P1120512Այս տարի իմ դիտած հայկական ֆիլմերից հիշվեց երևի թե փոքր մասը միայն: Ուստի կխոսեմ թռուցիկ: Նարինե Մալյանի «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» կարճամետրաժի մասին խորհելով` հասկացա, որ պիտի սպասեմ նրա հաջորդ, սակայն անպայման լիամետրաժ կինոնկարին: Արմեն Խաչատրյանի «Մենք կանք» վավերագրական ֆիլմը, որի դիտման ընթացքում ակամա արտասվում էի, ինձ ավելի ուժեղ դարձրեց, քանի որ ցույց տվեց` նրանք դեռ կան: Մեր հանճարեղ լոռեցու` Թումանյանի նամակներից հյուսված Նարինե Թուխիկյանի փաստագրական-խաղարկային ֆիլմը նույնպես արցունքներ կորզեց` դարձյալ հնչեցնելով ինձ մտատանջող աննահանջ հարցերը. Ինչո՞ւ ենք այսպիսին ու մինչև ե՞րբ ենք մնալու այսպես… Արտակ Ավդալյանի` մեր մեծագույն, տիեզերաչափ հանճար Նարեկացուն մարդեղեն հարթությանը մոտեցնելու մարտիրոսական համարձակությունը հարգանքի արժանի էր` իբրև առաջին փորձ: Իբրև աշխարհում երբևէ ծնված մեծաթիվ լավ գրողների շատ գործեր ճանաչելուց հետո էլ Սարոյանին և Էքզյուպերիին առանձնահատուկ քնքշանքով վերաբերվող մարդու համար հետաքրքիր վավերագրական շարժանկար էր Արմեն Ռոնովի «Իմ փոքրիկ իշխանը», թեև հեղինակը, ֆիլմի հատկապես վերջին մասերում, մի քիչ նմանվել էր նախանշված թռիչքի ուղղությունը կորցրած օդաչուի: Կինոնկարին նախորդած բեմադրությունը չտեսած հանդիսատեսի անտեղյակությամբ ու բերկրանքով իբրև ռեժիսորական նուրբ, վայել մի կատակ ընդունեցի Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմ-անակնկալը, իր ձոնով` ուղղված Ֆ.Ֆելինիին և Ջ.Մազինային:

Թերևս այսքանը` ավարտին մոտեցող հայկական կինոտարվա մասին:

Տարեմուտի մաղթանք

Տարեցտարի համոզվում եմ, որ մասնագիտության ընտրության մեջ ճակատագրական մի բան կա: Որքան ավելի ես խորանում, այնքան ավելի մեծանում են այդ ընտրության` քեզանից խլած, նվաճած տարածքները: Մանավանդ, եթե խոսքը կինոյի մասին է: Այն ցանկալի արհավիրքի նման է… Ահա, բանը հասել է այնտեղ, որ ի մի բերելու համար ավարտին մոտեցող տարին գիտակցում եմ, որ կյանքի իմ մասնավոր տարածք ներխուժել է «կինոտարի» բառը` ասես թույլ չտալով զատել անձնական ոլորտի իրադարձությունները ստացած ուժեղ, վառ կինոտպավորություններից: Չէ՞ որ դրանք, այդ վառ տպավորությունները, որ ուրիշների ապրումներն են` նյութականացած կինոյի մեծ հնարավորությունների շնորհիվ, զարմանալիորեն դառնում են մեր ձեռքբերումն ու սեփականությունը` ավելացնելով կյանքի մեր սեփական իմացությունը, ընդլայնելով մեր ապրածի սահմանները: Իհարկե, չարժե հապճեպ «ախտորոշումներ» անել: Իրավիճակն առայժմ բավական վերահսկելի է: Դա պարզապես գիտակցված մի իրողություն է` առօրյա կյանքի գորշությունը հաղթահարելու ճանապարհներից մեկը:

Այնպես որ պիտի խնդրեմ չափազանց սթափ և խիստ չվերաբերվել սույն խոստովանությանը: Այդուհանդերձ, որքան էլ ոմանց անհավատալի, նույնիսկ կեղծ ու ծիծաղելի թվա, կյանքում ինձ հատուկ չէ նախանձի զգացումը: Թերևս, միակ բանը, որ տարիներ շարունակ հարուցում է այդ մերժելի, ամոթալի զգացումը, արգենտինյան La cumparsita տանգո պարելու իմ անկարողությունն է, քանի որ այդ տեսիլքի կատարելությունն անհաղթահարելիորեն երբեք թույլ չի տվել անգամ այն սովորելու փորձ անել: Այդպես, ամոթալի նախանձից ազատվելու համար, տասը տարի առաջ գրեցի «La cumparsita» պատմվածքը, որ տպագրվեց «Գրական թերթում»: Ուշացումով ուզում եմ շնորհակալություն հայտնել խմբագրությանը, որ չընդվզեց օտարածին վերնագրի դեմ…  Արդ, խոսեմ նախանձս շարժող մեկ այլ իրողության մասին, որ սերտաճած է մասնագիտությանս, սակայն որի մեղավորները մեր կինոհեղինակներն են, ոչ թե ես (քանի որ ես կինոբեմադրիչ չեմ ծնվել և կինոն սիրելով` ստիպված դարձել եմ կինոգետ, ընդամենը):

Եվ այսպես, ամռանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին հիրավի նախանձով դիտեցի Վիկտոր Էրիսեի ֆիլմերը, հատկապես` «Հարավը»: Ճիշտ է, նա ասես մարգարեաբար կանխազգալով, եթե կարելի է ասել, իր պարգևելիք ապրումները, ցուցադրությունից առաջ ասաց հայ հանդիսատեսին, որ կարող ենք համարել, թե այդ Հարավը` երևակայելի երկրամասը, նաև Հայաստանն է…

Վերջին տարիների պերմանենտ կինոդիտումների և անգամ որոշ հայտնությունների մեջ այս ֆիլմը խիստ առանձնացավ, մխրճվեց հոգուս մեջ, թափանցեց հոգուս ինձ անհայտ անձավները… Սահուն տեղավորվեց Ֆելինիի «Ճանապարհ» և «Կաբիրիայի գիշերները», Վիսկոնտիի «Ռոկկոն և նրա եղբայրները», Անտոնիոնիի «Արկած» և «Գիշերը», Տարկովսկու «Հայելի», Վոնգ Կար-Վայի «Սիրո տրամադրություն» (…) կինոերկերի կողքին: Այդ ինչպե՞ս է լինում, որ ամեն իմաստով օտար մարդու հոգին այդքան բացահայտ կամրջվում է քեզ…

Հիմա ուզում եմ հարց տալ ժամանակակից հայ ռեժիսորներին` ե՞րբ եք նկարելու այնպիսի մի ֆիլմ, որ այդպես տակնուվրա անի սիրտս ու խաղաղեցնի միաժամանակ: Ե՞րբ եք նկարելու մի ֆիլմ, որ դառնա հոգուս կենսագրության, հոգեկերտվածքիս փուլերից մեկը` օգնելով ընդառաջ գնալ կյանքի անընդգրկելի պարականոնությանը, ֆիլմ, որն ինչ-որ տեղ կշարունակի «Բարև, ես եմ», «Եռանկյունի», «Սարոյան եղբայրներ», «Երկունք», «Մենք ենք, մեր սարերը», «Տժվժիկ», «Հնձան» ուղեծիրը, ֆիլմ, որն աշխարհի առաջ կբացի հայի` ըստ էության պոետական Տիեզերքը, ինչը տեղի ունեցավ  «Նռան գույնում», «Մենքում» ու «Տարվա եղանակներում»…

Միʹ նեղացեք: Ընդունեք այս հռետորական հարցադրումն իբրև չափազանց անկեղծ, սրտանց բարեմաղթանք Նոր տարվա շեմին:

Ձեր խոնարհ ծառա`

Սիրանույշ ԳԱԼՍՏՅԱՆ,

որ մանկությանը մեծ դժվարությամբ  հրաժեշտ տալուց հետո էլ (եթե դա իրոք երբևէ ինչ-որ մեկին հաջողվել է), ուրիշ հանճարեղ անիմատորների բազում գործեր տեսնելուց հետո էլ շարունակում է սիրել «Կիկոսը» և «Մկների ժողովը»