Կարեն Շահնազարով. «Մշտապես կրել եմ իմ ղարաբաղյան արմատների հիշողությունը»
Շահնազարովի հայկական ինքնությունը
Խորհրդային ու ռուսական կինոյի պատմության մեջ 15 ֆիլմերի հեղինակ, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի նախագահ, ռուսաստանյան և միջազգային տասնյակ հեղինակավոր կինոպարգևների ու մրցանակների դափնեկիր Կարեն Շահնազարովը մի քանի տարվա ընդմիջումից հետո կրկին Հայաստանում էր: Ղարաբաղյան արմատներով հայազգի կինոռեժիսորն այսօր ռուսական կինոարտադրության ամենաազդեցիկ դեմքերից է, որի անվան հետ է կապվում ԽՍՀՄ փլուզումից հետո խորհրդային կինոգիգանտի` «Մոսֆիլմ» կինոստուդիայի փրկության, վերակազմավորման ու արդիականացման գործընթացը:
Անցած տարի 60-ամյակը նշած ռեժիսորն իր պատմական հայրենիքում առաջին անգամ եղել է 1972-ին, երբ ընդամենը 20 տարեկան էր և հոր` խորհրդային ականավոր քաղաքագետ ու գիտնական Գեորգի Շահնազարովի հետ եկավ Հայաստան: Սկսած 72-ից` կինոռեժիսորը պարբերաբար վերադառնում է հայրենիք, մեծ հետաքրքրությամբ հետևում ղարաբաղյան զարգացումներին ու շարունակ ուսումնասիրում իր նախնիների` տոհմիկ ղարաբաղցիների պատմությունը: Պատահական չէ, որ Երևանում, փաստելով ռուսական կինոմշակույթին իր պատկանելությունը, Շահնազարովը վերստին խոսեց իր հայկական ինքնության մասին. «Լինելով ռուս ռեժիսոր, ես մշտապես կրել եմ իմ ղարաբաղյան արմատների հիշողությունը և միշտ հպարտ եմ եղել իմ հայկական արմատների համար: Կյանքում կան բաներ, որոնց մասին նախկինում չէիր էլ կասկածում, ու երբ բացահայտում ես դրանք, քեզ համար զարմանալի եզրահանգումներ ես անում: Կարևորագույն բաներից մեկը, որ հասկացել եմ կյանքում, այն է, որ մարդը կարող է անկեղծորեն փոխվել, բայց կան բաներ, որոնք երբեք չեն փոխվում, դրանք ծնվում և մահանում են քեզ հետ. ես խոսում եմ մարդու արմատների մասին»:
Թերևս նաև այդ պատճառով երևանյան հանդիպումների ընթացքում քննարկվող թեմաների թվում գերակշռում էր այն հարցը, թե ժամանակը չէ՞ արդյոք, որ կինոռեժիսորը նաև իր ստեղծագործության միջոցով անդրադառնա իր ինքնությանը, լինի դա ֆիլմ Ղարաբաղի թե 1915-ի ցեղասպանության մասին: Շահնազարովը չափազանց մեծ զգուշությամբ ու պատասխանատվությամբ է մոտենում այս հարցին: Չնայած մշտապես հետաքրքրվել է այդ թեմաներով ու դրանց հետ կապված իրողություններով, բայց որոշակի ծրագրեր ու նախագծեր չունի, ասում է` չափազանց բարդ ու պատասխանատու քայլ է, պետք է շատ լուրջ նախապատրաստվել: Այդուհանդերձ, չի բացառում, որ մի օր հայկական երկու գլխավոր թեմաներից մեկը կարող է հայտնվել շահնազարովյան նոր ֆիլմի առանցքում:
Ինչ վերաբերում է հայկական կինոյի ապագային, ապա այս հարցում Շահնազարովը կասկած անգամ չունի. Հայաստանի տնտեսական այսօրվա ներուժի ու ազգային կինոարտադրության ծավալների պայմաններում հայ կինոն պետք է շտապի, թեկուզև փոքրիկ, բայց իր տարածքը զբաղեցնել ռուսական կինոշուկայում, մանավանդ, որ այսօր ռուսական կինոարտադրության մեջ գերակշիռ մեծամասնությամբ մթնոլորտ են ստեղծում հայերը. «Ժամանակակից ռուսական կինոինդուստրիան 60 տոկոսով տնօրինում են հայերը, և ճիշտ քաղաքականության ու կազմակերպման դեպքում հայերի համար ռեալ կինոշուկան իհարկե ռուսական շուկան է»:
Շահնազարովը Հայաստանում էր իր նոր` «Սպիտակ վագրը» ֆիլմի երևանյան պրեմիերայի առիթով, և այս դեպքում էլ, թեև անուղղակիորեն, բայց «Սպիտակ վագրը» դարձյալ նոր պարգևների ու մրցանակների առիթ դարձավ ռեժիսորի համար: Շահնազարովն արվեստագետ է, որը մրցանակների, պարգևների ու տիտղոսների պակաս երբեք չի ունեցել, բայց հայրենիքի բարձրագույն պետական պարգևը` Պատվո շքանշանը, որ ստացավ անձամբ հանրապետության նախագահից, ընդունեց առանձնահատուկ հուզմունքով: Ֆիլմի ցուցադրությունից առաջ էլ` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը նրան հանձնեց կինոմիության «Մշակույթի ասպետ» մեդալը համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար: Հայրենիքում ստացած պարգևների շարքը համալրվեց նաև «Մարշալ Բաղրամյան» շքանշանով, որով «Սպիտակ վագրի» ռեժիսորին պարգևատրեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
«Սպիտակ վագրի» հաղթարշավը
Նացիստական Գերմանիայի զինուժի «Սպիտակ վագր» անունը կրող առեղծվածային տանկի մասին ֆանտաստիկ պատմությունն արդեն մեկամյա հաղթարշավ է պարգևել Կարեն Շահնազարովին: Հենց այս ֆիլմով ռուսական ֆիլմարտադրության ներկայացուցիչները ևս մեկ անգամ փորձեցին բավարարել ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարը» կրկին Ռուսաստան բերելու իրենց հավակնությունը` ՙՍպիտակ վագրը՚ առաջադրելով ամերիկյան բարձրագույն կինոմրցանակի թեժ մրցակցային պայքարին «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Թեև ինքը` ֆիլմի ռեժիսորը, մեծ վերապահումներ ունի ոչ միայն “Օսկարի”, այլև հոլիվուդյան կինոինդուստրիայի հարցում, և երբեք առիթը բաց չի թողնում նշելու համար, որ այսօրվա ռուսական կինոն մշտական բարդույթ ունի Հոլիվուդի հանդեպ: Եվ թեև «Սպիտակ վագրը» չընդգրկվեց «Օսկարի» հավակնորդների վերջնական ցանկում, այնուամենայնիվ, այդ հանգամանքը չխանգարեց, որ Շահնազարովի պատերազմական կինոպատումը նախորդ տարվա ամենաաղմկահարույց ու հաղթական ֆիլմը համարվի, և ոչ միայն Ռուսաստանում: «Սպիտակ վագրն» արդեն հաջողությամբ ներկայացվել է մի շարք եվրոպական փառատոներում, «Capri, Hollywood» կինոփառատոնում արժանացել է «Capri Art Award» մրցանակին և ութ անվանակարգերում առաջադրվելով Ռուսաստանի կինոարվեստի ու գիտության ակադեմիայի «Ոսկե արծիվ» մրցանակին` նվաճել է հաղթական արձանիկների ճիշտ կեսը:
Ֆիլմի երևանյան պրեմիերայի առիթով երկու օրով հայրենիք եկած ռեժիսորը հանդիպումներ ունեցավ լրատվամիջոցների ներկայացուցիչների, գործընկերների և իհարկե հայ հանդիսատեսի հետ: Մեծ հայրենականին նվիրված ֆիլմ նկարելու գլխավոր շարժառիթը հոր` Գեորգի Շահնազարովի հիշատակին արժանին մատուցելու վաղեմի ցանկությունն էր, որը 18 տարեկանում մեկնել էր ռազմի դաշտ ու մինչև Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը կռվել առաջին գծում:
«Սպիտակ վագրը» նկարահանելու պատճառներից մեկն էլ ռեժիսորը համարում է այն մարտահրավերը, որը, ըստ Շահնազարովի, ինքն իրեն է նետում ցանկացած ռեժիսոր պատերազմի թեմային անդրադառնալիս: Այս կինոթեման, ըստ էության, Շահնազարովին անծանոթ չէ, քանի որ նա արդեն գործուն մասնակցություն է ունեցել նույն թեմայով «Աստղ» ֆիլմի ստեղծմանը` հեղինակային խմբում հանդես գալով որպես պրոդյուսեր, ինչի համար արժանացել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի:
