«Ասում են` ես երեք կուռք ունեմ` Քրիստոս, Մարքս և Ֆրեյդ, բայց այդ ամենը դատարկ խոսքեր են, իմ միակ կուռքը իրականությունն է: Եվ կինեմատոգրաֆիստի մասնագիտությունն էլ ընտրեցի, որովհետև կարող եմ արտահայտել իրականությունը իրականության միջոցով»:

Պիեռ Պաոլո Պազոլինի

Իր կինեմատոգրաֆիական գործունեության 15 տարիների ընթացքում Պիեռ Պաոլո Պազոլինին, որ այս տարի կդառնար 90 տարեկան, ստեղծել է 12 լիամետրաժ ֆիլմ, դրվագներ ժողովածուներում և մի քանի վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր: Սկանդալներն ու դատական հայցերն ուղեկցել են նրան ամբողջ կյանքի ընթացքում, անգամ մահվանից հետո: 1949-1977 թթ. նրա դեմ հարուցվել է 33 դատական գործ հասարակական վարվեցողությունը խախտելու և կրոնական զգացմունքները վիրավորելու հիմքերով: Հետապնդումները տարածվում էին նաև նրա կինոնկարների վրա, որոնք բռնագրավվում էին, կամ  արգելք էր դրվում դրանց ցուցադրության վրա:

60-ականների «Կինեմատոգրաֆիական վերածննդի» առաջատար Պիեռ Պաոլո Պազոլինին մշակել է սեփական` այլաբանական, մետաֆորիկ կինոլեզուն: Նա հանդիսատեսի հետ ասես առակների միջոցով է հաղորդակցվում:

Ապագա մեծ բեմադրիչի առաջին և հիմնական կոչումը թերևս պոեզիան էր` նրան մինչև այսօր էլ համարում են XX դարի Իտալիայի լավագույն պոետներից մեկը: Մասնագիտությամբ արվեստաբան Պազոլինին ինքն իրեն համարում էր կոմունիստ, ավելի ստույգ` «կաթոլիկ-մարքսիստ», խոստովանելով, որ աթեիստ է, սակայն շարունակում է մնալ կրոնի մարդ, քանի որ կրոնը  ժողովրդական մշակույթի, հարազատ ժողովրդի կենցաղի մի կարևոր և անբաժան մասն է:

Հարազատ Ֆրիուլի քաղաքից Հռոմ տեղափոխվելով` Պազոլինին աշխատում է որպես լեզվաբան և թարգմանիչ և սկսում  սցենարներ գրել: Եվ  38 տարեկան հասակում արդեն կայացած գրող և լրագրող, երկու վեպի և բանաստեղծությունների 10 ժողովածուների հեղինակ Պազոլինին որոշում է իր ուժերը փորձել ռեժիսուրայում: Իր առաջին ֆիլմը նա անվանում է «Ակատոնե» («Թափառաշրջիկը»), որի հիմքում ընկած էր սեփական «Դաժան կյանք» վեպը: Իր ոճով «Ակատոնեն» հարում է նեոռեալիզմին: Պազոլինին պատկերում է հասարակության հատակը, սակայն զրկում  իր հերոսներին այն ռոմանտիկական քողից, որով պատում էր նրանց նեոռեալիզմը: Միաժամանակ պահպանում է ֆոլկլորի տարրերը:

Նույնը կարելի է ասել նրա երկրորդ` «Մամա Ռոմա» ֆիլմի մասին: Այս ֆիլմից սկսած` Պազոլինիի մեջ նկատվում է աշխարհայացքի երկակիություն. նա փորձում է միավորել կերպարային մտածողությունը և սոցիալական վերլուծությունը, ցանկացած երևույթի նա մոտենում է և’ գեղագիտական, և’ քաղաքական տեսանկյունից: Սա հանգեցնում է ծայրաստիճան ռեալիզմի, որը տեղ-տեղ հասնում է նատուրալիզմի և միթո-էպիկական ընդհանրացումների, որոնք կարող էին ծագել ամենահասարակ սյուժեից: Օրինակ` այս ֆիլմերում օգտագործելով Բախի և Վիվալդիի երաժշտությունը, մեջբերումներ անելով Դանթեից` Պազոլինին հասարակ մարդկանց կյանքն  ասես  տեղափոխում է առասպելական հարթություն, նրանց ամենապարզ կենցաղային կոնֆլիկտը ռեժիսորը լուծում է համամարդկային արքետիպային ողբերգության  ձևով:

Այդպես է նաև «Մամա Ռոմայի» դեպքում. գլխավոր հերոսուհին, որի դերը խաղում է Աննա Մանյանին, ասես օժտված է բիբլիական երկու Մարիամների` Սուրբ Կույսի և Մարիամ Մագդաղինացու գծերով, ընդհանրապես Պազոլինիի ֆիլմերում բազմիցս հանդիպում ենք Աստվածամոր և անբարոյական կնոջ, կույսի և  պոռնիկի թեմայի արծարծումին: Մանյանիի խաղում երկու կերպարներն էլ ստացված են, բայց նա առաջին հերթին մայր է: Միայնակ մոր` Մամա Ռոմայի ողբերգությունն այն է, որ մեծ քաղաքը կուլ է տալիս փոքր մարդկանց` իրենց երազանքներով (ակամա հիշում ես Վիսկոնտիի գլուխգործոցը` «Ռոկկոն և նրա եղբայրները»: Մոր` որդու և նրա լուսավոր ապագայի հետ կապված բոլոր երազանքները փշրվում են` նրա  զոհողություններն իզուր էին, քանի որ իր իսկ ձեռքով հասարակությունը կործանում է իր որդուն: Մայր ու որդի չեն կարողանում հենման կետ գտնել բուրժուական հասարակության մեջ, իսկ տղայի մահը դառնում է խիստ և դաժան դատավճիռ` ուղղված  հենց այդ հասարակությանը: …Ֆիլմի ֆինալում, երբ Մամա Ռոման ողբում է` որդու մարմինը գրկած, հանդիսատեսն  ակամա մտաբերում է ավետարանական պիետան:

1964 թ. Պազոլինին ստեղծում է իր ծրագրային ստեղծագործությունը` «Ավետարան ըստ Մատթեոսի» ֆիլմը: Հիշենք, որ բեմադրիչը կրոնական դաստիարակություն չի ստացել, նույնիսկ կոնֆիրմացիա չի անցել, դպրոցում նա երբեք չէր հաճախում կատեխիզիսի դասընթացներին: Իսկ երբ հասուն տարիքում ընթերցեց ավետարանական տեքստը, ապշած մնաց, գրում էր, որ այն օժտված է «բարոյական գեղեցկությամբ»: Ահա թեմայի ընտրությունն ինքնին շատ անսպասելի է, քանի որ ավետարանական թեմային անդրադառնում է աթեիստը և մարքսիստը: Պազոլինին թեմայի ռեժիսորական մշակում չարեց, սցենար չգրեց, այլ որոշեց կուրորեն հետևել ավետարանական տեքստին` տող առ տող այն վերածելով պատկերաշարի:

«Մատթեոսի ավետարանում» նա պատկերում է իսկական ժողովրդական քրիստոնեական հավատքը, ոչ թե պաշտոնական բուրժուական կրոնը: Ըստ Պազոլինիի` Քրիստոսը աստված չէր, նա ընդվզող էր, առաջին հեղափոխականը: Նա քարոզում էր հարգանք մարդկային աշխատանքի նկատմամբ, արհամարհանք նյութական հարստության նկատմամբ, կոչ էր անում արդարության և հավասարության:

Պազոլինին ցանկանում էր, որ Քրիստոսի դերը խաղա պոետ, քանի որ ըստ նրա` Քրիստոսը մտավորական էր աղքատ մարդկանց միջավայրում, նա ունակ էր ընդվզման և խռովության, իսկ այսպիսի հատկանիշներ նա տեսնում էր միմիայն պոետի մեջ: Մեծ բեմադրիչն այդ դերում տեսնում էր սովետական պոետ Եվտուշենկոյին, սակայն սովետական իշխանությունների հետ երկարատև բանակցություններն արդյունք չտվեցին: Եվ ահա մի պատահական օր բեմադրիչը գտավ իր Քրիստոսին մի շատ պրոզայիկ վայրում` համալսարանում: Գրականություն ուսումնասիրող, ազգությամբ իսպանացի ուսանող Էնրիկե Իրազոկին սկզբում հրաժարվեց սկանդալային համբավ ունեցող պոետի և ռեժիսորի  առաջարկից, բայց, ի վերջո,  տեղի տվեց:  Հետաքրքրական է, որ  ֆիլմում Քրիստոսի մոր դերը` հասուն տարիքում, խաղաց Պազոլինիի մայրը` Սյուզաննան:

Պազոլինին գրում էր, որ կապ է ստեղծում հին աշխարհի և ներկայի միջև, քանի որ եթե պատմական, կրոնական ֆիլմ բեմադրեր, ապա դա սխալ կլիներ, քանզի ինքը հավատացյալ մարդ չէ: Իսկ անալոգիան անցյալի և ներկայի միջև հնարավորություն է տալիս մտնելու միթոսի, էպոսի ոլորտ: Նա պատկերում է Քրիստոսի պատմությունը` գումարած դրա ինտերպրետացիայի 2000 տարին, որոնց ընթացքում մարդիկ առասպելականացրել են նրա ֆիգուրը, պատել լեգենդներով:

Ի դեպ, Պազոլինիի վաղ աշխատանքներից սկսած, ձևավորվել էր որոշակի կրոնական ոճ: Քննադատներն այն անվանեցին «կաթոլիկ», իսկ ինքը` Պազոլինին, նախընտրում էր «սակրալ» մակդիրը: Մի քանի տարի անց ռեժիսորը կգրի. «Ֆիլմը կապ չունի կաթոլիկության հետ, այն կրոնական է, քանի որ իմն է, իսկ իմ աշխարհայացքը կրոնական է, միայն թե այն կրոնը, որ ես դավանում եմ, որևէ կապ չունի պաշտոնականի հետ, իսկ Քրիստոսի կերպարում այսօր` տարիներ անց, երբ դիտեցի ֆիլմը, տեսա ինքս ինձ` հյուսված հակասություններից»: Պազոլինիի այս խոսքերը ապացույց են, որ ռեժիսորը հակված էր իրեն նույնացնելու Քրիստոսի հետ. նա կարծում էր, որ ինքը մարգարե է և մարդկանց ճշմարտություն  է բերում:

1966 թ. հաջորդեց Պազոլինիի թերևս «ամենաքաղաքական»` «Փոքր և մեծ թռչունները» ֆիլմը` մարքսիզմ և գաղափարախոսություն երևույթների շուրջ վարպետորեն հյուսված մի փիլիսոփայական առակ:

Պազոլինիի հաջորդ ֆիլմերը դարձան հունական Ֆատումի` Ճակատագրի մասին մտորումների արդյունքը «Էդիպ արքա» և «Մեդեա»: Վերջինիս դերում, ի դեպ,  հանդես եկավ նշանավոր օպերային երգչուհի Մարիա Կալլասը, որն այստեղ ոչ միայն չի երգում, այլև գրեթե չի խոսում: Բայց նա ստեղծել է վեհ, ճշմարտացի ողբերգական կերպար, որն արժանի է դասական հունական թատրոնի լավագույն ավանդույթներին: Այս ֆիլմերով Պազոլինին սկիզբ դրեց առասպելական, մշակութաբանական կինեմատոգրաֆին` շոշափելով քաղաքակրթության ակունքները, դրա մանկությունը, երբ առասպելները մարդկանց առօրյա իրականությունն էին, իսկ իրենց շրջապատող իրականությունը, ըստ էության, առասպել էր:

Հետագա տարիներին Պազոլինին ճամփորդում է արևելյան երկրներում` Իրանում, Եմենում, Նեպալում, և հարուստ նյութ հավաքում իր հայտնի «Կյանքի եռերգության» համար: Ինչպես մեր Համո Բեկնազարյանը, նա կարողանում էր նվաճել նորանոր մշակութային տարածքներ: Բոլոր երեք ֆիլմերի միջով կարմիր թելի պես անցնում է ազատ, հեթանոսական սիրո գաղափարը:

Այնուհետև սկսվեց հոգեկան ճգնաժամ. նա բոլորին, նաև ինքն իրեն մեղադրեց կոնֆորմիզմի մեջ և, հրաժարվելով «Կյանքի եռերգությունից», մտահղացավ «Մահվան եռերգությունը»:

Պազոլինիի վերջին ֆիլմը` «Սալո կամ Սոդոմի 120 օրը», որ «Մահվան եռերգության» առաջին ֆիլմն էր, արտահայտում էր հեղինակի հակաֆաշիստական տրամադրությունները ամոթալի սեռական կտտանքների ու հրեշավոր դաժանությունների պատկերմամբ: Ֆիլմն էկրան բարձրացավ Իտալիայում ֆաշիստական խմբավորումների աշխուժացման ժամանակ և ցասումի ալիք առաջացրեց նրանց մեջ: Ամենայն հավանականությամբ դա էլ դարձավ նրա սպանության պատճառը:

Պազոլինին սպանվեց 1975 թ. նոյեմբերի 2-ին, Հռոմի մոտակայքում: Նրա դիակը գտան առավոտյան արյան լճակի մեջ, դաժանաբար խոշտանգված: Այդ հանցագործությունը մինչ օրս մնում է XX դարի Իտալիայի ամենամեծ չբացահայտված  գործերից մեկը: Վարպետի ընկերները բազմիցս են խոստովանել, որ «Սալո կամ Սոդոմի 120 օրը» ֆիլմի նկարահանման ժամանակ Պիեռը շարունակ սպառնալիքներ էր ստանում ֆաշիստներից: Սակայն ռեժիսորի սպանությունն այդպես էլ չկապեցին ֆիլմի էկրան բարձրանալու և բողոքի ալիքի հետ:

Իր ողջ կյանքի ընթացքում կապվածությունը մեծ իտալացու ստեղծագործության հետ չէր թաքցնում Սերգեյ Փարաջանովը և մատնանշում այս հանգամանքն  ամեն հարմար առիթով: 1975 թ., ցնցված  հանճարեղ պոետի և ռեժիսորի առեղծվածային, ողբերգական մահով, գտնվելով բանտում, նա հասարակ գրչի ծայրով  ստեղծում է գծանկարների իր հանրահայտ շարքը և անվանում «Ռեքվիեմ Պազոլինիի համար»: Այսպիսով, մաեստրոն, որի կյանքի և ստեղծագործության մեջ թերևս կարելի է որոշ աղերսներ նկատել Պազոլինիի հետ, իր հարգանքի տուրքը մատուցեց նրան:

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