Սուրեն Հասմիկյան. Զրույցներ խմբագրությունում. 2. Իմ դասերը
Նախ մի դիտողություն` կապված մեր նախորդ հրապարակման հետ: Վախենամ, որ ընթերցողը լավ չի հասկացել այս սյունակի ձևաչափը. խմբագիրը, չգիտեմ ինչու, այդ ակնարկը բաց էր թողել: Ուզում եմ շեշտել, որ սա բանավոր խոսք է, զրույց, որ ծնվում է լսողի մասնակցությամբ:
Եվ այսօրվա զրույցս նորից ուզում եմ սկսել այն անուններից, որոնք շոշափվեցին նախորդ զրույցում, քանի որ խոսելու եմ նրանցից քաղած դասերից: Բոլորս էլ կյանքում դասեր ենք առնում, ուղղակի պետք է ընկալել ու գնահատել դրանք: Ընդ որում, դասեր կարող են տալ ոչ միայն ծանոթ, այլև անծանոթ մարդիկ:
Առաջին դասս քաղել եմ Լևոն Ներսիսյանից: Արդեն ասել եմ, որ նա շատ քիչ էր գրում: Եվ արդեն հասկացել եք, որ ինձ համար նա օրինակ էր, յուրատեսակ չափանիշ: Եվ ահա գրում եմ իմ առաջին հոդվածներից մեկը, որն ինձ դուր է գալիս. Էյզենշտեյնի մասին էր, «Գարուն» ամսագրում: Նոր գրված հոդվածս ձեռքիս հանդիպում եմ Ներսիսյանին և ուզում եմ ստուգել, gնահատական ստանալ: Շատ ուշադիր, մի 20 րոպեում կարդաց և ի՞նչ ասաց. «Լավ, գրագետ շարադրել ես, ամեն ինչ լավ է, լավ տեքստ է ստացվել: Բայց ինչո՞ւ, ինչի՞ համար»: Անցել են տասնյակ տարիներ, ու հիմա գիտեմ, որ նա ճիշտ էր: Հոդվածն իրոք այն չէր, թեպետ լավ մտքեր կային, թեպետ գրագետ էր, պրոֆեսիոնալ: Լևոնի ասածի մեջ գաղտնիքն այս էր. դու արվեստագե՞տ ես, թե՞ պրոֆեսիոնալ: Այդ հոդվածով ես չծնվեցի որպես արվեստագետ, ընդամենը` որպես պրոֆեսիոնալ: Սա ինձ դաս եղավ. կարելի է դառնալ պրոֆեսիոնալ, բայց չդառնալ արվեստագետ: Ինչո՞ւ, ինչի” համար: Այսինքն` արվեստագետ ես դառնում միայն այն դեպքում, երբ չես կարող չգրել:
Երկրորդ դասը ստացել եմ Ռուբեն Զարյանից: Մի անգամ նրա մոտ էի, և խոսեց մի երիտասարդի մասին: «Պատկերացնո՞ւմ ես, ինձ ասում է` Ռուբեն Վարոսիչ, ես 100 հոդված ունեմ: Այ քեզ բա¯ն… Ես իմ ամբողջ կյանքում մի 5-6 հոդված եմ գրել, իսկ սա` 100»: «Ո՞նց թե,- առարկում եմ,- այդքան գրքեր ունեք, ամեն ամիս 1-2 նոր հոդված եմ կարդում, իսկ դուք ասում եք` 5-6»: «Հա, ես 5-6 հոդված ունեմ»,- ու սկսում է թվարկել: Սկզբում մտածեցի` սա ինչ ծայրահեղ համեստություն է: Բայց հետո հասկացա, և դա էլ ինձ դաս եղավ: Ամեն ինչ, որ գրում ես, դեռ չի նշանակում` արժեք է:
Երրորդ դասը քաղել եմ Լևոն Հախվերդյանից: Իմ «Բարև, ես եմ» հոդվածից որոշ ժամանակ անց զանգահարում է ինձ և ասում. «Շնորհակալություն հոդվածիդ համար: Ֆիլմը նայեցի` բան չհասկացա, կարդացի քո հոդվածը ու ամեն ինչ հասկացա»: Դրեցի խոսափողն ու մտորումների մեջ ընկա… Այո, մեր գրածը պետք է մի բան հասցնի աշխարհին, եթե չի հասցնում, անիմաստ է: Հետագայում տասնյակ հոդվածներ եմ գրել այդ ֆիլմի մասին, բայց մնացել է 3-4 նախադասություն հենց այդ առաջին հոդվածից: Դա էլ էր դաս, պիտի իմանաս, թե ինչի համար ես աշխատում:
Եվ վերջապես, մի դաս էլ Սաբիր Ռիզաևի հետ է կապված: Մի օր հանդիպում է ու հարցնում, թե երբ եմ դոկտորական գրելու: Ասում եմ` չէ, ինչ դոկտորական, չեմ մտածում: Զարմանում է. «Լավ, բա դու մի բան չունե՞ս, որով ուզում ես զբաղվել, որը քեզ անհանգստացնում է»: Ու բնազդորեն բերնիցս թռչում է. «Ինչո՞ւ չունեմ, օրինակ` ֆինալը, արվեստի ֆինալը, յուրաքանչյուր գործի ֆինալը»: Ասում է. «Դու հիմա գիտե՞ս, թե ինչ ասացիր, աշխարհում դեռ ոչ ոք դրանով չի զբաղվել: Գնա զբաղվիր. կինոարվեստի ֆինալը»: Բայց արի ու տես, որ այդ թեման ինձ արդեն 40 տարի հետապնդում է: Հոդվածներ գրեցի, բայց դիսերտացիա չգրեցի, չգնացի «Լենինկա», սակայն այդ թեմայից չեմ կարողանում ազատվել, իմ հուշագրությունների գիրքն էլ անվանել եմ «Книга без конца»: Եվ իմ բոլոր գրքերում այդ թեման արծարծվում է: Այսինքն` դա չափանիշ է. եթե կինոն ֆինալ չունի, ուրեմն չի ստացվել, ուրիշ բան, որ ֆինալն էլ կարող է առանց ֆինալ լինել, սա էլ է խնդիր… Սա մնաց երազանք: Բայց կարևոր էր գնահատականը, նա ճիշտ ընկալեց, որսաց:
Երկու դաս էլ ստացել եմ անծանոթ մարդկանցից, որոնց հետ անձնապես ծանոթ չեմ եղել: Մեկն անսպասելի ինձ տվեց Մարիետա Շահինյանը: Ցավոք, ժամանակին չհասկացա ու առիթ չփնտրեցի նրան շնորհակալություն հայտնելու: Հիմա եմ ավելի դա գնահատում: 60-ական թվականներն էին, մի հավաքույթի ժամանակ Բրյուսովի ինստիտուտի ուսանողուհիներից մեկը հայտնեց, որ իրենց մոտ Մարիետա Շահինյանի հետ հանդիպման ժամանակ նա իմ մասին է խոսել: Զարմացա: Պարզվեց, որ նա հիշատակել է իմ մի հոդվածը` տպագրված «Կոմունիստ» թերթում, որը չի հավանել, և մի քանի ամիս անց մի ուրիշ հոդված է կարդացել, որը փայլուն, տաղանդավոր է գնահատել: Ու զարմացել է` որի՞ն հավատամ, ինչպե՞ս կարող է նույն անձնավորությունը` ոմն Հասմիկյան, այդքան տարբեր հոդվածներ գրել: Ես հասկացա, թե ինչ է կատարվել. առաջինը պատվերով գրված հոդված էր, իսկ երկրորդը` ներշնչանքով, որը տպագրելու համար բազմաթիվ դժվարություններով եմ անցել, և որը աղմուկ հանեց: Դրանից հետո ես այդպես պատվերով հոդված չեմ գրել: Մի անգամ եմ միայն ստիպված եղել պատվերով գրել, բայց բարեբախտաբար Էմանուել Մանուկյանն ընդառաջ գնաց ու չտպագրեց այն:
Վերջապես, մի դաս էլ Համո Բեկնազարյանից եմ ստացել, որին նույնպես անձնապես չեմ ճանաչել: Մեր տանը ժամանակին շատ հայտնի գործիչներ են եղել, բայց նրան երբեք չեմ տեսել: Բայց նա դաս է տվել ոչ միայն ինձ, այլև բոլորին: Նա ստեղծեց հայ կինո, թեպետ այդպիսի նպատակադրում չի ունեցել: Նա երևանցի էր, բայց Երևանը չի իմացել, թիֆլիսեցի չի եղել և Թիֆլիսը չի իմացել: Նա արդեն պրոֆեսիոնալ էր, երբ եկավ «Հայֆիլմ» ու նկարեց «Նամուսը» և նույն ժամանակ Վրաստանում` «Նաթելլան»: Երկուսն էլ` մելոդրամ: Բայց առաջինի դեպքում նրա մեջ արյունը խոսեց, որն էլ օգնեց գտնելու հանճարեղ լուծումներ: Նույնն էլ «Պեպոյի» դեպքում: Պրոֆեսիոնալիզմ` գումարած ազգայինը: Եվ առանց հայտարարությունների, առանց դեկլարացիաների: Նա վերադարձավ իր արմատներին, եկավ ու մնաց: Ահա թե երբ է արվեստագետ ծնվում: Պրոֆեսիոնալիզմ` պլյուս ազգային: Տեղը շատ կարևոր է` որտեղից ես, որտեղ ես…
Զրույցս ուզում եմ ավարտել խորհրդով, որ բոլորս հետ նայենք ու հասկանանք, թե ինչ դասեր ենք քաղել, որովհետև այդ դասերն են, որ բեկում ու որակ եմ բերում:
Զրուցեց Անահիտ Հարությունյանը