հայկկՀայկական կինոպատմության մեջ արդեն իրողություն դարձած “Հայակ” ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013 թ. ապրիլի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, “Orange Արմենիա” ընկերության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված “Հայակ” առաջին մրցանակաբաշխությունն անցյալ տարի ամփոփեց և գնահատեց անկախության շրջանի` 1991-2011 թթ. Հայաստանում ստեղծված ֆիլմերը: 2012 թ. մարտի 18-ին լավագույն ֆիլմերն ու առաջին “Հայակները” գտան իրար:
Առաջին մրցանակաբաշխության արդյունքների և երկրորդի նախապատրաստական աշխատանքների ու ակնկալիքների մասին “Կինոաշխարհը” զրուցեց “Հայակ” ազգային կինոյի մրցանակաբաշխության խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի հետ:

– Ես կարծում եմ, որ մեր ազգային կինոն վաստակել է մեր իսկ երկրում արժանավայել գնահատվելու և արժևորվելու իրավունքը: Հայկական կինոյի պատմության ամբողջ ընթացքում ստեղծվել են փառահեղ ճանապարհ անցած հրաշալի ֆիլմեր, որոնք այսօր էլ` տարիների հեռվից, սպասված ու հարազատ են մնացել: Այդ ֆիլմերը գնահատականի էին արժանանում կենտրոնից` Մոսկվայից, անկախ իրենց որակից և նշանակությունից: Դա մի ժամանակաշրջան էր, երբ հանրապետություններն առանձին և ինքնուրույն միավոր չէին դիտվում, հետևաբար արվեստի ցանկացած ասպարեզում, այդ թվում և կինոյի ոլորտում ֆիլմերն ինքնուրույն ճանապարհ չէին կարող անցնել:
Եվ քանի որ մեզանում փոխվեց կառավարման ամբողջ համակարգը, փոխվեց վերաբերմունքը նաև կինոյի նկատմամբ: Նախկինում, եթե Հայաստանում ֆիլմ էր ստեղծվում, դա միայն ՙՀայֆիլմի՚ շրջանակներում չէր, դրա հետագա կենսագրությունը կախված էր կենտրոնից: Անկախությունից հետո ինքնուրույն ճանապարհ հարթելու հնարավորություն ընձեռվեց մեզ, սակայն կինոյի համար ծանր ժամանակներ սկսվեցին:
Ես համաձայն չեմ այն կարծիքին, թե հայկական կինոն այլևս չկա, կամ վատ ֆիլմեր են արտադրվում: Այո, այսօր կինոարտադրությունն այն հզորությունը չունի, ինչ խորհրդային տարիներին էր: Մի շրջան թվում էր` արդեն վերջն է, ամեն ինչ կվերանա ու կանհետանա: Սակայն 90-ականներից հետո կինոն սկսեց դանդաղ, համարյա աննկատ զարգանալ: Այսօր Հայաստանում հետաքրքիր ու տաղանդավոր երիտասարդ ռեժիսորներ կան, և ես վստահ եմ, որ հետագայում նրանց ստեղծած ֆիլմերն էլ սպասված կդառնան հանրության համար: Նրանցից շատերն այսօր արդեն հաջողված փառատոնային կենսագրություն ունեն: Եվ ինչու չէ, մի օր էլ մեր ֆիլմերը կարող են հայտնվել և մրցանակների արժանանալ աշխարհի առաջնակարգ փառատոներում և կինոմրցույթներում:
Առաջին “Հայակը” չափազանց պատասխանատու և դժվարին խնդիր ուներ, քանի որ ժյուրին ամփոփելու էր անկախության շրջանում ստեղծված կինոարտադրանքը: Հանձնաժողովն աշխատեց շատ ծանր պայմաններում. դա մեկ կամ երկու տարվա արտադրանք չէր, այլ մի ամբողջ 20 տարվա: Պետք էր այնպես աշխատել, որ վրիպում չլիներ: Ինչևէ, իմ սպասումները արդարացան: Մրցույթը կայացավ և դարձավ շարունակական:
Երկրորդ “Հայակի” համար նույնքան անհանգիստ եմ, ինչպես առաջինի, սակայն տարբեր են անհանգստությանս պատճառները: Առաջինի դեպքում կար կայանալու, առաջինը լինելու անհանգստություն և մեծ պատասխանատվություն 20 տարվա կինոարտադրանքի համար: Իսկ երկրորդի դեպքում նոր` օտարերկրյա ֆիլմ անվանակարգի ավելացումն է, որը նախորդ մրցույթում չի եղել: Այս անվանակարգում կարող են ներկայացվել արտերկրում ապրող և ստեղծագործող հայազգի կինոգործիչների ստեղծագործությունները, ինչպես նաև օտարազգի ստեղծագործողների հայկական թեմաներով նկարահանած ֆիլմեր: Սա շատ կարևոր անվանակարգ է, քանի որ կսկսի համախմբել հայաստանյան և սփյուռքահայ կինոգործիչներին, ինչն էլ ենթադրում է երկկողմ համագործակցություն, կինոոլորտի զարգացման, դրա խնդիրների լուծման ու հեռանկարների ուղիների որոնում: Բացի այդ, այս տարի “Հայակը” կունենա հետաքրքիր հյուրեր արտասահմանից. նախնական պայմանավորվածությունների համաձայն` հրավիրված են Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի և Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի տնօրենները, ֆրանսիացի դերասան Պիեր Ռիշարը, Ռուսաստանից` Կարեն Շահնազարովը, Արտավազդ Փելեշյանը և այլք: Այս առումով ամեն ինչ պետք է պատշաճ մակարդակով կազմակերպվի, սա է այս տարվա իմ անհանգստությունը: Հուսանք, որ ամեն ինչ ժամանակին ու գրագետ կկազմակերպվի:
Այս տարի “Հայակին” միացել է նաև Հայկական ազգային կինոակադեմիան, որի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանն էլ հենց կգլխավորի ժյուրին: Արդեն ընտրվել են նաև ժյուրիի անդամները` հայտնի կինոգետներ, գրականագետներ, երաժշտագետներ, անիմատորներ, արվեստաբաններ: Մրցանակաբաշխությունն այս տարի, բացի ՙՀայակ՚ մրցանակից, կունենա նաև ՀՀ մշակույթի նախարարության, Հայկական կինոակադեմիայի հատուկ մրցանակներ: Բացի հիմնական անվանակարգերից, կշնորհվեն նաև հատուկ մրցանակներ` հայկական կինոյի զարգացման գործում ունեցած վաստակի համար:
Մենք որոշ փոփոխություններ ենք կատարել ժամանակացույցում (միջոցառման անցկացման և հայտերի ընդունման) և անվանակարգերում: 2013 թ. կինոմրցույթը 12-ի փոխարեն կունենա 15 անվանակարգ. կավելանան “Երկրորդական դերի լավագույն դերասան”, “Երկրորդական դերի լավագույն դերասանուհի” և, ինչպես արդեն ասացի, “Լավագույն արտասահմանյան ֆիլմ” անվանակարգերը: “Լավագույն արտասահմանյան ֆիլմ” անվանակարգում կարող են ներկայացվել միայն 2012 թ. արտերկրում արտադրված ֆիլմերը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը սկսվել է 2012 թ. դեկտեմբերի 20-ից և կշարունակվի մինչև 2013 թ. փետրվարի 15-ը ներառյալ, որից հետո ժյուրին փետրվարի 16-ից մինչև մարտի 18-ը կկազմակերպի ներկայացված ֆիլմերի նախնական դիտում և կընտրի հավակնորդ ֆիլմերը: Մարտի 19-ից մինչև ապրիլի 11-ը մրցութային հանձնաժողովը կկազմակերպի ընտրված ֆիլմերի վերադիտում` “Նաիրի” կինոթատրոնում: Ապրիլի 12-ին մրցութային հանձնաժողովը նիստ կհրավիրի, որի ընթացքում էլ հայտնի կդառնան 2013 թ.”Հայակի” հաղթողները, իսկ հաջորդ օրը` ապրիլի 13-ին տեղի կունենա մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն:
“Orange Արմենիա՚” ընկերությունն արդեն երկրորդ անգամ հանդիսանում է “Հայակ” ազգային կինոյի մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն ու գործընկերը: Այս տարի հայկական կինոյի զարգացման գործին միացել է նաև “Ինեկոբանկը”:

Ռուզան ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆ


Շոն Բեյքերի «Անորան» և դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը Կաննում են

Ամերիկյան անկախ կինոյի ներկայիս լավագույն ռեժիսորներից մեկի՝ Շոն Բեյքերի նոր ֆիլմը «Անորա»-ն Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում է։...