ոսկե գլոբուսի»` երաժշտության համար, որովհետև ոʹչ սև էր, ոʹչ էլ սպիտակ: Խոսքը «Պիի կյանքը» ստեղծագործության հիման վրա Ան Լիի նկարած ֆիլմի մասին է, որ, մեզ գլխավոր հերոսի հետ գցում է մարդ-բնություն-Աստված յուրատեսակ բերմուդյան եռանկյունու մեջ ու հետո փրկում, որ պատմենք բոլորին կյանքի հրաշքի մասին: Ֆիլմի հերոսը հնդիկ երիտասարդ է, որ ծնվել ու մեծացել է իր ընտանիքին պատկանող գազանանոցում: Բայց արտառոցը դա չէ, այլ նրա անունը` Պիսին Մոլիտոր Պատել (այսպես է կոչվում փարիզյան հայտնի լողավազանը, որն այժմ հուշարձան է և չի գործում), կարճ` Պի: Այնպես է պատահում, որ արտագաղթելիս Պիենք նավաբեկման են ենթարկվում, որից, ի վերջո, փրկվում են նա ու Ռիչարդ Փարքերը: Իսկ Ռիչարդն այնքան էլ անփորձանք ուղեկից չէ անծայրածիր բաց օվկիանոսում, որովհետև բենգալյան վագր է: Ամեհի գազանի հետ մի մակույկում հայտնված Պիի կյանքը իսկական ոդիսական է: Բայց մենք արդեն գիտենք, որ օվկիանոսի այս ու այն ափերում ոսկեգեղմ-գլոբուսին տիրանում են մերօրյա յասոնները, իսկ ոդիսևսների հերոսական կյանքը միայն երգում են Ան Լիի պես ամենատես հոմերոսները: Զարմանալի չէ, որ ֆիլմի երաժշտությունը գրել է Մայքլ Դանան` Ատոմ Էգոյանի ֆիլմերի հիմնական կոմպոզիտորը, որը հուզական ներաշխարհի խորախորհուրդ ձայները լսել ու վերարտադրել գիտի: Ան Լին, Արևմուտքի և Արևելքի գույներն ու զգացողությունները խառնելով, ստացել է լիրիկականի ու հերոսականի, հոգևորի ու կենսականի նրբաոճ մի համադրություն, որով լցվում է սիրտդ, շարժվում միտքդ, որը դեմքիդ արցունք ու ժպիտ է պարգևում` անկախ գույնից, սեռից ու տարիքից:

Արմեն ՕՀԱՆՅԱՆ

Հ. Գ. Լավագույն արտասահմանյան ֆիլմ ճանաչվեց Կաննի անցյալ տարվա գլխավոր դափնեկիր «Սերը» (ռեժիսոր` Միխայիլ Հանեքե), որին արդեն անդրադարձել ենք «Կինոաշխարհում» (2012, # 5):