նյդիկ«Մոսկվա» կինոթատրոնում հունվարի 27-ին կայացավ Հրաչ Քեշիշյանի «Նժդեհ» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ, հայաստանյան քաղաքական էլիտան և սակավաթիվ արվեստագետներ: Սակայն ֆիլմը բուռն քննարկումների առարկա և քննադատության թիրախ էր դարձել դեռ մինչև պրեմիերան: Մանավանդ հայաստանյան էլեկտրոնային մամուլը հեղեղված էր քննադատական խոսքով, իսկ սոցցանցերում չէին դադարում ակտիվ քննարկումները ֆիլմի պրոդյուսերի, ռեժիսորի և հատկապես Նժդեհի երկրորդ դերակատարի (Արտաշես Ալեքսանյան) շուրջ:
Պրեմիերայից հետո ալիք բարձրացրեց հատկապես Նունե Հախվերդյանի «Գարեգին Նժդեհ». մեդիա պատերազմներում մեր պաթետիկ պատասխանը» գրախոսությունը media.am-ում, որը ընթերցողներին կաշառեց անկողմնակալ ու մասնագիտական հիմնավոր խոսքով: «Փաստորեն Հայաստանի վրա յոթ միլիոն դոլար նստեց, որ մի ֆիլմի վերաբերյալ խորաթափանց գրախոսություն լինի,- գրեց այս առիթով բլոգեր Վահան Իշխանյանը,- չնայած փողը գնաց ոչ թե քննադատին, այլ նրանց, ովքեր չեն կարողացել ֆիլմ նկարել»:  «Հյուսիսափայլն» էլ գրեց.«ՙՄեզ համար, իհարկե, դժվար է Մոսկվայում կռահել հայ հասարակության նման բուռն արձագանքի պատճառները: Հարցը, հասկանալի է,«Я- Гарегин Нжде» պաթոսով արտաբերվող ֆրազը չէ, ոչ էլ դերասանի անձը, որը մինչ այդ խաղացել է միայն բանդիտների դերեր պրիմիտիվ սերիալներում: Այլ այն, որ «Վալեքս» ֆիրման, որը բառի բուն իմաստով բռնաբարում ու կողոպտում է Հայաստանի բնությունն ու ընդերքը, փորձում է հանդես գալ որպես ազգի փրկիչի մասին ֆիլմի նկարահանման նախաձեռնող: «Ուր դուք, ուր` Նժդեհը»,- պատասխանում է ֆիլմի հեղինակներին հայ հանդիսատեսը: Եվ դրա համար էլ մենք ծափահարում ենք հենց հանդիսատեսին, որի համար, պարզվում է, այնուամենայնիվ, նշանակություն ունի մեկենասի բարոյական կերպարը»:
Հենց ճեմասրահում հանդիպեցինք ժամանակիս կինոգետներից մեկին և խնդրեցինք կածիք հայտնել: «Չէ, չեմ կարող,- թևերը տարածելով` ասաց նա:- Պատրաստ չեմ, այնպիսի տպավորություն ունեմ, որ երեք տարբեր ֆիլմեր եմ նայել»:
«Կինոաշխարհի» ընթերցողներին ներկայացնում ենք երեք կարծիք, որոնք չեզոք դիրքերից են և մեր կարծիքով` ապահովում են «թեր և դեմ»-ի հավասարակշռությունը:

Միքայել Պողոսյան. «Դժբախտաբար, չկայացած մի պատմություն ստացվեց, ինչի համար ցավում եմ»

