միշաՄեր հարցազրույցը կինոգետ, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի հետ է:

– Արտավազդ Փելեշյանի կարճատև ներկայությունը Հայաստանում շատերին նորից տարավ դեպի կինո։

– Այդ հարցում, իհարկե, նշանակություն ունեն թե´ Փելեշյանի ֆիլմերը և թե´ անձը։ Իսկապես, նրա ֆիլմերը մնայուն արժեք են բոլոր ժամանակների համար, իսկ ինքը` որպես ստեղծագործող, որպես անհատ, չափազանց հետաքրքրական է։ Նա ոչ միայն ռեժիսոր է, այլև լուրջ մտածող փիլիսոփա։ Ինչ-որ մի ուղի, հորիզոն է բացվում ինչպես նրա ֆիլմերը դիտելիս, այնպես էլ նրա հետ զրույցելիս։

– Այսօրվա հայկական կինոն նոր հորիզոններ բացելու հեռանկարներ ունի՞։

– Արվեստը միշտ էլ ունի այդ հնարավորություններն ու հեռանկարները։

– Բնականաբար։ Սակայն մերօրյա հայկական կինոն հասնու՞մ է այդտեղ։

– Դե Փելեշյանի նման մարդիկ, եթե չասեմ հարյուր տարին մեկ, ապա շատ հազվադեպ են ծնվում։ Հենց այդ պատճառով էլ նույն պահանջներով երիտասարդներին մոտենալը ճիշտ չէր լինի։ Բայց, իհարկե, ազգի արգանդը չի չորացել։ Կան շատ երիտասարդներ, որոնք սիրում են կինոն, հետաքրքրվում են կինոյով ու փորձում են իրենց մտքերը արտահայտել հենց կինոյում։ Ինչքանով են այդ մտքերը խորն ու անկեղծ, արդեն մարդուց է կախված, նաև ժամանակով է բացատրվում։

– Սակայն հայկական կինոն հայ մարդուն կարծես ասելիք չունի, և այդ հարցում առանձնապես ազդեցություն չեն ունենում նաև միջազգային փառատոների մրցանակները։

– Կարծում եմ հայկական կինոն և հայ հանդիսատեսը լավ էլ գտել են իրար։ Գնացեք և տեսեք ինչ-որ «poker.am» կամ նման մեկ այլ ֆիլմ, բավական շատ հանդիսատես է հավաքում։ Մեր ստեղծագործողներն էլ այդ կարգի ստեղծագործողներ են։ Հետևաբար մեկը մյուսին համապատասխանում են։ երկուսն էլ ապրում են նույն ժամանակում, երկուսն էլ նույն այդ մշակույթի ներկայացուցիչն են և սպառողը։ Այնպես որ այստեղ շատ մեծ խզում չեմ տեսնում։ Այլ հարց է, երբ խոսքն այդ շոուներից տարբեր բարձր արվեստի մասին է։ Այստեղ գալիս է այդ հակասությունը։ Մեր հանդիսատեսի ճաշակը տարիներ շարունակ փչացրել են, և շատ դժվար է նորից հետ բերել։ Բայց “Ոսկե ծիրանի” ընթացքում տարեցտարի համոզվում ենք, որ այս երկրում քիչ չեն իսկապես բարձր արվեստով հետաքրքրված մարդիկ։ Այդպես չէր առաջին տարիներին։ Ապացուցված է, որ եթե մարդկանց ուրիշ որակի ֆիլմեր ես ցույց տալիս, տեսնում են, որ կան այդ հորիզոնները, և դրա պահանջն է ձևավորվում։ Այդ պատճառով էլ չենք կարող մեղադրել ո´չ այն ստեղծագործողին, որն այդ ամենօրյա ծամոնն է հրամցնում հացի փոխարեն, ո´չ էլ այն հանդիսատեսին, որը վերցնում է այն։

– Ի՞նչն է պակասում հայկական կինոյին Ձեր իսկ խոսքով ամենօրյա ծամոնի փոխարեն հաց առաջարկելու համար։

