Shekoyan

Արմեն Շեկոյանին մշակույթի մարդիկ ճանաչում են իբրև օրիգինալ մտածողության տեր անձնավորության: Նրա պոեզիային և արձակին բնորոշ է քաղաքային «սլենգի» համուհոտով օգտագործումը: Գրողը նաև ամենամեծ` «Հայկական ժամանակ» վեպի հեղինակն է, որը հատվածաբար տպագրվում է «Առավոտ» օրաթերթում: Նկատի ունենալով նրա շփումները կինոաշխարհի մեծերի հետ` խնդրեցինք հետաքրքիր դրվագներ պատմել ու ընդհանրապես խոսել կինոյի և գրականության կապի մասին:
– Կինոն պե՞տք է սնվի գրականությունից…
– Կինո և գրականություն. այս թեման շատ է շոշափվել, մանավանդ իտալացի կինոգործիչների կողմից: Ֆելինին քանիցս գրել է սցենարիստների մասին, Տոնինո Գուերան էր նրա սցենարիստը… Նա Գուերայի մասին ասում էր, որ փայլուն սցենարիստ է, իսկ Գուերան հարցազրույցներում զարմանք էր հայտնում, թե Ֆելինին իրեն գովում է որպես սցենարիստի, բայց իր սցենարից ոչինչ չի թողնում, փոխում-նկարում է իր ուզածով: Ինքս էլ իբրև գրող մտածում եմ, որ լավ ֆիլմի համար լավ սցենար է անհրաժեշտ, բայց մեկ-մեկ էլ ճիշտ հակառակն եմ տեսնում: Հրանտ Մաթևոսյանի սցենարներով տասնյակից ավելի ֆիլմեր են նկարահանվել, ամենահաջողվածը, սակայն, «Մենք ենք, մեր սարերն» է, որը գրական լավ ստեղծագործություն է, սակայն Մաթևոսյանի լավագույն գործը չէ: Նույնը վերաբերում է Աղասի Այվազյանի «Եռանկյունուն». միջին մակարդակի սցենար է, բայց հրաշք ֆիլմ է ստացվել` «Հայֆիլմի» լավագույն ֆիլմերից մեկը… Այսինքն` կարևորը ռեժիսորն է, ոչ թե սցենարը: Մանավանդ Փարաջանովն իր թողած ժառանգությամբ փաստում է, որ առանց սցենարի էլ կարելի է հանճարեղ ֆիլմեր ստեղծել: Մյուս կողմից էլ` այնպես չէ, որ լավագույն գրական գործը չի կարող հանճարեղ ֆիլմ դառնալ: Ռեժիսոր և սցենարի հեղինակ Միխայիլ Շվեյցերի «Ոսկե հորթը» ֆիլմի պարագայում էլ և´ գործն է հանճարեղ, և´ ֆիլմը, չնայած նկարահանվել է խորհրդային ցենզուրայի ժամանակներում: Ի դեպ, նույն «Ոսկե հորթը» անկախության ժամանակներում էլ նկարվեց “Մոսֆիլմում”. չկար գրաքննություն, բայց խայտառակություն ստացվեց… Ասածս այն է, որ նույն գործը կարելի է և´ լավ նկարել, և´ շատ վատ: «Մոսֆիլմում» հրաշալի ֆիլմեր կան` միջակ հեղինակների սցենարներով ստեղծված, մինչդեռ ամերիկաներում ու եվրոպաներում «Աննա Կարենինայի» պես հանճարեղ գործը նկարում են ու կատարյալ չի ստացվում: Կամ` Անգլիայում «Համլետը» նկարահանել են 1000 տարբերակով, որից մի 3-ը ես նայել եմ, բոլորն անխտիր զիջում են «Լենֆիլմի» «Համլետին» (ռեժիսոր` Գրիգորի Կոզինցև), որում և´ Ինոկենտի Սմոկտունովսկու դերակատարումն է փայլուն, և´ ռեժիսուրան, և´ Շոստակովիչի երաժշտությունը: Պարադոքս է` հանճարեղ գործերի հիման վրա հազվադեպ են հանճարեղ ֆիլմեր ստեղծվել…
– Իսկ որո՞նք են գրող Շեկոյանի սիրելի ֆիլմերը:
– Ֆելինիի բոլոր ֆիլմերն եմ սիրում, դրանք շատ դեպքերում ավելի գրականություն են, հաճույքով եմ նայում Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին» կամ նրա «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», որը կարծեմ Բուլգակովի սցենարի հիման վրա է ստեղծված, ու ինչքան գիտեմ, ռեժիսորի կամայական վերաբերմունքով: Զոշչենկոյին շատ եմ հավանում, ու նրա պատվածքների հիման վրա նկարված «Չի կարող պատահել» ֆիլմը պատմվածքներին բացարձակ չի զիջում: Իսկ վերջին շրջանում հետաքրքրությամբ դիտածս ֆիլմը «Վարպետը և Մարգարիտան» է, վեպը վաղուց եմ կարդացել, արժանի գործ է, ֆիլմն էլ` բավականին հաջողված…
– Ի՞նչ է պակասում այսօրվա հայ կինոյին:
– Մի տեսակ հետաքրքրությունս կորցրել եմ ժամանակակից գրականության և կինոյի հանդեպ, և վերջին շրջանում հազվադեպ եմ գնում միջոցառումների, այն էլ` եթե հրավիրում են: Լավ կինոդիտող չեմ ու կինոհանդիսատես չեմ, պատճառն այն չէ, որ կինո չեմ սիրում, իհարկե, շատ եմ սիրում… Կարծում եմ` «Հայֆիլմի» կինոյի ժամանակներն արդեն անցյալում են, ու մեզ մոտ կինոն լուրջ հաջողություններ չի կարող ունենալ, որովհետև մեր կինոգործիչներին ըստ արժանվույն չենք գնահատում: Գրողների պարագայում գոնե դասականների, մահացածների
հոբելյանները նշում են: Չեմ հիշում, որ Մալյանի, Դովլաթյանի կամ Փարաջանովի հոբելյանները շռնդալից, մեծ շուքով նշվեն… Կինոյի թարգմանիչ կար` Վարոս Հովակիմյան, որի մասին բոլորը գիտեին, անգամ Սմոկտունովսկին գրել էր, որ Վարոսի շնորհիվ «Համլետի» հայերեն տարբերակն ավելի լավն է, քան ռուսերենը, նույնը վերաբերում է նաև «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ռուստամ և Զոհրաբ», «Ոսկե հորթը» ֆիլմերի թարգմանություններին: Հիմա ոչ ոք չի հիշում էդ թարգմանչին: Կամ` գրող, դրամատուրգ Ժորա Հարությունյանին այսօր ո՞վ է հիշում. էդ մարդը գրել է «Հարսնացուն հյուսիսից», «01-99», «Ոսկե ցլիկը» և այլ հաջողված ֆիլմերի սցենարներ, որոնց դիալոգները թևավոր խոսքեր են դարձել, իսկ գրողին չեն հիշում: Ես չգիտեմ` Կինոյի և թատրոնի ինստիտուտում, ասենք` Արման Մանարյանի «Տժվժիկի» կամ նման այլ ֆիլմերի վերլուծությանը տեղ հատկացվո՞ւմ է, թե՞ ոչ:
– Ձեր կարծիքով` ակտի՞վ են այսօրվա քննադատները` կինոյի, թատրոնի, արվեստի
– Լավ կինոքննադատներ ու կինոգետներ ունենք, ինչպես Սուրեն Հասմիկյանը, Դավիթ Մուրադյանը, սակայն արվեստաբաններն ու թատերագետները մի տեսակ ավելի շատ են ու ակտիվ: Հենրիկ Հովհաննիսյանն էր մեր ժամանակներում թատրոնի մասին շատ գրում: Կարծում եմ` մեր կինոյի դասականների մասին ոչ միայն պետք է բուհերում խոսել ու քարոզել, այլև նրանց մտցնել դպրոցական դասագրքեր: Ռուսաստանում և Ուկրաինայում, դիցուք, Դովժենկոն դասագրքերում կա, ոչ թե արվեստի պատմության, այլ հենց հանրակրթական դպրոցների: Փարաջանովը, Դովլաթյանը, Բեկնազարյանը, Մալյանը, մյուսները պետք է տեղ գտնեն մեր դասագրքերում: Օրինակ` դպրոցում անցնում են “Հայոց պատմություն” առարկան, մշակույթի բաժնում` Շիրազ, Սևակ, Թումանյան, թող այդ բաժնում էլ ներկայացվեն կինոն ու թատրոնը: Եթե XX դարի մեր կինոյի մուտքը ժամանակին գնահատեինք ամեն ինչով` համր ֆիլմերով ու ԲԵկնազարյանով, այսօր ավելի մեծ հաջողություններ կունենայինք:
– Չէ՞ որ մեր ռեժիսորները, սցենարիստները, մյուսները հիմա ավելի ինքնուրույն են, ի՞նչն է խանգարում ավելի լավ գործեր ստեղծելուն…
– Նույնիսկ ավելի ինքնուրույն են, քան պիտի լինեին: Հենրիկ Մալյանն այսօրվա ռեժիսորներից պակաս գրագետ չէր ու կարող էր սցենար գրել ու ինքն էլ նկարել, բայց այդ մարդը դիմել է դասականներին, Թոթովենց է նկարել, Մաթևոսյան, Աղասի Այվազյան: Եվ սա այն դեպքում, երբ բավական կարդացած մարդ էր, փայլուն թատրոն հիմնեց, որի նմանը միայն Եվրոպայում կարող էր լինել: Նրա ամեն մի ներկայացումը տոն էր.. Եվ ահա, այսքանով հանդերձ, այդ տաղանդավոր մարդը չի համարձակվել սցենար գրել և դիմել է գրողների ստեղծագործություններին: Իսկ ի՞նչ է կատարվում այսօր. սցենարի հեղինակը, ռեժիսորը, ամեն ինչը նույն մարդն է: Անուններ չտամ, որովհետև եթե մեկինը տամ, մյուսը կշահի, համատարած նույն պատկերն է:
– Իսկ դուք սերիալի սցենար կգրեի՞ք, եթե հարմար առաջարկ լիներ:
– Քանի ռեժիսոր ու պրոդյուսեր զանգել է, հանդիպել ենք, ինչ-որ հեքիաթ են պատմել ու խնդրել, որ հենց դրա վրա սցենար կառուցեմ: Ասել եմ` գործեր ունեմ, որոնք պատրաստի սցենար են, ասել են` չէ, ես սա եմ ուզում: Ասում եմ` քո ուզածը գրեմ` վատ կստացվի, ասում են` չէ, էսպես եմ ուզում: Նույնը կոմպոզիտորների պարագայում է. մի երգի «բալվանկա» են տալիս, ասում են` Հայաստանի մասին բան գրի: Իրենք, արդեն հորինած լինելով այդ երաժշտությունը, ուզում են, որ կոմպոզիտորը հարմարվի: Անվանի դուդուկահար Վաչե Հովսեփյանը ժամանակին երգեր է գրել Տերյանի խոսքերով` «Սակայն դարձիր, վերադարձիր»-ը, հրաշալի երգ է ստացվել…Պատկերացրեք` էդ մարդը նստեր երաժշտություն գրեր, հետո մեկին ասեր` բառեր հարմարեցրու: Վաչե Հովսեփյանը գրել է երգ Սևակի «Երեքնուկի» բառերով, հիանալի է ստացվել, այն դեպքում, երբ դա երգի համար չափազանց անհարմար տեքստ է: Ասածս այն է, որ պատրաստի շատ գործեր կան. եթե այսօրվա հայ ռեժիսորները ժամանակակիցներին չեն հավանում, թող դասական գրողներին դիմեն, ո՞նց են «Գիքորը» նկարել, թող «Գաբո բիձու շերամապահությունը» նկարեն, «Կիկոսի մահը», իսկ եթե դասականներն էլ ձեռք չեն տալիս իրենց, թող համաշխարհային գրականությանը դիմեն: Կարծում եմ` միջակ նյութով էլ լավ ռեժիսորը փայլուն ֆիլմ կնկարի: Օրինակ` Փարաջանովին ի՞նչ տայիր, որ վատ նկարեր, կամ Ֆելինիին… Ամենատափակ դիալոգից ու տեքստից ֆելինին այնպիսի ֆիլմ կստանար, որ կշշմեին, այսինքն` կինոյի համար գրականությունը նյութ է, ոչ թե հիմք, իսկ հիմքը ռեժիսորի տաղանդն է: Այսօր բանավեճեր են գնում գրականության ցենզուրայի վերաբերյալ, մեկն ասում է` պիտի «բաց» տեսարաններ չլինեն, մյուսը կարծում է` պետք է լինեն: Ամեն անկապություն խոսում են` թե պիտի էս ու էն արգելել, բայց ոչ ոք չի ասում, որ պիտի նաև լավ գրված տեքստ լինի, լավ գրականություն: Եթե “բաց” տեսարաններով հիմար գործ է, ուրեմն հիմարություն է, բայց եթե Նաբոկովն է, աշխարհը չի ասում` ինչո՞ւ են “բաց՚”տեսարանները: Դառնալով սերիալ գրելուն` ասեմ, որ այն, ինչ գրում եմ «Առավոտում», խոսքը «Հայկական ժամանակ» վեպի մասին է, սերիալ է, ամեն կտորի վրա աշխատում եմ երկարատև, ոչ թե այսօրվա սերիալների նման…