Դերասան, պրոդյուսեր Միքայել Պողոսյանը համոզված է, որ այսօր մեր իրականությունն իսկապես կարիք ունի այնպիսի պատմական անձերի մասին պատմող ֆիլմերի, «որոնց մտքերով ու փիլիսոփայությամբ մենք ազգ ենք կոչվում»:
– Կարծում եմ, որ գաղափարը լավն էր, բայց վերարտադրման խնդիր կար, կատարման խնդիր կար, մոտեցման խնդիր կար: Ինձ համար սա մի դեկորատիվ վերաբերմունք էր Նժդեհի նկատմամբ: Ես կարծում եմ` դա չի կարող լինել անձնական, մի մարդու վերաբերմունք, եթե ազգ ես ներկայացնում, մանավանդ որ այս ամենում ներգրավված են մարդիկ, հզոր ու լուրջ արտադրական կազմակերպություններ:
Ամենամեծ վրիպումը սցենարական հատվածն էր, իսկ երկրորդը` Նժդեհի 2-րդ դերասանը: Եվ դա բեմադրիչի վրիպումն է, ոչ թե դերասանի: Դերասանը կատարում է իր աշխատանքը, և դերասանին չի կարելի մատնանշել. ինչ առաջադրվել է նրան, նա կատարել է: Ըստ իս, այդ դերակատարումը չի համապատասխանում մտքի, էսթետիկայի և ընդհանրապես փիլիսոփայության առումով, ինչը կա յուրաքանչյուրիս մեջ Նժդեհ անհատի առնչությամբ:
Ես չգիտեմ` ֆիլմի նախապատրաստական աշխատանքների ժամանակ ներգրավվա՞ծ են եղել մասնագետներ և խորհրդատուներ, քանի որ Նժդեհի մասին շատ նյութեր կան գրված, այդ ամենը պետք էր ի մի բերել: Դժվար թե մենք Նժդեհի թեմային նորից անդրադառնանք, էլ չասեմ այն գումարների մասին, որոնք ներդրվել են ֆիլմում: Եթե հավատանք շրջանառվող լուրերին, փաստորեն սա միչև այսօր նկարված ամենաթանկ հայկական ֆիլմն է ընդհանրապես:
Սակայն պիտի նշեմ, որ հիացած եմ պրոդյուսերական, նկարչական, օպերատորական փայլուն աշխատանքով: Լինելով կինոյի մարդ` հասկանում եմ, թե ինչ մեծ դժվարություններ են նրանք հաղթահարել դարաշրջանի նկարահանման գործում: Ինձ համար սա անսպասելի և ուրախալի էր: Կան դերակատարներ, որոնց աշխատանքն ինձ համար համոզիչ էր, կան դրվագներ, որ ինձ համար անմոռանալի են:
Համենայն դեպս, չի կարելի թշնամաբար նայել այն ամենին, ինչ արվել է: Դժբախտաբար, չկայացած մի պատմություն ստացվեց, ինչի համար ցավում եմ: Մեզանում այսօր կինոքննադատությունը պատշաճ մակարդակի վրա չէ, այն ընթանում է էմոցիոնալ դաշտում: Իհարկե, չափազանցված վիճակ է, և այս դեպքում առիթը տվել էր ֆիլմը, բեմադրիչը: Բայց հենց այնպես ոչինչ չի լինում: Ես չեմ կարծում, որ այս դեպքում ամբողջ հանրությունը չընկալեց կամ չհասկացավ: Ես համոզված եմ, որ հիմքում թերություններն են:
Իսկ ընդհանրապես կողմ եմ առողջ և կառուցողական քննադատությանը: Անպայման պետք է քննադատություն լինի, և պետք է պատրաստ լինել ընդունելու նման քննադատությունը: Իհարկե, բոլոր ֆիլմերն էլ խոցելի տեղեր ունեն, չկա այնպիսի իդեալական ֆիլմ, որը քննադատության կետեր չունենա:
Այնուամենայնիվ շնորհավորում եմ ֆիլմի ստեղծագործական կազմին, քանի որ ահռելի աշխատանք է կատարվել:

Արմեն Մազմանյան. «Ես վախենում էի դահլիճից դուրս գալ կորցրած, բայց դուրս եկա ձեռք բերած»

Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը հանրության շրջանում ժամանակից շուտ սկսված աժիոտաժը, այսինքն` չտեսած ֆիլմը վատաբանելը և «դիագնոզ տալն» անընդունելի է համարում` ևս մեկ անգամ կրկնելով, որ «ազգովին անբարյացակամ, անբարեկիրթ, տգետ և նեգատիվ էներգիաներով ենք լցված»:
– Ֆիլմի պրեմիերայից հետո էլ սկսվեցին պատմական և իմացաբանական քննարկումներ: Ըստ իս, դա բխում է մեր ոչ կոմպետենտ լինելուց, անգրագիտությունից: Պարզ ասած` չի կարելի հենվել դասական օպերայի կանոնների վրա և քննադատել օպերետան, ինչպես և չի կարելի անել հակառակը: Այն, ինչ կատարվում է այսօր այս ֆիլմի կապակցությամբ, նման է դրան: Ամեն մեկն իր գիտելիքների ու ցանկությունների դիրքերից կարծիքներ է հայտնում: Ծիծաղելի արգումենտներ են դրանք, որովհետև, եթե քննարկում ես երևույթը, պիտի իմանաս` ինչի մասին ես խոսում:
Տվյալ դեպքում գոյություն ունի կինեմատոգրաֆիական ժանր` էքշն, պատմական, ռազմական էթիկա: Ֆիլմն արված է այդ ժանրի կանոնների համաձայն և խնդիր է ունեցել մեզ տալ հերոս և հերոսի ողբերգությունը: Այս կոնտեքստից պետք էր դիտարկել` խնդիրը լուծվա՞ծ է, թե՞ ոչ, սա է՞քշն է, թե՞ այնուհանդերձ հոգեբանական դրամա: Այդ տեսանկյունից` կեցցեն, խնդիրը լուծված է, երևի թե այդ ժանրի մեջ առաջին լիարժեք ֆիլմն է, բացի դրանից, ես զարմացել էի, խոստովանում եմ, չունեի այդպիսի դրական կարծիք մեր դերասանների մասին, որոնք ամենափոքր անտեքստ էպիզոդներում ներկայացնում էին անկեղծ ու հուզական խաղ:
Ֆիլմի կադրերը լավն էին, դերասանական աշխատանքը լավն էր: Կարծում եմ` Արտաշեսին հասցեագրված այդքան ոչ դրական գնահատականները տեղին չէին, թե գողական կերպարներ մարմնավորած դերասանը ինչպես կարող էր խաղալ Նժդեհ: Օրինակ` Դաստին Հոֆմանը խաղացել է ևʹ հոմոսեքսուալիստի, ևʹ գողի, ևʹ պրեզիդենտի, ևʹ թագավորի դերեր: Արտաշը դերասան է, նա պետք է կարողանա մարմնավորել: Ես վախենում էի, որ կինոյում խաղացած իր դերերի շտամպը էստեղ կտեսնեմ, բայց տեսա, որ հաղթահարված է, մարդը կերպար է ստեղծել, որի տակ ողբերգություն կա և հաջողված կտորներ:
Մի քանի տեխնիկական դիտարկումներ ունեմ` կապված ֆիլմի ձայնի հնչյունավորման, տեմպոռիթմի հետ, քանի որ ֆիլմն էքշն ժանրին է պատկանում: Ես առաջարկել եմ ձայնի հետ կապված որոշ փոփոխություններ կատարել: Երբ մարդուն պոզիտիվ դիտողություն ես անում, հօգուտ գործի, դա մի վերաբերմունք է, բայց եթե նույն արգումենտը մատնանշելով` խփում ես ստեղծագործողի գլխին, այլ վերաբերմունք է: Ես հպարտ եմ, որ ունենք այդպիսի ֆիլմ: Վախենում էի դահլիճից դուրս գալ կորցրած, բայց դուրս եկա ձեռք բերած, ինչի համար շնորհակալ եմ ևʹ Հրաչին, ևʹ ամբողջ ստեղծագործական կոլեկտիվին:
Առհասարակ, առողջ և պոզիտիվ քննադատությանը շատ լավ եմ վերաբերվում: Ամեն լուրջ արվեստագետ պատրաստ է լսել դիմացինի քննադատությունը, եթե նա կոմպետենտ է, օբյեկտիվ է և չար չէ: Կարծում եմ` պետք է քննադատել հանուն, և ոչ ընդդեմ:

Արծվի Բախչինյան. «Նժդեհի մասին մեծակտավ «հայրենասիրական» կինոերկի «օլիգարխիկ» ֆինանսավորումն առնվազն ծաղր է թվում»

Նշելով, որ մեծ ու փոքր թերությունները քիչ չեն ֆիլմում, բանասեր կինոգետ Արծվի Բախչինյանը, սակայն, խոսքը սկսեց առավելություններից:

– Անվիճելի է, որ կատարվել է հսկայական աշխատանք. վաղուց այսպիսի մեծակտավ հայկական կինոերկ չէր ստեղծվել` ժամանակային և աշխարհագրական լայն ընդգրկմամբ, պատմական հերոսների դիմասրահով: Առաջին հերթին կշնորհավորեի նկարչին, ինտերիերների և հագուստների ձևավորումները ճաշակով են, զուսպ, զերծ թատերականությունից: Ի տարբերություն բեմադրիչի նախորդ ֆիլմերի` այստեղ երբեմն նկատելի է ռեժիսորական ձեռագիր: Տպավորիչ են մարտի տեսարանները (թեև այստեղ էլ շատ բան վաղուց ծանոթ է համաշխարհային կինոյից): Կան առանձին հաջողված տեսարաններ, սուր իրավիճակներ: Սակայն այսքանով կարծես ավարտվում են ֆիլմի առավելությունները:
Կինոարվեստի լավ երկ ունենալու համար նախ պետք է ապահովել հաջող հիմք, այսինքն` սցենար, որը տվյալ դեպքում շատ կողմերից էր խոցելի: Երկխոսությունները մեծ մասամբ չէին նպաստում կերպարների հոգեբանության վերհանմանը, շատերն ուսուցողական բնույթ ունեին, ինչը, որպես օրենք, ձանձրալի է դարձնում տեսողական նյութը: Վանում է հատկապես ֆիլմում հաճախ հնչող վերամբարձ խոսքը: Սցենարին պակասել է լավ խմբագիրը. առնվազն երեք անգամ լսեցինք մեղանչումներ հայոց լեզվի դեմ (նաև արևմտահայերենի): Ու թեև այսօր Ստամբուլում հայ տատիկների ծրագրված սպանությունների ֆոնին մենք ակամա նորից ենք լցվում հակաթուրքական զգացումներով, սակայն էկրանին հաճախ հնչող «շուն թուրք» և նման խոսքերն ու թուրքի գլխատման տեսարանը պարզապես արգահատելի են:
Մինչև Նժդեհի Հայաստանից հեռանալը կինոնկարում ինչ-որ կերպ պահվում էր որոշակի ոճական միասնություն, սակայն դրանից հետո կարծես մի նոր ֆիլմ սկսվեց (մանավանդ որ Նժդեհի դերակատարն էլ փոխվեց): Պրոպագանդիստական «կռիվ կինոն»` զուգահեռ զարգացող սիրային պատմություններով, տեղի տվեց մելոդրամային: Այս երկրորդ մասում արդեն մեզ ծանոթ Հրաչ Քեշիշյանն է` նվազագույն միզանսցեններով և սենտիմենտալ խոսքուզրույցով: Սպասում էի, որ հիմա կհայտնվի Նազենի Հովհաննիսյանը, և նա չուշացավ իր գեղեցիկ դեմքով, սակայն ոչ մի բան չասող դերով. նրա փոխարեն այս ֆիլմում խորհրդանշական կլիներ ընդգրկել Նժդեհի թոռնուհուն` դերասանուհի Գոհար Տրդատյանին:
Առհասարակ, կինոնկարի դերասանական ընտրությունը բավական վիճելի էր: Իմ համոզմամբ` ամենևին պետք չէր ունենալ Նժդեհի երկու դերակատար: Ամենևին պետք չէր արևմտահայ կնոջ դերում նկարահանել տպավորիչ, սակայն տվյալ դեպքում` բավական դժգույն մնացող Չուլպան Խամատովային, որն ընդգրկվել էր սոսկ ֆիլմում հնչեղ անուն ապահովելու համար (հայ կինոռեժիսորների հին ՙհիվանդություններից՚):
Ինձ համար, սակայն, այս օրերին ֆիլմի գեղարվեստական կողմից ավելի հուզում է հարցի բարոյական կողմը: Ազգափրկիչ հերոսի մասին ֆիլմի վերջում որպես հովանավոր տեսնում ես տխրահռչակ «Վալեքս» անունը, որը հայտնի է որպես Հայաստանի կանաչ գոտիները ոչնչացնող և թունավոր հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություն: Նաև ճակատագրի հեգնանք է, որ Նժդեհի` ատամներով հայկական մնացած Զանգեզուրում դարձյալ մեր օրերում կատարվում են իրադարձություններ, որոնք հղի են ճակատագրական հետևանքներով: Առանձնապես չի բարձրաձայնվում այն իրողությունը, որ վերջերս Իրանի Արևելյան Ազարբայջան նահանգի և Սյունիքի մարզի միջև համագործակցության չորս համաձայնագիր է ստորագրվել, ըստ որոնց` հայկական մարզի 50 հազար հեկտար առաջնակարգ արոտավայրեր վարձակալության են տրվելու թրքախոս իրանական կողմին` դրանով իսկ նպաստելով մարզի բնապահպանական, գյուղատնտեսական, աշխարհաքաղաքական և դեմոգրաֆիական նկարագրի փոփոխմանը: Նման մտահոգիչ համատեքստում Նժդեհի մասին մեծակտավ հայրենասիրական կինոերկի օլիգարխիկ ֆինանսավորումն առնվազն ծաղր է թվում:

Պատրաստեց   Ռուզան ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆԸ


    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16