– Ասուլիսներից մեկի ժամանակ, երբ «Հայկական համայնապատկեր» ծրագիրն էինք ներկայացնում, լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչն է պակասում մեր ֆիլմերին, որպեսզի գլխավոր մրցույթում հանդես գան։ Ոչինչ չգտա ասելու բացի մի բանից. շնորհքը։ Մեծ տաղանդ կունենան ստեղծագործողները` ուրեմն կլինեն իսկապես մեծ ֆիլմեր։ Կզգան ժողովրդի ցավը` ուրեմն ժողովուրդը կգա այդ ֆիլմերը նայելու։ Չեն զգա` ուրեմն այդպվես էլ ամեն մեկն իր մատից ծծած պատմությունները կպատմի, կհիանա ինքն իրենով, ժողովուրդն էլ կգնա, կնայի այ էդ poker-ները։

– Գուցե կինոդրամատուրգիա՞ն լուծում առաջադրի։

– Անկեղծ ասած, երեբեք չեմ հասկացել, թե ինչ է կինոդրամատուրգիան։ Կա լավ և վատ գրականություն։ Ի վերջո, կարելի է և առանց որևէ սցենարի ֆիլմ նկարահանել։ Բայց եթե կինոդրամատուրգիա ասելով` հասկանանք հենց կինոյի համար գրված գրականությունը, ապա նաև դրա պակասն ունենք։ Ճիշտ է, շատ չեմ կարդացել ժամանակակից երիտասարդ գրողներին, բայց կարծում եմ, որ իրոք շատ հետաքրքրական մի բան լիներ` ինձ էլ կհասներ։ Վերջին գործը, որ կարդացել ու փափագում եմ, որ որևէ մեկը բեմադրի, Վարդան Գրիգորյանի 25-30 տարի առաջ գրած «Դար կորստյան» վեպն է, որն այսօրվա մասին է։ Շատ եմ զայրանում, երբ երիտասարդները գրում են ինչ-որ սցենար, որն էդպես էլ չի հասկացվում` ինչի մասին է, ու չեն էլ անդրադառնում գրականությանը։ Գնացեք, կարդացեք ու տեսեք` ինչեր կան, ինչո՞ւ եք անիմաստ տանջում ձեզ։ Անդրադարձեք, ասենք, Մանուկ Մնացականյանի, Ռուբեն Հովսեփյանի, Նորայր Ադալյանի և էլի շատերի գրականությանը, որը մեր օրերի ու մեր իրականության մասին է։ Ի դեպ «Հայֆիլմի» լավագույն տարիներին այդ հեղինակներից այն, ինչ հասցրեցին, նկարահանեցին։ 60-ականների մեր կինոյի վերելքը շատերը կապում են նաև գրականության հետ, թեև իմ կարծիքով` համարել, որ կար լավ գրականություն և ստեղծվեց լավ կինո, այնքան էլ ճիշտ չի լինի։ Քիչ չենք տեսել լավ գրականության հերն անիծող ռեժիսորների։ Հետևաբար այս ամենը մի տեղից է գալիս` մթնոլորտից։ Այն ժամանակ արվեստի մթնոլորտ կար նաև հասարակության մեջ, շունչ ու սպասում կար, մի փոքր էլ ազատություն էին տվել, ու հեռանկար էր ստեղծվել։ Չնայած երբեմն ամենաանբարենպաստ պայմաններում են ստեղծվում հանճարեղ գործեր, սակայն իհարկե, երբ նպաստավոր մթնոլորոտ կա, նույնիսկ այն մարդիկ, որոնք շատ մեծ տաղանդի տեր չեն, հանկարծ իրենցից մեծ գործեր են անում։

– Թերևս բոլոր ռեժիսորներն առիթը բաց չեն թողնում ասելու, որ հայկական կինոյի պակասություններից առանցքայինը ֆինանսավորումն է։

