Ռուբեն Գևորգյանց.Վավերագրական կինոն չի հանդուրժում սուտը
Արցախյան շարժման առաջին իսկ օրերից, երբ Օպերայի հրապարակում տեղի էին ունենում բազմամարդ միտինգներ, վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի օպերատորներն օր ու գիշեր «դեպքի վայրում» էին` վավերացնելով ու ժապավենին հանձնելով մեր նորագույն պատմության կարևորագույն էջը` իր բոլոր մանրամասներով: Նրանց աչքի առաջ գրվում էր Հայաստանի ու Արցախի նոր պատմությունը, որի վկան էր դառնալու նաև նրանց ստեղծած կինովավերագրությունը: Պատերազմի ամենածանր օրերն էին. վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրեն Ռուբեն Գևորգյանցն իր մոտ է հավաքում բոլոր կինոօպերատորներին ու ասում. «Պարտադրել որևէ մեկին ես չեմ կարող, բայց չնկարել մենք չենք կարող, քանի որ վավերագրողներ ենք: Ո՞վ ցանկություն ունի ինքնակամ մեկնելու Արցախ ու այնտեղ նկարահանումներ կատարելու»:
– Իմ առաջարկությանն առաջինն արձագանքած օպերատորը Բորիս Հովսեփյանն էր,- պատմում է Ռուբեն Գևորգյանցը:- Հետագայում, երբ Շուշին ազատագրվեց, մենք այնտեղ մի տուն վերցրինք ու դարձրինք այն «Հայկ» կինոստուդիայի մասնաճյուղը: Նույնիսկ Շուշիի նորաստեղծ քաղաքապետարանից թուղթ վերցրինք, որ այդ տարածքը տրամադրվում է «Հայկ» կինոստուդիային: Այդ տանը բավական աշխատանքներ կատարվեցին, քանի որ ռմբակոծությունից տուժել էր, պատուհաններ չկային: Բորիս Հովսեփյանը տունը վերանորոգեց ու այնտեղ էլ ապրում էր: Նա էր ընդունում բոլոր այն նկարահանող խմբերին, որոնք մեկնում էին Արցախ: Ավելի ուշ նրան միացավ Լևոն Պետրոսյանը: Ի դեպ, Արցախ մեկնելն այն ժամանակ բարդ գործ էր: Պետք էր ստանալ նախ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի, ապա Վազգեն Սարգսյանի թույլտվությունը: Մենք կարող էինք մեկնել միայն ուղղաթիռով, իսկ դրա համար հետդ պիտի վերցնեիր անհրաժեշտ քանակությամբ նավթ: Այդպես էր կարգը: Տղաները մեկնեցին ու նկարեցին մեծ թվով հետաքրքիր դրվագներ, այդ թվում` Շուշիի գրավումը:
«Հայֆիլմի» օպերատորներից Շավարշ Վարդանյանն առաջին իսկ օրերից մասնակցում էր պատերազմին և հազարավոր մետրերով վիդեոժապավեն է նկարել: Դժբախտաբար նրա վերջին աշխատանքներն այրվեցին ինքնաթիռի հետ միասին: Սակայն նա պատերազմի մասին մեծ քանակությամբ նյութ էր կուտակել և բավականին հետաքրքիր աշխատանքներ ստեղծեց: Արա Մնացականյան, Վրեժ Պետրոսյան, Կարեն Գևորգյան, հայ վավերագրողներից շատ շատերն այդ տարիներին մեկնեցին Արցախ ու դժվարագույն պայմաններում աշխատելով` կարողացան ժապավենին հանձնել արցախյան տարեգրության կարևոր դրվագները:
Մինչ օրս «Հայկ» կինոստուդիան հաճախ է անդրադառնում Արցախյան պատերազմին, այդ պատերազմի հերոսներին: Երիտասարդ ռեժիսորների վերջին հաջողված ֆիլմերից է Աննա Թովմասյանի «Կամավորը» ֆիլմը, որը երեք հերոս ընկերների` Դմիտրի Մոտրիչի, Իլյա Կուլիկի և Մյասնիկ Գասպարյանի մասին է: Տղաները զոհվել են 1992 թ.` Ճարտար գյուղի մատույցներում` մարտական բարդ առաջադրանքն ավարտին հասցնելով: Մեր ստուդիայում վերջերս ավարտվեցին երկու մեծ ֆիլմեր, մեկը Կարեն Գևորգյանի ֆիլմն է հայտնի Չինար գյուղի մասին, մյուսը Արմեն Խաչատրյանի աշխատանքն է` «Իմ սահմանը»: Վերջինի պրեմիերան կկայանա դեկտեմբերին:
Արցախյան պատերազմի թեմային նվիրված ամենահաջողված ֆիլմերից է Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի-խաղաղության օրերի» վավերագրական ֆիլմը: Շատ գնահատում եմ այդ ֆիլմի ճշմարտացիությունը: Վավերագրական կինոն չի հանդուրժում սուտը, պետք է մատուցես ճշմարտությունը` դնելով այն արվեստի կաղապարի մեջ: Ֆիլմում չափազանց կարևոր է նաև ասելիքը` ինչ ես ուզում փոխանցել քո ֆիլմով: Հայերը դարդ անելու համար մի հատ են, սիրում են լաց լինել, բայց պետք է նախ և առաջ մտածել` ինչ ենք ցանկանում փոխանցել մեր սերունդներին: Չպետք է խուսափել «իդեոլոգիա» ասվածից, մենք պատերազմող երկիր ենք և չենք կարող թույլ տալ բաներ, որոնք կարող են վնասել մեզ: Պատերազմի վավերագրությունն ունի իր տաբուները, արդյոք արժե ցույց տալ մարդկանց կտրված ականջները, ում և ինչի համար են անհրաժեշտ սարսափելի տեսարանները:
Ֆիլմը կարո՞ղ է փոխանցել այն, ինչ տեղի է ունեցել իրականում
– Պատերազմը սարսափելի երևույթ է: Ֆիլմը որքան էլ ռեալիստական լինի, միևնույն է, այն դիտում ես տանը, բազկաթոռին նստած կամ հանգիստ պայմաններում: Կարող ես հեռուստացույցն անջատել, ու այլևս չկա այդ պատերազմը: Չէ, իրական պատերազմն այլ է: Ես մեկնել եմ Արցախ, որովհետև տանը նստել չէի կարող: Մեկնել եմ ու ականտես եղել սարսափելի դաժանությունների: Պատկերացրեք` մտնում ես գյուղ ու ինչ-որ պարկի մեջ հայտնաբերում երեխաների տասնյակ կտրված ձեռքեր, ողջ գյուղը մորթված` բառի բուն իմաստով: Սա է իրական պատերազմը: Բայց փաստ է նաև այն, որ պատերազմում ես հայտնաբերեցի մեր ժողովրդի անսահման խիզախությունը, հնարամտությունն ու հումորի մեծ զգացումը, որը չկորցրեց անգամ պատերազմում:
Որևէ մեկը դո՞ւրս է մնացել վավերագրողների տեսախցիկներից
– Հարյուրավոր մարդիկ կան, որոնք դուրս են մնացել տեսադաշտից: Օրինակ` Ալեքսանդր Թամանյանի թոռը` Շուրիկը: Նրա մասին կարելի է առանձին ֆիլմ նկարել: Նման հերոսներ մենք շատ ունենք, որոնց մասին ոչինչ չգիտեն: Շատերն են անտեսվել, ոչ միայն կինոյում, այլև գրականության մեջ, կյանքում…
Վերջերս ավարտվեց երիտասարդ կինոռեժիսորների «Ես եմ» փառատոնը, որը սահմանում է հատուկ մրցանակ «Լավագույն հայրենասիրական ֆիլմի» համար: Վերջին երկու փառատոներին այս թեմայով որևէ ֆիլմ չի ներկայացվել, և դա շատ ցավալի է: Պատերազմի թեման ընդհանրապես բացակայում է:
Պատերազմի թեման ամբողջությամբ յուրացված չէ՞
– Կարծում եմ` վավերագրական կինոյի համար ժամանակն անցել է, իսկ խաղարկային կինոյի համար ժամանակը դեռ ուժի մեջ է: Միքայել Պողոսյանի վերջերս ստեղծած «Եթե բոլորը» ֆիլմը, ի դեպ, այս ժանրից և թեմայից է:
Փոխվե՞լ են վավերագրական կինոյի չափանիշները
– Դժվարանում եմ ասել, որոնք են ժամանակակից վավերագրական կինոյի չափանիշները, բայց լավ կինոն միանգամից երևում է: Այն չի ենթարկվում ինչ-որ օրենքների: Կա պարզապես լավ ֆիլմ և վերջ: Բարեբախտաբար այս ժանրի դպրոցը Հայաստանում ձևավորվել և կայացել է:
Որքանո՞վ է վավերագրական նյութն այսօր օգտագործվում որպես քարոզչական զենք
– Ցավոք, այս ճակատում հաջողությունները քիչ են, մենք տանուլ ենք տալիս, որովհետև չկա համակարգված աշխատանք: Տարբեր ֆիլմեր են նկարում, երկար-բարակ, չես հասկանում, որն է ասելիքը: Շատերը բարի ցանկություններով ստեղծում են ֆիլմեր, բայց իրենք քաղաքականապես հասուն չեն: Երբեմն կարող են այնպիսի նյութեր օգտագործել, որոնք մեզ կարող են միայն վնասել: Պետք է ասեմ, որ ամեն ճշմարտություն դեռ արվեստ չէ: Ֆիլմերի ցուցադրումն էլ լուրջ խնդիր է: Իսկ մենք ու՞մ համար ենք նկարում` մե՞ր: Պետք է լուրջ լծակներ ունենաս, որպեսզի վճարես ֆիլմերը ցուցադրելու համար: Մենք պետպատվեր չենք ստանում, ինքներս ենք որոշում` ինչ է պետք նկարել, ինչ պետք չէ: Մինչդեռ հիշում եմ` Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ ես Իրաքում էի: Սադամ Հուսեյնը ստեղծել էր կինեմատոգրաֆիական ստուդիաներ, որոնք հրավիրելով ամերիկյան հայտնի կինոռեժիսորների, նկարահանում էին պատմական գեղարվեստական ֆիլմեր, որոնք քարոզում էին իրաքյան դիրքորոշման ճշմարտացիությունը: Ճիշտ էր, թե սխալ այդ դիրքորոշումը, էական չէ, կարևորն այն է, որ հսկայական աշխատանք էր արվում: Մեզանում որևէ մեկը չի զբաղվում նման խնդիրներով:
Պատերազմի վավերագիրներին ու նրանց աշխատանքը ներկայացնելու «Կինոաշխարհի» նախաձեռնությունը շատ հետաքրքիր ու կարևոր է: Պատահական չէ, որ Ռուսաստանն ամեն տարի նշում է Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրը, յուրաքանչյուր առիթով անդրադառնում պատերազմի հերոսներին, որովհետև հենց այդ հերոսներն են դաստիարակում և օրինակ դառնում նոր սերնդի համար:
Զրույցն անգլերենով
Ալիսա Գևորգյան