3004Շաբաթ երեկոյան` փետրվարի 16-ին, Բեռլինի 63-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը` “Ոսկե արջը”, ստացավ ռումինացի ռեժիսոր Կալին Պիտեր Նեցերի “Էմբրիոնի դիրքը” սոցիալական դրաման, որ պատմում է բռակալ մոր մասին (Լյումինիտա Ջերջի): Նա փորձում է փրկել իր որդուն բանտարկությունից, որը բարձր արագության պատճառով վրաերթի է ենթարկել փոքրիկ տղայի: Որդին արդեն երիտասարդ չէ, փորձում է ապրել իր կյանքով և  չարանում է մոր նկատմամբ, որովհետև նա չափից ավելի է վերահսկում իրեն: Սակայն չի կարողանում ընդունել իր ողբերգական սխալները և գնալ տղայի ծնողների մոտ, որպեսզի նայի  երեխա կորցրած մարդկանց աչքերին:

Ստանալով “Ոսկե արջը”` պրոդյուսեր Ադա Սոլոմոնը նշեց, որ այդ ֆիլմը ոչ միայն պատմում է ուժեղ կնոջ մասին, այլև հիմնականում կանանց նկարահանող խմբի ջանքերի արդյունք է: Բացի այդ, նա շնորհակալություն հայտնեց Բեռլինի փառատոնին, քանի որ այն սատարում է արտհաուսային կինոն և չի թողնում որ այն  ստվերի “առևտրային կինեմատոգրաֆի գրաքննությունը”:

Ժյուրիի գլխավոր մրցանակը, որն այս տարի գլխավորում էր նշանավոր ռեժիսոր Վոնգ Կար-Վայը, ստացավ Դենիս Տանովիչի “Միջադեպ երկաթ հավաքողի կյանքից” վավերագրական դրաման, որում Բոսնիայում ապրող Սենադա Ալիմանովիչ և Նազիֆ Մուժիչ գնչուական զույգը պատմում է իրենց դժվարին կյանքի մասին: Ընդ որում ինքը` գնչուն` ոչ պրոֆեսիոնալ դերասան Մուժիչը, “Արծաթե արջի” արժանացավ տղամարդու լավագույն դերակատարման համար: Կնոջ դերասանական վարպետության պարգևը բաժին հասավ Պաուլինա Գարսիային, որ գլխավոր դերն է խաղացել չիլիացի Սեբաստիան Լելիոյի “Գլորիա” ֆիլմում: Գարսիան  մարմնավորել է 58-ամյա կնոջ, որը վաղուց ամուսնալուծված է, երեխաները մեծացել են, և այժմ փորձում է ապրել իր կյանքով. Աշխատում է, երեկույթների հաճախում և հանդիպում տղամարդկանց հետ: Նա սիրահարվում է իր պատահական ծանոթներից մեկին և անցնում նրա հետ այդ տարեց` արդեն ոչ այնքան գեղեցիկ ու ռոմանտիկ, բայց հմայքից ոչ զուրկ սիրո բոլոր փուլերը: Լելիոյի ֆիլմն արժանավցավ նաև էկումենիկ ժյուրիի մրցանակին:

“Արծաթե արջը”` լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակը ստացավ Դևիդ Գորդոնը  “Հեղեղների արքայազնը” ֆիլմի համար: Այս անկախ ամերիկյան ժապավենը 2011 թ. նկարահանված իսլանդական “Ուրիշ ճանապարհ” կինոնկարի ռեմեյքն է: Գլխավոր հերոսները` Էլվինը և Լենսը, 1988 թ. ամառն անցկացնում են այրված անտառում. Նրանք նորացնում են գյուղական ճանապարհներից մեկի նշագծումը: Լենսը ծանր է տանում մեկուսացումը, կարոտում աղջիկներին ու երեկույթները, իսկ ահա Էլվինը ընդհակառակը` գոհ է ճգնակյաց կյանքից և ազատ ժամերին երկար նամակներ է գրում իր սիրած աղջկան` Լենսի ավագ քրոջը: Նրանց անդորրը խախտում է միայն բեռնատարի տարեց վարորդը, որ օղիով խառնած գարեջուր է հյուրասիրում տղաներին և տարբեր պատմություններ պատմում:

Ալֆրեդ Բաուերի մրցանակը արվեստի մեջ նոր ուղիներ բացելու համար բաժին հասավ ֆրանսիացի ռեժիսոր և կինոքննադատ Դենի Կոտեի “Վիկն ու Ֆլոն արջ տեսան” ֆիլմին: Այն պատմում է նոր կյանքի դժվարությունների մասին, որ փորձում է սկսել լեսբուհիների զույգը:

Ժյուրիի հատուկ  մրցանակին արժանացան նաև Պի Մարեի “Լեյլա Ֆուրի” ֆիլմը սևամորթ միայնակ մոր մասին և Գաս Վան Սենտի “Ավետյաց երկիրը”:

Արվեստի մեջ ունեցած նշանակալի ավանդի համար “Արծաթե արջով” նշանավորվեց “Հարմոնիայի դասերը” ֆիլմում ղազախ օպերատոր Ազիզ Ժամբակաևի աշխատանքը: Իսկ լավագույն սցենարի համար մրցանակն ուղարկվեց նշանավոր իրանցի ռեժիսորին, որն այժմ տնային կալանքի  և Իրանի կառավարության կողմից մասնագիտական գործունեության արգելքի տակ է: Խոսքը Ջաֆար Փանահիի մասին է, որի և մի այլ ռեժիսորի` Կամբուզի Պարտովիի համատեղ “Փակ վարագույր” աշխատանքը ցուցադրվել է Բեռլինալեի հիմնական մրցույթում:

63-րդ միջազգային կինոփառատոնը անցկացվում է Բեռլինում փետրվարի 7-17-ը:  Այս տարի գլխավոր մրցանակին հավակնում էր 19 կինոնկար:  Դրանց թվում նաև ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովի “Երկար երջանիկ կյանքն” էր, որը փաստորեն ոչ մի մրցանակի չարժանացավ:  Թեև ժյուրին մրցանակները բաժանեց երեկ երեկոյան, հանդիսատեսի համար Բեռլինալեի մրցութային և ոչ մրցութային ցուցադրությունները կշարունակվեն նաև այսօր` կիրակի օրը:

Ռիա նովոստի


Հայ կինոյի զարգացման ռազմավարության կոնֆերանս

Աղվերանում՝ դեկտեմբերի 1-ին, ԻՖԿԱ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը, ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, անցկացրեց աշխատաժողով՝ նվիրված հայ կինոյի զարգացման ռազմավարության քննարկմանն...

|2 Դեկտեմբեր 2019,21:24