Երբ առաջարկեցիք սյունակ վարել, ես պատրաստ չէի, հետո մտածեցի, որ ինձ համար պատիվ է սյունակ վարել «Կինոաշխարհում», որովհետև դա յուրատեսակ ֆորմատ է, եթե կուզեք, յուրատեսակ ժանր է լրագրության մեջ: Եվ ես իմ առաջին սյունակը ուզում եմ սկսել լուսավոր կետից:

Բոլորովին վերջերս հրատարակվեց մի գիրք, որի հեղինակը  Լևոն Ներսիսյանն է: Ո՞վ է այդ Լևոն Ներսիսյանը, գուցե շատերը հիմա չգիտեն: Հրաչյա Ներսիսյանի որդին, կարելի է ասել նաև` հայտնի բանասեր, դասախոս:  Իհարկե, նաև մի քանի դերեր է ունեցել կինոյում,   բայց դա էական չէր, նրան գիտեին որպես դասախոս: Հետաքրքիրն այն է, որ գիրք է հրատարակվել մի մարդու, որը գրեթե գրավոր ոչինչ չի թողել, կյանքում ընդամենը երեք հոդված է տպագրել, գիրքը տպագրվել է ձայնագրությունների հիման վրա:

Հարց կարող է ծագել` ինչո՞ւ է այդքան քիչ բան տպագրել, երբ փայլուն գրիչ ուներ: Անշուշտ, միանգամից կարելի է ասել տոտալիտար ռեժիմ, գրաքննություն և այլն: Ոչ: Նրա բանավոր խոսքի համար կարող էին տասն անգամ նստացնել: Խնդիրը դա չէ: Ոչ թե գրաքննության հանգամանքն է խանգարել, այլ տեսակը: Նա բանավոր խոսքի վարպետ էր: Նա մի մարդ էր, որ իր ուրույն տեղը գրավեց 50-60-ականների Երևանում: Նա մարդ էր, որը մթնոլորտ էր ստեղծում: Նստում էր Նկարիչների միության կողքին գտնվող սրճարանում կամ «Սկվազնյաչոկում»: Նրա շուրջը միշտ հավաքվում էին մարդիկ և լսում էին նույնիսկ ամենատարրական, կենցաղային խոսքերը, որոնք նա կարող էր արտաբերել այնպես, որ մտնեին քո կենսագրության մեջ: Նրա շնչառությունը կարծես օդ էր բերում, թարմ օդ: Եվ ովքեր շփվել են, տեսել են, էդ օդից ինչ-որ բան է մնացել նրանց մեջ:

Իմիջիայլոց, իմ կոլեգաներից մեկը, երբ Լևոն Ներսիսյանի մասին գրել էի` անզուգական, հարց տվեց` ինչո՞վ անզուգական: Պատասխանեցի` որովհետև ինձ նման, քեզ նման գրքեր ու հոդվածներ  չէր գրում: Արդեն դա բավական է, որ նա լինի անզուգական: Նա բանավոր խոսքի ժանրի վարպետ էր: Բանավոր խոսքն ամեն ինչ էր նրա համար: Բանավոր խոսքի մեջ ևʹ գիտելիքն էր, ևʹ ամենակարևորը` շփումը: Նա մի անգամ ինձ խորհուրդ տվեց` եթե մտնում ես լսարան և չգիտես ինչ ասել և ինչպես ասել, մեկին գտիր, սևեռիր հայացքդ, և այդ դեպքում ամեն ինչ կբացվի: Այսինքն` պարտնյոր է պետք: Մեկը պետք է լինի, որի հետ խոսես:  Գրավորն ուրիշ է, դա դառնում է սեփականություն, որը փոխանցում ես ուրիշներին: Նրա գրած հոդվածները փայլուն էին, խոսք չկա, նրա ձայնագրություններով տպագրված գիրքը` նույնպես, խնդիրը դա չէ: Կրակը բերում է այդ բանավոր խոսքը:

Նա շատերին դերասան էր թվում, բայց դերասան չէր: Իհարկե,  դերասանական գեներ ուներ, հորից ժառագել էր, բայց այնքան վճռական գտնվեց, որ հրաժարվեց: Մի պահ եղավ` հոյակապ Խլեստակով էր խաղում ուսանողական թատրոնում, հայրը եկել էր ներկայացումը նայելու և կեսից դուրս էր եկել: Դաʹ եղավ նրա համար սթափեցնող հարված: Նա չէր կարող դերասան լինել, որովհետև շատ բան գիտեր, դերասանն իրավունք չունի այդքան բան իմանալու:  Գիտելիքը կխանգարեր նրան դերասան լինել, և նա կատակով էր դերասանություն անում, նա խաղում էր դերասանությունը:  Բայց երբ դասախոսություն էր կարդում, դերասանություն չէր անում, էությունն էր հաղորդում էմոցիոնալ ձևով:  Իսկ առօրյայում պարզապես կատակում էր, ուրիշ ոչինչ:

Բանավոր խոսքի առումով, իհարկե, էլի անուններ կարող եմ հիշել. Հակոբ Սալախյանը, որ փայլուն կերպար էր իր փայլուն խոսքով, արտիստիկ գծերով, որ հզոր հմայք ուներ, Սաբիր Ռիզաևը, որ բանավոր խոսքով կարող էր հեղափոխություն անել,  նրա հետ շփվելը գերագույն հաճույք էր, Վադիմ Մելիքսեթյանը, որ դարձյալ փայլուն էր բանավոր խոսքով ու մթնոլորտ էր ստեղծում,  Ռաֆայել Արամյանը, Ռուբեն Զարյանը, Լևոն Հախվերդյանը…

Եվ այս առաջին զրույցի ժամանակ ուզում եմ հենց դա շեշտել. համակարգիչների ու բջջայինների այս դարաշրջանում մեզ պակասում է մթնոլորտը, այդ կենդանի շփումը, հաղորդակից լինելը:

Երեկ ինստիտուտ էի գնում և ճանապարհին մի 10-15 հոգու հանդիպեցի, բոլորը` բջջայինից կախված: Ոչ ոք ոչ ոչ ոքի չէր նկատում: Ես միակն էի, որ առանց բջջայինի էի: Ի¯նչ սարսափելի իրականություն է. մարդիկ գնում են ու ոչինչ չեն տեսնում:

Ուստի ի պաշտպանություն այդ ժանրի եմ խոսում` բանավոր խոսքի, որին կարոտ ենք, և որը ծնվում է շփման միջոցով:

Մենք տարօրինակ ժամանակ ենք ապրում, ես կասեի` հեղափոխական` ևʹ լավ, ևʹ վատ իմաստով: Մարդկությունը դեռ չի կարողացել սահմանել, թե որ շրջանն է հեղափոխական, որը` ոչ: Բայց զուտ քաղաքակրթության առումով, կարծում եմ,  վերջին հազարամյակում հեղափոխական կարելի է համարել Գուտենբերգի հայտնագործությունը, որով ասպարեզ մտավ գիրքը: Հետաքրքիր մի բան ասեմ. նույնիսկ հայ ժողովուրդը, որ միշտ համարվել է գրագետ ազգ, 1880-ականների վերջին, այսինքն` մի 130-150 տարի առաջ նրա 80 տոկոսն անգրագետ էր: Անգրագետ էր այն չափով, որ  մարդիկ հազիվ 3-4 դասարանի կրթություն ունեին: Քանի՞ տոկոսն էր Ներսիսյան դպրոց ավարտում: Եվ հեղափոխություն կատարվեց նաև 20-ական թվականներին, երբ բոլորը համատարած դարձան գրագետ: Իհարկե, գրքի շնորհիվ:

Հիմա կատարվում է այլ պրոցես, գիրքը դուրս է գալիս ասպարեզից: Ես վախենում եմ համակարգչից, սկզբունքորեն չեմ օգտվում` շատ լավ հասկանալով, որ չեմ կարող փոխել աշխարհը: Ինտերնետից էլ չեմ օգտվում, շարունակում եմ  թերթ գնել և տեղեկությունները թերթ կարդալով իմանալ: Բայց իմ դարն անցել է: Նոր սերունդն ինձ պես չի կարող դիմադրել:

Բայց ուզում եմ լուսավոր կետով ավարտել. գոնե պահպանենք և գնահատենք բանավոր խոսքի արժեքը: Եվ ուզում եմ, որ այս սյունակում հնչի անկեղծ բանավոր խոսքը: Այսպես բացենք սյունակը, մանավանդ` նոր տարվա շեմին: Քանի որ, վախենամ, մյուս սյունակներն ավելի տխուր ստացվեն, քանի որ, ուզենք թե չուզենք, խոսելու ենք կինոյին սպառնացող վտանգների մասին:

Լուսավոր սկսենք նոր տարին: Եվ տա Աստված, որ ամեն մի սյունակում գոնե մի լուսավոր միտք, մի լուսավոր նախադասություն լինի, հույս ունենանք, որ այս լուսավոր տրամադրությունը կպահպանվի:

Զրուցեց Անահիտ Հարությունյանը