– Անկասկած, չի կարելի ո´չ փողի, ո´չ կազմակերպչական պարագան ժխտել, ո´չ էլ գրականությունն անտեսել, թեև դա մի քիչ բարդ և այլ հարց է։ Բայց իմ կարծիքով, եթե մարդու մեջ ցանկություն կա, ապա ամեն ինչ անկարևոր է դառնում։ եթե տաղանդ կա, անպայման իրեն գտնում է։ Իհարկե, օգնել է պետք։ Բայց այնքան դժվար է տարբերել տաղանդավորին ապաշնորհից։ Դրա համար էլ տարբեր ձևեր են հորինում տարբեր երկրներում, որ այդ փողը ճիշտ մարդկանց օգնության հասնի։ Երևի այդպես պիտի անենք։

– Այսինքն` որևէ երկրում հաջողված կինոֆինանսավորման համակա՞րգը ներդնենք։

– Այնքան պարզ է ամեն ինչ։ Բոլոր եվրոպական երկրները վերցնում են Ֆրանսիայի փորձը։ Առաջինը նրանք են հասկացել, որ կինոն ոչ միայն որպես արտադրություն, այլև որպես ազգային արվեստ պահպանելու և ամերիկյան էքսպանսիային դիմակայելու համար հարկավոր է օժանդակել ազգային կինոյին։ Մշակել և շարունակում են անընդմեջ մշակել շատ արդյունավետ ձևեր։ Ու դրա համար հեծանիվ հորինելու կարիք չկա, հարկավոր է ուսումնասիրել այդ փորձն ու գործել։ Իսկ մեր պարագայում ամենամեծ թերությունը համակարգի բացակայությունն է։ Միայն ֆինանսավորման հարցը չէ, բազմաթիվ այլ հարցեր կան։ Ինչ վերաբերում է միայն ֆինանսավորմանը, ապա առաջին հերթին կառաջարկեի, որ այն թափանցիկ լինի։ Այսինքն` յուրաքանչյուր ռեժիսոր կամ պրոդյուսեր իմանա, որ տարվա մեջ մեկ կամ երկու անգամ որոշակի ժամկետներում հնարավորություն ունի փաթեթը հանձնաժողովին ներկայացնելու։ Իսկ հանձնաժողովում շահագրգիռ մարդիկ չպետք է ներառվեն` խուսափելու համար ես քեզ` դու ինձ սկզբուքից։ Ի վերջո, մասնագիտական հանձնաժողովի որոշումները, որոնք պետք է ընդունվեն բաց նիստերով, պետք է լինեն վերջնական ու անբեկանելի։ Ամբողջական նախագիծը «Ոսկե ծիրանը» ներկայացրել է կառավարություն։ Ինչ-որ քննարկում եղավ, բայց, ցավոք, աստիճանաբար մարեց։

– Որոշ ժամանակ պաշտոնավարեցիք որպես մշակույթի փոխնախարար և պատասխանատու էիք հենց կինոյի ոլորտի համար։ Ի՞նչ արժեքավոր ծրագիր կամ իրողություն կնշեք, որը արդյունքն է այդ շրջանի Ձեր աշխատանքի։

