մաշաՄարիա Սահակյանը ծնվել է 1980 թ․ Երևան քաղաքում, 90-ականների ծանր տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, ավարտել Համառուսաստանյան պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի բաժինը, Վլադիմիր Կոբրինի արվեստանոցը: Նրա դիպլոմային աշխատանքը՝ կարճամետրաժ «Հրաժեշտ» ֆիլմը, հաղթել է «Ոսկե ծիրանի» լավագույն ուսանողական, դեբյուտային ֆիլմ անվանակարգում, ստացել է նաև «Կոդակ» ֆիրմայի մրցանակ ՎԳԻԿ-ի փառատոնում և «Սուրբ Աննա» փառատոնի դիպլոմ:
2006 թ․ էկրան բարձրացավ նրա առաջին լիամետրաժ կինոնկարը՝ «Փարոսը», որում Մարիան աշխատել է այնպիսի երևելի արտիստների հետ, ինչպիսիք են Սոս Սարգսյանը և Սոֆիկո Չիաուրելին: Սա ֆիլմ էր պատերազմի մասին առանց պատերազմի: Այն մասնակցել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնին «Հեռանկարներ» ծրագրում, իսկ երևանյան «Կին» միջազգային կինոփառատոնում մրցանակի է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այս տարվա հոկտեմբերին Մարիա Սահակյանի հեղինակած «Ալավերդի» կինոնկարը մասնակցեց հեղինակավոր Լոնդոնի միջազգային փառատոնին: Այդ առիթով որոշեցինք հանդիպել և զրուցել կինոռեժիսորի հետ:

– Ձեր առաջին ֆիլմերի համար դուք մրցանակների եք արժանացել Հայաստանում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Ի՞նչ էր ձեզ համար գնահատված լինելը հենց հայրենիքում:
– Նախ` դա մեծ աջակցություն էր: «Ոսկե ծիրանը» օժանդակեց մեր նախագծին, դեռևս սցենարի մակարդակում, դրամաշնորհ տրամադրվեց, որի շնորհիվ էլ ստեղծվեց «Ալավերդին», հետո նախագիծը նաև Sundance/NHK Award մրցույթի ֆինալիստների շարքում էր և 2009 թ․ ներկայացվեց Կաննի կինոփառատոնում: Դա հնարավորություն տվեց ինձ շարունակել աշխատանքս: Հետո մենք, իհարկե, էլի օգնություն ստացանք, բայց «Ոսկե ծիրանն» առաջիններից մեկն էր, և այդ առումով մեզ համար շատ կարևոր էր, քանի որ օգնում էր չհուսահատվելու, թափը չկորցնելու, շարունակելու և առաջ գնալու:
– Երիտասարդ պրոդյուսեր Վիկտորիա Լուպիկի հետ Հայաստանում հիմնեցիք «Աննիկո-ֆիլմ» կինոընկերությունը: Պատմեք մի փոքր դրա մասին:
– Իրականում այսօր Հայաստանում ունենք կինո և առանձին անհատներ, որոնք փորձում են ինչ-որ բան անել: Քանի որ այսօր կինոն այլևս այնքան թանկ հաճույք չէ, որքան առաջ էր, շատ մարդիկ պարզապես որոշում են նկարել, և վերջ: Ուստի այսօր որոշիչ դեր է խաղում ոչ թե այն պահը, երբ փող ես գտնում, այլ երբ որոշում ես, և նաև, իհարկե, երբ համախոհների խումբ, թիմ ես ձևավորում: Ինչպես ասում էր Ջոն Լենոնը, “«երբ երազում ես միայնակ, քո երազանքը երազանք է մնում, իսկ երբ երազում ես ուրիշների հետ միասին, ապա իրականություն ես ստեղծում»: Գուցե ես իմ գաղափարը միայնակ կյանքի չկոչեի, բայց ինչ-որ պահ եղավ, երբ ես և Վիկտորյան համախմբվեցինք, ստեղծեցինք այդ ընկերությունը, որի հիմքի վրա էլ հետագայում ստեղծվեց «Ալավերդին»: Իսկ հիմա էլ ուրիշ նախագծեր ենք իրականացնում, քանի որ մեզ հետաքրքրում է կինոարվեստի ակտիվ զարգացումը անդրկովկասյան տարածաշրջանում: Կարող եմ ասել, որ դա փոքր կինոընկերություն է, որը զբաղվում է նրանով, ինչ իրեն հետաքրքիր է:
– Ինչի՞ մասին է «Ալավերդին»:
– Սա մոր և դստեր բարդ փոխհարաբերությունների պատմություն է: Սոնան և Էվրիդիկան ապրում են Հայաստանում, Ալավերդի քաղաքում: Սոնան տղամարդկանց երգչախմբի դիրիժոր է, անընդհատ գործնական ուղևորությունների մեջ և դստերը տրամադրելու շատ քիչ ժամանակ է ունենում: Իսկ դստեր ամենասիրելի զբաղմունքը կինո նկարելն ու մուլտֆիլմեր ստեղծելն է, ինչի համար նա օգտագործում է բջջային հեռախոսի տեսախցիկը: «Ալավերդի» ֆիլմը կառուցված է իբրև ֆիլմ-դիտարկում, ֆիլմ-հետազոտություն․ դուստրը հեռախոսով նկարահանում է մոր կյանքը և դրա միջոցով փորձում է պատասխաններ ստանալ իրեն հուզող հարցերին: Կարծում եմ` ցանկացած մարդու բնորոշ է մտորել, խորհել կյանքի մասին, ծնողների հետ ունեցած փոխհարաբերությունների մասին, այն մասին, թե ով ես դու և երբ, որ պահին ես ինքդ քեզ գտնում:
– Ինչպե՞ս այն ստեղծվեց:
– Ֆիլմի ստեղծման գաղափարը ծնվեց 2007 թ.՝ ներշնչված Կենձաբուրո Օե-ի «Եվ պարուրեցին ինձ ջրերը մինչ հոգիս իմ» գրքի մի կարճ դրվագից: Հիմնական դժվարությունները կապված էին ժամանակին անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության հետ: Մեզ աջակցություն ցույց տվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնը, հետո տարբեր ֆոնդեր՝ գերմանական, շվեդական, դանիական, բայց այդ ամենը չափազանց փոքր և ծիծաղելի գումարներ էին` բյուջեի մոտ մեկ քառորդ մասը: Երբ սկսում ես աշխատանքը ֆիլմի վրա, դու շատ քիչ գումար ունես, և պետք է նկատի ունենաս, որ այն ամենը, ինչ անում ես, պիտի գրեթե անվճար անես: Այդ պարագայում պետք է համոզես մարդկանց, որ քեզ օգնեն, բացատրես նրանց, թե ինչու է դա կարևոր: Իհարկե, ամեն ինչ պարզ է, եթե մարդուն դուր է գալիս օգնելը, նա օգնում է, եթե ոչ, ապա մի կողմ է քաշվում: Սովորական բան է: Այս պատկերն էր, երբ աշխատում էինք «Ալավերդի» ֆիլմի վրա, և հիմա, երբ նկարահանում ենք «Հեքիաթը»: Ֆիլմը փոքրաբյուջե էր, այդ պատճառով նկարահանումների ողջ ընթացքում ստեղծագործական խումբն աշխատում էր այսպես ասած «անվճար կինոյի» ուղղությամբ և դրա նորանոր ձևեր էր հայտնագործում:
– Ինչպե՞ս աշխարհի կինեմատոգրաֆիական ամենահեղինակավոր և ամենաազդեցիկ մայրաքաղաքներից մեկն ընդունեց ֆիլմը, ի՞նչ արձագանքներ եղան:
– Ցանկացած հեղինակավոր կինոփառատոնում, բացի հիմնական մրցութային ծրագրերից, կան նաև բազմաթիվ արտամրցութային ծրագրեր, Լոնդոնում դրանք տարբեր սեկցիաներ են: Մեր ֆիլմն ընդգրկված էր «Էքսպերիմենտներ» սեկցիայում: Ֆիլմի երկու ցուցադրություն եղավ: Շատ դրական արձագանքներ եղան: Օրինակ` մի գրախոսական ընթերցելուց հետո հասկացա, որ եթե կան այսիպիսի հոդվածներ, վերլուծություններ, ուրեմն արժեր կինո նկարել: Ես կարծում եմ, որ հեղինակային կինոն ընդհանրապես շատ բարդ է ընկալման համար, մանավանդ` իր տեմպոռիթմով, որը կարող է բավականին դանդաղ թվալ հատկապես մեյնսթրիմին սովոր հանդիսատեսի համար, որը նախընտրում է սերիալներ դիտել կամ այնպիսի ֆիլմեր, որոնցում ամեն ինչ մեկնաբանվում, բացատրվում է: Ամենակարևորը փառատոնում այն է, որ քեզ այլ կինեմատոգրաֆիստների, կինոռեժիսորների հետ շփվելու, նրանց հեղինակած կինոնկարները դիտելու հնարավորություն է ընձեռվում:
Ինչպե՞ս եք աշխատում ձեր ֆիլմերի սցենարների վրա և ինչ չափանիշներով եք առաջնորդվում դերասաններ ընտրելիս:
_«Ալավերդիի» դեպքում սցենարի վրա տարվող աշխատանքը բավականին երկար տևեց, երկար ժամանակ այն գրվում և արտագրվում էր, կային բազմաթիվ script-consultant-ներ, շատ օգնականներ, բայց արդյունքում ես արեցի այն, ինչ նախատեսել էի, ինչ ցանկանում էի անել: Իսկ ինչ վերաբերում է նախորդ աշխատանքներիս կամ այն ֆիլմին, որի վրա հիմա աշխատում եմ, ապա անհամեմատ ավելի մեծ տեղ ունի իմպրովիզացիան, այսինքն` գաղափարն ինքն է հարթում իր ճանապարհը, և մենք հետևում ենք, թե դրանից ինչ դուրս կգա: Այս առումով ես ավելի շատ իմպրովիզատոր և էնտուզիաստ եմ: Իսկ ինչ վերաբերում է դերասանների ընտրությանը, ապա այդ հարցում հիմնական չափանիշը նրանց բնականությունն ու անմիջականությունն են , նրանց ինքնատիպությունը, ֆիլմի հյուսվածքում նրանց օրգանական, ներդաշնակ լինելը:
– Ինչպիսի՞ն է ձեզ պատկերանում ժամանակակից Հայաստանի կինեմատոգրաֆիայի համայնապատկերը, ինչպե՞ս եք գնահատում կինոպրոցեսները, կինոարվեստի զարգացման միտումները:
– Երբ համեմատում եմ, թե հինգ տարի առաջ ինչ էր կատարվում Հայաստանի կինեմատոգրաֆում և հիմա, ապա առաջընթացն ակնառու է: Մի սերունդն աջակցում է մյուսին, բայց, իհարկե, հիմնական հույսերը կապված են երիտասարդների հետ, նրանց, ովքեր այսօր քսան տարեկան են: Ինձ թվում է` նրանք լրիվ ուրիշ աշխարհայացք և մտածողություն ունեն: Հույս կա, որ նրանք կկոտրեն սառույցը և մեզ իրենց հետ կշարժեն մեռած կետից:
– Հիմա ի՞նչ նախագծերի վրա եք աշխատում եք և ապագայի ի՞նչ պլաններ ունեք:
– Այժմ նկարահանում ենք «Հեքիաթ» կինոնկարը: Այն ծնվել է դասական երաժշտությունից: Իսկ ինչ վերաբերում է ապագային, ապա մեծ և հավակնոտ պլաններ ունեմ: Ամբողջ կյանքում ցանկացել եմ ֆիլմ նկարահանել ըստ Վինսենթ Վան Գոգի «Նամակների», որոնք ուղղված են իր եղբորը և պահապան հրեշտակին՝ Թեոյին: Սակայն այն փոքրաբյուջե անել չի ստացվի, ուստի չգիտեմ` դեռ ինչքան ժամանակ կպահանջվի այս գաղափարը կյանքի կոչելու համար: Դա նկարչի, արվեստագետի ճանապարհն է, որը նրան այրում, մոխրացնում է, բայց ճանապարհ է հարթում հաջորդ սերունդների համար: Ես կցանականայի վաղուց արդեն ծանոթ բաներին նորովի նայել կամ հայացք գցել դրանց այլ տեսանկյունից: Իսկ գլխավոր երազանքս, թերևս, շարունակ աշխատելն է և տեղում չդոփելը, երբեք կանգ չառնելը:

«Ես ապրում էի Ռուսաստանում, մինչև որ հասկացա` իմ ապագան Հայաստանում ֆիլմ նկարահանելն է: Վերադարձի պատճառը հայրենիքի կարոտն էր, այն հաղթեց ինձ»:

«Կինոն հրաշալի է նրանով, որ այն կոլեկտիվ արվեստ է, հնարավորություն է տալիս սինթեզել ստեղծագործության բոլոր մյուս տեսակները մեկում: Դա ինձ համար համարյա թե երազանքների գագաթնակետն է: Այն հնարավորություն է միաժամանակ աշխատելու մարդկանց, ժամանակի, պատկերի, հնչյունի և երաժշտության հետ, և այդ ամենից ծեփել սեփական իրականության կնիքը, հետքը: Իսկ ինձ համար դեռևս ամենամեծ մրցանակը ֆիլմերն են և աշխատանքը ֆիլմերի վրա»:

Հարցազրույցը վարեց Մարիա Թոքմաջյանը