– Ընդունելի՞ է Ձեզ համար «պետպատվեր» հասկացությունը:
– «Հայֆիլմի» բոլոր ֆիլմերը պետպատվեր էին, ու ոչ բոլորն էին հանճարեղ, ուղղակի այդ ժամանակ քանակը որակ էր տալիս: Բեկնազարյանի ֆիլմերից հետո մի տասնյակի չափ լավ ֆիլմեր ունենք, բայց մի 100 ֆիլմ էլ վատը եղած կլինի, չնայած պետպատվեր էր, ու հետո հարցն այն է, թե պետպատվերն ինչ ձևով ես տալիս: Հրանտ Մաթևոսյանի պատմածը պատմեմ ձեզ: Մոսկվայում մի միջավայրում հանդիպեցի Հրանտին, էն ժամանակ ես Մոսկվայում էի սովորում: Նա «Ռոսիա» հյուրանոցում էր ապրում, մեկ էլ հիշեց մի պատմություն, թե ոնց են Խորեն Աբրահամյանն ու Դովլաթյանն իրեն հրավիրել հավաքույթի: Նրանք «Սարոյան եղբայրներ» ֆիլմի սցենարը բերել էին Մոսկվա հաստատելու ու ինչ-ինչ դիտողություններ էին ստացել: Դովլաթյանն էլ Հրանտ Մաթևոսյանին հրավիրել էր, թե արի հյուրանոց` ուտենք-խմենք: Հետո, երբ Հրանտը ներս էր մտել, դուռը փակել էին, մի հեռախոս տվել, թե մինչև «Սարոյան եղբայրների» դիալոգները չսարքես, դուռը չենք բացելու: Հրանտ Մաթևոսյանը նայել է դիալոգները, որոնք, ասում էր, իսկապես վատն էին, սկզբում չի էլ ցանկացել դրանք շտկել, հետո հավեսի է ընկել ու տեսքի բերել: Մաթևոսյանն ասում էր, թե «Մենք ենք, մեր սարերի» դիալոգներից ավելի շատ է աշխատել «Սարոյան եղբայրների» դիալոգների վրա…
– Ասում են` ժամանակի հերոսի փնտրտուք կա, այդ պատճառով էլ լավ գրական գործ, լավ ֆիլմ ու ներկայացում չի ստեղծվում այսօր: Ի վերջո, ո՞վ է մեր ժամանակի հերոսը:
– Եթե ֆիլմում կամ գրականության մեջ կերպարը ստացվում է, դառնում է ժամանակի հերոսը… «Մեր ժամանակի հերոս» հասկացությունը «Գարուն» ամսագրում, գրականության մեջ ժամանակին շատ է հոլովվել, Վարդգես Պետրոսյանն էր անդրադառնում, թե ով է մեր ժամանակի հերոսը, ու դրան տուրք են տվել բոլոր գրողները: Եթե չլիներ Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» գործը, այդ հարցը չէր առաջանա, ինձ թվում է` այդ հարցն արհեստական է: Այսօր, եթե կամրջից մեկը նետվում է, մյուսը միլիոն է կուտակում, հաջորդը մի այլ բան է անում, բոլորն էլ մեր ժամանակի հերոսներն են, եթե տիպական ես նկարագրում, պարտադիր չէ` մարդը հերոսություն անի, որ ժամանակի հերոս դառնա: Հրանտ Մաթևոսյանը գրեց «Տերը» հրաշալի կինովիպակը, որի հերոսը մեր ժամանակի հերոս չստացվեց, բայց «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում բոլորը հերոսներ են: Նրա «Աշնան արևն» էլ թատրոնում ավելի լավ ստացվեց: Հիմա մտածում եմ` Մալյանը, լինելով համեստ ու քաշվող անձնավորություն, ո՞նց կարողացավ Փելեշյանին համոզել, որ «Մենք ենք, մեր սարերում» Ռևազի դերը խաղա, մանավանդ բարդ մարդ է Փելեշյանը… Իսկ Փելեշյանի ֆիլմերի մասին էլ չեմ խոսում, սցենարից կախված բաներ չեն, ինչ նյութ էլ լինի, հանճարեղ ֆիլմեր է ստեղծում:
– Կարծեմ վերջերս հանդիպել եք Փելեշյանի հետ…
– Նկարիչ Հակոբ Հակոբյանն էր հավաքույթ կազմակերպել, հրավիրել էր Փելեշյանին, Տիգրան Մանսուրյանին ու ինձ: Բավականին մարդամոտ է Փելեշյանը, շփվեցի հետը. մաքուր է ու երեխայի պես անկեղծ: Երբ կենացն էինք խմում, Տիգրան Մանսուրյանն ականջիս ասաց` հանկարծ չհիշեցնեմ Ռևազի դերի մասին, որ չնեղանա, ես էլ հատուկ կենացի վրա ասացի, ժպտաց… Մանսուրյանին էլ կատակով ասացի, թե նույն կերպ ասում են իր մասին, որ Մանսուրյանի կինոերաժշտությունը չգովեք, թե չէ կնեղանա: Մաեստրոն էլ ժպտաց… Այո, Փելեշյանը մի քիչ կամակոր մարդ էր, բայց իր հետ լեզու գտան, Հեռուստառադիոպետկոմի այն ժամանակվա ղեկավարը ոչ միայն ֆինանսական միջոցներ տվեց, այլև հնարավորություն, որ Փելեշյանն օգտագործի «Երևան» ստուդիայում… Ի դեպ, միայն Խորհրդային Միությունում էին շատ դոկումենտալ ֆիլմեր նկարում, իսկ ամերիկաներում քիչ էին նկարում, կամ նկարում ու գաղտնի պահում էին, թե Քենեդուն ոնց սպանեցին, չգիտեմ ինչ… Փելեշյանը կարողացավ որսալ պատմության զարկերակը: Նույնն էլ Փարաջանովն էր, նա հանճարեղ խենթ էր: Ու եթե նրան էլ որոշ մարդիկ ժամանակին չօգնեին, շատ ֆիլմեր ստեղծված չէին լինի: Փարաջանովն էլ, Փելեշյանն էլ ժամանակին իրենց լավություն անողների հետ կռվում-վիճում էին: Փարաջանովին էլ այն ժամանակվա նախարար Գևորգ Հայրյանն է շատ աջակցել, ու միշտ գլուխ է գովել, որ իր նախարարության օրոք է Փարաջանովը նկարել: Կամ` եթե Դովժենկոյի անվան կինոստուդիայում հնարավորություն չստեղծեին, Փարաջանովը ինչպե՞ս էր նկարելու «Մոռացված նախնիների ստվերները»: Հայրյանը միշտ նեղսրտում էր. «Սերգեյին էդքան լավություն եմ արել, բայց աջուձախ ինձ հայհոյում է, իբր իրեն խանգարել եմ»: Իմ կյանքում տեղի ունեցած հիշարժան իրադարձություններից մեկն այն է, որ Հայրյանը խնդրեց իր հետ մասնակցել Փարաջանովի «Սուրամիի ամրոցի» պրեմիերային, որը պետք է կայանար «Նաիրի» կինոթատրոնում: Գևորգ Հայրյանի հետ մտերիմ էի, որովհետև համ էլ գրող էր, համ էլ հրատարակչության տնօրեն, որտեղ աշխատել եմ ժամանակին: Ասաց. «Արմեն, արի միասին գնանք, Սերգեյ Փարաջանովը հատուկ հրավիրատոմս է ուղարկել, վախենում եմ ինձ խայտառակի, ասի, թե իբր արգելում եմ իր ֆիլմը»: Գնացինք, նստեցինք առաջին կարգում, ելույթ ունեցան կինոգետները, Փարաջանովն էլ խոսեց, ու շատ ծաղիկներ նվիրեցին: Միջոցառումն ավարտվելու վրա էր, ու Գևորգ Արմենակիչը թեթևացած շունչ քաշեց, թե լավ պրծավ, իր հասցեին վատ բան չհնչեց: Մեկ էլ Փարաջանովը, ծաղիկները գրկած, մոտեցավ Հայրյանին ու ասաց, որ եթե նա չլիներ, ինքը չէր կարողանա իր ֆիլմերը նկարել: Շատ հուզիչ տեսարան էր…

Զրուցեց
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