– Այնքան սարսափելի տարիներ էին։ Շատ հեռուն մտածելու նույնիսկ հնարավորություն չկար։ Ամեն օրվա հարցեր էինք լուծում։ Մինչև 1983 թ. Սովետական Միությունում կինոարտադրության և կինովարձույթի համակարգը փակ էր ու ամբողջական և աշխատում էր առանց վնասի։ 1983-ին այդ համակարգում ինչ-որ մեխանիզմ փոխեցին, և կինոն դարձավ դոտացիոն, չնայած էլի միլիոններով էր հաշշվում դիտողների թիվը։ Պետությունը պատվիրում էր ֆիլմը, վճարում, սահմանված ժամանակում ֆիլմը հանձնելու դեպքում ընդունում ու կազմակերպում էր ցուցադրությունը ողջ Սովետական Միությունու: Եթե ծախսերը չէին փակվում, դոտացիա էր տալիս։ Այս ամենը փլուզվեց։ Հայաստանի պարագայում ավելացան հոսանքի բացակայությունը, շրջափակումը, հետևաբար և կինոթատրոնների պարապությունը։ Եղածին գումարվեց նաև ՀՀ կառավարության ստանձնած սպասարկման օբյեկտները, այդ թվում և կինոթատրոնները սեփականաշնորհելու պարտավորությունը` Համաշխարհային բանկի աջակցությունն ստանալու համար։ Այդ կապակցությամբ մեծ վեճ եղավ նախարարության և կառավարության միջև։ Մենք ուզում էինք ոչ թե սեփականաշնորհել, այլ գոնե վարձույթով տալ մինչև այդ վատ, ինչպես ընդունված է ասել` մութ և ցուցտ շրջանն անցներ։ Կարողացանք միայն չորս` «Մոսկվա», «Պիոներ», «Ռոսիա», «Կոմիտաս» կինոթատրոնները պահպանել, որոնք նույնպես, ի վերջո, սեփականշնորհվեցին։ Ինչ վերաբերում է կինոարտադրությանը, ապա այդ պայմաններում անհնար էր, և եթե անգամ ֆիլմեր նկարահանվեին, ցուցադրման հնարավորություն չկար։ Լավագույն դեպքում կարող էին փառատոների մասնակցել, ինչը նույնպես մեզ համար նոր երևույթ էր, քանի որ սովետական տարիներին միջազգային կինոփառատոների հետ կապն ապահովում էր Սովիմպորտֆիլմը՝ բացառելով հանրապետությունների անմիջական կապը։ Այսինքն` ամեն ինչ զրոյից էինք սկսում։ Հեռու գնացող պլանների կառուցման ժամանակը չէր։ Հարկավոր էր եղածը պահպանել։ Մասնավորապես «Հայֆիլմը» շատերի ախորժակն էր անսահմանորեն գրգռում, և պահպանելը շատ մեծ ջանքեր էր պահանջում։ Շատ տհաճ ու ծանր տարիներ էին, նույնիսկ չեմ ուզում վերհիշել, ամեն վայրկյան տհաճ ու անլուծելի հարցեր էին ծագում, որոնք, անկախ ամեն ինչից, պետք էր լուծել։ Լուծումներից մեկն էլ “Հայֆիլմը” երկու մասի բաժանելն էր` բազան առանձին ու պետական և այլն։ Սակայն այն ժամանակ կինեմատոգրաֆիստները չէին էլ պատկերացնում, թե ինչ համակարգ է դա, և երբ համապատասխան հրամանը ստորագրված էր, հավաքվեցին-եկան նախարարի մոտ և հայտարարեցին. «Մենք թույլ չենք տա, որ նման բան անեք»։ Ստիպված եղա նախարարին ասելու, որ անում ենք նրանց համար, և եթե նրանք պատրաստ չեն դրան, ապա ոչ մի լավ բան չի ստացվի։ Չեղյալ համարեցինք` ճիշտ պահին սպասելով։ Իսկ հետո եղավ այն, ինչ տեսանք. «Հայֆիլմը» վաճառվեց ու ըստ էության փոշիացավ։ Հեռու գնացող պլանների կառուցման ժամանակը չէր։ Սարսափելի տարիներ էին։
Հիմա ապրում ենք մի ժամանակ, մի երկրում, որտեղ մատդ դնում ես` ցավ է։ Իսկ կինոն նայում ես ու չես հասկանում` որտեղ ես ապրում։ Այ թե որտեղ է խզումը։ Որ օրը գտնվի այն ռեժիսորը, որն իսկապես կզգա ցավը, խորը կզգա, ժողովուրդը կնայի այդ ֆիլմը։

Զրուցեց Նանա Պետրոսյանը


ԵվրասիաԴոկի հնարավորությունները և  հայկական վավերագրական կինոյի զարգացման ուղիները

Օրերս Երևանում ավարտվեց Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակներում անցկացվող ԵվրասիաԴոկ համատեղ արտադրության ֆորումը: Ծրագրի և դրա առանձնահատկությունների մասին զրուցել ենք ֆորումի...

, |5 Դեկտեմբեր 2019,14:58