vagarshՖիլմը ճշգրիտ պատկերացում է տալիս նաև ռեժիսորի մասին, թե արվեստագետ լինելուց բացի, ինչ խառնվածք, մարդկային հատկանիշներ, էություն ու բնավորություն ունի նա: Դա զգացվում է, հասկացվում, ընկալվում ամեն կադրից, դերասանների ընտրությունից, երաժշտությունից և, իհարկե, ընտրված նյութից: Մեր կինոյի մեծերի մասին պատմում են, որ ազնվական կեցվածք են ունեցել: Ուրիշ է եղել ռեժիսորի ու ընդհանրապես արվեստագետի մասին ընկալումը: Անթերի արտաքինը, պատկառանք ներշնչող կեցվածքը, նրանց ստեղծագործական վաստակին միացած, մարդկանց ներշնչել են, որ այս արվեստագետները տարաշխարհիկ, անսովոր արարածներ են:
Ռեժիսոր Լայերտ Վաղարշյանը նույնպես ժամանակակիցների հուշերում այդօրինակ նկարագիր է թողել: Փորձեցի պարզել` արդյոք նրան նոր սերո±ւնդն էլ է այդպիսին հիշում: Տեղեկանալով, որ կինոգետ Սիրանուշ Գալստյանը դեռ ուսանողական տարիներին հարցազրույցի նպատակով հանդիպել է Լաերտ Վաղարշյանի հետ, որոշեցի նրան դիմել. պատանեկան զգացողություններն ու դիտողականությունը միշտ անվրեպ ու անկեղծ են լինում:
1998 թվականն էր: Դասախոսն ինձ հանձնարարել էր հարցազրույց վերցնել Լաերտ Վաղարշյանից ու հոդված պատրաստել նրա մասին: Այդ տարի լրանում էր Լաերտ Վաղարշյանի և Յուրի Երզնկյանի համատեղ ֆիլմի` ՙԱռաջին սիրո երգի՚ 40-ամյակը: Առիթը դա էր: Կուրսեցիներիս հետ այցելեցի Լաերտ Վաղարշյանին, գիտեի, որ հիվանդ է, տնից դուրս չի գալիս: Նա նստած էր սայլակին: Մոտեցավ մեզ: Հյուրընկալ ժպիտը դեմքին էր ու այդպես մինչև վերջ էլ մնաց դեմքին: Գիտե±ք, դա էլ է ինձ համար չափանիշ. մարդը` այն էլ ստեղծագործող մարդը, գամված է սայլակին, և արդեն 20 տարի, բայց չի չարացել ոչ մեկի վրա, հոգու կորովը, մտքի պայծառությունը չեն լքել նրան, անտրտունջ հաշտվել է ճակատագրի հետ ու առաջվա պես սիրում է մարդկանց: Ես շատ էի ազդվել հենց այդ պահվածքից: Եթե վարպետը փոքր-ինչ այլ կերպ պահեր իրեն, թերևս այդքան ազդեցիկ չլիներ, բայց հավատացեք, անսահման բարություն ու ժպիտ տեսնել մի մարդու դեմքին, որ երկարատև հիվանդությունից այլայլվել է, անհնար է չհուզվել:
Անսահման համեստորեն, լուռ ժպիտով էր վերաբերվում իր ստեղծագործական անցյալին: Ասաց, որ շարունակում է ստեղծագործել. որպես ռեժիսոր ֆիլմեր նկարել չի կարող, փոխարենը որպես գեղանկարիչ է նկարում: Զարմանալու ոչինչ չկար. նա պետք է ստեղծագործեր` ոտքի վրա թե գամված սայլակին:

Երջանիկ դիպվածը
Հետպատերազմյան տարիներին Լաերտ Վաղարշյանը տեղեկանում է, որ երիտասարդ ռեժիսորների են հերթագրում` Գերմանիայի օկուպացված գոտիներում թատերական կյանքը վերսկսելու համար: Նա ևս հերթագրվում է ու շատ շուտով այլ ռեժիսորների հետ հայտնվում արտասահմանում: Համո Բեկնազարյանը, իմանալով այս անհավանական դիպվածի մասին, կատակով ասում է նրան. ՙԴու կարո±ղ է ՊԱԿ-ի հետ կապեր ունես: Այդքան հեշտ ու հանգիստ ինչպե±ս հայտնվեցիր արտասահմանում, այն էլ` Բեռլինում՚: Երիտասարդ ռեժիսորը պետք է ընդգրկվեր թատերական խմբերում, բայց նա ընտրեց կինոն:
Շատ նպաստավոր է եղել նաև միջավայրը. պատկերացրեք նրա հոր` Վաղարշ Վաղարշյանի տունը, որտեղ անընդհատ ելումուտ են արել անվանի դերասաններ ու ռեժիսորներ, արվեստագետներ` բոլորը ճանաչված, պատկառելի վաստակի տեր: Ի դեպ, Լաերտ Վաղարշյանը շատ մտերիմ է եղել Վահրամ Փափազյանի հետ: Անգամ նրան ընդունել է որպես իր փեսա: Ուրեմն որքան արժանի, դրական մարդ է եղել նա, որ Վահրամ Փափազյանը ցանկացել է իր աղջկան կնության տալ Լաերտ Վաղարշյանին: Բայց երիտասարդ ռեժիսորը, այս պատմությանն անդրադառնալով, ասում է, որ պարզապես ինքը պատրաստ չէր ամուսնության: Եվ Վահրամ Փափազյանի փափագն իրականություն չի դառնում:
Լաերտ Վաղարշյանն անգամ այդ ծանր վիճակում աննկարա•րելի պատկառանք էր ներշնչում, ազնվականությունն ուղղակի թափվում էր վրայից, նա շարունակությունն էր իր հոր` մեծ դերասան Վաղարշ Վաղարշյանի, որ սերում էր շուշեցի ազնվական ընտանիքից: Ազնիվ արյունը, կիրթ պահվածքն անհնար է ջնջել կամ թաքցնել: Ու ես այդ պահին զուգահեռներ անցկացրի նրա նկարած ֆիլմերի ու իր միջև, որոնք խիստ տարբերվում են հայկական էկրանի մյուս ֆիլմերից:

Սիրով ստեղծված ՙԱռաջին սիրո երգը՚
Երբ խոսեցինք ՙԱռաջին սիրո երգի՚ մասին, ասաց (բառացիորեն հիշում եմ նրա խոսքերը). ՙԽորեն Աբրահամյանը մեր երբեմնի երիտասարդության ապացույցն ու վկան է՚: Այդ խոսքից ավելի հուզվեցի: ՙԱռաջին սիրո երգի՚ թեման ոչնչով աչքի չի ընկնում, տարածված մելոդրամա է, որն ուրիշ երկրներում էլ է էկրանավորվել: Եթե մի կողմ դնենք այս ֆիլմի հզոր դերասաններին, երաժշտությունը, ապա կասենք, որ այն ֆիլմ է նախ և առաջ մեր Երևանի մասին: Ինչպես է կառուցվում քաղաքը, ինչպիսին են նրա դեմքը հանդիսացող երևանցիները: Պարզ է, որ կառուցվում էր Սովետական Միություն կոչվող մեծ տերությունը, ու այս ֆիլմը նաև որոշակի քարոզչություն էր ենթադրում. կառուցվում էր Սովետական Միության հանրապետություններից մեկի սովետական մայրաքաղաքը: Բայց դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք իր քաղաքն անսահման սիրող երևանցուն, մարդիկ քաղաք էին կառուցում, դրսում քնում, ապրում` առանց դուռ կողպելու: Հիշում եմ` Լաերտ Վաղարշյանն իր ֆիլմի մասին ասաց. ՙԱռաջին սիրո երգը՚ ստեղծվել է Երևանի նկատմամբ մեծագույն սիրով՚: Նա և Յուրի Երզնկյանն զգացել էին ժամանակի զարկերակը:

Այդ շքեղ ֆիլմը` բարձրաշխարհիկ հասարակության վկան
Հիշում եմ` դպրոցական տարիներին մեզ ստիպում էին կինոդահլիճ գնալ ու դիտել ծրագրային ֆիլմեր: Այդ մեթոդին ես մինչև հիմա պարտական եմ, որովհետև հենց դրա շնորհիվ եմ առաջին անգամ դիտել և’ ՙՔաոսը՚, և’ ՙԳիքորը՚, և էլի շատ ֆիլմեր: Մինչև հիմա վառ տպավորություններ են մնացել. շատ շքեղ ֆիլմ է ՙՔաոսը՚` զանգվածային տեսարաններով, հայ բարձրաշխարհիկ, բարեկիրթ, բարձրաճաշակ հասարակության նկարագրով, կենցաղով: Նույնպիսի կյանք ապրած, այդ արժեքները գիտակցաբար ու անգիտակցաբար գենետիկորեն կրող ռեժիսորը կարող էր միայն այդպիսի պատկերներով ֆիլմ նկարահանել, այդպես ներկայացնել ժամանակաշրջանն ու մթնոլորտը: Այդ ֆիլմի համար հատուկ տաղավարներ են կառուցվել, որպեսզի նույն մթնոլորտն ու պատկերը ստանային, ինչպիսին նկարագրված է վեպում: Հպարտանալ կարելի է, թե հասարակական ինչ բարձր դիրք են ունեցել հայերը Բաքվում: Սա բացառիկ ու կարևոր ֆիլմ է նաև նրանով, որ ապացուցում է, թե ինչ դեր են ունեցել հայերը Բաքվի տնտեսական կյանքում. նրանք ֆինանսական սյուներ են եղել: Իսկ դերասանական ի~նչ հրաշալի կազմ է ընտրել ռեժիսորը: Ամեն ինչ հաշվի է առնված` կերպարների հագուկապը, խոսքը, լեզուն, ժամանակաշրջանի շունչն ու ոգին, զանգվածային տեսարանները, մի խոսքով` ՙՔաոսը՚ խիստ արժեքավոր ֆիլմ է: Իսկ Լևոն Աթոյանցի օպերատորական աշխատանքն ուղղակի հրաշալի է: Ես շատ եմ ուզում, որ այս ֆիլմը հաճախ ցուցադրվի, ու նոր սերունդը տեսնի, թե ինչ հասարակություն ենք ունեցել, ինչ կյանքով ու կենցաղով ենք ապրել, ինչ դիրք ենք ունեցել:

…Եվ ոչ միայն
Իր ֆիլմերի հետևում ինքն է կանգնած: Այդ տոհմիկ ազնվականությունը փոխանցվել է նաև իր ֆիլմերին ու հերոսներին: Այդ կերտվածքով է նա տեսել մարդկանց, այդպիսին էլ ներկայացրել է իր ֆիլմերում: Լաերտ Վաղարշյանն ունի նաև վավերագրական ֆիլմեր` ՙՄարտիրոս Սարյան՚, ՙԱրամ Խաչատրյան՚: Այս ֆիլմերում ռեժիսորը ներկայացնում է հանճարեղ արվեստագետին մարդու ու ստեղծագործողի: Սրանք շատ արժեքավոր ֆիլմեր են նաև նրանով, որ փաստավավերագրական նյութեր են պարունակում: Հիշատակման արժանի է նրա ՙԿոչված են ապրելու՚ գեղարվեստական կինոնկարը երկու եղբայրների մասին: Ափսոս, որ սա էլ է այն ֆիլմերի շարքում, որոնք առհասարակ չեն ցուցադրվում հեռուստաէկրաններին: Շատերը տեղյակ էլ չեն, որ այդպիսի ֆիլմեր կան, որ բացի ՙԱռաջին սիրո երգից՚, Լաերտ Վաղարշյանը ուրիշ արժեքավոր ֆիլմեր էլ ունի:

1958 թվականի ապրիլի 4-ին Երևանի ՙՄոսկվա՚ կինոթատրոնում տեղի է ունեցել Լաերտ Վաղարշյանի և Յուրի Երզնկյանի ՙԱռաջին սիրո երգը՚ ֆիլմի պրեմիերան: Նույն թվականի օգոստոսի 4-ին այն առաջին անգամ ցուցադրվել է Մոսկվայում: ՙԱռաջին սիրո երգը՚ 1958 թ. Սովետական Միության տարածքում ամենաշատ դիտված ֆիլմն է եղել: Այն մեծ ճանաչում է բերել Խորեն Աբրահամյանին: Միայն 1958 թ. ՙԱռաջին սիրո երգը՚ դիտել է 24,6 միլիոն սովետական քաղաքացի:

Մի հատված Լաերտ Վաղարշյանի հուշերից այս կինոնկարի ստեղծման պատմությունից

…Հինգ հարյուր օգտակար մետր նկարելուց հետո պարզվեց, որ արածը [օպերատորի] լրիվ խոտան է: Պրոֆեսիոնալ ստուդիայի համար արտառոց բան: Ֆիլմը նորից սկսելու անհրաժեշտություն եղավ: Օպերատորին պատժեցին. նա հեռացվեց ֆիլմից: Սակայն տույժի ենթարկեցին նաև ինձ (ռեժիսորն ամեն ինչի համար պատասխանատու է): Բեմադրող-ռեժիսոր նշանակվեց նաև Յուրի Երզնկյանը: Ինձ ասացին, որ դա ձևական պատիժ է, երկու ընկերներով ավելի հեշտ կհաղթահարենք կազմակերպչական դժվարությունները: Հիրավի, մենք միասին լավ աշխատեցինք, բայց ճիշտ կլիներ, եթե սկզբից ևեթ միանայինք, այլ ոչ թե ՙիրերի բերումով՚:
…Ֆիլմը երջանիկ կյանք ունեցավ մինչև օրս. արդեն երեսուն տարուց ավելի է, ինչ այն ցուցադրում են տեղական և կենտրոնական հեռուստատեսությամբ:

Երբեք հնարավոր չէ կանխատեսել կինոնկարի հետագա ճակատագիրը: Այսօր տեսնելով, որ այդ ֆիլմը դեռ ապրում է, ակամա մտածում եմ` դա բացատրվում է այն բանով, որ ստեղծված է սիրով առ Երևանը, սեր` կինոերկի համար անհրաժեշտ երանգներով:
ՙԱռաջին սիրո երգը՚ իմ կյանքի երջանիկ դրվագներից էր:

Վաղարշյան Լ. Ուզում եմ պատմել ձեզ: Երևան, 1993, էջ 83-85:

Պատրաստեց
Նաիրա ՓԱՅՏՅԱՆԸ