Հիմա արդեն նաև որպես ռեժիսոր, որը խիզախություն է ունեցել անդրադառնալու այդ թեմային, Շահնազարովը փաստում է. «Ռազմական ֆիլմ նկարելը իրականում մեծ արկած է, բայց, իհարկե, նաև մեծ փորձություն` սկսած քո ֆիզիկական կոփվածությունից մինչև ստեղծագործական մոտեցումները: Ինձ գրավեց երիտասարդ մարդու հայացքն այն անցած, հեռավոր պատերազմին: Նա բոլորովին նոր` ինձ համար անսպասելի տեսանկյունից էր մոտեցել պատմությանը և հենց դրանով էլ նորովի իմաստավորել վաղուց հայտնի իրադարձությունները: Այն ինչ-որ բանով ինձ հիշեցրեց Մելվիլի «Մոբի Դիկը»: Գուցե դա էր պատճառը, որ ինձ միանգամից գրավեց երիտասարդ պետերբուրգցի պատմաբանի գրածը: Թեև արդար լինելու համար պետք է ասեմ, որ գրական առումով այն ինձ չբավարարեց: Կարելի է ասել, որ մենք` Բորոդյանսկու հետ միասին գրեթե վերաշարադրեցինք ամբողջ պատմությունը: Բայց այն անսովոր մոտեցումը, որով մտահղացել էր Իլյա Բոյաշովն իր ֆանտաստիկ պատմությունը, ինձ ուղղակի զարմացրեց, և ես այն մտցրեցի պատերազմական թեմայի մեջ»:
Արդյունքում` Շահնազարովը նկարահանել է մի ֆիլմ, որը նոր ռուսական ֆիլմարտադրության պատմության մեջ շարունակում է խորհրդային մեծ կինոյի լավագույն ավանդույթները` վերստին անդրադառնալով մարդկային ոգու անպարտելիությանն ու բացարձակ արժեքների հարատևությանը: Ֆիլմի գլխավոր հերոսին կերպավորելու համար Շահնազարովը հրավիրել է իր նախընտրած դերասաններից մեկին, որի հետ աշխատել է նաև «Հիվանդասենյակ 6» ֆիլմում: Գերմանական ուրվական տանկի պայթեցրած տանկում գրեթե ամբողջությամբ այրված ու փյունիկի նման մոխրից վերստին ծնված սերժանտ Իվան Նայդյոնովին ֆիլմում խաղում է Ալեքսեյ Վերտկովը: Դժոխային տանկին հետապնդելու և ի վերջո ոչնչացնելու իր մոլուցքով նա խորհրդանշում է մարդկային հոգու խորին շերտերում ծվարած այն հավատն ու ոգու զորությունը, որից էլ ծնվում են բոլոր հաղթանակները: Զինվոր, որը չի հիշում անգամ իր անունը, անցյալը, ընտանիքն ու ծննդավայրը, բայց գիտի, թե ինչ պիտի անի` ոչնչացնի դժոխային տանկը:
Ալեքսեյ Վերտկովի ստեղծած կերպարի ֆանատիկ մտասևեռումից մի ներքին պայծառություն է ճառագում, որն իր ակունքներով կապվում է խորհրդային պատերազմական լավագույն կինոպատումների հետ, և բնավ պատահական չէ, որ իրեն ավանդապաշտ համարող կինոռեժիսորը որպես նույն թեմայով սիրելի ֆիլմեր նշում է խորհրդային դասական կինոնկարները` «Թռչում են կռունկները» և «Բալլադ զինվորի մասին»: Գերմանական տանկ-ուրվականի միստիկ պատմության մեջ ռեժիսորը գտել է իրեն հուզող շատ հարցերի պատասխաններ: Սակայն «Սպիտակ վագրի» առեղծվածային ու անավարտ պատմությամբ նաև բազամթիվ հարցեր ու մտահոգություններ էլ հանձնել է հանդիսատեսի կամ, ավելի ճիշտ, ժամանակի դատին: Ինչո՞ւ չոչնչացվեց գերմանական տանկ-ուրվականը հարցին պատասխանելով` Շահնազարովը վկայակոչում է Տոլստոյին, որն ասում էր, որ պատերազմը մարդու բնույթին հակասող ամենաանբնական իրողությունն է. «Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում, ցավոք, պատերազմների ավարտը չի երևում, թեև բոլորն անխտիր անիծում են պատերազմը. տեսեք` Սիրիան ու քանի նման հակամարտություններ: 1936 թվականին էլ ոչ ոք չէր մտածում, որ պատերազմ կսկսվի, հենց այդ պատճառով ես անդրադարձա այդ թեմային, և ահա թե ինչու չոչնչացվեց «Սպիտակ վագրը». պատերազմի ուրվականն այսօր էլ հետապնդում է բոլորիս»:
Նունե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